Բաց նամակ Տիգրան Նիկողոսյանին՝ նոր գրքի ծննդյան առիթով / Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Բաց նամակ Տիգրան Նիկողոսյանին՝
նոր գրքի ծննդյան առիթով
«Բարի սրտով ու պայծառ հայացքով…»
Թանկագին Տիգրան.
Լույս է տեսել հերթական գիրքդ, և դա լավ առիթ է մեր «Գրական թերթում» վերջապես գնահատանքի խոսք ասելու քո՝ Հանրապետության վաստակավոր ժուռնալիստի, երևելի գրող¬հրապարակախոսի, երկրի հնագույն և ամենաերկարակյաց պարբերականի՝ «Հայաստանի» (նախկին՝ «Սովետական Հայաստանի») գլխավոր խմբագրի (արդեն շուրջ քսան տարի) ստեղծագործական վաստակի մասին: (Հայ գրականությանը քո նվիրումն ու ծառայությունը սկիզբ առավ իմ ու քո սիրելի «Դպրությունից», որ հետո տարար «Հայաստան»՝ երկրի դժվար տարիներին կամովին ստանձնելով գրական մամուլի համար նախատեսված առաքելությունը՝ խմբագրածդ թերթի էջերում մշտապես արտացոլելով մեր գրականության ընթացքը): «Վերջապես» եմ ասում, քանզի, որքան գիտեմ, առ այսօր մեր գրաքննադատությունը չի փորձել խորքով և որոշակիորեն արժևորելու քո ճանապարհի ստեղծագործական ձեռքբերումները՝ սկսած այն առաջին «Հայրեր և որդիներ», «Կանաչ առու» ժողովածուներից մինչև այս նոր հանդիպումն ընթերցողների հետ՝ «Ցավի և սիրո բացիկներով»: Անարդարացի վերաբերմունք մեր գրական ընտանիքի անխոնջ (այդպես նաև ասեմ) անդամներից մեկի հանդեպ, ով խմբագրական-հրապարակախոսական ծանրաբեռն գործունեությանը համընթաց այդ ճանապարհի անցած կանգառներում հեղինակել է տասնհինգ գիրք, այդ թվում՝ «Ինձ տուր քո ցավը», «Քեզ հետ և առանց քեզ», «Ճակատագրի ճամփաներով», «Մեր կյանքի ժամանակը», «Մարիամ իշխանուհի» (երկու հրատարակությամբ), «Յոթ զրույց ամենակարևորի մասին». բոլորը չեմ թվարկի: Վաթսունամյակդ էլ «լռությամբ» անցավ, և «մեղավորը» նաև ինքդ ես, իմ բարեկամ, որ այլոց պես երբեք «թմբուկ¬շեփորային ծնծղաներով» ուշադրություն չես հրավիրել և հավատարիմ համեստ կեցվածքիդ՝ քո գործն ես արել՝ թերևս հուսալով, որ մի օր, այո՛, վերջապես կնկատվի քո բարի ներկայությունը մեր գրական կյանքում: Անձնական մեղքի զգացումով եմ գրում այս նախախոսքը, քանզի իմ ու քո ճանապարհները վերջին տասնամյակներում մշտապես համընթացվել են և՛ համատեղ խմբագրական աշխատանքում, և՛ ստեղծագործական «դաշտում»: Քո գրքերի մեծ մասի ծննդյան դժվար ընթացքի ականատես¬վկան էլ ինքս եմ եղել և ժամանակին գնահատանքի մեկ¬երկու խոսք ասել: Ու հիմա, վերջապես, իմ և քննադատ¬գորընկերներիս «մեղքը» ուշացումով քավելու համար՝ փորձում եմ այս բաց նամակով քո ստեղծած գրականության վրա այլոց ուշադրությունը սևեռել, կյանքիդ թերևս այս գլխավոր գիրքը՝ «Ցավի ու սիրո բացիկները» վերահասցեագրելով բոլոր ընթերցողներին՝ «Փոքրերի մասին մեծերի համար» ենթախորագրով, որ նաև հետադարձ սլացք ունի՝ մեծերի մասին՝ փոքրերի համար: Ամեն բացիկը՝ մի ճանաչողական¬ուսուցողական¬դաստիարակչական նպատակամետ դաս է մարդկային մնայուն արժեքների մասին՝ ավանդված սիրո, ցավի, նաև հուսո ու հավատի նրբահյուս զգացումներով: Եվ սրանք տասնամյակների մեր բարեկամությամբ պարտադրված խոսքեր չեն, այլ քո ինքնատիպ, հուզական տարերքով ներհյուսված ստեղծագործական ոճի մասնագիտական գնահատանք:
Ցավ և սեր, սեր և ցավ. խորհրդանշական այս երկու հոգեպարար մարդկային զգացումներն են քեզ առաջնորդել նախորդ (նաև դրանց խորագրերը վկա), առավել ևս՝ այս նոր գիրքն արարելիս: Չեմ սխալվի, եթե հաստատագրեմ, որ միմյանց հակաբևեռված, բայց և մարդու կյանքում իրարից անբաժան այս երկու խորհրդանիշները, եթե կարելի է անձնավորել, նաև քո գրքերի, առավելապես այս նոր գրքի «հերոսներն» են: Սեր՝ հող հայրենիի, «հայրենիք» կոչվող նվիրական եզերքի հանդեպ, սեր ու նաև անամոք ցավ նրա անկախ, ազատ հավերժական գոյության համար Արցախյան ազատամարտում, ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված հայորդիների հանդեպ՝ հրապարակախոսական հոգեցունց տարերքով ու ոգեղեն զգացումներով հյուսված «Ասքը մայր հողի», «Խրամատային եղբայրները» էսսեում: Սեր՝ մայր ժողովրդի հավատի ու հուսո տաճարների, նրա մաշտոցաշունչ գիր ու գրչության, ձեռակերտ խաչքարերի, նրա արարող ոգու հանդեպ՝ անցյալի ու ներկայի խորագիտակ անդրադարձներով, ու նաև ցավ՝ դարերի ճանապարհին անարգ թշնամիների կողմից ավերակված¬ոտնահարված մեր տաճարների ու շեների, այրված¬ոչնչացված գրոց մատյանների հանդեպ և, այնուամենայնիվ, սեր հարյուրամյակների ու ոսոխների «երախից» հերոսական ջանքերով փրկած, 21¬րդ դարին ու հավերժին պարգևած իր մշակութային ոգեղեն սրբազան արժեքների հանդեպ՝ քո կողմից տեսլապատկերված հայկական քառաթև խաչի տեսքով՝ Մեսրոպյան Գիր, «Սասունցի Դավիթ» էպոս, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմ, Աբովյանի «Վերք Հայաստանի»… Սա էլ քո «Յուրաքանչյուր գիրք իր մեջ մի աշխարհ է կրում» էսսեն է՝ սոկրատյան «Կա մեկ բարիք՝ գիտելիքը և մեկ չարիք՝ տգիտությունը» իմաստախոսությամբ: Ու նաև «Անցյալի ու ներկայի խաչմերուկներում» էսսեն՝ Հիշողություն կոչվող անփոխարինելի մնայուն արժեքի մասին՝ Հայոց և այլոց գրական մեծերի ստեղծագործությունների հիշատակումներով և քո իսկ իմաստախոս խորհրդով՝ ուղղված մանկանց սերնդին. «Ապրիր և հիշիր: Ու իմացիր, որ հիշողությունը թե Աստծո պատիժ է, թե՝ պարգև: Եվ իր թերթիկներում խնամքով պահում¬պահպանում է անցյալի արձագանքները, այն, որ մեզ մարդ է պահում և տալիս ապրելու իրավունք… Ապրիր և հիշիր: Հարցրու ինքդ քեզ և ավագներից՝ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում: Հարցրու, որպեսզի ճանապարհդ ոչ թե հարթ, այլ անխոտոր լինի: Որպեսզի դու էլ քո հերթին դառնաս անանց այն արժեքների կրողը, որ գալիս է սերնդե¬սերունդ, ու թե աշխարհի քարտեզին մենք մեր տեղն ունենք, արդյունք է բոլոր այն մարդկանց, ովքեր արթուն հիշողություն են ունեցել և առաջին հերթին դա են պատգամել իրենցից հետո եկողներին»:
Այդ նույն ոգեղեն զգացումներով են մեզ՝ փոքրիկ ու տարեց ընթերցողներիս տոգորում «Հայրս ինձ ի՞նչ պիտի ասեր» և «Ով ինչ անի՝ իրեն կանի» էսսեները: Առաջինը «Երեխաները ծնողների մեջ տեսնում են անցյալը, իսկ ծնողները երեխաների մեջ տեսնում են ապագան» իմաստախոսությամբ հուզիչ պատում է «հայրեր և որդիներ» անքակտելի հանգույցի ու նաև հավերժական «դիմակայության» մասին՝ Վիլյամ Սարոյանի և Հակոբ Կարապենցի՝ զրույցի հատվածի մեջբերումով. «Աշխատիր իմանալ՝ ո՞վ էր հայրդ, ի՞նչ էր ուզում ասել,- հորդորում էր