Այո՛, բարեկամնե՛ր, անպայման գարուն է գալու, երբեմն ոչ միայն հողը, նաև ազգերն են իրենց ընդերքում պահպանում դիմադրության ծլունակ սերմերը, որպեսզի ազգի նահանջ տարիներին փարթամորեն ծլարձակեն: Հայոց ազգի գարունը վաղ թե ուշ մեր լեռներում ձյան հալոցք է սկսելու, որպեսզի Եռաբլուր այցելելիս ոչ թե ջերմոցային վարդեր տանենք, այլ մայր հողի մեջ աճեցրած, հողաբույր վարդեր, որ տղաներն զգան Հայրենիքի ներկայությունը…
Հաշված օրեր են մնացել գալիք տարվան, շուտով այս տարին էլ, փեշերն հավաքած, պատմության գիրկն է անցնելու, և թող ինքը գնալուց առաջ խոստովանի, թե ինչ տվեց մեզ և ինչ է տանելու… Ասում են՝ գնացողի ետևից կա՛մ՝ լավ, կա՛մ՝ ոչինչ:
Ու ես ասում եմ՝ մենք ապրել ենք, ապրում ենք ու պիտի ապրենք: Մեր ամենամեծ զենքը ապրելու դիմադրությունն է, որը, փառք Աստծու, մենք կրում ենք մեր գենի խորքերում: Որքան էլ ուզենամ շպարված ներկայացնել իրականությունը, միևնույն է՝ իմ գրիչը մշտապես թաթախված է մեր ազգային ցավի մեջ, և նստվածքը ցավոտ է, սակայն եկող տարվան ուզում եմ քնքուշ խոսքեր ասել, հայցելով, որ հայոց ազգին հարազատ զավակի նման է վերաբերվելու… Եկեք անկեղծորեն հրաժեշտ տանք անցնող տարուն, լավ թե վատ՝ ունենք այն, ինչ ունենք, եղածը պետք է փայփայել ու պահել, և մտածենք մեր բացթողումների մասին՝ լինենք միասնական ու ավելի շիտակ ինքներս մեզ հետ, ավելի գործնական ու քչախոս, ավելի ազգային, քան օտարամոլ, ավելի ծրագրային ու հետևողական, ավելի արժեհամակարգային… և համախմբելով մեր մտավոր ներուժը՝ մեր գրչով ու բանականությամբ առաջնորդ լինենք հույսի, հավատի, սիրո ու արդարության: Բեղուն գրիչ ձեզ, սիրելի՛ գրողներ՝ նոր գրքեր ու նոր ասելիք, դիմադրության հզոր ուժ ու ինքնավստահություն քեզ, սիրելի՛ ազգ:
Աշխարհով մեկ սփռված հայությո՛ւն, քո գալիք հաղթանակների համար եմ բաժակ բարձրացնում՝ համոզված ու հաստատակամ: Ես ապրում եմ, քանի դու կաս, իմ ես-ը դու ես…
Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ / «ՆՈՐԻՑ ԳԱՐՈՒՆ ԿԳԱ, ԿԲԱՑՎԻ ՎԱՐԴԸ…»
