Չափածո և արձակ բազմաթիվ գրքերի հեղինակ, գրական մի շարք մրցանակների դափնեկիր Լիպարիտ Սարգսյանը ընթերցողի սեղանին է դնում նոր, միանգամայն թարմ ժողովածու՝ ապացուցելով, որ իր գրիչն առաջվա պես բեղուն է, միտքը՝ պրպտուն ու անհանգիստ, սիրտը՝ զգացմունքներով, պոետական թրթիռներով հարուստ: Պիտի ասեմ, որ ես ի սկզբանե հենց այդպե՛ս էլ ճանաչել եմ իմ ավագ գրչեղբորը. և՛ այն ժամանակ, երբ միայն հեռակա գիտեի նրան՝ մամուլում հաճախ հանդիպող մտերմաշունչ բանաստեղծություններով, և՛, առավե՛լ ևս, այն ժամանակ, երբ նաև անձամբ ծանոթներ դարձանք, ավելին՝ բարեկամացա՛նք: Շատ առիթներ ենք ունեցել միասին միջոցառումների, հավաքների մասնակցելու, ելույթ ունենալու, ճամփա գնալու, գրական ու ոչ գրական զրույցներ ունենալու, ու ես հիմա միանգամայն համոզված կարող եմ ասել, որ իր պոեզիայով ու մարդկային նկարագրով նա հաճելի, խոսուն այն օրինակներից մեկն է, երբ ասում են, որ հեղինակը շատ նման է իր ստեղծագործություններին: Սեփական տողերի պես պարզ է ու անմիջական, բարեսիրտ ու անչար Լիպարիտ Սարգսյան գրողն ու մարդը:
Գրեթե բոլոր ժողովածուներում գրական իր դավանանքն ու ստեղծագործական կողմնորոշումը ձևակերպող, ինքնաբնութագրական տողեր ունի բանաստեղծը, բայց, ըստ իս, այս գրքում տեղ գտած մի քառյակով ավելի ճշգրիտ ու որոշակի է տալիս իրեն ճանաչելու, գնահատելու բանալին.
Իմ ողջ կյանքում փնտրեցի հավատի խունկ, հույսի դեղ,//Մարդկանց, որ իմ ճամփեքին դառնան փարոս ու կանթեղ,//Խորհուրդ արի մտովի Մեծերի հետ…և նորից//Իմ ուսուցիչը մնաց Թումանյա՛նը հանճարեղ…
Եվ իր մեծ ուսուցչից շարունակաբար սովորել, շատ բան է յուրացրել Լ. Սարգսյանը: Նրա բանաստեղծությունները պարզ են, բայց՝ ո՛չ պարզունակ, խոհ ու ապրումների ներդաշնակությամբ, խոհականությամբ ընթերցողին գրավող արտաքուստ հասարակ տողերը հաճախ են մղում մտորելու, այս աշխարհի ու կյանքի հետ հարաբերություններդ ճշտելու, օգնում՝ ինքդ քեզ ճանաչելու ու բացահայտելու: Նոր այս գրքում, սակայն, մի քիչ ուրիշ է ինձ ծանոթ Լիպարիտ Սարգսյանը: Չեն փոխվել, իհարկե, ստեղծագործական ձեռագիրը, պոետական կարևոր սկզբունքներն ու դավանանքը. խոսքը նույնքան պարզ է ու մտերմիկ, տողերում իշխում են անկեղծությունն ու գրավիչ անմիջականությունը: Պարզապես, դրամատիկ շեշտեր են հայտնվել հանդարտ, մեղմախոս տողերում, դառնություն է խառնվել կյանքի, աշխարհի, չար ու բարու, գոյության իմաստի շուրջ խորիմաստ, իրար լրացնող ու շարունակող մտորումներին, և, ես կասեի, այստեղ շատ ավելի սրված են բանաստեղծի զգայարանները, կյանքի, իրականության հանդեպ կարծես առավել կենտրոնացած ու տեսողունակ է հայացքը: Եվ երևի այլ կերպ չէր էլ կարող լինել. անհանգիստ, խառնակ ժամանակներ են, տագնապով լի, ցնցումների, առճակատումների մեջ հայտնված աշխարհ, որ չի հասցնում ուշքի գալ, և, վերջապես, իրեն ու իր երկրին պաշարած դառը մի իրականություն, որից, թվում է, ելք չկա…Եվ հայրենի եզերքին, բնությանը նվիրված բազմաթիվ լուսավոր ու հոգեխոս երգերի հեղինակի, սիրերգակի հոգին ընդվզում է այդ ամենի դեմ, այլ նոտաներ հնչեցնում: Աշխարհից խռով մի պահի բանաստեղծն անգամ անտեղի, ավելորդ է համարում իր երգն ու քնարը, որովհետև «Նյութն է իշխում աշխարհում այս բիրտ/ Ուժն է ամենուր տեր ու տիրակալ», ու «Տրորվում են ամենուր օրենք, ադաթ ու պատիվ», քանզի թվում է՝ հանկարծ հայտնվել է «օտար, անծանոթ մի մոլորակում», ուր չկան ո՛չ սեր ու կարոտ, ո՛չ երգ ու երազ: Ու ահա անգամ այսպիսի դառն ու ցավոտ մի եզրահանգում է արվում, որ պոետի հուսահատության գագաթնակետն է պարզապես.
Բանաստեղծները մարդիկ են դժբախտ,// Բանաստեղծները՝ տառապած հոգի,// Նրանց երգածը Սե՜ր է ու Հավատ,// Բայց սեր ու հավատ պե՛տք չէ ոչ ոքի…
Շատ այլ արատներ, «թարս ու ծուռ» բաներ է տեսնում-հայտնաբերում բանաստեղծն իրեն շրջապատող իրականության մեջ ու ցավալի, ճնշող իրողություններ արձանագրում. ա՛յն, որ «Աշխարհում խաղը շահում են նրանք/ Ովքեր լավ գիտեն լեզուն շուկայի» ու ամեն ինչ «Առևտու՛ր է լոկ, հաշվա՛րկ է շահի», շատերն այսօր «Ամբիոնից ուրիշ բան են բարբառում,/ Իսկ կյանքում գործում դրան հակառակ», և, որ ամենասարսափելին է, աշխարհով մեկ «Վայրենացել են մարդիկ վերստին/ Եվ սպանում են, հոշոտում իրար…», ընդ որում՝ «Ընկածներին պաշտպան չկա/ Զորեղներին՝ չկա դատ…»…
Անշուշտ, անբնական ու տարօրինակ կլիներ, եթե այս ամենն այդպես ցավագին չարձագանքվեր նրա ներաշխարհում, եթե հուսահատության պահեր չապրեր երբեմն կամ տագնապախռով ահազանգ չհնչեցներ: Բայց նույնքան ու ավելի անբնական կլիներ, եթե սիրո ու հավատի՝ մեզ քաջածանոթ երգիչը հիմնովին անձնատուր լիներ հոռետեսության: Չէ՞ որ էլի ի՛նքն է գրել ու դարձյալ՝ սեփական փորձից, որ իր կյանքում հաճախ «Հուսալքումին հույսն է հետևել/ Մռայլ գիշերվան՝ լույսն այգաբացի»: Ճիշտ է, մի պահ թվում է՝ ի վերջո տիրական են դառնալու ծանր ապրումները, ուր որ է մռայլ հնչերանգ է ստանալու ի սկզբանե զուլալ ու լուսավոր նրա քնարը: Բայց ո՛չ. մաղձով չի՛ լցվում ու ո՛չ էլ ունայնության է տրվում բանաստեղծը, կարողանում է ընդդիմանալ, իրենից վանել ընկճվածությունը, ու, որքան էլ ակնհայտ է, որ սրտում «վշտի հազար փշեր» կան, սակայն նախ ինքն իրե՛ն և ապա ընթերցողի՛ն ապրեցնող, զգաստացնող հորդորներ է հղում, արդեն լավատեսակա՛ն նոտայով, ու դա, իհարկե, ավելի է «սազում» իմ ճանաչած բանաստեղծին. «Գալիքը պետք է կերտել ամեն օր, /Սեփական ուժ ու ջանքին հավատալ», «Չէ՛, մենք ոչինչ չենք տանելու աշխարհից, / Թե կարող ենք՝ մե՛նք ենք մի բան թողնելու», «Դրախտ է, իրավ, աշխարհը Աստծո, /Թե ապրենք խաղաղ, տքնե՛նք, արարենք»…Եվ ամենակարևորը՝ և ո՛չ մի պարագայում իր երկրի ու ժողովրդի ապագայի հանդեպ հավատը չի լքում նրան.
Հայրենի իմ հող, սրբազան երկի՛ր,// Նոյափրկիչ նոր մարդկության Ոստա՛ն,// Դու ծաղկե՛ս պիտի, դու քայլե՛ս պիտի// Լուսավոր ճամփով հավիտենության…
Եվ վերջապես՝ մե՛նք պետք է զորացնենք, ծաղկեցնենք մեր հայրենիքը.
Բոլորս պիտի զինվորը լինենք,// Պաշտպանը լինենք հայրենի մեր տան,// Մեր հողը հերկենք, մեր սերմը ցանենք,// Փակենք դռները սով-աղքատության://Ուրիշի տված հացը դառն է միշտ,//Պաղ է օտարի պալատն անգամ պերճ,//Բախտը մարդու ինչ աշխարհ էլ տանի,//Հայրենիքից դուրս մուրացիկ է խեղճ…
Եվ ուրախալի է, որ ամբողջության մեջ Լիպարիտ Սարգսյանի այս նոր գրքում, այնուամենայնիվ, հենց ա՛յդ հավատը, ոգու տոկունությունն ու իմաստնությունն են գերիշխողը, գեղեցիկն ու բարին: Հեղինակի ինքնաճանաչման, ինքնահաստատման շարունակական որոնումներն են այստեղ, նորից ու կրկին մարդկային հոգու անիմանալի գաղտնարանները թափանցելու, իր և մեզ համար նոր բացահայտումներ անելու հաջողված փորձերը՝ հատկապես խորունկ, իմաստուն քառյակներում և ութնյակներում: Ես կասեի՝ դրանք բանաստեղծի հարուստ կենսափորձի, կյանքի ճանաչողության, նրա իմաստության ու վարպետության լավագույն վկայությունն են, որ իրավունք են տալիս ասելու.
Արդար է եղել իմ ճամփան անցած,// Գուցե նեղ, սակայն միշտ ձգվել է վեր,// Բայց ի՛մն է եղել, ի՛մ ջանքով բացված,// Եվ կարող է իմ անունը կրել…
Միանգամայն համաձայնելով հեղինակի այս ինքնագնահատականին՝ ես չեմ ուզում ընդունել, պարզապես մերժո՛ւմ եմ այն դառը մտորումը, թե՝ «Քո անելիքը արդեն արել ես,/ Կարող ես հանգիստ իջնել բեմից», ինչ տրամադրության մեջ էլ ծնված լինեն այդ տողերը: Ինձ համար նախընտրելին այն է, երբ նա ասում է. «Նոր են բացվում ակունքներս, / Որ նոր երգեր արարեմ»: Անշուշտ, նո՛ր չէ, որ բացվում են ակունքները գրական երկար ու արգասավոր ճանապարհ անցած գրողի, ով բազմաթիվ արժեքավոր գործեր է ստեղծել և՛ մանուկների, և՛ մեծերի համար, անգամ տեղ գտել դասագրքերում, սակայն այս ժողովածուն գալիս է հավաստելու, որ «նոր ակունքներ» բացվե՛լ են ու բացվելո՛ւ են դեռ: Ուստի ուզում եմ իր իսկ խոսքերով դիմել իմ գրչեղբորն ու բարեկամին.
Նոր սերմեր պահ տուր հոգուդ հերկերին,// Որ ջահել մնա աշխարհում սերը …
Բարի երթ եմ մաղթում խորունկ հույզ ու ապրումներով, իմաստուն խոհ ու խրատներով, ծննդավայրի, հայրենի տան սիրով և հայրենիքի հավերժության հավատով լեցուն այս գրքին՝ համոզված, որ հանդիպումն ընթերցողի հետ անպայման հաճելի ու սպասված է լինելու: