Մանվել ՄԻԿՈՅԱՆ
ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ
Գրողը պետք է պաշտպանված զգա իրեն
Խորհրդային տարիներին վրացական կարճամետրաժ մի ֆիլմ կար: Վրաստանի գյուղերից մեկում բնակիչը բարձրանում է ծառի կատարը և չի կարողանում իջնել: Երկար քննարկումներից հետո կանչում են գյուղի ամենահեղինակավոր մարդուն, ով նայում է վերև, ներքև և կարգադրում. «Մի պարան բերեք»: Ապա կարգադրում է պարանը նետել վեր, այնպես, որ ծառին մնացածը կարողանա բռնել: Հետո ներկաներին ասում է, որ քաշեն պարանից: Խեղճ վրացին ընկնում է` ջարդելով ոտքերն ու ձեռքերը: Երբ կարգադրողին հարցնում են, թե ինչո՞ւ այդպիսի բան արեց, պատասխանում է. «Ճիշտ նույն ձևով օրերս մեկին հանեցինք ջրհորից»:
Այժմ Հայաստանում երբեմն կատարվում են «բարեփոխումներ», որոնց արդյունքում վնասվածքներ և կոտրվածքներ են ստանում տարբեր ոլորտներ:
Գրահրատարակչության, ավելի կոնկրետ, պետական աջակցությամբ տպագրվելիք գրքերի վերաբերյալ մշակվող նոր քաղաքականությունը զերծ չէ վտանգավոր հետևանքներից:
Ժամանակակից գրողների գրքերի տպագրությունը հրատարակիչների հայեցողությանը թողնելը լայն դաշտ է բացում խտրականության և կամայական մոտեցումների համար, մանավանդ, ցավոք, այսօր Հայաստանում նույնիսկ լավագույն գրողների գրքերի վաճառքը հնարավոր չէ կազմակերպել այնպես, որ ստացված գումարով հնարավոր լինի փոխհատուցել տպագրական ծախսերը:
Անցած 15 տարիների ընթացքում պետպատվերով և պետական աջակցությամբ հազարավոր գրքեր են հրատարակվել, որոնց մեջ զգալի թիվ են կազմում նաև լոռեցի գրողների գրքերը:
Իրենց թիկունքում զգալով պետական հովանավորությունը, գրողներն իրենց գոնե այս առումով պաշտպանված են զգում: Սթափ և անկողմնակալ մտածողություն ունեցող որևէ մեկը չի կարող գեթ մեկ դեպք հիշել, որ գեղարվեստական արժանիքներ ունեցող գիրքը դուրս է մնացել պետական աջակցությունից: Սա միայն իմ կարծիքը չէ: Այն կիսում են նաև Լոռու մարզում բնակվող բոլոր գրողները և Հայաստանի գրողների ճնշող մեծամասնությունը, բացառությամբ անհասկանալի տրամաբանություն ունեցող մի քանիսի:
Գրահրատարակչական բարեփոխումների նոր հայեցակարգում կան նաև դրական մոտեցումներ` տպագրված գրքերի գովազդ, քայլեր` տաղանդավոր գրողների հանրաճանաչությանը նպաստելու համար և այլն:
Սակայն ամենից առաջ գիրքը պետք է հրատարակվի, հետո նոր մտածենք գովազդի, գրական միջոցառումների, ռադիոյի և հեռուստատեսության միջոցով այն ճանաչելի դարձնելու մասին: Այսօր գրեթե ոչ մի գրող հնարավորություն չունի իր միջոցներով գրքեր հրատարակել: Իսկ այն մտահոգությունը, որ տպագրվում են նաև անհրաժեշտ գեղարվեստական արժանիքներ չունեցող գրքեր, կարելի է ի չիք դարձնել` ստեղծելով առավել անաչառ և ազնիվ մասնագետներից բաղկացած հանձնաժողով, որը տպագրության համար կերաշխավորի ամենաարժանավոր հեղինակների գրքերը:
Կարծում եմ` պետք է հրաժարվել նաև մինչ այժմ որդեգրած այն սկզբունքից, որ նույն հեղինակի գիրքը պետական աջակցությամբ կարող է տպագրվել նախորդից 3-4 տարի հետո միայն: Ստեղծագործական գործընթացն անթույլատրելի է պլանավորել: Հնարավոր է` ստեղծագործական վերելքի շնորհիվ մի հեղինակ երկու տարում երկու գիրք գրի, ապա տարիներ շարունակ որոնումների մեջ լինի: Պետական աջակցությամբ գրքի հրատարակման միակ չափանիշը պետք է լինի գեղարվեստական բարձր արժանիքը: Այդ ժամանակ գուցե գիրք տպագրել ցանկացողների ցուցակը ևս նոսրանա: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ մշակույթի նախարարության՝ այս ոլորտում գործունեության դրական նախաձեռնություններին (մանավանդ մեր գրողներից արժանավորների գրքերն օտար լեզուներով թարգմանելն ու տարածելը), կարելի է պետական միջոցներին զուգահեռ գտնել նաև արտաբյուջետային միջոցներ:
Բոլորին է հայտնի, որ սպորտին հովանավորելը մեր երկրում իր վրա է վերցրել Գագիկ Ծառուկյանը: Ամենաբարձր մակարդակով հնարավոր է «խնդրել», որ հայ գրականության մեկենասությունն իր վրա վերցնի երկրի մեծահարուստներից մեկ ուրիշը, կամ ինչպես ընդունված է քաղաքակիրթ երկրներում, ԱԺ-ն վերջապես ձեռնամուխ լինի «Մեկենասության մասին» օրենքի ստեղծմանն ու ընդունմանը:
Ելքեր շատ կան, փնտրողներ և ցանկություն է անհրաժեշտ:
Նորայր ԱԴԱԼՅԱՆ
ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր
Երկու տող
Վերջերս մի ուրվական ծրագիր է շրջում արդի հայ գրականության դաշտում, դա կոմունիզմի ուրվականը չէ, այլ` գրողներին զրկել իրենց գրքերը պետական աջակցությամբ տպագրելու հնարավորությունից: Բավական չէ` հոնորար բացարձակապես գոյություն չունի, հիմա էլ` ցամաքելու է պետօգնության աղբյուրը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրության մեջ` «նպաստել գիտության և մշակույթի զարգացմանը» թե՛ բարոյապես և թե՛ փողով, ախ, այդ սատանա փողը, որի բացակայությունը մշտապես հալածել է ընտիր հայ գրողներին, նրանց մատնելով անլուր չքավորության: Ըմբռնումով եմ մոտենում հայրենիքիս ֆինանսատնտեսական ծանր կացությանը, իհարկե, այս դրությունը շտկելու քայլեր պետք է անել, բայց ժողովրդի առօրյա կեցության գոտին չսեղմել նրան խեղդելու աստիճանի, շնչելու տեղ թողնել` հանուն վաղվա ազատ ու առողջ շնչառության, մանավանդ գրականության գլխին ընկույզ չկոտրել: Պատմում են` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Անգլիայի վարչապետ Ուինստոն Չերչիլը որոշում է կայացնում կրկնապատկել մշակույթի ֆինանսավորումը, որին ընդդիմանում են որոշ ուժային նախարարներ` ախր, պատերազմի մեջ ենք: Չերչիլը նրանց պատասխանում է. «Մեր ամենամեծ զենքը մշակույթն է»: Չմոռանանք, որ դարեր շարունակ հայերիս գոյապահպանության ու զարգացման ամենամեծ զենքը նույնպես եղել են մշակույթը, գիտությունն ու գրականությունը:
Անդրանիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ
Առաջ դեպի ցուրտ ու խավար անցյալ
Օրերս Գյումրու Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում գրականության տոն էր` վերջին տարում պետական աջակցությամբ գյումրեցի հինգ հեղինակների գրքերի շնորհանդես: Թե՛ ժանրային առումով և թե՛ ուղղվածությամբ մեկը մյուսից տարբերվող հինգ արժեքավոր գրքեր: Դա այսօր: Բայց պարզվում է` առաջիկայում նման տոների գլխին մի ծանր բռունցք է կախվելու:
Հավանաբար մի քանի ձախողված գրող-հրատարակիչ-խորհրդականներ ապակողմնորոշում են ղեկավարներին, որ մեր երկրում պատուհասվող սոցիալական չարիքի արմատները պետք է որոնել գրողների մեջ, և որպեսզի արմատախիլ արվի այդ չարիքը, անհրաժեշտ է արմատախիլ անել ժամանակակից գրականությունը, որ այսօր գրականություն չկա: Սա ներկայիս ամենաակտուալ կարգախոսներից մեկն է, բայց… գրականությունը տեսնելու համար նախ կարդալ է պետք, իսկ հետո՝ նաև հասկանալ:
Իսկ կենսունակ միջակության երևելի ներկայացուցիչները, որոնց դեմ իրոք պետք է դռները փակել, ազատագրված տարածքներում տրտինգ տալով կտոնեն իրենց մենաշնորհը, որովհետև նրանք թե՛ պետական աջակցության և թե՛ պետական չաջակցության պայմաններում կտպագրեն իրենց բազմաքանակ շաբաթագրքերը և կփաթաթեն ժողովրդի վզին: Այ սա, իրոք, տոն կլինի…