Սարոյանը,¬ ես երբեք չիմացա հայրս ի՞նչ էր ուզում ասել: Այդ ասելիս՝ Սարոյանի աչքերը խոնավ էին»: Ու նաև՝ քո ներանձնական սիրո ու անամոք ցավի խոստովանություն՝ Քրիստոսի տարիքում աշխարհից հեռացած ու ողջ կյանքիդ ճանապարհին իր ներկայությամբ քեզ առաջնորդող հորդ, որ Գեղարքունյաց աշխարհում հանրահայտ ուսուցիչ էր: Մեկ այլ էսսեում նախորդ սերունդների ստեղծած հոգևոր ու նաև նյութական արժեքներին տեր կանգնելու ու դրանք սերնդե¬սերունդ ժառանգորդելու կենսական խնդիրն ես բարձրաձայնում ներհուն խոհականությամբ՝ կրկին Հայոց և այլոց մեծերի իմաստախոս դասերի ավանդումով:
Էսսեի ժանրը, Տիգրան, քո ստեղծագործական նախասիրությունն է, քեզ հուզող, հոգիդ ալեկոծող խնդիրները զգացմունքային տարերքով, ներանձնականի ու համամարդկայինի ներթափանցումներով դրանք արտացոլելը: Եվ հիմա հաստատում եմ, որ տարիների հետ դու հղկել¬ձևավորել ես քո «գիծը» գեղարվեստական հրապարակախոսության ժանրում՝ դրսևորելով իրապես նոր ու հետաքրքիր մոտեցումներ: Այդ ժանրի ինքնատիպ անդրադարձներ են նաև այն բացիկները, որոնք տեղ են գտել քո գրքի «Փոքրերի մասին մեծերի համար» բաժնում: Դրանք մեր առօրյա կյանքի հետաքրքիր ու ուսանելի դիպվածներ են՝ մեծերի իմաստախոս մտքերով ամրագրված՝ մտերմական հանրամատչելի երկխոսություններ մեր ժամանակների մանկանց ու պատանիների հետ այն մասին, որպեսզի նրանք ինտերնետային «հիվանդության», համակարգչային տենդի մեջ չկորցնեն ամենաթանկ զգացողությունը՝ բոլորիս մտահոգող հարցի ճշմարիտ պատասխանի որոնումներում: «Ինչի համար է ապրում մարդը». այդպես ես խորագրել քո գրքի վերջին բացիկը՝ իմաստախոս դաս-պատգամներով՝ «սիրո գինը սերն է», «բոլոր բարիքների սկզբնաղբյուրն աշխատանքն է», «ազգին ծառայելը ոչ թե խոսք է, այլ՝ պարտականություն», «խոսքի և գործի միասնություն», «ոչ մի դեպքում չմոռանաս մարդուն մարդ պահող արժեքները»: Այս թվացյալ բարձրահունչ պատգամները ընդհանրացվել են Հայոց մեծերի ավանդած դասերի արդյունքում՝ քո իսկ ներհուն դիտարկումների համադրումով: Այդ նույն ոճական հյուսվածքով են մեզ ներկայանում «փոքր մեծերին» և «մեծ փոքրերին» հասցեագրված մյուս բացիկ¬էսսեները՝ մարդկային մնայուն արժեքների, մարդուն մարդ պահող ոգեղեն զգացումների՝ մայրական անմնացորդ սիրո («Մայրս մի մայր հասարակ»), կյանքի ճանապարհին լուսավոր ու բարի հետագիծ թողնելու, արժանավայել ապրելու («Բարի, գեղեցիկ, առաքինի»), նաև հաճախ հանդիպող եղկելի արարմունքի՝ դավաճանության («Եվ դո՞ւ, Բրուտոս») և այլ երևույթների մասին՝ բոլորն էլ հյուսված սիրո ու ցավի ինքնատիպ հակադրապատկերներով:
Եվ, այնուամենայնիվ, թանկագին Տիգրան, քո գրքի էսսեների գլխավոր զարկերակը բաբախում է մարդու հանդեպ սիրո զգայացունց թրթիռներով, նրան, ի վերջո, իր մարդկային բարձունքում տեսնելու երազանքով, հուսո ու հավատի զգացումներով: Հրաշալի է, որ դու, Թումանյանի պատգամին հետամուտ՝ աշխարհին ու մարդուն նայում ես բարի սրտով ու պայծառ հայացքով: Թող քո հաջորդ գիրքը միայն սիրո ծնունդ լինի, հող հայրենիի, մարդ արարածի, աշխարհի հանդեպ ցավազերծ սիրո ծնունդ: Ստեղծագործական նոր արարումներիդ սպասումով՝

Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։