Ժիրայր Անանյանի 80-ամյակը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը նշեց նրա ներկայացումով
Դրամատուրգ Ժիրայր Անանյանը հասցրեց իր «Մեր տան տերերը» պիեսի բեմադրության առաջնախաղին ներկա լինել:
Կյանքից վաղաժամ հեռացած դրամատուրգը մեր մտորումների մեջ կմնա այդ և բազում այլ գործերով, որոնք «հնացած» լինելու վտանգը երբևէ չեն ապրի:
Ժիրայրից հետո զարմանալի մի դատարկություն գոյացավ. նա մի մարդ էր, ով մոտ քառորդ դար, այս բառն օգտագործեմ, կերակրեց հայ թատրոնը: Չկա այնպիսի մի թատերախումբ, որ Ժիրայրի պիեսներից որևէ մեկը խաղացած չլինի` սկսած Լիբանանից, վերջացրած Միացյալ Նահանգներով, որտեղ սևամորթ դերասանները խաղացել էին պիեսներից մեկը:
Ժիրայրը օրվա խնդիրներ էր բացում, մատը վերքի վրա էր դնում` վերքը ծիծաղով բուժելու ազնիվ միտումով: Դիալոգ ստեղծելու վարպետ էր: Նրա կերպարները հնարովի չէին, մեզ ծանոթ մարդիկ էին, հայ մարդիկ, Հայաստանում ապրող, մենք էինք, մեր ժողովուրդն էր: Ժիրայրի մոտ զուտ ծիծաղ չէր ծիծաղի համար, նրա ծիծաղը շատ խորքեր ուներ, թաքուն ցավ ուներ: Նա ծիծաղում էր հարազատի նման, բարեկամի նման, ոչ թե ծիծաղում էր, այլ մտահոգված էր, քննադատում էր, ասում էր ճշմարտությունը, որ ուշքի գանք մենք բոլորս: Շատ եմ ափսոսում:
Ժիրայրի գնալուց հետո ինձ թվաց, թե նրա հետ հումորն էլ մահացավ: Բայց երբ լեփ-լեցուն դահլիճով (առաջին անգամ նրա բացակայությամբ) խաղացինք «Մեր տան տերերը» պիեսը, և դահլիճը ծիծաղից ալեկոծվում էր, հասկացա, որ նա իր հետ չտարավ իր ծիծաղը, իր հումորը: Դրանք մեզ թողեց և գնաց երկնային վերևներից նայելու իր պիեսների բեմադրությունները: