ԿԱՐՈՏ ՀԱԶԱՐ ՏԱՐՎԱ ՀԵՌՎԻՑ

Մայիսի 23-ին Մ. Հերացու անվան Բժշկական համալսարանի 6-րդ լսարանում տեղի ունեցավ արձակագիր, բանաստեղծ Արմենուհի Սիսյանի «Հազար տարվա կարոտ» գրքի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը բացման խոսքում նշեց, որ խոսքն իր բուժիչ հատկությամբ նշանավորվել է պատմության մեջ փիլիսոփաների, բանաստեղծների, մտածողների կողմից, և պատահական չէ, որ Նարեկացու «Մատյանը» համարվել է բարձի տակ դրված բալասան, որը դարեր ի վեր բուժել է մարդկանց իր հզոր հոգևոր լույսով: Հավելելով, որ գիրքն իր ներքին հաղորդակցական հոսքերով աշխատում է մարդուն դարձնել բարի և գեղեցիկ, Էդ. Միլիտոնյանն անդրադարձավ Ա. Սիսյանի «Հազար տարվա կարոտ» գրքին: Ճապոնական թանկաների` մի քանի տողով, կարճ, հովազի ցատկի պես դիպուկ պոետական մտածողությունը հայտնվել է նաև հայ բանաստեղծության մեջ: ՀԳՄ նախագահի հավաստմամբ` Ա. Սիսյանի արձակին միշտ օգնել է բանաստեղծականությունը, ոչ թե մակերեսային զգացմունքայնությունը, այլ խորքային ապրումները, և կանացի ապրումների, նուրբ ելևէջների նոտայի վրա նա ստեղծել է իր գիրքը:
«Անդին» ամսագրի պոեզիայի բաժնի խմբագիր, բանաստեղծ Անի Տեր-Գուլանյանի կարծիքով` Ա. Սիսյանը, լինելով արձակագիր, նուրբ, քնքուշ պոեզիա է ներկայացնում` զարմանալի քնքշությամբ ու նրբությամբ իր կանացի էությունը փոխանցելով այս գրքին: «Եվ պատահական չէ, որ Ա. Սիսյանին ուզում են ներկայացնել ճապոներենով, որովհետև թանկայատիպ զգացողություն կա նրա պոեզիայում»,- ասաց Ա. Տեր-Գուլանյանը և հավելեց. «Հազար տարվա անմարմին կարոտ պարուրեց գրքի հետ աշխատելիս, յուրաքանչյուր տողն ապրված է»:
Ելույթ ունեցավ նաև Բժշկական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բան. գիտ. թեկնածու Հենրիետա Սուքիասյանը` ընդգծելով. «Ա. Սիսյանի բանաստեղծություններում հավերժանում է կարոտը հազար տարվա հեռվից ու ամեն պահ»:
Սիրված դերասանուհի Աննա Մանուչարյանը ներկայացրեց Ա. Սիսյանի գրական կենսագրությունը և կարդաց նրա բանաստեղծություններից: Երաժշտական կատարումներով ելույթ ունեցան հնդիկ ուսա- նողուհի Լակշմիպրիյա Հարիկրիշնան, հեղինակային կատարմամբ՝ Պաշտպանության նախարարության ծառայող Արմինե Հայրապետ- յանը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» ֆոլք ջազ բենդի թառահար Միքայել Ոսկանյանը և նույն բենդի ու «Ռեինկարնեյշն» խմբի երաժիշտ Ռաֆայել Ավագյանը, օտարերկրացի ուսանողների «Վերնատուն» երգչախումբը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։