Քարերի հետ խոսողը / Սուրեն ԴԱՎԹՅԱՆ

 

Այս պատմությունը կարելի է և՛ հեքիաթ անվանել, և՛ պատմվածք: Այն սովորական մի մարդու մասին է, որ կարողանում էր լսել քարերին և խոսել նրանց հետ:
Նա, ձեռքում պահելով քարը, կարող էր ասել, թե իրականում ինչ գույն ունի այդ քարը և ինչ է իրեն ասում: Մարդը սիրում էր երեխաներին հավաքել շուրջն ու խորհրդավոր պատմություններ պատմել մեծ ու փոքր, գունավոր և անգույն քարերի մասին: Հավաքվածները հավատում էին նրան, և ամեն մեկը, մի քար ձեռքին, մոտենում էր, որ լսեր իր գտած քարի գաղտնիքների մասին: Անծանոթը վերցնում էր քարը, պահում ձեռքի մեջ ու որոշ ժամանակ անց սկսում էր խոսել:
– Անունդ ի՞նչ է,- հարցնում էր քարը իրեն պարզած փոքրիկին:
– Արա՛մ,- պատասխանում էր տղան:
– Հա՜, լավ անուն ունես: Իսկ գիտե՞ս՝ քո գտած քարը կապույտ էներգիա ունի: Նրա տարիքը մեր աշխարհի տարիքից մի քիչ է պակաս: Նա ծնվել է ջրերի խորքից ժայթքած հրաբխից և դրա համար, տե՛ս՝ ջրի հետ շփվելիս թաքնված կապույտը ի հայտ է գալիս ու միանգամից համակում է իրեն գտնողին: Ճիշտ է, փոքր է քո գտած քարը, բայց շատ ուժ ունի ներսում թաքցրած: Նրա մեջ բնության այն ուժն է, որն արարեց երկիրն ու մեզ բոլորիս:
– Իսկ իմ քա՞րը, իմ քա՞րը,- աղաղակում էին երեխաները:
Եվ նա համբերատար վերցնում էր քարերը և խոսում էր խորհրդավոր իր ձայնով՝ գերելով երեխաներին, որոնք ոչ մեկից չէին լսել, որ քարերը կարող են խոսել:
– Քեռի՛, իսկ փողոցի վերջում ընկած այն մեծ, տգեղ քարի մասին ի՞նչ կասես,- հարցրեց մի տղա:
– Օ՜, այդ քարը հողից է ծլել, և դրա համար շինարարները չկարողացան այն տեղաշարժել. նա մնաց իր տեղում: Այդ քարը գիտի մեր քաղաքի ստեղծման պատմությունը և այն, թե ինչ է եղել մինչև քաղաքը այս ամայի տեղերում, ովքեր են եկել ու անցել, իսկ ինքը մնում է, որ մի օր պատմի դինոզավրերի և իր գլխով անցած շատ ու շատ արհավիրքների մասին: Այս մարդանման քարը իր ներսում մեծ, քարե սիրտ ունի և ապրող Ոգի, և եթե ձեր երազանքները նրա ականջին շշնջաք, այն կարձագանքի խորը լռության մեջ և ետ կգա դեպի ձեզ ու կկատարվի: Մի գաղտնիք էլ բացեմ ձեզ, ոչ մեկի չասեք: Այս քարը իրականում քար չէ, ծառ է: Նրա արմատները սնվում են երկրագնդի իմաստնության գետերից: Եթե գրկեք նրան, եթե ձեր ականջը հպեք ճաքերին, կարող եք լսել ընդերքի գետերի երգն ու կարկաչը: Հիշե՛ք, ձեր շուրջն ամեն ինչ շնչավոր է, ամեն ինչ շարժվում է, և ամեն ինչ գեղեցիկ է ինքն իրենով՝ մի ամբողջության մեջ:
– Քեռի՜, իսկ իմ կանաչավուն քարը ի՞նչ է ասում,- հարցրեց խարտյաշ մի աղջիկ, որ հազիվ էր թոթովում:
– Քո գտած այս հրաշքն ասում է, որ առաջ մեծ ջրերի հատակում է ինքը եղել: Այն ձկների արքայի վզնոցի գույնզգույն քարերից մեկն է եղել, երբ աշխարհը ծածկված էր ջրով, և դեռ մարդիկ չկային աշխարհում: Լա՛վ պահիր այդ գանձը, այն քեզ հաջողություն կբերի:
– Իսկ իմ պուտերով քարի մասին ի՞նչ կասես,- ձեռքը երկարեց մի տղա:
