Ամանորի տոնական օրերին համբերությամբ դիտաունկնդրեցի հայկական հեռուստաալիքների համերգահումորային ծրագրերը: Եթե փակես աչքերդ ու միայն լսես, կմոռանաս, որ Հայաստանում ես, ավելի շատ` Թուրքիայում, Պարսկաստանում կամ արաբական որևէ այլ երկրում ես… Բայց շատ արագ համոզվում ես, որ, այնուամենայնիվ, Հայաստանում ես, քանզի եթե անգամ մեղեդին խաբկանք է, ապա չեմ կարծում, թե վերը թվարկած երկրներում երգերը նման հիմար ու անհեթեթ տեքստեր կունենային:
Իսկ հումորն էլ ոչ թե ծիծաղդ է բերում, այլ լացդ… Մտածեցի` նոր ժամանակներ են, ես էլ «ծերացել եմ», նորը չեմ ընկալում, ուստի` եռասերունդ ընտանիքով նստեցինք հեռուստացույցի դիմաց, ու երբ ավարտվեց հերթական «գլուխգործոցը», բոլորս հարցական իրար էինք նայում, իսկ Մարիամիկ թոռնուհիս ասաց.
– Գնանք դուրս, թող Բոնին, Ռեքսը, Տոտոն խաղան, ուրախանամ:
Բոնին ու Ռեքսը իմ շներն են, Տոտոն էլ սիամական կատուն է, բոլորն էլ խնամված, կոկիկ, իսկ այսօր մեր երկրի մշակութային պատկերը (հեռուստատեսությունը ընդամենը դրա մի մասնիկն է) թափթփված ու անխնամ է: Անմտություն է մեր անբովանդակ երգաշոութամաշան, խայտաբղետ, թուրքատեսք տարազներով պարախմբերի տռճիկ տալը, անիմաստ, անբովանդակ հումորային կինոֆիլմերը, գեղագիտական ճաշակը բաց ազդրերի ու կրծքերի հետ նույնացնելը, ներկայացնելը որպես արվեստ ու մշակույթ…
Ամենասոսկալին մեկը մյուսին հաջորդող սերիալներն են: Գեղարվեստական ֆիլմը տևում է մոտ երկու ժամ, որի ընթացքում ամենաճանաչված ու տաղանդավոր դերասաններն անգամ էկրանին ամենաշատը 20 րոպե «մաքուր» ժամանակ են ունենում: Դրանից ավելի էկրան զբաղեցնելու, այսպես ասած, «աչքին երևալու» դեպքում կարող են դառնալ ձանձրալի ու անհետաքրքիր, իսկ մեր բեմաֆոտոգենիկ արտաքին, արտիստիկ արտահայտչամիջոցներ, նորմալ, հանդուրժելի քայլվածք չունեցող, կրկնվող ժեստերով, անարտահայտիչ դիմախաղով «դերասանները» և «դերասանուհիները» ոչ միայն սերիալի կադրից կադր, դրվագից դրվագ, սկիզբ ու վերջ են լցված, այլ իրար հաջորդող սերիալներում միայն իրենք են ու իրենք: Իսկ ինչպես են բռնաբարում մեր մայրենի լեզուն. «նախագահի» փոխարեն` «նախագան», «կոնյակի» փոխարեն` «կոյնակ», «շնորհիվի» փոխարեն` «ի շնորհիվ»… Իսկ անուններին ի՞նչ է պատահել. Անահիտը` Ան, Կարինեն` Կառ, Դավիթը` Դավ, Սամվելը` Սամ, Սիրանուշը` Սիռ, Գևորգը` Գև և այլն… Ծեծում, ջարդում, բռնաբարում, ստորացնում են միմյանց, ոչ մի սովորական, կյանքային փոխհարաբերություն, մարդկայնության ու բարոյականության ոչ մի նորմ: Վենդենտա` ծայրից ծայր, կարծես անցյալ դարի Սիցիլիան լինի կամ կովբոյական Ամերիկան: Ամենաբացասական դեպքերով ու դեմքերով հանդերձ, սա Հայաստանն է, որտեղ նման պատմություններն ու դեպքերը ոչ թե օրինաչափություն են, այլ մասնավոր, ոչ տիպական երևույթներ:
Մեզ, մեր զավակներին ու թոռներին ի՞նչ է տալիս այս հրեշավոր, ոչ կյանքային պատմությունների ցուցադրությունը: Ոմանք մատի փաթաթան են դարձրել, թե «պահանջարկն է առաջարկ թելադրում», բայց եթե մարդկությունը առաջնորդվեր սրանով, ապա վերածնունդ, մշակույթ, գրական, նկարչական, երաժշտական, թատերական ու կինո գլուխգործոցներ չէր ունենա, քանզի մեծամասնության պահանջարկը միշտ էլ եղել է մակերեսայինը, պարզունակը, մտքին ու հոգուն ոչինչ չտվող դյուրընկալելին:
Ի վերջո, մշակութային ո՞ր բնագավառով կարող ենք այսօր լիարժեք ու բացճակատ ներկայանալ մեծ աշխարհին, ասելով, որ սա է ՄԵՐԸ, ԱԶԳԱՅԻՆԸ, ՀԱՅԿԱԿԱՆԸ…
Հիշեցի, թե տարիներ առաջ ինչ եմ ասել այս թեմայի շուրջ տված հարցազրույցում: Անցել են տարիներ, բայց վիճակն ավելի է վատթարացել ու կարելի է կրկնել ասածս. այո՛, բութ, անտարբեր վերաբերմունք է, և ստեղծագործող արվեստագետները հասարակության ու իշխանությունների կողմից պատշաճ գնահատանքի չեն արժանանում: Ու քանի որ չկա պետական գնահատանք, հոգածություն ու վերաբերմունք, հանրությունն էլ, վիճակին հարիր, դարձել է «համակարգչային», մակերեսային ընթերցող, «վետերան» ընթերցողներն էլ համաշխարհային կամ ազգային գրականությունից մի քանի անուն գիտեն, որոնց բոլոր գործերը չէ, որ կարդացել են: Դժվար է ժամանակակից հայ գրողը հաստատվում, երբ արդեն իսկ շատ քիչ ընթերցողների մտածողությունը կաղապարակուռքային է, պատվանդանին բարձրացված է մեկ գրող, ու վերջ, մյուսները չկան: Իշխանությունների համար էլ եթե «յուրային» չես, ուրեմն կասկածելի ես` այստեղից բխող հասկանալի հետևանքներով:
Մշակութային համատարած ճգնաժամ ու տեղատվություն է: Կինոարվեստը խեղդվել է անհումոր ֆիլմերի ու անիմաստ սերիալների ճահճուտում: Երաժշտության գագաթնակետը օպերան է, բալետը, սիմֆոնիան, սակայն ե՞րբ է գրվել հայկական վերջին օպերան կամ բալետը: Թատրոնի վիճակն էլ ողբալի է: Կերպարվեստում ևս խամրած են գույները. տպավորող, մնայուն գործեր չկան, քանզի այստեղ ևս վերաբերմունք, մթնոլորտ… ՕԴ չկա:
Սա է վիճակը: Ամոթ է, երբ «վաստակավորի» կոչում են ստանում Արմենչիկն ու իր նման քոթոլ-մոթոլ երգիչներն ու դերասանները: Ամոթ է, որ սպիտակցի Հայկոյի արաբա-պարսկա-թուրքական աջաբսանդալն ավելի շատ է տարածվում, քան Կոմիտասի «Կռունկը»…
Ասում եմ` «Ամոթ» ու չգիտեմ` ով է ամաչելու. հարահոսով ապաշնորհ ու անկարող նախարարներ փոխող կառավարությո՞ւնը, թե՞ մի ամբողջ համակարգ իր համար անպտուղ բոստան դարձրած հերթական «փրկիչ» նախարարը:
Ուրեմն` ինչպե՞ս, ուրեմն` ո՞վ… Ուրեմն գրողները, նկարիչները, երաժիշտները պետք է իրենց վճռորոշ խոսքն ասեն և թույլ չտան, որ նոր կառավարության ձևավորման ժամանակ էլի, հերթական անգամ գլխներիս կարգեն ում կամենան: Հայտնի պատմություն է. պատերազմ է, Չերչիլին են բերում երկրի բյուջեն: Փաստաթուղթը թերթելուց հետո նա հարցնում է. «Իսկ ո՞ւր են մշակույթի ծախսերը»: «Բայց հիմա պատերազմ է, ի՞նչ մշակույթ»: «Եթե չկա մշակույթ, ուրեմն ինչի՞ համար ենք մենք պատերազմում»,- զարմանում է Չերչիլը:
Իսկ ե՞րբ են մեր իշխանավորները հասկանալու, որ ազգային մշակույթ ստեղծելն ու պահպանելը մեծագույն առաքելություն է: