ՆԱՄԱԿՆԵՐ ՆԱՐ-ԴՈՍԻՆ

Նար-ԴոսՏպագրվել է՝ էջ 3, #12 (2887) 13 ապրիլի 2007 թ., Գրական թերթ

Լրացավ հայ դասական գրականության ներկայացուցիչ Նար-Դոսի ծննդյան 140-ամյակը: Անհնար է առանց հուզմունքի կարդալ Նար-Դոսի գողտրիկ, հուզառատ պատմվածքներն ու նովելները, կարդալ ու անհաղորդ մնալ դրանց հերոսների ճակատագրերին: Անհնար է անհաղորդ մնալ նաև գրողի զրկանքներով, հոգսերով ու տառապանքներով լի կյանքի հայտնի ու անհայտ էջերը լուսաբանող ամենատարբեր բնույթի վավերագրերին, որ պահպանվում են Հայաստանի ազգային արխիվի Նար-Դոսի անձնական ֆոնդում: Չնչին աշխատավարձով, դժոխային աշխատանք «Նոր-Դար» լրագրի խմբագրությունում, որ կլանում էր նրա ողջ ժամանակը` ստեղծագործելու համար թողնելով միայն գիշերային ժամերը, հյուծելով թե՛ բարոյապես և թե՛ ֆիզիկապես: Այդ են վկայում նամակները, որոնք ընթերցելիս ցավ ես ապրում տաղանդաշատ գրողի համար, որ մինչև իր կյանքի վերջին օրը ստիպված էր նյութականի խնդիր լուծել` իր քայքայված առողջությունը փոքրիշատե վերականգնելու և հոգսերի անվերջանալի շարանը գոնե մասամբ կարճելու համար: Նամակներ էլ կան, որոնք վկայում են գրչակից ընկերների սրտացավ ու կարեկից վերաբերմունքի մասին. գնահատելով Նար-Դոսի տաղանդն ու գրական վաստակը, նրա չափից ավելի համեստությունը, նրանք պատրաստ էին ամենն անելու` փոքր-ինչ թեթևացնելու համար գրողի ամենօրյա հոգսերը, որպեսզի վերջինս կարողանա ստեղծագործել հուրախություն իր ընթերցողների: Այդ գրչակիցներից մեկն էլ Ստեփան Զորյանն էր: Ի դեպ, ժամանակակիցների հավաստմամբ` «Զորյանից պետք էր սովորել մեր երախտավորների հանդեպ տածած հարգանքի տուրքը, նրա խոնարհ ակնածանքը մեր նախորդ գրողների, արվեստագետների նկատմամբ…»
Նար-Դոսին հասցեագրված Զորյանի երկու նամակները և մի հարցաթերթիկ ներկայացնում ենք «Գրական թերթի» ընթերցողներին` առանց մեկնաբանությունների:
«Սիրելի բարեկամ,- գրում է Զորյանը,- ամենից առաջ շատ և շատ ներողություն եմ խընդրում, որ մի տարի առաջ տրված խոստումս այսքան ուշ եմ կատարել: Այնքան ուշ, որ Դուք, երևի, մոռացել եք այդ: Բայց ես չեմ մոռացել և ամեն անգամ հիշելիս` ամաչում էի: Հիմա արդեն ուզում եմ երեսս պարզ անել: Հիշու՞մ եք` անցյալ ամառ Թիֆլիսում հանդիպելիս, երբ իմացա, որ «Սպանված աղավնին» մեծ վեպ եք դարձրել, խոստացա Ձեզ` խոսել մեր Պետհրատի հետ` հրատարակելու մասին: Մինչև հիմա ինչ-ինչ պատճառներով, իմ կամքից բոլորովին անկախ, այդ մասին խոսելու հարմար մոմենթ չէր լինում: Վերջապես երեք օր առաջ խոսեցի ընկ. Մռավյանի հետ, որ միաժամանակ, ինչպես գիտեք, Պետհրատի խմբ. կոլեգիայի նախագահն է: Նա ուրախացավ Ձեր այդ աշխատանքի համար և թույլատրեց ինձ` գրել, որ վեպն անպատճառ ուղարկեք: Իմիջիայլոց, ընկ. Մռավյանը շատ հավանել է Ձեր նոր վեպի այն մի քանի գլուխը, որ տպել էի «Լուսաբացում»: Եթե այդ վեպը ևս ուղարկեք (եթե միայն պատրաստ է), Պետհրատը, կարծում եմ, ուրախությամբ կտպի: Ընդունեցեք իմ անկեղծ շնորհավորանքն այդ վեպի առիթով: Այն հատվածը, որ տպել եք, ինձ մեծ հիացմունք պատճառեց: Վերջերս թե՛ մեզանում, թե՛ Ռուսաստանում շատ են խոսում կենդանի մարդու մասին (գրականության մեջ): Ահա որն է կենդանի մարդը: Ձեր տիպերը շատ կենդանի են, ոչ թե գրված են, այլ քանդակված: Տեղեր կան, որ Տոլստոյի նման եք գրել: Կարդալիս` ամեն ինչ ապրում ու շարժվում էր իմ աչքի առաջ: Նախերգանքը հոյակապ է:
Այս ամենը ավելի ընդարձակ ուզում էի գրել հոդվածը կարդալուց հետո, բայց որովհետև խոստումս չէի կատարել – ամաչեցի, երեսս չբռնեց:
Ի վերջո, կարող եմ հայտնել Ձեզ և մի ուրախալի լուր: Լսելովս, Լուսժողկոմատը Ձեր թոշակը հասցրել է 100-ի: Մտադրություն կա մինչև գարուն դարձնել 150, որ Դուք բոլորովին ազատվեք լրագրական աշխատանքից: Անչափ ուրախ եմ:
Ինչպե՞ս է Ձեր առողջությունը, ի՞նչ նոր բան եք գրում` Ձեր հարգողներին ու ընթերցողներին ուրախացնելու համար:

Ջերմագին բարևներ` Ձեր Ստ. Զորյան:
Գուցե մի օր պատիվ անեք ինձ մի նամակ գրելու կամ որևէ բան հանձնարարելու – ահա իմ հասցեն`
Երևան, Գնունի փողոց, N37
4 սեպտեմբերի, 1928թ., Երևան»

«Սիրելի Նար-Դոս,
«Սպանված աղավնիի» մասին մինչ այժմ բան չգրեցի, որովհետև տակավին ոչինչ պարզ չէր, բայց հիմա ուրախությամբ կարող եմ հայտնել, որ Պետհրատի կոլլեգիան ընդունել է տպագրության: Այդ ինձ հանձնեցին պաշտոնապես: Տպագրությունը կսկսվի աշնանից: Վարձատրությունը կլինի, իրենց ասելով, մամուլին ութսունից-հարյուր ռ.: Քանի որ ընդունված է, հոնորարի մի քառորդը կարող եք ստանալ, ընդհանուր կարգով, որպես ավանս: Պետք է դիմեք Ձեր կողմից Պետհրատին, եթե ցանկանում եք: Իսկ եթե ոչ, պիտի սպասեք տպվելուն: Ցանկանում եմ հաջողություն և առողջություն: Բարևներս տիկնոջը և Ձեր երիտասարդներին: Ես վաղը մեկնում եմ Նոր Բայազեթ – ամառանոց, մի երկու շաբաթից պիտի գամ Դիլիջան, ապա Ղարաքիլիսա: Այսպիսով` կատարելու եմ լուրջ աշխարհային ճամփորդություն:
Բարևներով Ձեր Ստ. Զորյան
Ներեցեք, որ բացիկ եմ գրում, շտապելուց եղավ:
19 հուլիսի, 1929թ., Երևան»

«Հարգելի պարոն Նար-Դոս, արդեն ի պաշտոնե գրում է Զորյանը, կամենալով կազմել մի անկետա հայ գրականության մասին. սրանով խնդրում եմ Ձեզ պատասխանել հետևյալ հարցերին.
1. Ի՞նչ է Ձեր կարծիքը գեղեցիկ հայ գրականության ներկայի մասին
ա) վիպասանություն բ) դրամա գ) քնարերգություն
2) Ինչպե՞ս եք նայում գեղեցիկ հայ գրականության ապագային.
ա) արդյոք ներկան երաշխավորու՞մ է նրա ապագա առաջադիմությունը
բ) որո՞նք են, Ձեր կարծիքով, նրա գրավականները
3) Ի՞նչ կարծիք ունեք ռուսահայ և թուրքահայ գեղարվեստական բարբառների մասին
ա) ապագան այդ բարբառներից որի՞ն է պատկանում
բ) ցանկալի՞ է արդյոք նրանց ձուլումը, թե՞ մեկի կամ թե մյուսի չքացումը
4) Ի՞նչ կարծիք ունեք ժողովրդական բարբառների մասին
Կխնդրեի պատասխանել կարելվույն չափ մանրամասն և, եթե կարելի է, երկու շաբաթվա ընթացքում: Անկետան տպվելու է մեր հանդեսներից մեկում:
Ամենայն հարգանքով` Ստ. Զորյան
Իմ հասցեն` Թիֆլիս, հրատ. «Մշակ», Ստ. Զորյան»

Ցավոք, Նար-Դոսին այդպես էլ բախտ չվիճակվեց տեսնել իր երկերի լիակատար ժողովածուի հրատարակությունը:

ՎԱՐԴԻԹԵՐ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։