Նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանը որոշեց սառեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները: Եվրախորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի գծով զեկուցող Քեթի Փիրի կարծիքով, ներկա փուլում անիմաստ է խոսել Թուրքիայի եվրաինտեգրման մասին: Փիրին հայտնել է, որ Եվրամիությունը չի փակել դռները Թուրքիայի առջև, այլ Թուրքիան հենց ինքն է իր քայլերով իր առջև փակել այդ դռները: Ըստ բրիտանական Ekonomist պարբերականի, Թուրքիա-ԵՄ հարաբերությունները միացված են արհեստական շնչառության սարքին: Թերթը թշնամական է որակել Անկարայի կողմից ԵՄ հասցեին ուղղված հռետորաբանությունը ու նշել, որ եթե Թուրքիան չփորձի զսպվածություն դրսևորել, ապա ԵՄ-Թուրքիա վերջնական բաժանումը ընդամենը ժամանակի հարց է:Ի պատասխան, Էրդողանը հայտարարեց, որ. «Եվրոպան հազվագյուտ և չգտնվող թանկարժեք գործվածք չէ, և Թուրքիան շատ այլ այլընտրանքներ ունի»: Ենթադրյալ այլընտրանքներից մեկը ՇՀԿ-ին անդամակցելն էր: Սակայն հայտնի է, որ կազմակերպությունը չի շտապում ընդլայնվել, Թուրքիայի խնդիրը թողնելով անորոշ ապագային: Հաջորդ այլընտրանքը Ռուսաստանն է: «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Էրդողանը նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միմյանց այնքան մոտ են, որ. «Եթե, օրինակ, ես Թուրքիայից ձայն տամ` ինձ Սոչիում կլսեն, և եթե Սոչիից ձայն տան, ես կլսեմ»: Սակայն աշխարհին ծանոթ է թուրքական հավատարմության կշիռը: Ռուսաստան- Ուկրաինա հարաբերություններին քաջածանոթ բռնապետը, անտեսելով «բարեկամի» շահերը, իր օգնությունն է առաջարկում Ուկրաինայի նախագահին` Ղրիմը վերադարձնելու և տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործում, փաստացի հանդես գալով հակառակորդ բանակի դիրքերից: Նույնը` Սիրիայի ճգնաժամի առնչությամբ: ՌԴ ՊՆ-ի` սիրիական բանակի կողմից Հալեպի արևելյան 11 շրջանների ազատագրման հաղորդագրությունից հետո, նույն օրն, ի լուր աշխարհի, Էրդողանը փաստեց, որ թուրքական զինված ուժերը Սիրիայի տարածք են մտել Բաշար ալ Ասադի ռեժիմը տապալելու նպատակով, ում ՌԴ-ն իր դաշնակիցն է համարում և ինչը հակասում է Սիրիայում իրավիճակի կարգավորման Մոսկվայի դիրքորոշմանը: «Ինչո՞ւ մտանք,- ասել է Էրդողանը,- մենք Սիրիայի հողերի վրա աչք չունենք: Խնդիրը հողը իրական տերերին վերադարձնելն է: Այսինքն, մենք այնտեղ ենք արդարության վերականգնման համար: Պետական ահաբեկչություն իրականացնող Ասադի իշխանությանը վերջ տալու համար ենք մտել Սիրիա, ուրիշ ոչինչ»: Հերթական «թիկունքից հարվածը» թեև ռուսների համար անսպասելի էր, այդուհանդերձ, Մոսկվան Անկարայից այնպիսի բացատրություն էր ակնկալում, որը թույլ կտար շարունակել մազից բարակ «եղբայրական» երկխոսությունը: Անգամ ՌԴ արտգործնախարարը Թուրքիա մեկնեց: Մամուլի ասուլիսի ժամանակ, նախարարները հայտարարեցին, որ ոչ բոլոր հարցերում են համամիտ, սակայն միանշանակ կողմ են հարցի քաղաքական հանգուցալուծմանը: Էրդողանի խոսնակը շտապեց կարծիք հայտնել, որ «պետք չէ նախագահի խոսքերը բառ առ բառ թարգմանել: Թուրքիան հույս ունի, որ այս ձևակերպումները պատճառ չեն դառնա ՌԴ-ի հետ հարաբերությունների նոր սրման համար», ինչը կարծես համահունչ էր ռուսների ցանկությանը, ճիշտ այնպես, ինչպես Էրդողանի անհասցե «ներողությունից» հետո եղավ: Երևույթն օրինաչափ է, հաշվի առնելով, որ ռուս -թուրքական հարաբերությունները միշտ էլ զարգացել են փոխադարձ անվստահության և ատելության զիգզագներով: Այլ է այս երկրների միջև արդարության և բարոյականության բանաձևը, էականորեն անհաղորդ համաշխարհային արժեքներին: Էրդողանը Ասադի ռեժիմը ծրագրել է տապալել ընդդիմադիր «ազատ» բանակի, օգնությամբ, այն խմբի, որոնց հեղաշրջման փորձի արդյունքում է ծայր առել սիրիական ճգնաժամը: Տրամաբանորեն Թուրքիայի թիրախը ապստամբները պիտի լինեին: Թուրքիան իր երկրում անողոք է հեղաշրջման փորձի նկատմամբ, ինչի հետևանքով ամիսներ անց էլ բռնությունները չեն դադարում, մինչդեռ ողջունում և քաջալերում է այլոց հեղաշրջման փորձը: Սիրիայի ԱԳՆ-ի, Էրդողանի հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանության մեջ, մասնավորապես շեշտվում է, որ. «Էրդողանի արված հայտարարությունները բացահայտում են Սիրիայի դեմ Թուրքիայի թշնամանքի իրական պատճառները, որոնք բռնակալ Էրդողանի` սիրիական տարածքների հանդեպ ունեցած երազանքների և ցնորքների արդյունքն են: Երազանքներ, որոնք սնուցում են այն ծայրահեղական բռնակալի մտքերը, որը Թուրքիան վերածել է ահաբեկչության հիմնական թիրախի: Իրականում ահաբեկչությունը հենց այսպիսի մտածողության ծնունդ է, որով Էրդողանը փորձում է խախտել Իրաքի և Սիրիայի անվտանգությունն ու կայունությունը: Էրդողանը պետք է պատասխանատու համարվի անմեղ ժողովրդի` ահաբեկչության հետևանքով կրած տառապանքների համար»: Ահա ճշմարտությունը, որն առայժմ` ինչ-ինչ շահերով պայմանավորված, ռուսները շարունակում են անտեսել:
Կարդալ նաեւ․․․

Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Իմ՝ ետանկախացման շրջանի սովետիկուս տեսակի անկախությունը բացառիկ է: Միամիտ, լվացած…

Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ / ԸՆԿԵ՞Լ ԵՍ, ՈՏՔԻ ԿԱՆԳՆԻՐ
Այս տարվա մեջ ինչե՞ր տեղի ունեցան, որ չպիտի լինեին և…

ՈՒՄԻՑ ԵՎ ԻՆՉՈՒ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻՆ / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ
Մեծերի վարքն ու գործը քննելը երբեք արգելված չէ: Որևէ մեկը…