Թվակեղծարարություն / Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ

Ամեն տարվա աշնանը, երբ ՀՀ մշակույթի նախարարությունը իր կայքում հաջորդ տարվա հրատարակչական գործի աջակցության մասին զետեղում է հայտարարություն, խլրտոցն սկսվում է հրատարակիչների շրջանում: Որ գրքի համար ում որքան է հատկացնելու Մշակույթի նախարարությունը պետական միջոցներից:
Սպասման ակնկալիքները 2017, 2018 թթ. առանձնակի խանդավառություն չառաջացրին, քանի որ նախորդ տարիների համեմատ ծրագրերը փոխվեցին, բյուջեն սեղմվեց: Եվ ահա այս նեղ վիճակում սկսեց երևալ որոշ հրատարակիչների գործելակերպը՝ ինչպես իրենց կողմը գրավեն գրական շրջանակների և չինովնիկների համակրանքը՝ հասնելով հատկացումների առավել մեծ չափերի:
Անցած տարի առճակատման գնացող «Անտարես» հրատարակչության հանձնակատարներին ես ի պաշտոնե պատասխանել եմ «Առավոտ» օրաթերթում: Մեկ տարի անց ստիպված եմ կրկին ստերը ջրի երես հանել, քանի որ թվակեղծարարությունը կրկնվեց, և դարձյալ ջանում են ՀԳՄ հրատարակչությանն ու «Անտարեսին» հատկացվող դրամաչափերը համեմատել. իբր, տեսեք, մենք 2012-2016 թթ. ստացել ենք 46 մլն դրամ, իսկ նրանք՝ ՀԳՄ հրատարակչությունը, 300 մլն: Եվ նրանք՝ մենք, արժեքներ տպագրելուց հեռու ենք, և որ իրենք են «մաեստրոյի առաքելությունը» ստանձնելու այսուհետ: Եվ նրանք՝ մենք, քամուն ենք տալիս պետական միջոցները, իսկ իրենք նոր անուններ են հայտնաբերում… և հայտնի գրողների: Թեև իրենց հրատարակած հեղինակների մի մասը մեր հեղինակներն են և ՀԳՄ անդամներ: Ինչո՞ւ, Չարենցին ու Մահարուն էլ եք դուք հայտնաբերել, Հրանտ Մաթևոսյանին էլ… ուրիշներին էլ: Ինչո՞ւ եք «համեստաբար» լռում: Ձև բռնելով ու վաստակահենությամբ զբաղվելը մի օր ձեզ կծակի՝ մախաթի պես:
Իսկ իրական թվերը չես ջնջի: Տեսեք, թե ուր մնաց 300 միլիոնը: ՀԳՄ հրատարակչությունը 2012 թ. պետպատվերի 400 000-ով և աջակցության 2.430.000-ով հրատարակել է 7 գիրք: 2013-ին՝ համապատասխանաբար 1.202.000-ով և 3.600.000՝ 11 գիրք: 2014-ին՝ 11 գիրք 4.900.000-ով, 2015-ին 11.700.000-ով՝ 22 գիրք, 2016 թ. 9.016.000-ով՝ 19 գիրք:
Ահա ճշգրիտ պատկերը: Արդյունքում՝ 33.248.000 դրամով տպագրվել է 70 անուն գիրք: Իսկ «Անտարեսը» քանի՞ գիրք է հրատարակել, 46 միլիոնին գումարած այլ ծրագրերով 16,774.000-ը, հետաքրքիր է: Ինչպես տեսնում եք, մեզ վերագրվող թիվը տասնապատիկ կեղծվել ու թյուրիմացության մեջ է գցել ընթերցողին:
Ա՛յ հարգելի «Առավոտի» լրագրող Գոհար Հակոբյան, երկու հոգի են մասնակցել ասուլիսին, որոնցից Ա. Ավանեսյանն այդպիսի թիվ չի բարձրաձայնել: Մնում է մյուսը: Մենք վստահաբար չգիտենք՝ ով է ձեզ ասել այդ թիվը: Դուք ինքներդ պարզեք՝ ովքեր են ձեզ գցել թյուրիմացության մեջ և խուսափեք կեղծ գնահատականներից ու կեղծ թվերից, որոնք, երևի թե, հետապնդում են որևէ հրատարակչության բիզնես շահեր:
Ա՛յ հարգելի Արքմենիկ Նիկողոսյան գրականագետ, հրատարակչության գլխավոր խմբագիր, գովազդող, այս մեթոդներո՞վ պիտի մրցակցեք ձեր գործընկերների հետ:
Դուք պիտի ներողություն խնդրեք ՀԳՄ հրատարակչության գործունեությունը վարկաբեկելու համար: Առայժմ՝ այսքանը:

Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԳՄ հրատարակչության տնօրեն

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։