ԵՎ ԱՅՐ ՄԻ՝ ԳԵՎՈՐԳ ԴԵՎՐԻԿՅԱՆ / Տիգրան ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Աշխարհի ստեղծումից ի վեր միլիոնավոր սերունդներ են եկել ու անցել: Եվ բոլորի ներսում, իրենցից անկախ, խլրտացել է մոռացվելու վախը: Ի՞նչ կմնա ինձնից հետո՝ տենդագին մտորել են իշխանն ու շինականը, ունևորն ու չքավորը, գրիչն ու գիտնականը: Եվ այդ մտորումն է մղել մարդուն՝ նոր աշխարհ եկող թոռանը շնորհել իր անունը, ծառ տնկել, տուն կառուցել…
Ցավոք, տարիներ անց նաև այդ ամենն է պատվում ամենակուլ ժամանակի փոշու շերտով ու թե աշխարհի երեսին մի բան է մնում՝ բարի անունն է, որ թրթռալու է ապրողների առօրյայում և օգնելու՝ սիրո նոր հասցեներ ավելացնելու, մաքուր պահելու հոգին ու մարմինը: «Ճշմարիտ փառքն ու հարստությունն առաքինության և բարերարության մեջ են»,- սովորեցնում է Պողոս պատրիարքը: Ստույգ անմահության ճանապարհը վաղուց գծված ու մեկնված է մեզ: Մնում է անսալ մեծերի խոսքին և ուղիղ անցնել նրանց նախանշած ճանապարհով: Մեծ հաշվով, նաև ու առաջին հերթին դրա համար բազմաթիվ գրքեր են գրվել՝ հուշելով՝ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԻՆՔԴ ՔՈ ԱՉՔՈՒՄ ԲԱՐՁՐ ԼԻՆԵԼՆ Է ՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ ՉԽԱԲԵԼԸ:
Այսպես եմ հիշում իմ ավագ ընկերոջը, ում հետ ծանոթացել եմ… չորս տարեկանում, ճանաչել պատանեկության տարիներին և մտերմացել ու ջերմ ընկերություն արել արդեն հասուն տարիքում, մինչև այս աշխարհին նրա վաղաժամ հրաժեշտ տալը՝ ճիշտ քսան տարի առաջ, 1996-ի սեպտեմբերի 6-ին:

***
Հին օրերի հանգվույն, ականջս դարձյալ հեռախոսի կողմն է՝ հիմա կզանգահարի, ու պահանջի պես կհնչի հրավերը՝ քաղաքի աղմուկից չե՞ս հոգնել… Ու դարձյալ միասին ճանապարհ կելնենք՝ փնտրելու իր հերոսների նախատիպերին, գնալու դեպի արարող մարդը, նաև վայելելու հայրենի եզերքի չքնաղ պատկերները, որոնցից յուրաքանչյուրում իր նախնյաց Ակնի գույներն ու բույրերն էր փնտրում, և մի պահի մեկ էլ մեքենայի սրահում հնչում էր քառատողը.
Մոխիրներու վրա նստենք,
Ավերակներ շինենք բույն,
Ծիծեռնակներ գան ու երթան,
Մինչև հայոց գա գարուն:
Ակնա ժողովրդական հայրենը շուրթերին, մեր պատմության, հայ եկեղեցու մասին իր՝ թվում է, անսպառ գիտելիքներն իրեն լսել-կարդալ ցանկացողների առջև բացած Գևորգ Խաչատուրի Դևրիկյան դպիրի կերպարն է ահա հառնում կրկին ու նրա մի միտքը՝ «Գոյամարտ» վեպից. «Շատ մեծ փորձություն է այս կյանքը,- ասում է Տրդատ ճարտարապետը,- քանզի ստուգվում ու փորձվում է ամեն ինչ՝ բարեկամություն և ընկերություն, երախտագիտություն ու հավատարմություն, ազնվություն ու հավատ, երդում ու խոստում: Եվ վա՜յ նրան, ով այս կյանքում չի դիմանա այդ փորձությանը: Վա՜յ նրան, ով կդրժի երդումն ու երախտամոռ կդառնա: Վա՜յ նրան, ով հանուն շահի կսևացնի իր անունը և մեկին հաճոյանալու համար կդավի ընկերոջը: Քանզի ամեն ինչ անցողիկ է այս անցավոր աշխարհում և չկա ոչինչ մնայուն, քան թողածն ու անունը բարի»:
Հիմա ինքն այլևս չկա, բայց կա նրա գործը, կան նրա գրքերը, որ վերստին մեզ մտորել են տալիս բարի անվան ու այս աշխարհին մարդու թողնելիքի մասին:

***
1995-ի աշնանային մի պաղ երեկո մենք երկար քայլում էինք Երևանի փողոցներով, և զրույցի թեման իր ձեռնարկած նոր գործն էր՝ «Խաչապաշտ հող» խորագրով, որին ձեռնամուխ էր եղել սիրով ու նվիրումով:
Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված ծավալուն այդ աշխատությունը գեղարվեստա-վավերագրական մի ամփոփ գործ էր լինելու՝ սկսած հեթանոսական շրջանից մինչև մեր օրերը: Առաջարկեցի, որ շարքն ընդմիջվի-լրացվի Հայաստան աշխարհում կառուցված եկեղեցիների ու վանքերի մասին զրույց-պատմություններով, որոնց հմուտ գիտակ էր և թվում էր, այդ ուղղությամբ իր իմացությունն ու իրազեկությունն անսպառ է:
Շարքը սկսեց տպագրվել «Հայաստան» և «Հանդիպում» թերթերում, ոգևորված շարունակում էր աշխատել հերթական հրապարակումների վրա, երբ կատարվեց անուղղելին…

***
Նրա գրվածքներից յուրաքանչյուրը մեր պատմության մի ժամանակահատվածին կամ իրադարձությանն է նվիրված, բայց դրանք բոլորն էլ ընդհանուր մի գաղափարով միահյուսված են իրար, մեկ ամբողջություն են կազմում և արտահայտում են մեր ժողովրդի մղած դարավոր պայքարը՝ վասն ազատ և ինքնիշխան հայրենիքի, վասն հպարտ լինելության:
Եփրատի ափերից գաղթած ու մինչև Ռոստով, ապա Երևան հասած, հազար ցավ տեսած, բայց ապագայի լավ օրվա հույսը սրտում Երևանի Արաբկիր թաղամասում նոր տուն-տեղ դնող իր ավագների միջավայրում էր ձևավորվում գրողը, կյանքի ճանաչողության առաջին դասերն ստանում ծննդավայրի կարոտից մաշվող ու հիվանդացող մարդկանցից, պատվի ու բարոյականության իրենց պատկերացումները կրտսերներին փոխանցող մանկավարժներից, որոնց հետագայում մենք պիտի հանդիպեինք իր գրքերում: Այդ մարդկանց հետ ճակատագիրն առավել քան դաժան էր վարվել, բայց չէր կարողացել խաթարել հավատը մարդու հանդեպ: Նաև նրանցից շատերը հետագայում դարձան գրողի մի շարք գրքերի հերոսներ կամ նրանց նախատիպը: Ընդհանրապես Դևրիկյանի հերոսները երկրի ցավերով և ուրախություններով ապրող մարդիկ են, հող հայրենին անսահման սիրող մարդիկ: «Մենք սուր վերցրեցինք խոփ պաշտպանելու համար»,- ասում է «Վիրավոր կռունկ» վեպի հերոսներից՝ Հակոբը:
Հայրեններով ու անտունիներով հռչակված Ակնի երգերն ու պատմությունները բնօրրանի մասին՝ անջինջ մնացին նրա հոգում, ըստ էության կանխորոշելով նաև նրա անցնելիք ճամփան՝ գրականության բնագավառում:
«Հանուն հայրենյաց թափված արյունն է, որ գին ու սեր է տալիս հայրենի հողին, և այդ հողն է, որ դառնում է հայրենիք»,- մտորում է «Եդեսիա քաղաքի և Միջագետք երկրի» հայոց Աբգար թագավորը: Նույնն է նաև Մամիկոնեից Մանվել սպարապետի պարագայում: Մահվան մահճում անգամ խիզախ ու անվեհեր հայրենյաց զինվորը պատգամում է իր Արտաշիր որդուն խաղաղության մեջ պահել երկիրը որպես առաջին պայման հող հայրենիի բարգավաճման և ապա խրատում. «Ջանա մշտապես պայծառ պահել հայոց ճակատագրի աստղը, ու եթե հարկը պահանջի, մի երկյուղիր կենացդ ապահովության համար, այլ ուրախությամբ հանձն առ մահն ազգիս ու աշխարհիս համար, քանզի հավատացած եղիր, մեր տեր Աստված քո ինքնազոհությունն անտես չի անի: Այդպես են վարվել քո քաջ նախնիք, և այդպես վարվիր նաև դու»:
Հայրենյաց մեկ այլ զինվոր էլ Սարգիս գրիչն է («Մատյանը փրկության»), բայց ոչ զենքի, այլ գիր ու դպրության զինվոր, ոգի ամրացնող զինվոր, ով համոզված է՝ անհնար է հաղթել ոգուն: Այդ անպարտ ոգու կերտողներից մեկն էլ Արցախյան ազատամարտի՝ իր բնագավառի զինվոր, ուսուցչուհի Մկրտչյանն է, լքված ու դատարկ գյուղի միակ բնակչուհին, ով մնացել է, որպեսզի Մռավ սարի, հայրենի Շահումյանի համար նահատակված իր աշակերտների շիրիմներին տեղադրված թիթեղներին կավիճով թարմացնի անուն-ազգանունները, մինչև նրանց արժանի շիրմաքարեր դրվեն, որ չմոռացվեն արդեն-արդեն հողին հավասարվող հողաթմբերի տակ ննջող հայրենյաց նահատակ զինվորները:
Երբ Արցախ աշխարհում պոռթկաց հայկյան ազատաբաղձ ոգին, երբ Հայոց սահմանամերձ շրջաններում դժվար էր ու արյան կանչով ոտքի ելած՝ պետք էր տուն ու հայրենիք պաշտպանել, ինքն էլ, ահա գրողի իր կոչմանը հավատարիմ՝ զինվորի և ուսուցչի կողքին էր և այդ շրջանում գրված գործերն էլ փոքրիկ դրվագներ են Արցախյան նորօրյա գոյամարտից, մեծ ասքի պատառիկներ, որոնք վերստին են հավաստում գրողի մեծ հավատամքը՝ հող հայրենին կանգուն է այն մարդկանցով, ովքեր հավատարմությունն ապացուցում են գործով, ովքեր թանկ են գնահատում անցյալի հիշատակները:
Գիրը լեզվի հարստությունն է, իսկ մայրենին՝ ազգի: Դևրիկյանի համար սրանք սոսկ հավուր պատշաճի տող ու բառ չէին, այլ՝ ապրելաձև ու սկզբունք և իր ապրած կյանքով նա մեզ վերստին էր ապացուցում խոսքի ու գործի միասնության կարևորությունը: Իր գրքերի հերոսների պես ինքն էլ ողջ կյանքում սրտում և հոգում կրեց նախնյաց հիշատակներն ու պատմություն-զրույցները Եփրատի ափերին մնացած հայրենիքի ու նրա մարդկանց մասին, իր հերոսների պես ինքն էլ իր գործի զինվորը եղավ ու թեկուզ կյանքի վերջին տարիներին «տկար էր մարմնով ու աչաց լույսն էր պակաս», ոչ մեկ օր պարապ չանցկացրեց ու շարունակ Արցախ աշխարհում էր կամ Հայոց այլ շեն ու ավանում, գրասեղանի մոտ նստելու համար թողնելով շատերիս համար ամենաանհարմար ժամերը:
Ես իսկապես շատ եմ ճամփորդել իր հետ՝ Գավառից մինչև Լեռնապատ ու Վանաձոր, Արմավիրից, Արզնիից մինչև Թբիլիսի ու Հատիս, Իջևան ու Նոյեմբերյան: Շատ դեպքերում՝ մեր երկրի համար ծանր ու պատերազմական տարիներին: Ցերեկով հայերեն խոսք ու զրույցով վստահ քայլել ենք Մառնեուլիում՝ այլոց զարմացած հայացքների ներքո, իսկ ուշ գիշերը, Թբիլիսիից վերադառնալիս, կորցնելով մեզ ուղեկցող զինվոր տղաների մեքենան, մի կերպ խուսափել հետապնդումից ու բարեհաջող հասել Վանաձոր: Ցերեկը վայելել եմ խորհրդային երկրի գրողների միության անդամի՝ իր հանդեպ ցուցաբերած հարգանքը հարևան հանրապետությունում, նույն լարված գիշերվան հաջորդող առավոտյան իմ ձեռքով հավաքել Գևորգ Խաչատուրովիչի՝ գիշերվա ընթացքում գրված նոր վեպի ձեռագիր էջերը՝ տողերը ավելի ու ավելի աջ թեքված: Գրում էր փակ աչքերով, մի կարգին տեսողություն էլ չէր մնացել: Այդպես են ծնվել «Վիրավոր կռունկը», որի հրատարակմամբ իր անցնելիք գրական ճանապարհի հայտը ներկայացրեց, «Տրդատ ճարտարապետը»՝ նվիրված միջնադարյան մեր մեծագույն ճարտարապետներից մեկի՝ Տրդատի կյանքին ու գործունեությանը, ճարտարապետ, որ Գագիկ հայոց արքայի ղեկավարման ու Սարգիս Ա Սևանցի կաթողիկոսի գահակալության շրջանում Անի հայոց մայրաքաղաքի փառքին նաև շինարարական անկրկնելի փառք ավելացրեց: Նաև նրա գործերն են մինչև օրս կանգուն հայոց գերեվարված հողում՝ հուշելով ու հիշեցնելով նախնյաց գործի ու հիշատակի առջև մեր պարտականության մասին:
Իսկ հետո առավել տարողունակ «Գոյամարտն» էր՝ կենտրոնում ունենալով դարձյալ Անին ու անկախության համար մեր ժողովրդի մղած պայքարը: Մեր պատմիչների թողած գրական ժառանգության փայլուն գիտակ էր, խորքով ուսումնասիրել ու տիրապետում էր բոլոր մանրամասներին: Երբեմն թվում էր՝ այն, ինչ ինքն էր անում՝ ուղղակի վեր է մի մարդու ուժերից, ընդ որում՝ հրատարակչական աշխատանքին զուգահեռ, որ կատարում էր ոչ պակաս բարեխղճությամբ, խորապես կարևորելով իր արածի նշանակությունը: Հայ երեխայի ճշմարիտ դաստիարակության տեսանկյունից «Սովետական գրող», ապա «Արևիկ» հրատարակչություններում նրա արածը նույնպես բարձր գնահատականի է արժանի, սրան զուգահեռ՝ պատանիներին հասցեագրված «Երկրագունդը կլոր է» և «Մանկության տունը» գրքերը, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածները՝ նվիրված մայրենիին, հայ երգին ու անձի համակողմանի դաստիարակության, միշտ այժմեական, խնդիրներին: Նա համոզված էր, որ նախնյաց պատմությունը պիտի սատար լինի ապրողներին, «օգնի ու զինակից լինի հայրենի երկրից օտար բռնակալին դուրս վանել տենչացողներին, որ կրկին իրենց բնիկ երկրին ու հնամյա հողին տեր կանգնեն ռամիկն ու շինականը» և, ինչպես Ռուբեն իշխանն է ասում. «…Այս երեսունհինգ տարիները թեև դաժան, սակայն ուսանելի դաս եղան մեզ, թե երբեք ու երբեք հույսը մեր չդնենք այլոց վրա, ինչպես այն ժամանակ եղավ և հավատ չընծայենք ոչ հավատակից բյուզանդացիներին նենգ ու ոչ չարադավաններին անողորմ: Միայն ապավինենք մեր ուժին և մեր հույսին» («Գոյամարտ»):

***
Իմ հայրենի Գավառում, տեղի համալսարանի ռեկտոր Հրանտ Հակոբյանի հրավերով ուսանողների հետ հանդիպումից ու Աշուղ Սազայու ծննդյան 150-ամյակին նվիրված հանդիսություններից հետո, ուշ մի ժամի անհնար եղավ մերժել համառորեն իր տուն հրավիրող մեր հայրենակցին. գնացինք: Տանտիրոջ դուստրը, իրենց տանը տեսնելով ճանաչված գրողին, երջանիկ ժպիտը դեմքին բերեց ու սեղանին դրեց Դևրիկյանի գրքերը՝ հեղինակային ընծայագրով ստանալու համար: Հայրը, տեսնելով գրքերի «բուրգը», ցնցվեց. «Էս հմեն դո՞ւ ես գրե»,- ապշած ասաց նա: Համանման մի դեպքի էլ Հատիսում ականատես եղա, երբ հայրը, տեսնելով գրողին հանդիպած դստեր ուրախությունը, առարկություն չընդունող տոնով հայտարարեց. «Ձեզ սպասողներն ինձ չեն հետաքրքրում, մինչև իմ օջախում աղ ու հաց չկիսեք, չեք գնա»:

***
1988-ի երկրաշարժից տուժած Լեռնապատ փոքրիկ գյուղ առաջին մեկ տարվա ընթացքում միասին մի քանի անգամ գնացինք: Այդ տարիներին աշխատում էի կրթական «Դպրություն» թերթում, և մի նախաձեռնություն էինք սկսել՝ «Սպիտակի կրթարանների վերընձյուղումը նաև մեր գործն է» և, ի թիվս այլ գործերի, խմբագրությունում հավաքում էինք գրողների հեղինակած գրքերը՝ իրենց ընծայագրերով՝ Շիրակամուտի դպրոցի գրադարանը վերականգնելու համար: Դևրիկյանն ավելի առաջ գնաց և իր անձնական գրադարանից բազմաթիվ գրքեր նվիրաբերեց Լեռնապատի դպրոցի գրադարանին: Այդ օրերին իր հարկի տակ երկուսիս հյուրընկալել էր անզուգական մարդ ու հայրենի բնության նվիրյալ, արձակագիր Վալտեր Թորոսյանը: Ողջ օրվա լարված ու մարդկայնորեն այնքան ծանր հանդիպումներից հետո, գիշերային ուշ ժամերի շարունակում էր գրել: Նա ճշմարիտ մտավորական էր՝ խոսքով ու գործով և ոչ մի օր անիմաստ չանցկացրեց. ասես զգում էր, որ վաթսունամյակն էլ չի հասցնելու նշել:
Այս տարի Գևորգ Դևրիկյանի մահվան քսանամյակն է, մյուս տարի՝ 2017-ի հոկտեմբերի 1-ին, ծննդյան ութսունամյակը: Հուսանք, որ այն կնշվի հավուր պատշաճի: Իր գործով ու պահվածքով Գևորգ Դևրիկյանը իրապես վաստակել է այդ իրավունքը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։