Սեպտեմբերի 14-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ ամերիկահայ գրող Գրիշ Դավթյանի «Անձրև է գալիս» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հավաստմամբ՝ Գ. Դավթյանը մասնավորապես Լոս Անջելեսի գրական շրջանակներում եղել և է՛ գրական բոլոր հարաբերությունների, գործունեության հենասյունը, ողնաշարային դեր է կատարել գրական կյանքում: «Գրիշ Դավթյանն, իր մարդկային բարձր հատկանիշներով, միշտ եղել է կապող օղակ, առանցք՝ ամերիկահայ գրական կազմակերպությունների հետ մեր գրական աշխատանքում»,- ասաց Էդ. Միլիտոնյանը: Ապա անդրադառնալով Գ. Դավթյանի բանաստեղծություններին՝ նա նկատեց, որ այդ ստեղծագործությունների հիմնական թեման հայրենասիրությունն է, հիշողությունները, որոնք կապվում են Պարսկաստանի, Հայաստանի, Ամերիկայի հետ: «Տարբեր երկրներում ապրած մարդու լիքը ասելիք, որ բանաստեղծական ձևեր է ստանում»,- նշեց ՀԳՄ նախագահը և Գ. Դավթյանին պարգևատրեց ՀԳՄ պատվոգրով:
Գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն ընդգծեց Գ. Դավթյանի ստեղծագործությունների բազմազանությունը՝ նշելով, որ նրա գրքերի վերնագրերն արդեն իսկ ենթադրում են այն շրջանակը, որի տարածության մեջ նա ստեղծագործում է: «Նրա անընդհատ դեսուդենությունն է՝ ոչ միայն կենսագրության բերումով, այլև զգացմունքների հորդառատությամբ, բազմազանությամբ»,- ասաց Ա. Նիկողոսյանը՝ փաստելով, որ վերջին տարիներին գրված գրքերի նպատակադրումը Գ. Դավթյան բանաստեղծի համար սեփական ստեղծագործական հունձքը ամփոփելն է ըստ տեղագրության: «Անձրև է գալիս» ժողովածուում արծարծվում է լոնդոնյան թեման, և կապված է Գ. Դավթյանի ուսանողական կեցության հետ: «Առկա է ոչ միայն տեղանքային, այլև զգացողությունների դրսևորման փոփոխություն»,- ամփոփեց գրականագետը:
Ելույթ ունեցան նաև Սարո Բաբումյանն ու Ազատ Եղիազարյանը:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Գրիշ Դավթյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