Հազար տարի առաջ, հազարից էլ հազար ու էլի հազար տարի առաջ ապուպապերս հավաքվեցին մեր պատմության ակունքներում, ամեն մեկն իր մտքում նույն խոսքն ասաց՝ հրա՛շք է, երբ պատմություն ունես, ու պատմությունդ ունի ակունք, ու դուք հավաքվում եք ակունքում, ապա նայեցին իրար, լուսեղեն ժպտացին, մտածեցին պատմության ակունքներում իրենց հավատի լույսը վառած մեր պապերի մասին, հպարտորեն հիշեցին, թախծորեն տխրեցին, նայեցին երկնքին, հավատացին, երազեցին, փառք տվեցին փառքավորին, որը հողվորն էր, արտվորը, զինվորը, հացթուխը, օրորոցային ասող հարսը, օրհնող մայրը, քարի մեջ տուն տեսնողը, ջրաղացպանը, մաճկալը, հեքիաթասացը, հենց խոսքն էր, զրույցը, ե՛րգը, ապա խորհեցին օրվա խորհուրդը, խնկեցին ու խնկարկեցին արժանիին, խոկեցին վաղվա գործերի ու ճամփաների մասին, ապա նայեցին իրար աչքերի. մեծերի մեծ հացերեց պապս խորհրդավոր ասաց էն, ինչ հազար տարի առաջ լսել էր իր մե՛ծ, հացերեց պապից.
– Ճիշտը ճիշտ ապրելն է: Ինչ էլ լինի, թող օրը գա՝ բարին հետը:
Օրը օրվա հետ նստեց հողին, սարին, տան շեմին, շինականի ուսերին, ձայն լսվեց.
– Նոր օր է գալիս:
Մեծ այրն ասաց.
– Եթե կանք, ապրում ենք, պիտի գա. թող օրը գա՝ բարին հետը:
Օրը օրի հետ անցավ: Մի օր էլ գուժեցին.
– Թշնամին զորք է կապել, եկել մեր սահմանին է հասել:
Զրահավորը նայեց երկնքին, նայեց իր ոտք դրած հողին ու ասաց.
– Ով քնած է` թող արթնանա, ով արթուն է` թող ձի թամբի… Թող լույսը բացվի՝ բարին հետը:
Օրը օրին գումարվեց, տարի դարձավ, տարին դարձավ դար, էլի գուժեցին.
– Մորեխը կերել է արտը: Հաց չկա: Սովի վախը ցաքուցրում է ժողովրդին:
Հողակոլոլ հողվորը, մղեղոտ արտվորը իրար երես նայեցին, Աստծու երեսին նայեցին ու ասացին.
– Աստված մեծ է: Կապրենք: Թող օրը գա՝ բարին հետը:
Հազար տարի առաջ հավաքվեցին պապերս. պապերի, նախնիների կարոտ իրենց անուշ հայացքները ճառագեցին սեր, հավատ, ժպտացին՝ ճամփա են անցել, թիկունքում անցած ճամփա ունեն, հազա՛ր-հազարամյա ճամփա, հիշեցին պապերին, նրանց ճամփաները հիշեցին, հնությունները, հավատացին, երազեցին. ի՞նչ է եղել՝ իրենց թիկունքում պատմություն ունեն, պատմությունն ուսած, պատմությունը շալակած, պատմության մեջ մտած ու պատմություն դարձած պիտի շարունակեն իրենց վաղվա օրը, պիտի չկանգնեն, որ երեկն ու վաղը կապող շղթան չկտրվի… Գինու գավը ոգեց.
– Էս գավով հազար տարի առաջ գինի է խմել իմ կավոտ պապը: Վաղվա օրով էլ պիտի խմենք. հազար տարի հետո էլ… Մենք կավի նման սիրում ենք հունցվել:
Ու հացերեցն ասաց.
– Թող օրը գա՝ բարին հետը:
Եվ Հայոց ԲառուԲանը ոգեց.
– Թող օրը գա՝ բարին հետը:
Եվ Հայոց եկեղեցին ասաց.
– Հո՜ւյս, Հավա՜տ, Սե՜ր: Աստված մեծ է: Թող օրը գա՝ բարին հետը:
Եվ Հայոց հողը ոգեց.
– Թող օրը գա՝ բարին հետը:
Լեզու առան սարերը, երկինքը, ծառերը, ջրերը, ծաղիկները, կրակները, շեները ու բոլորը միասին, իրար հոգու մեջ, իրար սրտի ու ականջի ձայնեցին.
– Թող օրը գա՝ բարին հետը:
…Ինձ բան են ասում: Ի՞նչ ասեմ: Ասում եմ՝ մի լույս կբացվի: Ոգում եմ նախնիներիս նման.
– Թող լույսը բացվի՝ բարին հետը:
Ասում են.
– Ամանոր է. Կաղանդ, Նոր տարի: Մի բան ասա:
Ասում եմ.
– Թող օրը գա, թող տարին գա՝ բարին հետը:
Ու նայում եմ հորիզոնին. հազար տարի առաջ պապիս ասածը շիկնելով թռել-հասել է ինձ, լեռների թիկունքում որդուս որդու որդու որդու որդու որդու որդու որդու որդին է: Ես լսում եմ հազար տարի առաջ գնացած պապիս ու հազար տարի հետո եկող որդուս ձայնը.
– Օրը թող գա՝ բարին հետը:
Թվում է՝ հիմա մենք մեր երազած օրվա ճամփին ենք, ժամանակի տերն ենք դառնալու, ժամանակն է նայելու մեր ձեռքին, հաց ունենք, ԲառուԲան, բայց աչքներս դարձյալ հառել ենք եկող օրվան ու ազգովի ասում ենք.
– Թող օրը գա՝ բարին հետը:
…Օրվա կարոտ, հենց օրվա մեջ՝ օրվա կարոտ: Մենք հույսի մեջ՝ հույսի կարոտ: Վաղվա օրը հույս կբերի: Վաղվա օրով մի լույս կբացվի: Բառերը նրա համար են, որ խոսք դառնան, խոսքը նրա համար է, որ մարդուն հույս տա: Հույսով մի օր չէ, կարելի է հազար ու հազար տարի էլ ապրել, ստեղծել ճանապարհ, տուն, պատմություն ու ապրել հենց սեփական պատմության էջերի մեջ:
Հազար տարի եկած օրը խոսք է ասում՝ հույսով ապրենք, վաղը լավ կյանք կլինի:
Հազար տարի բացվող օրը խոստանում է, որ մեզ տանի մի լավ օրի:
Խոստում տված օրվա հույսով էս աշխարհում դար ու դարեր են առհյուսվել…
Օրվա ձայնին ձայն ենք տալիս՝ եկած օրը խոստանում է, որ մեզ հանի մի լավ օրի:
Հայոց օրվա մեջ հայոց սերն է ծաղկում:
Օրը՝ ծաղիկը ձեռքին:
Կյանքը՝ ծաղիկը ձեռքին:
Մահը` ծաղիկը ձեռքին:
Մեր հավատը: Մեր հույսը՝ ծաղիկը ձեռքին:
Գալիս ենք, գալիս ենք՝ օրհնելով մեր ակունքը:
Ակունքը պահենք, ակունքը: Մեր պատմությունը մեր ակունքն է: