ԱՆՑՈՒՄ ԿՅԱՆՔՈՎ ԿԱՄ ԱՐԵՎԻ ՇՈՂ ԿԾԿՈՂ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԱՇԽԱՐՀԸ / Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

Արև՛ տենչամ –

Խավարն արդեն տանտիրոջ պես

Դուռն է կողպել իր ետևից

Ու ջնջել է փորձում

Հուշն իսկ այգաբացի…

«Անցում կյանքով»

 

Բոլոր ազդակներով ծայրահեղ քաղաքականացված մեր ժամանակներում, երբ՝ պատերազմից աչք չբացած, նորանոր տագնապներով ու վախերով ամեն ժամ փորձվում է մարդուս հոգևոր, բանական ու բարոյական ամրությունը, երբ անտրոհելի միջուկում ճեղքման ռեակցիաներ են հրահրվում հատկապես ինքնության դեմ, հայտնի չէ՝ մարդը որքանով մարդ կմնա, ո՞վ կլինի այդ մարդը, եթե անգամ իր բաժին ֆիզիկական փորձությունների հետ վերապրի իր երկրի գլոբալ փորձությունը, սակայն՝ դիմադրողականության բոլոր բջիջներով ամեն վայրկյան չփորձի կանխել՝ իր հոգուն, իր հոգևոր ամբողջ դաշտին սպառնացող ամայությունը, որի սկիզբը դրվում է հիշողության կորստով…

Գրականությունը, հեղինակային կինոն, արվեստն ընդհանրապես, այսօր մտահոգ անհատների կողմից այդ առողջ պատվաստման կարևոր գործառույթն են ստանձնում, թեև դա չի նշանակում, թե հենց արվեստի միջոցով էլ չեն մատուցվում հաճախ այդ մոռացության դեղահաբերը։

Նանեի «Անցում կյանքով» բանաստեղծությունների նորընծա ժողովածուն այդ ամայության դեմ զգոնության ու դիմադրողականութան իր ազնիվ բաժինը փոխանցող առաջինների շարքում է, և ճանապարհ անցած գրողի ստեղծագործական աշխարհն ավելի խորությամբ բացահայտելու հնարավորություն ընձեռելով՝ այն հնարավորինս ամբողջացնում է նաև հեղինակի մարդկային կերպարը։ Սա լավ առիթ է շնորհյալ բանաստեղծին կրկին ու կրկին բացահայտելու, արժևորելու նրա վերջին տարիների բանաստեղծական հունձքը, որը լայն կտրվածքով տալիս է թե՛ հեղինակի կյանքի անհատական, թե՛ մեր ժամանակների պատկերը։

Մի քիչ հավատ կորավ, մի քիչ փլեց հիմից,//Մի քիչ, մի քիչ…//Այդպես… երեկ, այսօր…//Ամեն Աստծո օրվա,//ամեն հրաժեշտի, ամեն անգամ…//Երբ լքում ենք Նրան… (էջ 120)

Իր ճանապարհի ընթացքից բանաստեղծ Նանեն մեզ հաղորդ է դարձնում աչքով ու սրտով տեսածին, հաճախ՝ դրանց հակադրությանը, և նրա լեզվի հնչերանգները մեզ քաջ ծանոթ արձակագիր, հրապարակախոս Նանեի մտքի տրամաբանությունից տարբեր են՝ զգայական, պատկերային ու հնչյունային ավելի մտերմիկ-հուզական անցումներով քնարականություն և անմիջական ապրում հաղորդելով իրավիճակներին։ «Ես ընդամենը անցնում եմ այստեղով» – գրքի հենց սկզբից վկայում է Նանեն, և բնության ներդաշնակությամբ հմայվածի իր մղումը զսպելով՝ խոստովանում է.

Ուզում եմ ոտքս կախ գցել, //Բայց շտապել է պետք -//Ընթացքս այլ հասցե ունի.//Ես ընդամենը անցնում եմ այստեղով… (էջ 5)

Նախ՝ ափսոսանքի, ապա հաշվետու լինելու պես է հիշում Նանեն կյանքի անցողիկության մասին, կրկնելով՝ «Ես ընդամենը անցնում եմ այստեղով», և փառք է տալիս Արարչին, որ ինքն էլ ընդամենը անցնում է՝ ենթատեքստում փոխանցելով այն ցավը, որ ունի՝ այսօրվա մարդու ցեղակիցը լինելու համար, ավա՜ղ, որի հոգու խորխորատներն այնքա՜ն ծանոթ են իրեն… Նանեն ամբողջ սրտով կուզեր բարեշրջել մարդուն, բայց ահա՝ ինքն այդ մարդկության մեջ մենք-ի մասնիկ է.

Եվ աղոթքի տեղ՝ մրմունջ բողոքի//Ու անեծք է շուրթերին մեր,//Զայրույթ ու մաղձ է հոգիներում՝//Երբեմն դրսից էլ առավել, //Որն արդարության պահանջ ենք հորջորջում՝//Արդարացնելով անկումը մեր օրից օր… (էջ 83)

Եռամաս այս գրքում առաջին բաժինը «Թափառումներ» խորագիրն ունի, իսկ Նանեի թափառումները Աստծո կերպարով կամ՝ դեպի Աստծուն դարձող մարդո՛ւ փնտրումներ են, գտնումի ներքին պահանջ, բայց նախ՝ ելքի՛ փնտրտուքներ են… «Ո՞ւմ կանչեմ այսօր»-ն այդ փնտրտուքի խտացումն է մեկ հարցի մեջ, ու թեև հարցը տարակուսանքից ու համընդհանուր շփոթից է ծնվել, այստեղ Նանեն լավատես է՝ քայլերի հաջորդականությամբ իր անելիքն իմացողի հավատով։

«Թափառումներ» շարքը թե՛ Նանեի ներքին ապրումներն է փոխանցում՝ հուսահատություն, հիասթափություն, տագնապ, թե՛ միջավայր է կերպավորում բնության պատկերներով, ձայներով, արևի լույսով, աստղացոլքով՝ առնչություններով մերձակայի, անցյալի, երկրի լանդշաֆտի, պատմության հետ…

Քաղաքն արթնացավ//Եվ ամեն օրվա նման թափ տվեց //Փոշին դարերի՝//Շտկեց վարդագույն իրանը նրբին,//Ձգվեց ի երկինք… (էջ 9)

«Երևանյան այգաբաց» բանաստեղծությունը վերը նշված բնութագրիչների մեծ մասի խտացումով, յուրահատուկ դուռ է Նանեի այն իրական-նվիրականի, որից լույսի ժամանակներում վերստին հորդալու է բանաստեղծի քնարականության ու գեղարվեստական խոսքի ամենամաքուր երակը։ Այն արթնացումի ու վերածնության խորհրդանիշ է, Նանեի սերն է՝ ուղղված մեր քաղաքին, իսկ բանաստեղծի սիրո շառավիղները՝ կարոտի թևերով ավելի հեռուներն էլ տանում են խոստովանության, և դա զուտ այցելություն չէ, այլ՝ տիրոջ վերադարձ…

Վերադառնում եմ՝//Լյառն ի վեր, ի վար-//Իր կապույտ սրտի տրոփը իմի//Ռիթմին մեկտեղած.//Գնում եմ Էրգի՜ր…//Խնկաբույր հողս իմ սիրո գերի-//Խոնավ աչքերը սևեռած ճամփիս՝//Ուշքը դարձիս է… (էջ 10)

Հայրենատիրոջ գիտակցությամբ, ամենաազնիվ մղումով ոտքի է ելել բանաստեղծը – մտքով լինի թե ցուպը ձեռքն առած՝ գնում է մեկ անգամ իր տեսած – իր ոտնահետքերը պահող, իրեն կարոտող հայրենի հողին տեր կանգնելու… Միայն թե՝ երիցս մնում է կարոտյալ՝

…քանի դեռ այս աշխարհաճեմի//Ե՛վ լույսն է անլույս,//Ե՛վ օդը պակաս,//Ե՛վ անուղի են ճանապարհները… (էջ 16)

Հայրենի հողից ուժ ստանալու և Երկնավորի արարչական բառով զորանալու իր կենսափիլիսոփայությամբ, մարդու մեջ միշտ մարդ փնտրելու և իր փորձությունների մեջ մարդ մնալու ճանապարհին, թեթևորեն է ասում՝

Չապրե՞լը… հեչ բա՜ն…//Դժվարը այլ է-//Խավարների մեջ լույս արարելը,//Աշխարհի խարդախ ափերին Բարին// ու Խիղճ շաղելը…//…Սակայն՝ ի՜նչ խրթին, ինչ դժվար հապա-//Մեռնելուց անդին՝//Լույսերում միայն… շարունակվե՜լը… (էջ 17)

