Լենա ԱՆԹԱՌԱՆՅԱՆ

* * *
Ի՞նչ բառերով,
Ի՞նչ արցունքով
Կիսեմ վիշտը
Ընկածների,
Որ մեղմանա
Տառապանքը
Մեր մայրերի:

ԱՆՁՐԵՎՈՏ ՕՐԵՐ
Կյանքը մեռնում է սիրո կորստից…
Հուսահատության տերևաթափից,
Անվերջ պոկվելով
Մայր արմատներից՝
Սառնությամբ ձյունի
Բարձրանում է վեր,
Որ չտրորվի օտար ոտքերից…
Կյանքը մեռնում է սիրո կորստից…

* * *
Թե քարերը ծաղկեն
Յասամանի տեսքով,
Եվ ջրերը խոսեն
Աստվածների լեզվով,
Ես Մարիամին կասեմ՝
Հրաշքդ շատ է հին,
Խավարը կհագնեմ
Եվ կփրկեմ լույսին:
Թե երգերը մարդկանց
Դառնան խոտ ու ծաղիկ,
Ծեր լուսինը հանկարծ
Անէանա մանրիկ,
Ես Մասիսին կասեմ՝
Քեզ ո՞վ խաչեց, իմ ո՛րբ,
Չարերն ինչքա՞ն ապրեն
Հողի վրա այս բորբ:
* * *
Ուրվականներին ես չեմ հավատում,
Չնայած նրանք
Տանում են խաչն իմ
Հողմերով ծեծված
Շանթ կայծակների
Խրձերի միջով:
Դրոշակներով խելագարվածի,
Աստծո փեշերը գրկած ծնկաչոք՝
Ուրվականներին ես չեմ հավատում,
Որոնք դիվահար
Վայնասուններով
Լցնում են հոգիս
Ցավն ատելության,
Կապկպում լեզուն
Մերկ ճշմարտության,
Եվ արհամարհած
Խոփը գութանի՝
Հրանոթներով հերկում են հողը…
Ես, շրջապատված ուրվականներով,
Չեմ տեսնում նրանց…

ՕՐԵՐ
Իմ օրերը բեռնած
Ժամանակի դավով,
Խոհերս տագնապած
Ծիծաղելով, լացով
Մեղքի թողություն են
Խնդրում անվերջ:
Եվ, չգիտեմ ինչու,
Անմեղ մեղքերը կան,
Թողությունը չկա:

ՀԱՆԵՔ ՄԵԽԸ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Շատ մի՛ տխրիր, սիրելի՛ս…
Ես քաշում եմ մեխերը
Քրիստոսի ձեռքերից:
Լաց մի՛ լինիր, սիրելի՛ս …
Ես քաշում եմ թաց մեխը
Քրիստոսի ճակատից:
Մի՛ հեռանա, սիրելի՛ս …
Ես քաշում եմ սև մեխը
Քրիստոսի ոտքերից:
Հինգ մեխ է պետք, սիրելի՛ս …
Աշխարհի հինգ ցամաքին,
Որ ես մեխեմ երկնքին:
Որ ես փրկեմ քեզ նորից
Ջրհեղեղի սարսափից,
Թե չէ խառն է ամեն ինչ:
Ինձ հասկացիր, սիրելի՛ս…
Տուր ինձ այն մեխը, որին
Գողանալով պահեցին:
– Քանզի ամեն մի ծնվող,
Ներսից իր սիրտը մեխած,
Գնում է այս աշխարհից:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։