ԵՍ ՆԱՅՈՒՄ ԵՄ ԵՐԿՆՔԻՆ
Ես նայում եմ երկնքին.
դուռ եմ փնտրում ես այնտեղ
և փնտրում եմ ձեռք բացող,
և թափվող կրակ անթեղ:
Եվ փնտրում եմ Քեզ՝ պաշտպան,
գառների ու զոհերի,
և սպասում եմ կատարո՛ւմ
Քո գալիք խոստումների։
Ես նայում եմ երկնքին
դեմքերով մոլոր ծովի,
տառապանքով հարատև,
աչքերով անտակ ցավի։
Դուռ եմ փնտրում ես այնտեղ,
օգնության զորքեր լուսե,
որ ելնեն գայլերի դեմ,
հաղթական կամար հյուսեն։
Ես նայում եմ, ես գիտեմ՝
ժամն եկել է փրկության.
կխախտես կողպեքը Դու
սպասումի և լռության։
Եվ կիջնես, կգաս, կայրես
խավարի երախն անհագ
Դու, հայի խաչված Աստված,
Դու, հայի միակ վաստակ։