Կարևորելով Նանեի այս գրքում իրենց հրատապությամբ մեծ տեղ ունեցող քաղաքացիական, խոհափիլիսոփայական, բարոյախոսական, հայրենասիրական թեմաները՝ հարկ է առանձին վերաբերմունք դրսևորել նրա զտարյուն պոեզիայի հանդեպ, որ ուղեկցում է այդ ամենին երաժշտական անխառն մեղեդու մաքրությամբ, որն ընթերցումից հետո էլ դեռ երկար կարող է հնչել մեր ներսում, ինչպես՝ «Դեղին մշուշ է», «Ծնվեց օրը ինձ հետ», «Ձյունում է՝ ձյունի», «Մայթերը թաց են», «Հուշեր մի՛ հուշիր», «Դու լռիր, ու թող աշունը խոսի», «Փրկենք հրեշտակներին», «Հերարձակ է փերին մթնշաղի», «Հուշը դռան մոտ՝ բախում է դուռը», «Դու կաս», «Ես մենակ չէի» և էլի ու էլի բանաստեղծություններում։ Այստեղ նշված բոլոր բանաստեղծություններն ամբողջական մեջբերելու գայթակղությունն ունենք, բայց վստահենք գրքի ընթերցողին և այստեղ վայելենք իր հմայքով ճապոնական բանաստեղծության նմուշ հիշեցնող այս հատվածը՝ չմոռանալով ասել, որ Նանեի պոեզիային առավել բնորոշ է այսօրինակ քնարականությունը.

Խոնարհ է ժամը՝//Ընկնող տերևի թախծությամբ օծուն,//Եվ հրաժեշտի շրշյուն կա //Ծառ ու թփերի ծոցում… (էջ 26)

Այս ժողովածուին բնորոշ է նաև սեփական ժամանակացույցը, որով մե՛րթ «աշնանային է ու խոնավ ժամը», մե՛րթ «ժամ է կորուսյալ ու ժամ՝ ավարտի», այնուհետ՝ «ժամ է արթնության, ժամ նորոգումի ու ժամ է հույսի»… Եվ այս ժամանակաչափում՝ որքան էլ որ արձանագրվում է, թե «Ժամանակը ապրելու չէր» կամ «Արարման չէր բնավ ժամանակը», Նանեն վկայում է –

Պայթում էին հունդերը լուսե//Ականների տակ դավի ու… պատերազմի…//Բայց եկել էինք ու… ապրեցինք,//Եվ բռունցքներ էինք ճոճում՝ //Արդարությանը զորավիգ-//…//Ժամանակը ժամանակ չէր բոլորովին… Բայց մերն էր ու… միակը նաև… (էջ 20)

Ժողովածուի երկրորդ՝ «Թևաբախումներ» բաժնում, ուր անկասկած բանաստեղծության ոգին մղում ունի թռչելու, Նանեի թռիչքն ասես կանխապես կասեցված է։ Բաժինը բացվում է «Ու լեռների վրա» կոթողային բանաստեղծությամբ, որը բարձրավոլտ լարում կուտակած շանթարգելի պես կանգնել է՝ որպես պատերազմում հանուն խաղաղության իրենց թռիչքն ընդհատած քաջերի հուշարձան…

Անհանգիստ է Նանեի տողը արդեն պատերազմի ընթացքից, ու թեև նրա թևաբախումները վերելքի են ձգտում, թեև սիրո ու կարոտի վերընթաց խոյանքներ ունեն՝ Արցախյան առաջին պատերազմի հաղթանակներով պսակված ցնծության աստղային սլացքի պահեր, հերոսների փառավոր անուններ, ավա՜ղ, ունեն նաև կորստի կսկիծ, թևաթափ անկումներ, և անհատական չեն այդ անկումները, քանի որ իր երթին զուգահեռ Նանեն վավերագրում է մարդկության երթը, աշխարհով մեկ ցրված հայի երթը, լսում է ծանր կողպեքով ու մետաղով շղթայված լքյալ տան հառաչը, կարկամում է միշտ «նեռ»-ին սպասող ու դիմավորող մարդկության ընթացքի առաջ և սարսափով է նկատում, որ արդեն երկրորդ գալստյանը քչերն են դիմավորելու մեր Տեր Աստծուն…

Հիմա, քանի դեռ կան օրեր,//Ընդամենը փորձենք խարդախ առուծախում//Կյանքին միայն իր տվածը //Վերադարձնել,//Իսկ Աստծունը//Պահել Աստծուն… (էջ 75)

Մարդու և մարդկության հոգևոր դարձի ճանապարհ փնտրելով՝ Նանեն կարևորում է երկրային սահմանագծին հասած հոգու թևավորումը՝ զարմանալով.

Բայց ինչո՞ւ քչերն են միայն //Թևեր բացում՝ //Այնտեղ //Թռիչքի համար… (էջ 89։)

Իր հավատո հանգանակով Նանեն «կանչվածի» ուղու վրա հաստատ կուզեր տեսնել մարդուն – հենց ինքն իրե՛ն, միայն թե՝ ամեն բան քաոսի փոխարկվելու վտանգի առաջ է՝ քանի դեռ աշխարհում «ոչինչ չի փոխվել»… Ուրեմն և՝

Դուռս կողպեմ ու ցուպն առած.//-Ո՞ւր ես,- ասեմ,- քեզ եմ գալիս,//Կապո՜ւյտ աշխարհ… (էջ 133)

Ի վերջո սա է ելքը մարդու – մարդկության՝ ամեն մեկն իր աշխարհում փակվելու՝ ամեն մեկն իր աշխարհը փրկելու մեջ… Իսկ չէ՞ որ շատերը հենց առաջնորդության, սիրո երգի ու քաջալերանքի կարիք ունեն և ականջ են պահում բանաստեղծի խոսքին…

Ժողովածուի երրորդ՝ վերջին բաժինը «Կապույտ հեռուներ»-ի հուսադրող հրավերով է բացվում՝ հետամուտ լինելու բանաստեղծի երգին…

Ես Սե՜ր կըերգեմ.//Ու փակ կոպերիդ ներսում կծաղկի //Երազ վարդաբույր,//Ու մաքրամաքուր լույս-առավոտի//Փեշերը ծածան//Կօրորեն մեր խոնջ գրկումները տաք…//Օ՜, հրաշքի պահ՝ հավերժը հսկող…//Ի՜նչ ես կարկամել-// Բա՜ց աչքերը քո… (էջ 123)

Ու թեև բացված աչքերի դեմ դարձյալ սոսկանք կա նույնիսկ ամենակապույտ հեռուներում, Նանեն չի դադարում գեղեցիկը փայփայել.

Ծաղկած ուրցի ու//Մանուշակի բույրերին խառնված,//Վառոդի հոտից՝//Ալիքվեց ու փշաքաղվեց//Այգաբացի օդը փխրուն… (էջ 132)

Նանեի հրաժարումը ամեն բան կլանող-մարսող համայնական, սոցցանցային կենցաղից՝ այնպես բնական է հնչում.

Փնտրեք ինձ//Դաշտամիջում կեսօրյա՝//Արևային ցնցուղի տակ//Ոսկեփոշի շողարձակող…//Փնտրեք կապույտ լեռան//Լանջին ծաղկաժանյակ//Եվ… ավելի՜ հեռու՝//Գանգուրներում ամպերի //Կապարաթույր,//Աստղերի շուրջպարում կեսգիշերյա…//Կամ ընդամենը …// Աշխարհում իմ… (էջ 135)

Նանեն ասես միայն իր մտերիմներին է հայտնում իր տեղը, իսկ արդյո՞ք դա փախուստ չէ բանաստեղծի համար – փակվել իր «կապույտ հեռուներում» և լռության կոչ անել…

Լռենք մի քիչ, մարդի՜կ,//Ու թոթափվենք ճահճից այս ճառերի ունայն…//Լռենք մի քիչ, ու թող Ճշմարիտը հնչի՝//Երկինքներից հեռու, ձայնով Նրա՜… (էջ 194):

Իսկ մի՞թե այդ լռությունից չի ծնվում բանաստեղծի ամենաանխառն բանաստեղծությունը – աղոթքը՝ իր և աշխարհի համար…

Մաքրիր ինձ, իմ Տե՛ր,

Մաքրիր ինձ ի վե՜րջ…

Թե հնար լիներ և մոլորակը

Քեզ պարզել ամբողջ

Իմ ափերի մեջ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։