ԺԱՄԱՆԱԿԻ ՄԻՋՈՎ, ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ

 

Ապրիլի 18-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ, արձակագիր Ժաննա Հակոբյանի «Երազներիս խորանում» բանաստեղծությունների ժողովածուի և «Հայի գենը» վեպի շնորհանդեսը:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով 27 գրքի հեղինակ Ժ. Հակոբյանին, անդրադարձավ «Հայի գենը» վեպին՝ նշելով, որ այն հայության ամենածանր, մղձավանջային խնդիրների շուրջ է՝ ցեղասպանություն, հայ-թուրք հարաբերություններ: «Ծանոթ բովանդակություն, բայց նորովի, որովհետև կերպարները նոր են, նոր  է հայացքը մեր պատմությանը»,- ասաց նա՝ «Հայի գենը» համարելով և՛ հրապարակախոսական, և՛ գեղարվեստական շերտերով հետաքրքիր գիրք: «Երազներիս խորանում» ժողովածուում գնահատելով բանաստեղծական մտածողությունը՝ Էդ. Միլիտոնյանը նկատեց, որ թե՛ արձակում, թե՛ բանաստեղծություններում Ժ. Հակոբյանը հաճախ հրապարակախոսական կրքոտ հարցադրումներ է անում, պատասխաններ տալիս՝ միաժամանակ խոսքը հարստացնելով լիրիկական ու պատկերային շերտերով:

«Ժաննա Հակոբյանը այն գրողներից է, ով վերջին 2-3 տասնամյակներում գրեթե ստեղծագործական պարապուրդներ չի ունեցել և միշտ ստեղծագործական մարզավիճակում է եղել»,- նշեց բանաստեղծ, թարգմանիչ Լևոն Բլբուլյանը՝ Ժ. Հակոբյանին ներկայացնելով իբրև կանացի հոգեբանությունը, աշխարհը բացահայտող բանաստեղծուհու: «Երազներիս խորանում» առանցքային թեման սերն է, կարոտ, հանդիպում, բաժանում, մենություն, թեմաներ, որ անընդհատ ուղեկցում են Ժաննային»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ նրա ստեղծագործություններում առաջընթաց է նկատվում, ասելիքը ավելի խորացնելու և խոսքի հմտությունը ավելի կատարելագործելու առումով:

Ըստ բանաստեղծ Ռազմիկ Գալստյանի՝ Ժ. Հակոբյանը, նպատակասլաց աշխատանքի շնորհիվ, ի վերուստ տրված ուղիով անցնում է ժամանակի միջով, ժամանակին համընթաց: «Նա իր ստեղծագործություններով արձագանքում է մեր ազգային և հասարակական կյանքի ելևէջումներին»,- ասաց Ռ. Գալստյանը և հանգամանորեն անդրադարձավ «Երազներիս խորանում» և «Հայի գենը» գրքերին:

Ելույթ ունեցան նաև բանաստեղծներ Հովիկ Գրիգորյանը, Արմենակ Ղազինյանը, արձակագիր Թորոս Թորանյանը, գրող, հրապարակախոս Հակոբ Պալյանը, Ջ. Բայրոնի անվան գրադարանի աշխատակից Ծովինար Հարոյանը, արվեստաբան, նկարիչ Լևոն Լաչիկյանը, պատմաբան Արմեն Կարապետյանը և ուրիշներ: Շնորհակալական խոսք ասաց Ժ. Հակոբյանը:

Շնորհանդեսը վարում էր ՀՀ վաստակավոր արտիստ Ամիրան Գալստյանը:

 

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։