Հուլիսի 6-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության հերթական նիստը: Նախագահության անդամները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին բանաստեղծ Ղուկաս Սիրունյանի հիշատակը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց վերջին ամիսների ՀԳՄ գործունեության ամփոփագիրը` երիտասարդ գրողների խորհրդակցություն, թարգմանական խնդիրներին նվիրված լիանիստ, հոբելյարներին նվիրված միջոցառումներ, շնորհանդեսներ: Այնուհետև Էդ. Միլիտոնյանն անդրադարձավ գրահրատարակչական հարցերին, շեշտադրումն ուղղելով ՀՀ մշակույթի նախարարության կողմից պետաջակցության նոր ձևերի վերաբերյալ որոնումներին: Ներկայացնելով խնդրի շուրջ իր նկատառումները, ՀԳՄ նախագահը հիշեցրեց, որ անցյալ տարվա դեկտեմբերին տեղի է ունեցել գրահրատարակչական հարցերին նվիրված ՀԳՄ վարչության լիանիստ: Քննարկման արդյունքում հնչած առաջարկություններն ուղարկվել են ՀՀ մշակույթի նախարարություն, որին ի պատասխան ստացվել է նախարարի տեղակալ Ն. Տեր-Վարդանյանի հետևյալ գրությունը. «Հարգելի պարոն Միլիտոնյան: Ի պատասխան Ձեր` 2016 թ. դեկտեմբերի 6-ի նո.102 գրության, հայտնում ենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը 2017 թ. «Աջակցության գրականության հրատարակմանը» (պետական աջակցություն) ծրագրում առանձնացրել է թարգմանությունների ֆոնդ, որով աջակցություն կտրվի արտասահմանյան այն հրատարակիչներին, որոնք ցանկություն կհայտնեն հրատարակել հայ գրականություն: Նախարարությունը կաջակցի այդ հրատարակչին` տալով ստեղծագործության թարգմանության գումարը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հայ գրողներին և գրականությունը հանրահռչակող գրական ծրագրերի և միջոցառումների շուրջ համագործակցության վերաբերյալ քննարկումները կշարունակվեն 2017 թվականին»: «Մենք սպասում էինք,- իր խոսքում նշեց Միլիտոնյանը»,- որ նախարարությունում կլինեն քննարկումներ` գրահրատարակչական նոր քաղաքականության ձևավորման ուղղությամբ, ինչպես գրության մեջ է նշված: Թարգմանության խնդիրների լիանիստում հնչել էր հարցադրում, թե ովքեր են որոշելու որ հեղինակներին պիտի թարգմանել, հաշվի առնելով, որ արտասհմանյան հրատարակիչները հայերեն չեն կարդում և, բնականաբար, ընտրել չեն կարող:
Նախագահության անդամներ Սուսաննա Հարությունյանը, Հենրիկ Էդոյանը, Կարինե Խոդիկյանը նշեցին, որ եթե չկա հովանավորչության մասին օրենք, գրականության աջակցության հիմնադրամներ, ապա գրականության հրատարակման աջակցության ծրագրերի նկատմամբ կտրուկ քայլերը կարող են վտանգել գրականության դաշտն ընդհանրապես:
Հ.Գ.
Հուլիսի 11-ին Մշակույթի նախարարությունում նախարար Արմեն Ամիրյանի հրավերով կայացավ խնդրի շուրջ քննարկում, որին մասնակցում էին ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը, «Գրական թերթի» խմբագիր Կ. Խոդիկյանը, ՀԳՄ հրատարակչության տնօրեն Շանթ Մկրտչյանը և այլ հրատարակիչներ ու խմբագիրներ: Քննարկման արդյունքում ակնկալվում են առավել գործնական քայլեր: