53 թ., Հայաստան: Հայոց արքա Արտավազդ Բ-ն, որ «…նույնիսկ ողբերգություններ էր հորինում, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ», և պարթև Որոդես Բ-ն` ընդդեմ հռոմեացիների դաշնակցում էին, հաճախ էին խնջույքներ կազմակերպում ու, ըստ Պլուտարքոսի, խրախճանքների ընթացքում բեմադրում էին հույն թատերագիրներից որևէ երկ: Գինարբուքով ուղեկցվող «Բաքոսուհիների» (Եվրիպիդես) ժամանակ նրանք ականատես են դառնում բացառիկ մի տեսարանի, որ հետագայում ողբերգազավեշտորեն պիտի կրկնվեր համաշխարհային պատմության մեջ, ու դեռևս պարզ չէ ինձ` սա ինչպե՞ս կարելի է անվանել: Սրահ է մտնում պարսիկ մի զորավար ու արքաների ոտքերի առաջ նետում Արևելքում հռոմեական զորքերի գլխավոր հրամանատար Մարկոս Կրասոսի գլուխը: Ներկաները կարծում են` Կրասոսի կտրած գլուխը նույնպես «մտնում» է բեմադրության մեջ ու… ծափահարում են:
1865 թ., ԱՄՆ: Նոր է ավարտվել Հյուսիսի և Հարավի պատերազմը: Զատիկի Մեծ ուրբաթն է: Աբրահամ Լինքոլնը թատրոնում է` «Մեր ամերիկացի զարմուհին» կատակերգությունը դիտելու: Պրեզիդենտը նստած է օթյակում: Մոտենում է նրան դերասան Ջոն Բուտը ու կրակում ուղիղ Լինքոլնի գլխին: Խառնաշփոթի մեջ Բուտը հասցնում է օթյակից ցատկել բեմ, կաղալով անցնում է հանդիսատեսների աչքի առաջ ու լատիներեն բացականչում` սա է բոլոր բռնակալների վերջը: Քչերն են կռահում` ինչ կատարվեց: Աբրահամ Լինքոլնը սպանված է: Թատերասրահում ոմանց համար կատակերգությունը, կարծես թե, շարունակվում է ու… ծափահարում են:
2002 թ., Ռուսաստան: Մովսար Բառաևի գլխավորությամբ՝ չեչեն ահաբեկիչները Մոսկվայի թատերական կենտրոններից մեկում պատանդ են վերցնում «Նորդ օստ» մյուզիքլի հանդիսականներին, որոնց մեջ շատ էին դեռահասներն ու երեխաները: Պահը, իրոք, աղետալի էր, կհիշեք, երևի: Բայց մինչ այդ, երբ չեչեն «մահապարտները» մտնում են բեմ ու սկսում նախազգուշական կրակոցները, կինոթատրոնում գտնվող ժողովուրդը, կարծելով, թե դա ներկայացման մի «մասն» է… ծափահարում է:
«Բաքոսուհիների», «Մեր ամերիկացի զարմուհու», «Նորդ օստի» հանդիսատեսների անխորամտությամբ, համոզված, թե հասկանում ենք` ինչ է կատարվում բեմում, մեր անգիտությունը դարձնելով մեր իսկ ծաղրը, ծափահարո՜ւմ ենք: Ծափահարո՜ւմ ենք մեր անկախությունը, ազատությունը, մեր պետականությունն ու սահմանադրությունը:
Աշխարհում իմ բացակայությունը պատկերացնելով՝ հնարավոր է, որ հուզվեմ ինքնակարեկցումից` չկարողանալով դա արտահայտել: Բայց բավական է տեսնեմ` մեկի ներկայությունը ավելի կարևոր է, քան իմը, հուզմունքս չեմ կարողանում թաքցնել` շտապում եմ նրան հիասթափեցնել, թե իր գերազանցությամբ թող չհրճվի, ինքը նույնքան ոչինչ է այս աշխարհում, ինչքան ես: Այսպես մտածողը, չեմ կարծում՝ հիացմունք կապրի ամենաբարեհարմար գալիքով երաշխավորված որևէ պետությամբ, որ (գեր)գերազանցում է մեզ, էլ չեմ խոսում բարեհարմարությունից հեռու այս թշվառության մասին, որ Հայաստանի երրորդ հանրապետություն է կոչվում՝ իր անկատար անկախությամբ ու ազատությամբ: Ներկան ինձ համար շատ քիչ է, որ ինձ հուսալքություն պատճառի: Գալիքի համար ես եմ շատ քիչ, որ ցանկություն ունենա ինձ կոտրել: Միայն անցյալի փորձն է (հայերի «Բաքոսուհիներից» մինչև ռուսների «Նորդ օստ»), որ ինձ հուսահատեցնում է ներկայի ու ապագայի մեջ: Ով դեռ չի հայհոյել այս պետությանը, իշխողներն իրենք զոռով բացել կտան նրա բերանը, որ հայհոյի իրենց: Ո՛չ փառաբանել, ո՛չ հայհոյել, այլ հասկանալ:
Իսկ հասկանում ենք այնքան, ինչքան 1-ին դարի հայերն էին հասկանում՝ ինչ է կատարվում բեմում, ինչքան ամերիկացիք ու ռուսները, կամ հենց եվրոպացիք են հասկանում` ինչո՞ւ են իրենց պատմության բեմահարթակին հայտնվում «կտրված գլուխներ» (այսօր Իսլամական Պետության «ձեռամբ»)… ու հնչո՜ւմ են սրահներում ծափահարությունները, նույն «ողբերգա-զավեշտական… տեսարան անբաժանելի»:
Պոլոնիո՜ւս, Պոլոնիո՜ւս. «Աշխարհի ամենալավ դերասաններն են, թե՛ ողբերգության համար, թե՛ կատակերգության, թե՛ պատմության, հովվերգության, հովվերգա-զավեշտական, պատմա-հովվերգական, ողբերգա-պատմական, ողբերգա- զավեշտա-պատմա-հովվերգական… քերթված անսահմանափակ: Սենեկան նրանց համար շատ ծանր չի լինի, ոչ էլ Պլավտոսը՝ շատ թեթև: Թե՛ կանոնավորության օրենքի կողմից, թե՛ ազատության տեսակետից սրանց նմանը չկա»:
Երբ զգում եմ` ավելորդ է խոսքս շարունակելը, անցնում են հրամայականի, որ պատշաճության սահմաններում պահեմ նյութը: Այսպիսի մի հրամայական է` մնացածը ինքնե՛րդ խորհեք: