Հայ գրողները սրտի ցավով են հետևում Իրաքում ծավալվող ողբերգական դեպքերին. արկածախնդիրների մի խումբ այս տառապած հողի վրա ջանում է հետ բերել խավար միջնադարը՝ ստեղծելու այսպես կոչված իսլամական խալիֆաթ: Նրանք մարդկության աչքի առաջ ազատություն են տվել իրենց մարդատյացության նողկալի բնազդին՝ կործանելով ոչ իսլամական բոլոր էթնիկ տարրերին՝ քրիստոնյաներին, այլ հավատքի ժողովուրդներին: Սպանվել է հինգ հազարից ավելի եզդի, ամենաանմարդկային մեթոդներով՝ ողջ-ողջ թաղելով, մանկանց գլխատելով, շենքերի մեջ զանգվածային հրկիզումներով: Այս ամենն ուղեկցվել է բռնաբարություններով, առևանգումներով, կրոնափոխության բռնի պարտադրանքներով: Այս սահմռկեցուցիչ սպանդը մի անուն ունի՝ ցեղասպանություն: Սա 1915 թ. հայոց ցեղասպանության շարունակությունն է, որն արդեն քանի անգամ, քանի երկրներում իր դեմքը ցույց է տալիս: Եվ ինչո՞ւ է դա տեղի ունենում, որովհետև արդեն 100 տարի է՝ Մարդկությունը չմիասնացավ և չբռնեց, չդատապարտեց Թուրքիայի ցեղասպանող ձեռքը: Որովհետև հայոց ցեղասպանությունից դեռ 20 տարի չանցած՝ Հիտլերն ասում էր՝ ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածները: Քանի դեռ շարունակվում է պետությունների անտարբերությունը փոքր ժողովուրդների ողբերգությունների հանդեպ, երկրագնդի ցանկացած կետում կարող է բարձրանալ ցեղասպանության կացնակերպ դեմքը: Անպատժելիությունը վատ դաս է հանդիսանում այլատյացության, անհանդուրժողականության և կրոնական բռնությունների համար:
Հայ գրողներս կիսում ենք Հայաստանի գրողների միության շարքերում գտնվող քուրդ և եզդի գրողների վիշտը և մեր զորակցությունն ենք հայտնում նրանց:
ՀԳՄ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություն Իրաքում ծավալվող ողբերգական դեպքերի վերաբերյալ