– Քո քարը երգող քար է. այն ջրվեժների երգն է իր մեջ պահպանում: Ապա ուժեղ սեղմի՛ր ձեռքիդ ափերում, շփի՛ր մի քանի անգամ, փակի՛ր աչքերդ ու կլսես երգող ջրվեժների մեղեդին: Դե՛, փորձի՛ր:
Տղան փակեց աչքերը, քարը սեղմեց ձեռքերով, արագ շփեց և փորձեց զգալ հրաշագործի ասածը:
– Չէ, ոչինչ չի ստացվում: Միայն ականջներս են խշխշում:
– Մի՛ վհատվիր, կգա ժամանակը, և դու հոգով ու սրտով կլսես բնության էությունն ու երգերը՝ և՛ այդ քարին կլսես, և՛ կողքի ծառերին, և՛ քեզ:
– Խնդրում եմ, այս սպիտակ քարի մասին էլ պատմիր, քեռի՜,- խնդրեց պեպենոտ մի տղա:
– Քո ձեռքի այդ սպիտակ քարը Ճերմակ պալատի քարերի բեկորներից է, որի պալատներում աշխարհի իմաստուններն էին ապրում, բայց ջրհեղեղի ժամանակ, թեպետ նրանք գիտեին այդ մասին, մնացին պալատում, և ջուրը քանդեց պալատները վիթխարի ալիքներով և ծածկեց երկիրը ջրով: Պի՛նդ պահիր այդ մաքուր ու լուսավոր քարը. այն կմաքրի քո սիրտը և միտքը: Տեսե՛ք, մինչ դուք հարցեր եք տալիս, այն դիմացի մայթին նստած երկու փոքրիկները քարերով խաղում են, և նրանց համար կարևոր չէ՝ քարը խոսում է, թե ոչ: Դա նրանց չի հետաքրքրում, որովհետև նրանք դա գիտեն: Նրանք այնքան մաքուր են ու այնքան անմեղ, որ երկրայինը երկնային աչքերով են տեսնում:
Դարեր առաջ, երբ սրբազան երեք ծովերն էլ հայկական էին, և, ինչպես հիմա, շրջապատված էին հրեղեն լեռներով, դրանից էլ շատ առաջ եղել են քարերը: Դրա համար սիրե՛ք քարերով հարուստ մեր երկիրը: Մեր պահապանն են քարերը: Հիշե՛ք Մհերի դուռը, որը մեզ է սպասում: Սանասարին ու Բաղդասարին, Սասնա Տուն շինողներին և վիշապաքարերը: Հայ ժողովուրդն ունի քարի պաշտամունք, և նրա ոգին ու հավատը ամուր են քարի պես: Քարերի խորհուրդը մեծ է, և նրանց պահած գաղտնիքները շատ կարևոր են մարդկային գոյության համար: Այս քարերը չունեն թանկարժեք քարերի արտաքին փայլն ու շքեղությունը, ոչ էլ թանկ գին ունեն և դրա համար ավելի արժեքավոր են և՛ ձեզ, և՛ ինձ համար: Լսելով քարին՝ ես ինձ եմ լսում: Մարգարիտ ու շափյուղա, ադամանդ ու զմրուխտ և հազար ու մի այլ անունով թանկարժեք քարեր կան, որոնց անունները դժվար է մտապահել, իսկ այս խոսող քարերը՝ գունավոր և անգույն, նաև անշուք, անուն չունեն և ոտքի տակ են, հողի մեջ կամ ավազների, և միայն անձրևի ժամանակ է երևում նրանց գույնը, և միայն այդ ժամանակ են խոսում քարերը: Ով ականջ ունի, կլսի, կխոսի, և քարը նրա ձեռքերում կվերափոխվի, կբացի գաղտնիքները:
Խաղալիս դուք հաճախ կրկնում եք, որ «քարի մեջ արյուն կա», և դա ոչ միայն արնահոսող վերքի մասին է զգուշացնում, այլև՝ քարի՝ կենդանի բնության մասնիկ լինելու: Շատ-շատ հին, անհիշելի ժամանակներում, երբ մարդիկ հսկաներ էին, ինչպես Տորք Անգեղը, ժայռերը ճեղքելու և հեռու նետելու մրցումներ էին կազմակերպում: Քարկտիկ խաղալու սովորույթը մեր ժողովրդի մոտ այդ ժամանակներից է մնացել: Իսկ դուք գիտե՞ք քարկտիկ խաղալ:
– Չէ՛, դա ի՞նչ է,- հարցրին երեխաները:
– Օ՜, այն շատ հետաքրքիր խաղ է: Այն զարգացնում է ուշադրություն, արագություն և ճարպկություն: Եթե ուզում եք, կսովորեցնեմ ձեզ քարկտիկ խաղալ:
– Հա՜, հա՜, ուզում ենք,- զվարթ պատասխանեցին բոլորը:
– Ձեր ունեցած քարերից ինձ տվեք հինգ հատ կլոր, նույն չափի քարեր: Ահա տեսեք, քարերը ձեռքիցս թափում եմ գետնին ու սկսում խաղը: Վերցնում եմ քարերից մեկը և վեր նետում, այդ ընթացքում գետնից ճանկում եմ քարերից մեկը և հասցնում բռնել իմ նետած քարը: Եթե չհասցնեմ բռնել, և քարը գետին ընկնի, խաղալու իրավունք է ստանում իմ մրցակիցը, իսկ եթե բռնեմ, շարունակում եմ խաղը, մինչև մնացած չորս քարերն էլ կճանկեմ և կանցնեմ խաղի երկրորդ փուլին: Նորից քարերը նետում եմ գետնին, վերցնում եմ մեկն այնպես, որ մնացած չորս քարերը զույգերով իրար հնարավորինս մոտ լինեն, որ քարը վեր նետելուց հետո կարողանամ գետնից միանգամից երկու քար ճանկել ու բռնել ցած ընկնող քարը: Եթե վրիպեմ, քայլը կանցնի մրցակցին: Այս գործողությունները հաղթահարելուց հետո անցնում ենք երրորդ փուլին: Քարերը նորից նետում ենք գետնին: Վերցնում ենք մի քար և այն վեր նետում, այդ ընթացքում պետք է հասցնել առաջին փորձով գետնից ճանկել մեկ քար, իսկ երկրորդով՝ մնացած երեք քարերը միասին և բռնել ցած ընկնող քարը: Չորրորդ փուլով քարերը նետում ենք գետնին: Աջ կամ ձախ ձեռքի միջնամատը «հեծնում է» ցուցամատին, և բթամատի հետ գետնին հպելով՝ կամուրջ ենք սարքում: Ազատ ձեռքով վերցնում ենք քարերից մեկը և վեր նետում, այդ ընթացքում հասցնում քարերից մեկը հրելով գլորել «կամրջի» տակով և միաժամանակ բռնել ցած ընկնող քարը: Եվ այսպես հերթով բոլոր քարերի համար կրկնում գործողությունը: Հետո հինգերորդ փուլում, էլի մատներով կամուրջ կառուցում և այս անգամ հասցնում գլորել միանգամից երկուական քարեր և մյուս տարբերակում՝ բոլոր չորս քարերը միաժամանակ: Վերջին փուլում հինգ քարերը դնում ենք ձեռքի ափի երեսի կողմից և վեր նետում քարերը, ով ամենից շատ քարեր կբռնի, նա էլ կհաղթի խաղը: Նա կլինի ամենաճարպիկը, ուշադիրն ու արագաշարժը: Պարտվողը կարող է երգել կամ արտասանել կամ զվարճալի մի բան պատմել: Այսպես և՛ խաղը հետաքրքիր կլինի, և՛ կճանաչեք, կիմանաք ձեր ընկերների թաքնված շնորհների մասին:
Անծանոթը խաղն այնպես վարպետորեն էր խաղում, այնպես հանգիստ, որ երեխաների մոտ միանգամից քարկտիկ խաղալու ցանկություն առաջացավ: Ամեն մեկը մտքում կարծում էր, որ ինքը կհաղթի: Եվ մինչև երեխաները կորոշեին, թե ով ում հետ քարկտիկ կխաղա, քարերի հետ խոսողն ասաց.
– Սիրելի՛ երեխաներ, ես գնում եմ, բայց մի օր կրկին կվերադառնամ և ձեզ կպատմեմ ձեր գտած ուրիշ զարմանալի քարերի մասին, այն իմաստնության, որը քարին է ի պահ տրված: Դուք ինձ կպատմեք ձեր խաղերի մասին, և թե ով է ամենաուժեղ քարկտիկ խաղացողը: Հիշե՛ք, բնությունը կենդանի ոգի է, և նրա ամեն մի մասնիկ էներգիա է կրում, և մարդը նույնպես հանդիսանում է նրա անբաժանելի ու գիտակից մասը: Սիրե՛ք հայրենի հողն ու քարը, ջուրը, պահպանե՛ք և միշտ ուժեղ ու առողջ կլինեք,- ասաց քարերի հետ խոսողը և փողոցի վերջում գտնվող քարին խոնարհվելով՝ ինչ-որ բան ասաց ականջին ու հեռացավ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։