Մայիսի 7-ին Ավետ Ավետիսյան 70 հասցեում տեղի ունեցավ Արմեն Հովհաննիսյանի հուշատախտակի բացման արարողությունը՝ ՀԳՄ-ի և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ: Հուշատախտակի հեղինակն է ճարտարապետ Հայկ Ասատրյանը:
Ա. Հովհաննիսյան թարգմանչի, հրապարակախոսի մասին ելույթ ունեցան պատմաբան Անդրանիկ Արշակյանը, ճարտարապետ, քաղաքապետարանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանը, արձակագիր, թարգմանիչ Դիանա Համբարձումյանը, «Հայաստան» հրատարակ- չության տնօրեն Վահագն Սարգսյանը, ճարտարապետ Հայկ Ասատրյանը:
Ներկա էին մտավորականության ներկայացուցիչներ, երգահան Սասուն Պասկևիչյանը, քանդակագործ Տիգրան Արզումանյանը, նկարիչ Հաղթանակ Շահումյանը, Արմեն Հովհաննիսյանի մտերիմներն ու բարեկամները:
Հուշատախտակին դրված գրիչը խորհրդանշում է Ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակը, որ Ա. Հովհաննիսյանը ստացել էր 1990 թ.-ին՝ հրա- պարակախոսական լավագույն հրապարակումների համար:
«Ոչ միայն իր համար ամենաթանկ մրցանակներից մեկն է, այլև իրեն ամենաբնորոշն էր, որովհետև գրիչն իր զենքն էր, որով պայքարում էր արցախյան ազատամարտի օրերին, որով նա ցավով քննադատում էր մեր հասարակության մեջ տեղ գտած արատավոր երևույթները, և նաև քնարն էր, որով փառաբանում էր «Հայաստան` երկիր դրախտավայրը»,- ասաց Ա. Հովհաննիսյանի կինը՝ Հեղինե Մելիք-Վրթանեսյանը: Ապա հավելեց, որ այս տարի՝ Ա. Հովհաննիսյանի ծննդյան 80-ամյակի առթիվ, մինչև տարեվերջ լույս կտեսնեն Վ. Նաբոկովի երեք վիպակները, որ թարգմանել, բայց չի հասցրել հրատարակել Ա. Հովհաննիսյանը, իսկ աշնանը կկազմակերպվի հուշ-երեկո:
Հուշատախտակը տեղադրվել է Արմեն Հովհաննիսյանի ընտանիքի միջոցներով: