Այս ճանապարհը շուրջ մեկուկես դար առաջ անցել է իմ նախապապ Վարդանը: Այդ օրը նա աքլորականչից էլ վաղ է արթնացել, ջորուն բարձել խուրջինը, մի կողմում իր համեստ օրապահիկը՝ փշրած չոր լավաշի ու պանրի խառնուրդ «փշրուփլավը», մյուսում՝ ջորու համար նախատեսված գարին: Շրջվել է դեպի Քամոտդար լեռան լանջին գտնվող մեր տոհմական Սուրբ Հակոբ մատուռը, երկյուղածությամբ արտասանել «Հայր մերը», խաչակնքել և ջորու սանձից բռնած՝ իջել դեպի Նշաղբյուր, որտեղ իրեն են սպասել հարևան գյուղերից եկած ևս երկու-երեք ուխտավորներ: Նախատատս փարչից ջուր է գցել նրա ետևից և հուզումնախառն աղոթել նրա անփորձանք ուխտագնացության և բարեհաջող տունդարձի համար:
Իմ պապի պապը վտանգներով և անորոշություններով լի այս ճանապարհն անցել է մի քանի ամսում, ևս մի քանի ամսում էլ վերադարձել է: Ես ինքնաթիռով եմ գնում, իսկ մեկնելու և վերադառնալու ժամանակը ընդամենը մի քանի ժամ է:
Մեկնում ենք մոտ քառասուն ուխտավորներից բաղկացած խմբով՝ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա տեր Զենոն Բարսեղյանի առաջնորդությամբ: Հենց եկեղեցու բակում կարճատև ներկա-բացակայից, նախնական ծանոթությունից և ինքնաբուխ «Հայր մերից» հետո հրաժեշտ ենք տալիս ճանապարհող հարազատներին և շարժվում: Ինձ ճանապարհողը իմ զարմիկ Վարդանն է, որ իր նշանավոր նախապապի անունն է կրում:
Արդեն երեկո է, և ավտոբուսի խորհրդավոր կիսամութն ավելի խորհրդավոր է դարձնում երիտասարդ սարկավագի հուզառատ և առինքնող ձայնը.
Ես՝ մեղավոր ու անցավոր,
Հազար անգամ ապաշխարող,
Սակայն երբեք չարդարացող.
Ես՝ մեղավոր մի ուխտավոր:
Էջմիածի՜ն, Էջմիածի՜ն,
Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ…
Ես արդեն տեղյակ եմ, որ երգող սարկավագն իմ սենյակակիցն է լինելու Երուսաղեմում, շարժվելուց քիչ առաջ խմբի կազմակերպիչը մեզ ծանոթացրեց: Հայոց բանակի գնդերեց Վոլոդյան առաջին իսկ տպավորությամբ երիտասարդ հոգևորականի պայծառ և օրինակելի կերպար է:
…Ես՝ մի ընծա քո խորանում,
Մի կաթիլ խունկ քո բուրվառում,
Զերթ քաղցր ձայն թող սպառվեմ,
Գուցե այդպես գութիդ հասնեմ:
Էջմիածի՜ն, Էջմիածի՜ն,
Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ…
Երջանկահիշատակ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի խոսքերով գրված սրտառուչ երգը, որ հնչում է մեկնելու առաջին րոպեներին, շատերիս է հուզում, մանավանդ, երբ երգիչը կրկներգերի ընթացքում «Էջմիածնի» փոխարեն նաև «Երուսաղեմ» է երգում…
Թել Ավիվ թռչող ինքնաթիռում փորձում եմ ուղևորների մեջ փնտրել-գտնել հրեական մարդաբանական տեսակը, չնայած տեղյակ եմ, որ նրանցից շատերը ճակատագրի բերումով այլևս չունեն հին հրեաներին բնորոշ դիմագծեր, այլ ավելի շուտ կազմում են եվրոպական, սլավոնական, կովկասյան, մերձավորարևելյան, անգամ աֆրիկյան մարդաբանական տեսակների հատկանիշների մի ամբողջ համախումբ: Այդուհանդերձ, մտովի առանձնացնում եմ մեծամասնություն կազմող մի տեսակ, որի ներկայացուցիչներից մեկն էլ կողքիս նստած տղան է, որ Թբիլիսիից Թել Ավիվ է մեկնում սլավոնական արտաքինով ընկերուհու հետ: Պարզվում է, որ, իսկապես, Իսրայելից է՝ Թել Ավիվից, և անունն էլ ո՛չ ավել, ո՛չ պակաս… Նոյ է:
– Իսկ դուք ո՞ր երկրից եք,- հարցնում է Նոյը:
– Հայաստանից,- պատասխանում եմ:- Գիտե՞ք, թե ջրհեղեղից հետո որտեղ է իջել Նոյ նահապետը:
– Եթե չեմ սխալվում՝ Արարատ լեռան վրա:
– Այո՛: Արարատն էլ հենց մեր խորհրդանիշ-լեռն է: Նաև մեր պետական զինանշանի վրա է պատկերված:
– Իսկ Նոյը Հայաստանո՞ւմ է ապրել,- հետաքրքրվում է զրուցակիցս:
Ես նրան պատմում եմ, որ Նահապետը, ջրհեղեղից հետո իջնելով Արարատ լեռան արևելյան կողմում գտնվող դաշտավայրը, հետջրհեղեղյան առաջին բնակավայրն է հիմնել, որն իր պատվին Նախիջևան՝ «Առաջին իջևան» է կոչվել: Այնտեղ էլ թաղվել է Նոյը, իսկ նրա գերեզմանը հազարամյակներ շարունակ ուխտավայր է եղել թե՛ քրիստոնյաների, թե՛ մահմեդականների և թե՛ հուդայականների համար:
Նոյն այս ամենը եբրայերեն պատմում է ընկերուհուն և պարբերաբար հարցեր տալիս մինչև մեր ինքնաթիռի վայրէջքը ճերմակ երկնաքերներով լի ծովափնյա քաղաքի՝ Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանում:
Մեր այցելությունն այս երկիր զուգադիպում է մի տխուր և մի ուրախ իրադարձությունների. այսօր Իսրայելը վերջին հրաժեշտն է տալիս նախկին վարչապետ Շիմոն Պերեսին, իսկ վաղը նշելու է հրեական Ամանորը՝ Ռոշ հա Շանան:
Երուսաղեմը, աշնան սկզբին բնորոշ խիստ շոգի փոխարեն, զարմանալիորեն մեզ դիմավորում է մեղմ անձրևով: Քարե ճերմակ ու դեղնաճերմակ շենքեր, սալահատակ փողոցներ, անթիվ-անհամար աղավնիներ, դարերի գույներ ու բույրեր՝ խորհրդավոր ու զարմանահրաշ մի աշխարհ, որ բոլորովին էլ երազ չէ, այլ հենց ինքը՝ առասպելական Սուրբ քաղաքը… Հյուրանոցը, որտեղ տեղավորվում ենք, հին քաղաքից հեռու չէ և սալահատակ սարալանջի վրա խոյացող «Ջերուսալեմ Թաուեր» անվանումով հսկա մի երկնաքեր է, ի դեպ, տնօրենն ու փոխտնօրենն էլ տեղացի հայեր են:
Կեսօրից հետո հին Երուսաղեմում ենք: Հազարամյա պարիսպներին մերձակա հրապարակից ձգվող նեղլիկ փողոցշուկաները տանում են քաղաքի ամենանվիրական հատվածը՝ Հարության տաճար: Դրսից որքան հնամենի և համեստ, ներսից այնքան շքեղ ու նորոգ տեսքով այս սրբազան համալիրն իր մեջ ներառում է Հիսուս Քրիստոսի խաչելության, պատանման վայրերը, Սուրբ գերեզմանը, այն տեղը, որտեղ որդու խաչելության պահին կանգնած է եղել Մարիամ Աստվածածինը, այն քարայրը, որտեղ կյանքի վերջին տարիներին ճգնել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը… Այս բոլորի, նաև այլ իրադարձությունների հետ կապված սուրբ վայրերի ու սրբությունների տեղերում այսօր մի-մի եկեղեցի ու խորան է հառնում, մի-մի մատուռ կամ խաչքար… Թեև առաջին անգամ եմ ոտք դնում այս վայրերում, հավանաբար ժառանգաբանական հիշողությամբ, զարմանալի հարազատություն եմ զգում այս ամենից…
…Հայր Թեոդորոսի՝ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի տեսուչի մասին շատ էի լսել նախորդ խմբերի ուխտագնացներից, տեսել էի նրա լուսանկարները, գիտեի, որ համակողմանի գիտելիքների տեր հոգևորական է՝ արմատներով Գողթն գավառի Ցղնա գյուղից, բայց չէի պատկերացնում, որ նրա հետ ծանոթանալու բախտ եմ ունենալու Երուսաղեմում գտնվելու առաջին իսկ օրը՝ Հարության տաճարի բակում: Պարզվեց, որ մեր ուխտագնացության ողջ ընթացքում հայր սուրբն է լինելու մեր հիմնական ուղեկիցն ու մեկնաբանը:
Սուրբ քաղաքի գլխավոր սրբավայրին ծանոթանալուց հետո քայլում ենք դեպի հայոց Սրբոց Հակոբյանց նշանավոր մայրավանք: Ճանապարհը հաճելիորեն անցնում է եռագույններով զարդարված հայկական թաղամասով, որ հին Երուսաղեմի չորս թաղերից մեկն է, և որի երկայնքով երուսաղեմահայերին պատկանող կրպակների շարանն է:
Երկու Հակոբոսների տաճարում ուխտագնացներս անբացատրելի զգացողությամբ ենք վայելում առաջին պատարագը: Երևի արարողությունն առանձնահատուկ է դարձնում միջավայրը՝ պատերի հնամյա որմնանկարները, հախճասալիկները, տաճարը զարդարող գորգերը, հնագույն եկեղեցական սպասքն ու անթիվ-անհամար ջահերն ու կանթեղները: Պատարագի հնչյուններն ասես մի-մի աղավնի դարձած՝ ճախրում են գմբեթն ի վեր ու թեթևասահ դեպի երկինք սավառնում…
Հայր Թեոդորոսի հետ զրուցելը նույնքան հաճելի է, որքան նրա անցկացրած լուսավոր պատարագն ու բովանդակալից քարոզն ունկնդրելը: Պարզվում է, որ, իրոք, մորական արմատներով Գողթն գավառի Ցղնա գյուղից է սերվում. մայրը՝ Ասյա Հայրապետյանը, ծնունդով ցղնեցի է, իսկ մորական տատը՝ Ոսկինարը, Ցղնայի ամենահարգված և իմաստուն մամիկներից է եղել:
– Հա՛յր սուրբ, փաստորեն, ձեզ քեռի եմ գալիս,- կեսկատակ նկատում եմ ես: Հայր Թեոդորոսն ի պատասխան և ի հաստատումն իմ խոսքերի՝ ժպտում է իր բարեկիրթ ժպիտով:
Մի քանի օր անց սուրբ հայրն ինձ վարժարան կհրավիրի, հանպատրաստից կհանդիպեմ Ժառանգավորացի սաների հետ, կպատմեմ Նախիջևանի, նրա պատմության և մշակույթի մասին: Սաների հետ ընթրելուց հետո բախտ կունենամ տեսնելու Երուսաղեմի հռչակավոր գրադարանը՝ իր հսկա հատորյակներով ու առձեռն գրքույկներով, կծանոթանամ գրադարանի երկարամյա նվիրյալ և «տիրուհի» օրիորդ Արփիկի հետ, որի աշխատասենյակը ժամանակին ոչ այլ ինչ, քան Կիլիկիո Հեթում թագավորի ննջարանն է եղել, իսկ պատի մյուս կողմում Սուրբ Թեոդորոս եկեղեցին է, որտեղ դարեր առաջ առանձնացել և աղոթել է Կիլիկիո հայոց արքան…
Հետո տեսչական առանձնասենյակում հայր Թեոդորոսի հետ երկար կզրուցենք մեր կորուսյալ հայրենի եզերքի շուրջ, համացանցի արբանյակային քարտեզների վրա կփնտրենք-կգտնենք Ցղնան ու Ազնաբերդը, որ այսօր, դաժան ճակատագրի բերումով, Չանանաբ ու Չալխանկալա են դարձել, յութուբում գյուղերի այսօրվա վիճակի մասին ֆիլմեր կգտնենք, և մեր զրույցը երկար կձգվի: Միայն ուշ երեկոյան վարժարանի սաներից մեկի ուղեկցությամբ հյուրանոց կհասնեմ:
* Հատված ուղեգրությունից: