Երեկ լեռը խաղաղ էր ու երջանիկ, իսկ այսօր՝ դյուրագրգիռ ու անհանգիստ: Լեռան մոտով ձգվող փոշոտ ճանապարհով գիշեր ու զոր անցնում էին զինվորական գումարտակներ, հրազենով բեռնված բեռնատարներ, ականանետեր ու թրթուրավոր տանկեր: Լեռան շունչը կտրվում էր, երբ տեսնում էր, թե ինչպես պատերազմի դաշտ մեկնող զինվորների ոտնատակերից և ռազմական մեքենաների շարասյուների ետևից քուլա-քուլա բարձրանում էին թանձր փոշեամպեր:
Սարը սրտի ցավով էր դիտում, թե ինչպես էին փոշու հաստ շերտերի տակ թալկացել մասրենու մորեգույն ծաղկաթերթերը, լանջերին բուսած զմրուխտ կանաչն ու թավ թփուտները: Կծղած ծիլերը գրեթե չէին շնչում, ասես դաժանորեն խոշտանգված լինեին: Փայլը կորցրած ծաղիկները փակել էին գորշացած աչքերը: Ամեն ինչ դարձել էր անգույն ու սև: Սևն էլ սևի նման չէր: Հերկված ակոսի սևի նման չէր, որ ցոլուն գույներ տար, ապրեցներ ծիլերին: Յոթ գույների միջի սևը չէր:
Ռազմական մեքենաների երթևեկությունը ավելի ու ավելի էր շատանում: Տանկերի շարժիչները տևական աղմկում էին.
– Դը՜ռռռ-դը՜ռռռռ-դը՜ռռռռռռռ…
Իրարանցման ժխորի մեջ քնամկներն այլևս չէին կարողանում քնել: Նրանք ահից դադարել էին տեղաշարժվել: Մկներին թվում էր, թե քարերի տակ, խոտերի խշշոցի մեջ, լեռնալանջերի մակերեսին, ամբողջ երկրով մեկ մի գլուխ իրենց հետապնդում են, բոլորի ետևից մի զարհուր բան է ընկած: Ամեն ինչի մեջ թնդյուն, ճայթյուն, կրակոց ու դռդռոց կա, ալիքվող ահ ու սարսափ: Նրանք, անզորությունից իրար սեղմվելով, սրսփունքով ծվծվում էին.
– Ճանապարհը ծայրեծայր բռնած մեքենաներն այնպես են դռդռում, որ ականջի թաղանթ է պատռվում: Ի՞նչ է, տանկ-տանկիկը, հրթիռ-հրթիռիկը, հրասայլ-հրասայլիկը չե՞ն հասկանում, որ մեր գլուխները փայտից չեն:
– Երբևիցե մկներն այդպես անհանգիստ չէին ճստճստացել,- ասաց լեռը,- այո՛, այո՛, կարևոր բան է, որ մկները սուս ու փուս չեն մնում, չեն հաշտվում հրանոթների որոտների հետ:
– Ուժեղ ես, թույլ ես, ճստճստացող քնամուկ ես, մուկ ես, երբեք, երբեք, երբեք չպետք է հաշտվել պարտությանը: Մոռացիր նախկին պարտությունդ, թեկուզ թույլ, վախվորիկ ծվծվա, թող ձայնդ գնա, գնա: Քո ձայնի տատանումից քարերն էլ կիմանան, որ գոյություն ունես: Ռումբերը քանի քեզ չեն սպանել, ճստճստա, քո ձայնը լսելով արյունակիցներդ վախ չեն ունենա, միայնակ չեն զգա իրենց,- ցեղակիցներին հորդորում էր մկների առաջնորդը:
Հանկարծ սարն անակնկալի եկավ, երբ նկատեց, որ ձյունահեր կատարը փոշիներից և ռումբերի թունոտ ծխից ածխագույն է դարձել:
– Պատերազմը սև գույն է բերում: Ի՜նչ ահավոր է իմ տեսքը: Աշխարհում չես գտնի մի լեռ, որ կատարին սև ձյուն ունենա: Պատերազմը եթե երկարի, իմ կատարի սևը կձգվի ամպերից էլ վեր, աստղերից, լուսնից ու արևից վեր: Երկնքի կապույտը մուժ ու մեգով կլցվի, տիեզերքը՝ խարխափեցնող խավարով:
Լեռան ուսերի աղտոտվածությունն օրըստօրե ավելի տարածուն էր դառնում:
– Ո՞վ է երաշխավորելու, որ իմ գագաթի սևացած ձյունը վնասակար, սպանիչ հատկություն չունի իր մեջ,- տրտմորեն քրթմնջաց սարը,- կարծում եմ, ամառային շոգ օրերին ձյունհալքի մրոտ թունաջրերով այլևս անհնար կլինի հագեցնել բույսերի ծարավը, նրանք կմահանան:
Վիճակն անհանգստացնող էր: Լեռան ցասումն այնքան խորն էր, լարվածությունը՝ մեծ, որ քիչ էր մնում ընդերքից հրաբուխ ժայթքեր և ճանապարհը ծածկեր լավայի հրաշերտով:
Սարը մե՛կ նայում էր դիմացը գտնվող պատերազմի դաշտին, մե՛կ՝ ճանապարհի վրա վխտացող մեքենաներին ու խորհում.
– Ախր, հրաբուխը մրրիկից ու բոցավառվող կայծակից ավելի սարսափելի է, պատերազմի նման ավերիչ հատկություն ունի: Մեկ րոպեում այնքա՜ն շատ բան է այրում, մոխիր դարձնում: Ես չեմ կարող գործող հրաբուխ ունենալ:
Լեռը փոխեց մտադրությունը, ավելի մեղմ պատժի մասին սկսեց մտածել:
– Ի՞նչ կլինի, եթե իմ կատարի ձյան հաստ շերտի միջոցով փակեմ ճանապարհը: Վիթխարի ձյունահյուսքին կուլ կգնան հազարավոր զորագնդեր ու ռազմական շարասյուներ: Միայն մեկ շարժում, մեկ ցնցում, մեկ թափահարում, մի թեթև ճոճք, և սև ձյունը չլսված-չտեսնված հեղեղի նման սրընթաց ներքև կհոսի, և այդ ժամանակ վերջը կգա, հետքն էլ չի մնա նրանց սաղավարտի: Ընդմիշտ ձնով կփակվեն հրանոթափողերի բերանները:
Անցյալում չի եղել դեպք, որ սարը մտածեր շարժվելու մասին: Նա միշտ լռելյայն հետևում էր՝ այնպիսի տատանում չլինի, որ ձնահոսքի պատճառ դառնա:
Որոշ ժամանակ անց ձյունահեղձ անելու որոշումը սահմռկեցուցիչ թվաց: Նոււյնիսկ մի պահ ամոթից կարմրեց, որ չարամիտ բաներ է մտածել: Ամոթի զգացումն այնքան մեծ էր, որ կողալանջերից դուրս ցցված ապառների ու քարաբեկորների վրա նշմարվում էր բոսորագույն շառագունումը:
– Աստված իմ, ես չեմ կարող ճանապարհը ձնակոլոլ անել, քանի որ չգիտեմ՝ պատերազմի դաշտ մեկնողներն ովքե՞ր են: Բանակների տեղաշարժվելու նպատակն ինձ անհայտ է,- ինքն իրեն ասաց լեռը,- գո՞ւցե նրանք գնում են իրենց երկիրը պաշտպանելու և ո՛չ ուրիշ տարածքներ նվաճելու: Շատ հաճախ մարդիկ զենք են վերցնում կյանքի ու հայրենիքի հանդեպ ունեցած սիրուց:
Լեռն այլևս երկնքին չէր նայում, ինքն իր հետ չէր խոսում, երկար զննում էր կռվողներին, որ մի տարբերանշան գտներ նվաճողների ու ազատամարտիկների միջև, սակայն այդպես էլ առանձնացնող հատկանիշներ չէր զատում:
Կողմերը կռվում էին նույնատիպ տեխնիկայով: Զինվորական համազգեստներից սկսած մինչև տանկերն իրար նման էին: Պարզ երևում էր, որ սատանայական բոլոր զենքերը ձեռք են բերվել նույն տեղից: Նույնիսկ ռազմական հրագետները գլուխ չէին հանում, թե ավեր ու մահ տարածող զինատեսակները որտեղից են բերվել՝ Ամերիկայի՞ց, Ռուսաստանի՞ց, թե՞ Թուրքիայից:
Լեռը զգում էր, որ ճանաչելու չափանիշները խախտվել են:
Նույն կարգուկանոնով էին հրանոթները որոտում: Ձորերն էլ նույն զարհուրանքով էին արձագանքում պայթյուններին:
– Պատերազմները չեն քողարկվում,- մտասույզ մրմնջում էր լեռը:
Հրանոթների որոտներն ավելի ահարկու էին դառնում մութ գիշերներին, երբ երկինքը ճեղքում էին հուրհրան, լուսային ականները: Հրթիռները չէին փոխում իրենց պահվածքը: Նրանք հրեշային ոռնոցով, մեկը մյուսի ետևից խելացնոր թռչում էին տարվա բոլոր եղանակներին:
Լեռան համար դա շատ ահավոր էր, քանի որ իր կողերի վրա զգում էր քարայծերի բարակ ոտքերի սարսափազդու դողը: Պարզ տեսանելի էր, որ ուժգնորեն սրսփացող քարայծերի մարմինը մի տեսակ կուչ էր գալիս ու փոքրանում: Երբեմն քարայծերը ջղաձգորեն այնպես բարձր էին ցատկում քարից քար, որ թվում էր, թե թռչում են որոտներով լեցուն պատերազմական օրերի վրայով:
Հեռավոր տարածքները երբեք քարայծերին չէին գրավել, սակայն մի օր, արևածագից առաջ, նրանք իրենց ուլիկների հետ թնդանոթների ծխածածկույթի տակ մոլորուն քայլերով լքեցին իրենց բնօրրանը: Քարայծերի հորանը գնում էր ու մտածում. «Արդյոք կդիմանա՞ն հեռացմանը»:
Լեռը, տարօրինակ զգացումով, երկար, շատ երկար նայեց հեռացող քարայծերի հետևից և թոնթորաց.
– Պատերազմը յուրաքանչյուրին իր բաժին տառապանքն է տալիս:
Քարայծերի հեռացումով էլ պատերազմը չհեռացավ նրանցից: Պատերազմը տարածությամբ չի հեռանում, այն մնում է աշխարհի մեջտեղում:
Միշտ մտապահի՛ր, պատերազմը հեռանում է, երբ պայքարում են նրա դեմ: