Ահա քեզ հետ կողք կողքի ապրում է նա, ում համար կյանքի արարումն անվերջ ու անսկիզբ մի իրողություն է, հզոր, առինքնող, խոշոր կտավի ստեղծագործություն, որ հունցվում, խմորվում է հենց իր մտքի ու հուզաշխարհի տուրևառության մեջ:
Երկինք ու երկիր արևից այրվեն,//Երկրում քարանա բոցաշունչ լավան,//Դարաշրջաններ իրար հաջորդեն,//Արևաթխսից ծովեր տաքանան://Մակընթացության խաղը լուսնային// Խմորվող նյութեր ծանծաղուտ տանի,//Տեղատվության դոնդողի խյուսին//Կայծակը խփի` կենսուժը ծնի…
Կայծակնային լուսարձակներ մութի մեջ, պայթյուն, արարում, կյանք-գոյի սկիզբ, լույս ու մութի շրջապտույտ… Իսկապես, խոշոր կտավի ստեղծագործությունների թեմա է սա, որն զբաղեցրել է վրձնահարվածներով աշխատող հանճարեղ նկարիչներին:
Այստեղ, համաշխարհային նշանակության նման ստեղծագործությունների կողքին ահա հանդիպում ենք բառային նյութով շաղախված շնչող, տրոփող, կենդանի նույն օրգանիզմին: Իսկ որտե՞ղ գտնել այն կայծը, որից բռնկվել է Մկրտիչ Գրաբսկու միտքն ու ներաշխարհը մակընթացություններով ու տեղատվություններով լի արարման ծով դարձնող պայթյունը: Գուցե ե՞տ գնանք դեպի Ջավախք, դեպի այն վայրերը, ուր երկինքն ու երկիրն այրվել են նույն արևի տակ, կրակվող գաղտնիքների գեղեցկագույն գրավչությունների մեջ թրծելով պատանի Գրաբսկու միտքն ու հոգին: Դա այն վայրն էր, որտեղ դարաշրջաններ շարունակ քարացած լավայի պես իրենց հող ու ջրին կպած ապրել ու արարել են արևն իրենց ներսն առած ազնվահոգիները, որտեղ յուրաքանչյուր տեղատվություն ավարտվել է խաղաղ ծանծաղուտում, և մակընթացության պահին դուրս է ժայթքել մարդկային կյանքի կենսուժը:
Ահա և լի կենսուժի արևային մղումներով` դեպի «իր նկարած երկիրն» է շտապում անհատը իր «փեղեկված ես»-ի հետ հանդիպման:
Պետք է վերցնել սպիտակ մի թուղթ,// Գույնզգույն ներկել` ինչ-որ ցանկանանք,//Եվ այս աշխարհից, որտեղ մենք պանդուխտ,// Նկարած թղթե երկիրը գնանք:
Իր «նկարած երկրում» առաջին հերթին պատկերված էր մարդը` կենսաբանական կառուցվածքի ապշեցուցիչ ներդաշնակության մեջ: Հենց այդ ներդաշնակությունը խաթարումներից զերծ պահելու պատասխանատվությամբ Մկրտիչ Գրաբսկին հայրենի եզերքներից ստացած կենսական ուժն է դարձնում այն դաշտի լուսարձակը, որի տակ սկսում է մարդ անհատի, նրա արարման, գոյության ու կյանքի ճանաչողությունը: Նրա կյանքի ճամփան հայրենի եզերքներից դուրս է ձգվել, տարել նրան մարդաճանաչողության, մարդապահպանության, աշխարհաճանաչողության բազում ուղիներով, որոնք նրան բերել են ետ` հարազատ ու թանկ նույն լեռնապարի հայացքի ներքո: Հոգուց պոկված չնաշխարհիկ պատկեր է «Լեռնապարը»:
Ամպի քուլան գլխին բարձել,//Դաշտ ու ձորեր սեղմած գրկում,//Ժայռոտ կուրծքը քամուն բացել,//Կանաչ արտեր` տաքուկ գոգում://Մարգագետին գորգը փռել,//Լցրել է լի բաժակն աղբյուր,//Դաղձահոտ մի զրույց բռնել,//Լեռնապարը` օրվան անլուր:
Մկրտիչ Գրաբսկին մի կարգախոս ունի` այն, ինչի մասին խոսում ես, և ինչով զբաղվում ես, պետք է նախ ընկալել թել առ թել: Ճանաչողությունն է հիմք տալիս մտնելու արարման գաղտնիքների մեջ, պահպանելու և ուղղորդելու համար այս կյանքում քեզ բաժին հասածը, շատացնելու լույսը, ֆիզիկապես ու հոգեպես կանգուն պահելու մարդ արարածին: Ճանաչողության մեջ կանչ կա, որ նոր գույներ ծնող իր գրավչություններով ստիպում է գունազարդել ճակատագրի մատուցած սպիտակ թուղթը: «Վաղ լուսադեմի վաղորդաբեր կանչ…»,- ահա թե մաքրության ինչ աստիճան ունի գոյությունը ճանաչողությամբ զարդարելու Մկրտիչ Գրաբսկու տոգորումը.
Ահա փարատվեց մութը գիշերվա,//Երկնքի մովը լուծվեց լազուրում,//Որպես ավետիս նոր ծնվող օրվա//Բացվում է այգը` լուսե արարում:
Դեպի գոյության նոր շերտեր ուղղորդող կանչն առաջին հերթին հայրենականչ է: «Շրջայցն» սկսվում է «Հայրենականչ» մուտքով, ուր գեղապատկեր Աբուլն է` իր վեհ ու հաստատուն ամբողջական կառուցվածքի մեջ: Հայրենի լեռն, ասես, ճիշտ բանաստեղծի ափի մեջ է:
Հրաբխային պոռթում հուրքի//Ցայտուկն էլ չի սպառնում,//Ուրանային իր ընդերքի//Հուրը երկինք չի հառնում://Խառնարանում մագմա չկա,//Լավան դարձել է բազալտ,//Ավյունը` լիճ կապուտաչյա//Եվ հովիտներ ծաղկազարդ:
Մկրտիչ Գրաբսկու ստեղծագործական աշխարհը համոզում է, որ երջանկություն է սպիտակ թղթի վրա ունենալ գունազարդման սեփական անկյունը, այսինքն` գոյության իրավունքով համադրել գույները: Այնպես համադրել, որ ոչ նյութը տուժի, ոչ էլ` ոգին: Ճանաչողությունը մտցնել բանաստեղծական աշխարհ, բառերի ճիշտ ու տեղին օգտագործման միջոցով պոեզիան հարստացնել իրողությունների հստակեցված պատկերներով: Ահա թե ինչի մասին է խոսում Գրաբսկու «Շրջայցը»:
Բանաստեղծ Գրաբսկու աշխարհընկալումը հանքաշխարհի ընկալում է: Ոսկեխույզի նման կանգնելով հարուստ ու գրավիչ հանքաշխարհի առջև, շերտ առ շերտ բացել այն, բացել, վերհանել ու հմայվել այնտեղ գոյություն ունեցող պատճառահետևանքային կապերով:
Ահա ջուրը, նրա ակունքը, ջրացայտերի ոլոր-մոլոր միացումներն ու բաժանումները և կրկին ընդհանուր հոսքի մեջ միավորվելը: Սա պոետիկ գաղտնագիր է: Խոսուն ու գեղեցիկ գաղտնագիր, որն իր մեջ է առնում կյանքի, մարդկային գոյի ակունքը և հարահոս շարունակությունն` իբրև մարդ-հրաշքի բազմացումն ապահովող շարունակականություն.
Աղբյուրակից հորդող առույգ//Ջրացայտի հոսքեր վարար,//Ալյակապար թևանցուկ զույգ,//Շրջանցում են հերթով իրար://Հորձանքահյուս ոլորվելով,//Կոհակներից կոհակ ծնում,// Ափեզրի հետ համբուրվելով,// Գետակ դառնալ են շտապում:
Ահա և «անհայրենիք» տխուր բառի իմաստաբանական այն մոտեցումը, որը ցավի ճանաչողություն է: Եվ գիտե՞ք, թե ինչ է այդ ցավի անունը: «Կռունկականչ աղերսանքի սրտաճմլիկ արձագանք», ահա սա է «անհայրենիք» կոչվող ցավի ճիշտ անունը, որը յուրահատուկ մոտեցում է բառային ամենօրյա ծեծկռտուքի մեջ ջարդված ու արյունլվա «արտագաղթ» անվանված իրականությանը:
Հայրենիքն իր արդեն լքող հայրենաբաղձ միայնակի//Կռունկականչ աղերսանքի արձագանքը սրտաճմլիկ,//Շերտակառույց մի զանգվածից Երկիր կոչվող մոլորակի//Հետ` դեպի վեր, դեպի անհունն է հեռանում ալիք-ալիք:
Տիեզերքի սերը: Ահա ճանաչողության մղող ուժը, ահա «փշրված ինքնությունը» իր վերականգնված ամբողջի մեջ զգալու բանաստեղծի կարողությունը.
Երկնային անուրջի ցիրուցան//Բյուրեղներ` թափթփված շուրջբոլոր…//Միգուցե փշրված ինքնության//Սաղմնային խտացումն են մի նոր…
Շրջայցը այլ պայմաններում հիվանդի համար ապաքինման հույսն ապահովող գործողություն է բժշկի կողմից ամենայն պատասխանատվությամբ տրված Հիպոկրատի երդումը:
«Շրջայց» վերնագրով ժողովածուի դեպքում`այն պոեզիայի սիրահարների համար հոգեկան բավականություն է ապահովում: Առավելագույն բավականություն, երբ պոետը ոտքից գլուխ ճանաչում և բացում է քեզ` որպես մարմին ու հոգի, որպես ծառ ու ծաղիկ, սար, քար, երկիր, սեր ու կարոտ…
Պոետ, ով ճանաչում է Տիեզերքն ու Մարդուն / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ
