Անառարկելի է, որ առանց Ուկրաինայի Ռուսաստանն այլ երկիր է, Ուկրաինայի հետ բոլորովին այլ է նրա ներուժը, ինչի պատճառով էլ ուկրաինական թեման գերիշխող էր Վիլնյուսում ավարտված արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովում: Մինչև վերջին պահը Եվրամիության պաշտոնյաները հույս ունեին, որ Յանուկովիչը հնարավոր է՝ փոխի Ուկրաինայի եվրաինտեգրումը կասեցնելու որոշումը, և շարունակում էին կրկնել, որ ԵՄ-ի դռները բաց են Ուկրաինայի համար: Սակայն Եվրամայդանի բազմամարդ ու երկարատև ցույցերի շնչառությունն անգամ չմտափոխեց Ուկրաինայի նախագահին, ով անդրդվելի, գուցեև ճարահատյալ էր իր որոշման մեջ, դրանով իսկ հարցականի տակ դնելով արևելյան գործընկերության նախագծի ողջ ապագան: Ուկրաինայի նախագահը միաժամանակ եռակողմ բանակցություններ էր առաջարկում Եվրամիության, Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ, փորձելով հարթել կողմերի միջև առաջացած սուր անկյունները, որին, հասկանալի պատճառներով, Եվրամիությունը դեմ եղավ, քանի որ դրանով զրոյացվում էր գործընթացի հիմնական նպատակը` Ուկրաինային Ռուսաստանի ազդեցության գոտուց հանելը, ինչը փաստացի ձախողվեց: Շատերը ենթադրում էին, որ Եվրամայդանում ընդդիմադիրներին կհաջողվի Ուկրաինայի քաղաքական ու տնտեսական ղեկը թեքել Եվրամիության կողմը, սակայն ներկա ընդվզումն առայժմ ոստիկանական ուժերին բախվելով է փորձում հաստատել ժողովրդի կամքի հաստատումը: Գագաթնաժողովում բոլորովին այլ մթնոլորտ էր արևելյան գործընկերության մյուս երկրների միջավայրում: Մոլդովան ու Վրաստանը, ինչպես և սպասվում էր, նախաստորագրեցին ասոցացման համաձայնագիրը: Եթե Վրաստանն այս առումով կարծես լուծել է իր խնդիրները, քանի որ ինչը պիտի կորցներ, արդեն կորցրել է (Հարավային Օսիան և Աբխազիան), ապա բոլորովին այլ է Մոլդովայի ներքին իրավիճակը: Այստեղ եվրաինտեգրմանը դեմ են կոմունիստները: Երկրում հաջորդ տարի ընտրություններ են, և կոմունիստների հաղթելու դեպքում դժվար է իրադարձությունների ընթացքը կռահել: Չի լուծված Մերձդնեստրի հարցը: Մյուս կողմից էլ, գագաուզներն են հայտարարում, որ Մոլդովայի եվրաինտեգրման պարագայում կարող են անջատվել Մոլդովայից: Այնպես որ, չնայած Քիշնևի բարձր տրամադրությանը, այս երկիրը դեռ խնդիրներ ունի լուծելու: Ինչևիցե, հիշյալ երկրները` իրադարձությունների բարեհաջող ընթացքի դեպքում, հույս ունեն ասոցացման պայմանագիրը ստորագրել 2014թ. աշնանը: Այլ է Ադրբեջանի պարագան: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, թե Բաքուն մտադիր չէ ԵՄ-ի ասոցացված անդամ դառնալ: Նման հայտարարությունը տարօրինակ էր այնքանով, որ ավագ եղբայրը` Թուրքիան, որի քայլերը Բաքուն կրկնօրինակում է առանց խմբագրումների, փորձում է ամեն գնով Եվրամիությունում հայտնվել: Բաքվի հրաժարումը թերևս պայմանավորված է Եվրամիության պահանջների և բռնապետական ռեժիմի մահացու հակասությամբ, ինչն էլ խստիվ հակացուցված է ալիևյան կլանին: Մյուս կողմից էլ, ըստ մի շարք քաղաքագետների, Բաքվի մասնակցությունը Եվրամիության նախագծերին այնքան էլ ցանկալի չէ և Ադրբեջանին ոչ մի լավ բան չեն խոստանում: Այդուհանդերձ, վիլնյուսյան գագաթնաժողովում Ադրբեջանն ու ԵՄ-ը հասցրեցին վիզային ռեժիմի ազատականացման մասին համաձայնագիր ստորագրել, ինչը Բաքվում անպայմանորեն եվրոպական կառույցներին ինտեգրվելու հերթական քայլ է ներկայացվելու: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա գագաթնաժողովի հռչակագրում ասված է. «Եվրամիությունն ու Հայաստանն այսօր վերահաստատել են իրենց հաստատակամությունը.՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունն ավելի զարգացնելու և խորացնելու վերաբերյալ՝ շեշտելով իրենց հարաբերությունների ներկայիս հիմքերը վերանայելու և թարմացնելու անհրաժեշտությունը»: Միաժամանակ Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծվում է այն միտքը, որ «Եվրոպական միությունն ու Հայաստանը ունեն սերտ կապեր և վերահաստատում են իրենց հանձնառությունը ավելի զարգացնել և ամրապնդել արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը:
Հենվելով ընդհանուր արժեքների վրա՝ երկու կողմերը հանձնառու են զարգացնել համագործակցությունը՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների և դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առևտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործմանը, գործընկերության շարունակական իրականացմանը և ոլորտային համագործակցության ընդլայնմանը»: Մնում է հուսալ, որ հայտարարության դրույթներն իրենց զարգացումները կունենան ոչ թե հռետորաբանության, այլ կոնկրետ գործողությունների տիրույթում: Ինչ վերաբերում է գագաթնաժողովին, ապա, ըստ էության, այն չկարողացավ սպասված առաջընթացն արձանագրել, քանի որ շատ հարցականներ չգտան իրենց պատասխանը: Գագաթնաժողովն ավարտվեց, սակայն հարցականները մնացին ու շարունակվում են: