Օգոստոսի 28-ին ՀԳՄ երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի ծննդավայր Կողբ գյուղում բացվեց նրա անունը կրող պուրակն ու հուշարձան աղբյուրը: Միջոցառումը նախաձեռնել էին «Լոռվա Ձոր», «Նոյեմբերյան» հայրենակցական միություններն ու Հայաստանի գրողների միությունը: «Լոռվա Ձոր» հայրենակցական միության ղեկավար, ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը բացման խոսքում նշեց. «Լևոն Անանյանը մեկ տարի բացակայում է: Ուղիղ մեկ տարի առաջ Լևոնը եղել է այս վայրում, և մենք եկել ենք նրա հետ հանդիպելու, հանդիպելու այս արձանի տեսքով», ապա հավելեց, որ Պոեզիայի պուրակում ամեն տարի պետք է հնչի պոեզիան, երգը, երաժշտությունը, և այդ ամենը պետք է նվիրված լինի Լևոն Անանյանին: Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ով Լևոն Անանյանի հետ աշխատել է թե՛ Հայաստանի գրողների միությունում, թե՛ «Գարուն» ամսագրում, նշեց, որ 1990-ականների ծանր պահերին և դժվարին ժամանակաշրջանում Լևոն Անանյանը պահեց «Գարուն» ամսագիրը, որը նրա շնորհիվ հրատարակվում էր ամեն ամիս: Ըստ նրա՝ Անանյանը ոտքի կանգնեցրեց նաև Հայաստանի գրողների միությունը: «Հսկայական աշխատանք է կատարել, ինը տարի միասին աշխատել ենք, տեսել եմ, թե ամենօրյա ինչ ծանր գործ է անում: Լևոն Անանյանից հետո աշխատելը և՛ դժվար էր, և՛ պատվաբեր»,- հավելել է Միլիտոնյանը: Անանյանի հայրենակից, գրող Սամվել Բեգլարյանն էլ ընդգծեց, որ ծանր ու դժվար էր լինել նրա ընկերը, որովհետև Լևոնն ում սիրում էր, պահանջկոտ էր նրա նկատմամբ: Լևոն Անանյանի շուրջ համախմբվեց գրողների հրաշալի սերունդ, որը շատ լավ էր աշխատում: Ելույթ ունեցողները կարևորեցին Լևոն Անանյանի գործունեությունը, մարդկային տեսակը և մեծ ներդրումը իր բազմակողմ գործունեության բոլոր ոլորտներում: Հուշարձանի բացման պատիվը վերապահված էր Լևոն Անանյանի տիկնոջը՝ Աղավնի Գրիգորյանին: