Խորհրդարանական ընտրություններին հաջորդած 45-օրյա ժամկետում Թուրքիային այդպես էլ չհաջողվեց կոալիցիոն կառավարություն ստեղծել: Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չկարողացավ, հնարավոր է, նաև չուզեց երկխոսել ու համաձայնության գալ քաղաքական այլ ուժերի հետ: Այն տպավորությունն է, որ մշտապես բացարձակ մեծամասնության արտոնությունները տնօրինող Էրդողանի համար դժվար էր իշխանության անգամ չնչին մասը զիջել ուրիշի: Իշխող կուսակցության բեմականացված ջանքերը, իբր, կառավարության ձևավորման համար արվում է հնարավորը, ի սկզբանե հուշում էր, որ ամենը նմանակեղծում է և ուրիշ ոչինչ, և որ Էրդողանը չի հաշտվելու կուսակցության, ասել է թե՝ իր իշխանության, նույնիսկ մասնակի կորստի հետ: Փրկությունը խորհրդարանական արտահերթ ընտրություններն էին և Էրդողանին հաջողվեց «փրկության օղակը» նոր ընտրությունների դաշտ նետել: Ներկայիս իշխող կուսակցությունը մի քանի տարի փորձում է փոխել սահմանադրությունը, որի առանցքային կետերից մեկը կառավարման համակարգի փոփոխությունն է, ինչը իրականացնելու դեպքում նախագահն անսահման իշխանության է տիրապետում, համարյա սուլթանի կարգավիճակով: Պայծառատես պետք չէ լինել հասկանալու, որ այդօրինակ իրավական, հասարակական և քաղաքական բարեփոխման իրագործումը հնարավոր է, երբ բոլոր լծակները կենտրոնացած են մի տեղում, տվյալ դեպքում, «Արդարություն և զարգացում» կուսակցության ձեռքում: Սակայն խորհրդարանական ընտրություններն ի չիք դարձրին Էրդողանի նկրտումները, երբ պարզ դարձավ, որ ԱԶԿ-ն կորցրել է իր ընտրազանգվածի մի մասը: Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ուշագրավ է ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությունը, թե. «ԱԶԿ-ի ձախողումը ժողովրդի պատասխանն է սահմանադրական բարեփոխումներին»: Սակայն Էրդողանը իր հավակնություններում չափազանց պատվախնդիր է, որպեսզի հեշտությամբ զենքերը վայր դնի: Նա դեռ պայքարելու է հնարավոր և անհնար միջոցներով, որոնցից մեկն էլ նոր ընտրություններն են: Առայժմ ԱԶԿ-ն զբաղված է ԺԴԿ-ն և նրա առաջնորդներին վարկաբեկելով, հենց նրան համարելով Էրդողանի ծրագրերի ձախողման հիմնական «մեղավորը», քանի որ քրդական կուսակցության արդյունքն ավելացել էր այնքանով, որքան կորցրել էր ԱԶԿ-ն: Ուշագրավ է, որ Էրդողանը երկրում ծայր առած թուրք-քրդական հակամարտությունը օգտագործելով, փորձում է վախի մթնոլորտ ստեղծելով ոչ միայն հուսահատեցնել և իր կողմը գրավել քրդամետ ընտրողներին, այլև ազգայնական որոշակի տարրերի: Սակայն ամեն երևույթ իր հակառակ երեսն ունի, ինչով էլ պայմանավորված է ԱԶԿ-ի ընտրազանգվածի հիասթափությունն ու օտարումը: Երկրում լարված է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական իրավիճակը: Շարունակվող ահաբեկչությունները, կառավարման ճգնաժամը, արտաքին քաղաքականության ձախողումները շոշափելի բացասական փաստարկներ են, բայց ոչ Էրդողանի համար, ով իր վարքով ավելի կամիկաձեի տպավորություն է թողնում: Եվ առայժմ անհայտ է, թե իրավիճակի վատթարացման պայմաններում նոր ընտրություններն ինչո՞վ կարող են ոգևորել ու հաջողություն գրանցել, մանավանդ, երբ վիճակագրական երեք տարբեր ընկերությունների կողմից կազմակերպված սոցհարցումների արդյունքները համարյա չեն տարբերվում նախորդ ընտրության ընդհանուր պատկերից: Կասկածից վեր է, որ այս պարագայում Էրդողանը հազիվ թե ապավինի իրադարձությունների բարեհաջող ընթացքին և իր նկատմամբ Ալլահի բարեհաճությանը: Նա գործելու է և պայքարելու է՝ շրջանցելով տրամաբանականն ու անտրամաբանականը, որի համար չափազանց սադրիչ և հարմար են թուրքական քաղաքականության գործիքները, որոնցով քանիցս ԱԶԿ-ին հաջողվել է կոսմետիկ վիրահատությունների ենթարկել ոչ միայն «ազատ ու ժողովրդավար» կոչվածը, այլև արդարությունն ու ճշմարտությունը: Հազիվ թե Էրդողանն ու իր կուսակցությունը հրաժարվեն իրենց իսկ ստեղծած ավանդույթներից: Այս երկրում ամեն ինչ անկանխատեսելի է, կեղծիքի ու դավադրության մշուշի մեջ… Առայժմ նախընտրական արշավի սցենարում վարկաբեկումներն ու ձերբակալություններն են, վաղը դրսևորումներն ավելի արյունարբու կլինեն, որովհետև գորշ գայլը որքան էլ «բարեկիրթ», միևնույն է, արյան տեսքից ու հոտից կատաղելու է: Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah օրաթերթի կայքը, 29 կուսակցություն է մասնակցելու ընտրություններին, որոնց մեծամասնությունն ակնհայտորեն ավելի Էրդողանի կուսակցության թիկնազորի պարտականությունն է ստանձնելու, քան մասնակցելու է մրցապայքարին, ինչը ևս Էրդողանի խաղաթղթերից է: Նման պարագայում նախընտրական ազնիվ պայքարը բարի ցանկությունների ոլորտից է: Իշխողը թուրքերին բնորոշ ոչնչացնելու ջիղն է, որն առավել դրսևորվեց 1915-ին և որը շարունակում է թուրքական քաղաքականության կարևորագույն մարտավարությունը մնալ:
Կարդալ նաեւ․․․
Պատմական Հայաստան Իրական. Պերճուհի ԱՒԵՏԵԱՆ
Նոր տեղափոխուած էինք, քաղաքացիական պատերազմի արհաւիրքէն մազապուրծ հասած հայրենիք: Թաքսիի…
Մանվել ՄԻԿՈՅԱՆ / Միայն հաղթանակով ենք կոտրելու աշխարհի լռությունը
Արդեն ավելի քան մեկ ամիս է՝ հայ ժողովուրդը կենաց-մահու…
Սոնա ՀԱՄԲԱՐՁՈՒՄ
Արցախցին ի՞նչ պայմանով կվերադառնա Արցախ Հայ ժողովրդի դարավոր երազանքը ազատ…