Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, խստագույնս դատապարտելով Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունները, որի ժամանակ 40 երկրներից տուժածների թիվը գերազանցեց 260-ը, հայտարարել է, որ «Բրյուսելում, Փարիզում և եվրոպական այլ քաղաքներում կատարվածը փաստում է, որ ահաբեկչությունը սահմաններ չունի: Սա որոշ երկրների սխալ քաղաքականության արդյունքն է, այն երկրների, որոնք կանխամտածված վահաբիստական ահաբեկչական կառույցներին անվանում են չափավորներ: Պետք է վերջ դնել որոշ երկրների կողմից ահաբեկիչներին աջակցելուն»: Այն, որ ահաբեկչական սպառնալիքի ներկա մակարդակը էապես պայմանավորված է Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներով և այդ ծավալումների նկատմամբ Արևմուտքի անհեռատես քաղաքականությամբ, միանշանակ է: Փարիզյան և բրյուսելյան ահաբեկչությունների խառնաշփոթի մեջ Արևմուտքի տերությունները կարծես մոռացել կամ ցույց են տալիս, թե մոռացել են, որ «Իսլամական պետություն» կոչվածն իրենց կրկնակի ստանդարտներով առաջնորդվող քաղաքականության հոգեզավակն է, երբ միահամուռ ուժերով զինում, սնում ու Ասադի դեմ էին ուղղորդում սիրիական «չափավոր» ընդդիմությանը, թեև աշխարհին մինչ այսօր էլ անհասկանալի է այդ «չափավորը», որի ընդերքում ծնունդ առան արմատական իսլամիստներն ու ահաբեկչական բազմաժանր խմբավորումները: Այսօր եվրոպական լիդերներն ահաբեկված են: Բրյուսելյան դեպքերը ստիպում են կրկին ու կրկին անվտանգության նորանոր միջոցառումներ իրականացնել: Մեծ Բրիտանիայում, որտեղ 2014 թվականից անվտանգության ուժեղացված ռեժիմ է, ի հավելումն, այլ ուժեր են ներգրավվել: Փարիզում 1,6 հազար ոստիկան և նրանց օգնական նաև զինվորական միավորումներ են ոտքի ելել: Բելգիան, ահաբեկչությունների առնչությամբ, հայտարարել է սահմանները փակելու մասին: Նույն պատճառով փակվել է Ֆրանսիայի և Բելգիայի սահմանը: Դադարեցվել է Բրյուսելից Փարիզ, ինչպես և Փարիզից Բրյուսել ընթացող բոլոր գնացքների շարժը: Գերմանիան խստացրել է Բելգիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Լյուքսեմբուրգի հետ սահմանային հսկողությունը: Եվ չնայած այս աննախադեպ պաշտպանական միջոցառումներին, ահաբեկչության սպառնալիքը դամոկլյան սրի պես շարունակում է ճոճվել Եվրոպայի գլխավերևում: Դժվար չէ ենթադրել, որ ծայրահեղական կառույցները Սիրիայում և Իրաքում վերջին շրջանի անհաջողությունների պարապը լցնելու համար ստիպված էին փոխել «անհավատների» դեմ պայքարի մարտավարությունը, ինչի առաջին փորձն արձանագրվեց Փարիզում և վերարտադրվեց Բրյուսելում: ԻՊ ահաբեկչական խմբավորման աջակիցները, տոնելով իրենց հաջողությունը, միաժամանակ հարցում են անցկացրել՝ իմանալու, թե հաջորդ թիրախը որ քաղաքն է լինելու: Ըստ հարցախույզի, ցուցակում առաջինը Մեծ Բրիտանիան է: Իսլամիստները ահաբեկչական հարձակումների գլխավոր թիրախ են ընտրել նաև ԱՄՆ-ին ու Ռուսաստանին: Ամենայն հավանականությամբ, այդ ցուցակում են եվրոպական բոլոր մայրաքաղաքները: Իրավիճակն առանձնապես պայթյունավտանգ է այն երկրներում, որոնց քաղաքացիները ժամանակին համալրել են ԻՊ-ի շարքերն ու վերադարձել կամ վերադառնալու են, քանի որ ԻՊ-ի նոր մարտավարության հիմնական զենքն աշխարհի տարբեր երկրներում ձևավորված իրենց բջիջներն ու Եվրոպա հասած սեփական զինյալների հնարավորություններն են: Եվրոպան փորձում է համախմբվել, միասնաբար դիմակայել համաեվրոպական սպառնալիքին: «Ահաբեկչությունը գլոբալ պատասխան է պահանջում»,- համոզված է Ֆրանսիայի նախագահը: Իտալիայի նրա գործընկերոջ կարծիքով՝ «Սպառնալիքը պետք է համախմբի Եվրամիության երկրներին և ստիպի ընդհանուր ռազմավարություն մշակել»: «Չարի դեմ պայքարը միջազգային ակտիվ համագործակցություն է ենթադրում»,- վստահ են Ռուսաստանում: Կկարողանա՞ն եվրոպացիները միասնական լինել, կպարզվի, եթե ԻՊ-ի գրոհայիններին այլևս չհաջողվի եվրոպական որևէ քաղաքում նոր պայթյուն իրականացնել: Իսկ Բրյուսելում, չնայած տագնապալի իրավիճակին, բնակիչները փողոց դուրս գալու քաջություն են գտնում, որպեսզի ծաղիկներ ու մոմեր դնեն մետրոյի «Մալբեկ» կայարանի մոտ կամ հիվանդանոցների, որտեղ գտնվում են ահաբեկչությունից տուժածները…
Կարդալ նաեւ․․․
ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ / Սամվել ԿՈՍՅԱՆ
Գերմանիան, Եվրամիությունը, ԱՄՆ պետդեպարտամենտը միանգամից արձագանքեցին ադրբեջանական իշխանությունների կողմից իրավապաշտպան…
Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հայ-ադրբեջանական շփման գծում երբեք խաղաղություն չի եղել: Պարզապես այն երբեմն…
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Արցախցին ի՞նչ պայմանով կվերադառնա Արցախ Կարծում եմ` չեք զարմանա, եթե…