ՎԱՎԵՐԱԿԱՆ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄՆԵՐ / Հենրիկ ԳԱԼՍՏՅԱՆ

Հերոսապատումի արդեն ո՞րերորդ պարունակն է գրում Գոհար Մարտիկյանը: Եվ ո՞րերորդ անգամ է նա գերում-հմայում մեզ՝ ճանաչելու համար արժանապատիվ ապրելու ստույգ բանաձևը, սովորական հայ մարդու անզարդ հերոսականությունը:
Նախախնամությո՞ւնն է սահմանել, որ հասարակ՝ գոհար և մարտիկ բառերով կնքված անվան տերը՝ Գոհար Մարտիկյանը, պիտի հայոց այլ մայրերի հետ կրի հարազատ Որդու նահատակման Մեծ տառապանքն ու տառապանքի միջով էլ ապրել շարունակողներին տեսնել տա կյանքի չհանգչող լույսերը…
Ասես անբեկանելի մի առաքելություն, որ հեղինակին պարտադրել է առանց դադար առնելու հրապարակ հանել մեզ դեռևս անծանոթ ո՛չ մեկ, այլ շատուշատ ազատամարտիկների կյանքի սովորական ու զարմանալի դրվագները:
Մեր ժողովրդի հերոսական էջերի ու անունների մասին (սկսած Վարդանանց մաքառումներից մինչև նոր ժամանակների ֆիդայական շարժումները), ինչ խոսք, քիչ չի գրվել՝ թե՛ պատմագիտական ու գեղարվեստական, թե՛ հրապարակախոսական բնույթի: Ժամանակաշրջանի որոշակի հեռավորությունից ավելի անկաշկանդ ես պատմական դեպքերի ու դեմքերի սեփական ընկալումներում: Այնինչ, երբ դրանք քո կողքին են եղել, քո ապրած օրերի մեջ, այլևս այդ ազատության իրավունքը չունես: Քո ասածի վկաները շա՜տ են զգայուն, շա՜տ են փխրուն:
Այս ամենի հստակ գիտակցությամբ է Գոհար Մարտիկյանը ձեռնամուխ լինում ամեն մի հրաշապատումի շարահյուսմանը՝ պարզ ու անպաճույճ, առանց ճչան ու ճռճռան խոսքերի, միաժամանակ՝ ազդեցիկ ու գրավիչ: Այսքան բազում պատումների մեջ ինչպե՞ս է հեղինակին հաջողվում ամենևին չձանձրացնել ընթերցողին, երբ թեման (ընդարձակ առումով) անփոփոխ է՝ ազնիվ ապրելակերպի մեջ հերոսականության փայլատակումը:
Գաղտնիքը դժվար թե միայն անաղարտ ու կառուցիկ լեզվամտածողությունն է՝ զերծ ոճական սեթևեթանքներից ու ոլորումներից: Գաղտնիքը նյութի ոգեղեն խորքերը թափանցելու, այն սեփական արյան բջիջներով համազգալու շնորհի մեջ է:
Իր պատումներում Գոհար Մարտիկյանը հայտնագործում է հասարակ ու ազնվաբարո կյանքից անկապտելի հերոսականությունը, որ բնական մի անհրաժեշտությամբ մակերես է բարձրանում, երբ տունդ, հայրենիքդ վտանգի դիմաց են հայտնվում: Գրքի պարունակները վկայում են, որ նման կյանքով ապրող մեկ-երկուսը կամ տասը-քսանը չեն, այլ հարյուրներ են, հազարներ… Ասել է թե՝ ազգի մեծազորությունը լոկ նշանավոր ու հանճարեղ անհատների անունները չեն հավաստում. ազգի մեծազորությունը ամենից առաջ հող ու քարի հետ ամենօրյա կռիվ տվող ու բարիք ստեղծող հայորդիներն են կռում՝ չզատելով իրարից սեփական տունն ու հայրենիքը:
Նրանցով է ազգը ազգ դառնում, և նրանք են ազգի անստգյուտ տերերը: Ուրեմն և դո՛ւ, եթե մաքուր խղճով ես ապրում և անշահ նվիրվածությամբ, կանգնում ես նրանց կողքին, նահատակ հերոսներին հավասար:
Սա չէ՞ այս գրքից առած ամենամեծ խորհուրդը, որ առաջին դասը պետք է դառնա հատկապես նոր սերնդի համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։