Վան ԱՐՅԱՆ
Շատ լավ ու անհրաժեշտ տոն է: Անհրաժեշտ, որովհետև պարզվեց, որ մեր այս երկարամյա պայքարի ընթացքում, մեկ տարի առաջ, իսկապես, երևաց, որ մենք արդեն քաղաքացի ենք: Մինչ այդ մենք ժողովուրդ էինք, ազգ էինք, մարդ էինք, բայց 21-րդ դարում հաղթանակ կարող է տանել միայն քաղաքացին:
Տիգրան ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Այս օրերին տարբեր կարծիքներ հնչեցին` դրական ու բացասական, լի մտահոգությամբ կամ հրճվանքով, ինչպես միշտ` մեզ այնպես հատուկ, նախ նյութական մասի շեշտադրումով, դրա վերաբերյալ կասկածներով` փողը որտեղ և ինչի վրա ծախսելուց մինչև միմյանց չհավատալը, վարչապետի հետ սելֆիից մինչև օրվա վերաբերյալ լրագրողական մի լուրջ հարց այդպես էլ չլսելը: Քաղաքացու ձևավորման շրջան է` ասում են: Տա Աստված, որ կայանա ու լինի երկրի քաղաքացին:
Իր հողին ամուր կանգնած:
Գնահատելով ու կարևորելով սերունդների հաջորդայնությունը: Ազգային անանց արժեքներին հավատարիմ: Վերջապես, ծայրահեղ բևեռացված, նյութապաշտության խեղդող մեր ժամանակներում բժշկին, ուսուցչին, իրավաբանին իր ընտանիքի անդամների առողջությունը, կրթությունը, արդարադատությունը վստահած շարքային մարդու իրավունքների պաշտպանությամբ, նրա հանդեպ իրական հարգանքով և մարդկային ու մասնագիտական պատասխանատվությամբ:
Օլգա ԴԱՐՅԱՆ
Ասում են՝ գրողը պիտի միշտ լավատես լինի… Փորձեցի լավատեսորեն ընդունել Հայաստանում քաղաքացու օր հռչակելը՝ ի՞նչ կա որ…
Ցավոք, ինչ-ինչ պատճառներ շուտով ինձ մեղադրեցին իմ լավատեսության մեջ:
Չեմ կարող չհիշել ճիշտ այս օրերը՝ մեկ տարի աաջ, երբ ազգովի հրապարակ դուրս եկանք. դա՛ էր տոն, դա՛ էր ցնծություն՝ առանց նախատեսված ծախսերի և палочка-выручалочка ՍՊԸ-ների:
Իսկ այս տոնին չմասնակցեցի, քանզի ինձ թվաց, թե մի երեխա եմ, որի դիմաց դասավորված տոնական վառվռուն փաթեթավորումով տուփերը ամբողջովին դատարկ են, և որ պայթել է իմ միակ փուչիկը…
Չէ՛, լավ է մեծանամ և անցնեմ ֆելիետոն գրելուն…
Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ ստեղծեցին նոր տոն, և նոր մտածողությունը նաև հանդիսավոր օրով նշվեց: Թավշյա հեղափոխությունը, իսկապես, արվեց երիտասարդների կողմից, իրենք համարում են, թե միայն իրենց շնորհիվ է դա եղել, անկեղծ ասած, մենք՝ մեծերս, միջին տարիքի մարդիկ, նշել ենք մեր հաղթանակը, երբ եղավ Արցախի ազատամարտը: Այդ ծանր տարիներին մեր ուսերին ամբողջը անցավ, և մենք մեր ժամանակ ձեռքներս բարձրացրել ենք ու քայլել ենք հրապարակներով, ամեն տեսակ դիմադրություն ենք տեսել, ավելի բարդ ճանապարհով ենք անցել և հիմա ողջունում ենք երիտասարդներին: Այո՛, սա իրենց իրականացրած հեղափոխությունն է, և, իհարկե, օգտվում ենք բոլորս: Ցանկանում եմ, որ այս տոնը մշտապես կայուն ամրագրվի մեր տոնացույցում, և այդ օրը միշտ հիշենք, որ մեր երիտասարդները կարողացել են կոտրել կարծրատիպերը, որ մեզ բոլորիս էր խանգարում՝ մտնելու նոր հազարամյակ:
Վահան ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Եթե հեղափոխությունը արդյունք տա, և մեր աշխարհում տիրի արդարություն, սոցիալական ապահով վիճակ, և մարդիկ սիրով հիշեն հեղափոխության այդ օրերը, ուրեմն՝ քաղաքացու օրը իմաստ ունի: Ծառը ճանաչում են իր պտղից:
Թադևոս ՏՈՆՈՅԱՆ
Կարող է լավ տոնի վերածվել, եթե հիմքերը, նպատակները ճշգրտվեն, այսինքն՝ տոնը կարողանա արժեհամակարգային բովանդակություն ձեռք բերել: Իսկ դա կախված է, առաջին հերթին, պետական մոտեցումից, պետական և իշխանական լծակներ ունեցող մարդկանց մոտեցումից: Դրա համար նախադրյալներ կան: Այն, որ այդ տոնը կապված է պատմական-քաղաքական այնպիսի կարևոր իրադարձության հետ, որը համաժողովրդական բովանդակություն ունի և առաջին անգամ նշվելիս շատ անմիջական էր: Դա ոչ թե պետության տոնը պետք է լինի, այլ՝ ժողովրդի:
Մովսես ՄԱՆՈՒԿՅԱՆ
Շատ կարևոր է, որ ամեն մարդ հասկանա, ընկալի քաղաքացի բառի իմաստը: Ցավոք սրտի, մենք հսկայական բաց ենք ունեցել «երկրի քաղաքացի» հասկացողության առումով: Խորհրդային շրջանում պետությունը տեր-տիրական էր, հոգում էր բոլորի հոգսերը՝ կրթություն, գիտություն, առողջապահություն և այլն, և սահմանափակում էր քաղաքացու ազատ մտածելու, գործելու իրավունքները: Եվ քաղաքացին միավոր չէր, ցավոք սրտի, ինչքան էլ ապահոված էին նրա կենսական միջոցները:
Խորհրդային շրջանին հաջորդեց մի շրջան, որտեղ դրա հակառակ պատկերը ստացանք: Արդեն պետությունը ձեռքերը լվացել էր, քաղաքացու հետ գործ չուներ, և քաղաքացին, այսպես ասած, մատնված էր բախտի քմահաճույքին: Էլի չկար այդ զգացողությունը: Իսկ «քաղաքացի» զգացողությունը երկկողմանի է. դու պիտի զգաս քո պետությունը, երկիրը, որտեղ բնակվում ես, և երկիրը պիտի զգա քո քաղաքացի վիճակը, և պիտի համատեղ պատասխանատվություն ունենաք երկուսդ էլ: Գուցե տարրական բան եմ ասում, բայց երբեք չի ձևավորվի քաղաքացի այն մարդուց, ով ծխախոտի մնացուկը կարող է նետել փողոց: Նա չի կարող դառնալ երկրի քաղաքացի, որովհետև անարգում է այդ երկիրը: Երկիրը այդ հողն է, մայթն է, ջուրն է, աղբյուրն է, որից ինքը խմում է և անարգում է: Այսինքն՝ քաղաքացի պիտի ձևավորվի, այդ ձևավորումը պիտի լինի այսպես՝ և՛ երկիրը պիտի կայանա, և՛ քաղաքացին: Միասին կայանան՝ իրար նեցուկ լինելով, որպեսզի և՛ երկիրը երկիր դառնա, և՛ քաղաքացին՝ քաղաքացի: Հիմա մենք, կարելի է ասել, այդ ճանապարհի սկզբնամասում ենք, ցավոք սրտի: Այսօր անարգելով գնում ենք: Մի քանի օրինակ ասեմ՝ մեզ համար գեղեցիկ ծառը կտրելը շատ հեշտ է, որովհետև մեր սիրտը չի ցավում: Կամ՝ Հաղթանակի զբոսայգին, որ մեր քաղաքի լավագույն վայրն է, մի կողմում կտրեցին ամբողջ զբոսայգին, դղյակներ կառուցեցին, մյուս կողմում՝ շքեղ հյուրանոց: Դրա հետ գուցե ինչ-որ կերպ համակերպվենք. ինչ-որ բան կորցրել ենք, ինչ-որ բան ստեղծվել է, բայց այդ հյուրանոցից ուղիղ տասը մետր վերև բարձրացեք ու մտեք այգի: Անտանելի աղբանոց է: Այսինքն՝ քաղաքացին անարգել է իմ երկիրը, իմ երկիրն էլ տեր չի կանգնել քաղաքացուն, որպեսզի վերջինս գա այն գիտակցության, որ դա ի՛ր երկիրն է, ինքը չպիտի անարգի այն: Այդ հարաբերությունների սկզբնամասում ենք: Տա Աստված՝ նորմալ զարգանան այդ հարաբերությունները, ու կայանան և՛ քաղաքացին, և՛ երկիրը: Երկուսն էլ այսօր կիսատ վիճակում են: Լավ է, որ հիմա նշանակություն ենք տալիս դրան: Այսինքն՝ քաղաքացուն համարում ենք միավոր, ուզում ենք, որ նա հաստատակամ լինի իր տեսակի, իր ձևի մեջ, գիտակցի՝ ինքը այս երկրի քաղաքացին է, այս երկրի տերն է, այս երկրի ծառան է: Եթե սրանցից միայն մեկը լինի, չի կայանա ոչ մի բան: Այս տոնը մարդկանց մի անգամ ևս բացատրելու, հասկացնելու համար է, որ սա քո երկիրն է, դու՝ նրա քաղաքացին ես, տերը ու ծառան: Սրան պիտի միտված լինի: Առաջին անգամ է նշվում այս տոնը: Պետք է շեշտադրումները ճիշտ արվեն, թե ինչի համար է դա: Իսկ դա նրա համար է, որ կայանա երկխոսությունը՝ երկիր, երկրի քաղաքացի, երկուսն էլ տերն են ու ծառա: Այդ համագործակցությունը եթե կայանա, տոնը դրան պիտի միտված լինի:
Հրազդանում՝ Կոտայքի մարզկենտրոնում, միջոցառումներ կազմակերպվել էին, ավանդական ձևերի մեջ կամ մի քիչ տարբեր, բայց գաղափարը լավն է: Թող լինի քաղաքացու տոն, և՛ երկիրը իր քաղաքացուն զգա, ընդունի, արժևորի, և՛ քաղաքացին իր երկիրը զգա, սիրի, ընդունի և արժևորի:
Նարինե ԿՌՈՅԱՆ
Ինձ համար, իսկապես, քաղաքացի լինելու գիտակցումը մեծ նվաճում է, եթե, իհարկե, մեր բնակչությունը կարողացել է քաղաքացի դառնալ: Ուզում եմ, որ ունենանք քաղաքացու իրավագիտակցություն, քաղաքացու պատասխանատվություն, որ պարտադիր է, նույնքան կարևոր, որքան իրավագիտակցությունը: Մենք, իրավունքներից բացի, պետք է ունենանք պարտականություններ և պատասխանատվություն կրենք մեր երկրի ու պետության համար, որովհետև պետությունը մենք ենք: