Գրիգոր Նարեկացու անունով հայտնի են թվով տասը գանձեր, որոնց հնագույն ընդօրինակությունները պահպանվել են քարոզ անունով: Քարոզները եղել են գանձերի նախատիպը:
Նարեկացին Սուրբ Կույսին է նվիրել «Մատեան»-ի ԻԶ գլխի 51-55-րդ տողերը, Ձ գլուխը, «Մեղեդի ծննդեան, ի Գրիգորէ Նարեկացւոյ» տաղը, «Գրիգորի Նարեկացւոյ քարոզ, ասացեալ ի փոխումն ամենաւրհնեալ սուրբ Աստվածածնին», «Քարոզ ասացեալ Գրիգորի Նարեկացւոյ ի սուրբ ծնունդ և ի մկրտութիւն» քարոզները, «Ներբող ի սուրբ Կոյսն» ներբողի երկու տարբերակները: Սրանցում գովաբանվում է Տիրամայրը և հայցվում է Մարիամ Աստվածածնի բարեխոսությունը:
– Ահա ընկալցիս զաղաչանս մեր
Մատուցանել Որդւոյ քո եւ Աստծուոյ մերո, աղաչեմք…
(«Գրիգորի Նարեկացւոյ քարոզ, ասացեալ ի փոխումն ամենաւրհնեալ սուրբ Աստվածածնին»)
– Զդէմս ի յերկիր եդեալ, պաղատիմ մաւրդ Յիսուսի,
Բարեխաւսեա՛, մաղթեա՛ քաւութիւն ինձ` մեղաւորի…
(«Մատեան» ԻԶ, բ)
Աստվածամորը նվիրված քարոզներում, ներբողի տարբերակներում, «Մատեան»-ի Ձ գլխում նրան տրված են բազմապիսի բնութագրիչներ: Այնինչ «Մատեան»-ի Ձ գլխի երկրորդ ծանոթագրության մեջ նշված է, որ ձգտելով Տիրամորը ներկայացնել ամեն անգամ նոր մակդիրներով ու փոխաբերություններով, Նարեկացին, սակայն, երբեմն օգտագործում է առանձին արտահայտություններ, որոնք մասամբ կրկնում են իրեն: Մենք կրկնության հիմքում տեսնում ենք այն, որ քրիստոնեական գրականության մեջ առկա են Աստվածամորը բնորոշող կայուն կապակցություններ, որոնց օգտագործումն անհրաժեշտություն է և շրջանցելի չէ: Այնուամենայնիվ, Նարեկացու նշված ստեղծագործություններում Աստվածամորը բնորոշող կայուն տեղիների հետ մեկտեղ նրա անվան վերադիրները նորանում են` իրենցով պայմանավորելով ինքնատիպ հոլովույթ:
«Մատեան»-ում Տիրամոր կերպարը քարոզի և ներբողի ժանրային հատկանիշներից ձերբազատվել է և ստացել քնարական աննախադեպ բացահայտում:
Արդ մեզ հետաքրքրում է այն կապը, որ գոյություն ունի Աստվածամորը նվիրված Նարեկացու տարբեր ժանրերի գործերում, առավելապես դրանց ստեղծման ժամանակի, ժանրային անցումների և, ի վերջո, գրական ակունքների խնդիրները: Իհարկե, նման հարցերին մեկ հոդվածում պատասխանելը դժվար է, մանավանդ վերջնական ճշգրտումների հնարավորություններ դեռևս չկան: Մենք կփորձենք առանձին հետևություններ անել մի քանի կարևոր փաստերի առնչությամբ:
Առաջին փաստ. «Գրիգոր Նարեկացւոյ քարոզ, ասացեալ ի փոխումն ամենաւրհնեալ սուրբ Աստվածածնին» քարոզի հինգ տողը աննշան փոփոխությամբ Նարեկացին ներառել է «Մատեան»-ում:
«Մատեան»-ի Ձ,ա 12-16 տողերն են.
– Ի բարձրեալն Հաւրէ զաւրացեալ եւ հովանացեալ,
Հանգստեամբ Հոգւոյն հանդերձեալ եւ մաքրագործեալ,
Բնակութեամբ Որդւոյն յարդարեալ եւ տաղաւարեալ,
Միածինն` Հաւր եւ քեզ` անդրանիկ,
Որդի քո` ծննդեամբ եւ տէր` արարչութեամբ…
«Գրիգոր Նարեկացւոյ քարոզ, ասացեալ ի փոխումն ամենաւրհնեալ սուրբ Աստվածածնին» քարոզի 134-138 տողերն են.
– Ի բարձրելոյ Հաւրէն զաւրացեալ եւ հովանաւորեալ,
Ի Սուրբ Հոգւոյն զարդարեալ եւ մաքրագործեալ,
Բնակութեամբ Որդւոյ յաւրինեալ եւ տաղաւարեալ,
Միածինն Հաւր եւ քեզ անդրանիկ
Որդի քո` ծննդեամբ եւ Տէր` արարչութեամբ…
Ինչպես տեսնում ենք, քարոզի և «Մատեան»-ի հինգ տողերը նույնն են` երկրորդ տողի «հանգստեամբ» բառը քարոզում «Ի սուրբ Հոգւոյն» կապակցությամբ փոխարինված:
Հինգ տող քարոզից «Մատեան»-ում ներառելու փաստը վկայում է այն մասին, որ «Կյանքի վերջին տարիներին Գրիգոր Նարեկացին ի մի է բերել, ամբողջացրել իր նախորդ տարիների գրական փորձը` ներառելով նաև տարբեր ժանրերի գործեր` «ի հրաշակերտութիւն միագոյ իրի»:
Եթե «Մատեան»-ում զետեղվել է քարոզի հինգ տող, ապա քարոզն ավելի վաղ է ստեղծվել: «Մատեան»-ը ստեղծվել է 1001-1003 թվականներին, պետք է ընդունել` տասնամյակների խմորումից հետո:1
Եթե Մ. Պոտուրյանը ժխտում է Գրիգոր Նարեկացու հեղինակային իրավունքը գանձերի նկատմամբ, ապա «Գրիգոր Նարեկացւոյ քարոզ, ասացեալ ի փոխումն ամենաւրհնեալ սուրբ Աստվածածնին»-ի հինգ տողի ներառումը «Մատեան»-ում լրացուցիչ վկայում է դրա պատկանելությունը Նարեկացու գրչին (հեղինակը իր ստեղծագործությունից մի փոքր մաս օգտագործել է մեկ այլ ստեղծագործության մեջ):
Գրիգոր Նարեկացին Աստվածամորը նվիրված ներբողի երկու տարբերակների հեղինակ է («Ներբող ի սուրբ Կոյսն»): Գաբրիել Ավետիքյանը ենթադրել է Աստվածածնին ձոնված Գրիգոր Նարեկացու ներբողին նման «մի ստեղծագործության հավանական գոյության մասին»` հիմք ընդունելով նշված ներբողի հավելվածի հետևյալ տողը. «… և զերգագրութիւն սակաւամասնեայ այսր գովեստի, արձան հաստատեա միշտ անկործան սրբոյդ առաջի»: Ա. Քյոշկերյանը հետևություն է անում` նշանակում է, ներբողից բացի, կա նաև «երգագրութիւն»2:
Մենք կարող ենք առանձնացնել, այսպես ասած, երկրորդ փաստը: Դա այն է, որ Նարեկացու քարոզների, ներբողի տարբերակների գրական հիմքը բյուզանդական եկեղեցական ակաֆիստ ժանրատեսակն է, որը հիմն է Աստվածամորը («Մեծ ակաֆիստ», «Ակաֆիստ Աստվածածնին»):
«… Ե-Զ դարերի հայ և հույն եկեղեցիների սերտ հարաբերությունը թույլ է տալիս ենթադրել, որ մեզ մոտ ևս կարող էին հորինվել հունական հոգևոր քնարերգությանը համապատասխանող երգեր»,- արդարացի կերպով գրում է Ա. Քյոշկերյանը:3
Նույնը կասեինք նաև հետագա մի քանի դարերի մասին:
Ակաֆիստ ժանրատեսակը մանրամասն բնութագրվել է Ս. Ավերինցևի «Վաղբյուզանդական գրականության պոետիկա» գրքում: Ակաֆիստը հիմն է, որ երգում են պատարագի երգեցողության ժամանակ, Աստվածածնի պատվին է: «Մեծ ակաֆիստ» և «Ակաֆիստ Աստվածածնին» հիմները, ըստ «Գրականագիտական հանրագիտարանային բառարանի» (Մոսկվա, 1987), գրվել է 431-626 թվականների միջակայքում: Աստվածամայրը գովաբանվում է առատ վերադիրներով: Նրան դիմում է արվում «ուրախացիր» բայաձևով, որը հունարեն անվանվում է խայրետիզմ:
Ս. Ավերինցևի գրքում զետեղված է ակաֆիստի մի տուն, որը մեջ ենք բերում տողացի թարգմանությամբ:
Ակաֆիստ Աստվածածնին
… Ուրախացիր, քեզանով է ուրախությունը փայլում,
Ուրախացիր, քեզանով է վիշտը հալչում,
Ուրախացիր, Ադամի տառապանքի սփոփում,
Ուրախացիր, Եվայի լացի դադարեցում…
Նարեկացու «Ներբող ի սուրբ Կոյսն» ներբողում հանդիպում ենք «ուրախացիր»-ների (խայրե). «խնդա և ուրախ լեր», «Ուրախացիր անբաւ բերկրանաւք», «Ուրախացիր անճառ բերկրանաւք» և այլն: «Ուրախացիր»-ներ (խայրե) են առկա ոչ միայն Աստվածամորը նվիրված ներբողի տարբերակներում, այլև քարոզներում: Ահա նմուշներ քարոզներից.
– Ուրախ լեր, բերկրեալ, Տեր ընդ քեզ, անհարսնացեալդ ի կանայս…
(«Քարոզ ասացեալ Գրիգորի Նարեկացւոյ, ի Սուրբ ծնունդն եւ ի մկրտութիւն»)
– Ուրախ լեր, տապանակ սրբութեան Բանին Աստուծոյ…
(«Գրիգոր Նարեկացւոյ քարոզ, ասացեալ ի փոխումն ամենաւրհնեալ սուրբ Աստուածածնին»)
Չափածո ակաֆիստում խայրեների (ուրախացիր) թիվը անփոփոխ է` 12 և մեկ, վերջինս կրկնվող տողն է: «Ակաֆիստ Աստվածածնին» հիմնում կրկնվող տողը «Ուրախացիր, հարս անհարսնացեալ»-ն է, որի հետ կապ ունի «Քարոզ ասացեալ Գրիգորի Նարեկացւոյ, ի սուրբ ծնունդն եւ ի մկրտութիւն» քարոզի «Ուրախ լեր, բերկրեալ, Տեր ընդ քեզ, անհարսնացեալդ ի կանայս» տողը:
Նարեկացու հիշյալ քարոզներում և ներբողի տարբերակներում ակաֆիստների փոխաբերությունների օգտագործումն առատ է` «զմարմնարանն Անտեսին», «զտաղաւարն տիրական», «զխորանն աստուածական», «բնակարան արժանաւոր Բանին», «եւղարան աւծելութեանն» և այլն:
«Ներբող ի սուրբ Կոյսն» ներբողի տարբերակները, ինչպես պետք է կարծել, գրվել են մոտավորապես վերոհիշյալ քարոզների ժամանակներում, քանի որ երկուստեք օգտագործվել են Տիրամոր այնպիսի բնութագրիչներ, որոնց ակունքը ակաֆիստն է: Այդ բնութագրիչներն անցել են «Մատեան»-ին: Ահա «Ներբող ի սուրբ Կոյսն» ներբողի և «Մատեան»-ի կապակցական զուգահեռների մի շարք.
– Ի մարդկային զարմէ հրեշտակ երկնային,
յեղծականաց սեռիցն անմահ քերովբէ…
(«Ներբող ի սուրբ Կոյսն»)
– Հրեշտակ ի մարդկանէ, մարմնատեսիլ քերովբէ…
(«Մատեան», Ձ գլուխ)
– խորան աստուածաբնակ… զխորանն աստուածական (ներբող)
– խորան բարձրելոյդ («Մատեան»)
– Տունկդ կենաց պտղոյն աւրհնութեան… (քարոզ)
– Տունկդ կենաց պտղոյն աւրհնութեան… («Մատեան»)
– Ողջացուցիչ երկանցն Եւայի… (քարոզ)
– Ողջացուցիչ երկանցն Եւայի… («Մատեան»):
Զուգադրությունները կարելի է շարունակել:
Գրիգոր Նարեկացու տարաժանր ստեղծագործությունների կապը ակաֆիստի ժանրի հետ ցույց է տալիս հանճարեղ բանաստեղծի կողմից հունական բնագրերի քաջիմացությունը:
———–
1 «Մատենագիրք հայոց», ԺԲ հատոր, Անթիլիաս-Լիբանան, 2008 թ., էջ 25:
2 «Գրիգոր Նարեկացի. Տաղեր և գանձեր», Երևան, 1984, էջ 11:
3 «Գրիգոր Նարեկացի. Տաղեր և գանձեր», էջ 32: