Դեկտեմբրի 16-ին ՀՀ ԳԱԱ. Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում տեղի ունեցավ «Հայոց Մեծ Եղեռնի արտացոլումը հայ և համաշխարհային գրականության մեջ» թեմայով գիտական նստաշրջանը:
Գիտաժողովի բացման խոսքում ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ա. Վ. Իսահակյանն ասաց. «Գրականության ինստիտուտը ակադեմիայի հայագիտական ինստիտուտների շարքում առաջիններից մեկը ձեռնամուխ եղավ անցկացնելու Հայոց մեծ եղեռնի հարյուրամյակին ընդառաջ գիտական նստաշրջան, ուր կտրվի հայոց պատմության ամենաողբերգական էջերից մեկի` 1915 թվականի արտացոլումը հայ և համաշխարհային գրականության մեջ: Կընթերցվեն 14 զեկուցումներ, որոնցում ունենք այնպիսի գիտական թեմաներ, ուր առաջին անգամ են մեկնաբանվում ֆրանսիացի, գերմանացի և ամերիկացի հեղինակների գործերը, որոնք առնչվում են Հայոց մեծ եղեռնի հետ: Սա նման թեմայով գիտաշրջան կազմակերպելու առաջին փորձն է»:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Շեշտելով նման գիտաժողովի կարևորությունը, նա ասաց, որ արդեն գրված են մի քանի հարյուր ստեղծագործություններ այս թեմայով` թե՛ չափածո, թե՛ արձակ: Դրանցից շատերը թարգմանված են հայերեն և վաղուց ժամանակն է տալ գիտական գնահատական թե՛ հայ, թե՛ արտասահմանյան գրականության մեջ տեղ գտած, այդ իրապես հայանպաստ ստեղծագործություններին:
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Դոլուխանյանի զեկուցումը` «Ժան Էքարը 1915 թ. Հայոց ցեղապանության դատապարտող», նվիրված էր Ֆրանսիական ակադեմիայի անդամ Ժ. Էքարի առանձին գրքով (1917 թ.) տպագրված «Հայաստան» ռեքվիեմին: Բ. գ. դ, Ք. Տեր-Դավթյանի «Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատումը» որպես ցեղասպանության պատմության կարևոր սկզբնաղբյուր» զեկուցման մեջ ներկայացվեցին Սեբաստիայի հայության ողբերգական պատմությունը և արևմտահայության այդ հատվածի կրած մարդկային, մշակութային և նյութական կորուստները: Բ. գ. դ., պրոֆ. Ա Իսահակյանի «Ավետիք Իսահակյանը և հայկական հարցը» զեկուցման մեջ ընդգծվեց, որ Հայկական հարցը միշտ եղել է Իսահակյանի ստեղծագործական մտահղացումների կիզակետում: Առանձին վերլուծվեց 1917 թ. Ժնևում գրված «Հայկական հարց» օրագրությունը: Բ. գ. դ. Ս. Հովհաննիսյանի «Եղեռնի թեմայով Հովհաննես Թումանյանի օրագրային գրառումները և բանաստեղծությունները» զեկուցման մեջ ներկայացվեցին Թումանյանի՝ որպես արևմտահայության վերապրած բեկորների ռազմաճակատային գծում կրած տառապանքների ականատեսի գրառումները: Գ. Ջանիկյանի «Ֆրանսիական ասպետականությունը և Կիլիկիայի աղետը» զեկուցումը նվիրված էր Մուսա լեռան փաստագրական սկզբնաղբյուր Տիրան Թեքեյանի «Մուսա լեռան հայերի տարհանումը» վավերագրությանը: Բ. գ. դ. Ա. Մուշեղյանի «Հայնրիխ Ֆիրբյուխերի գիրքը Հայոց Մեծ Եղեռնի մասին» զեկուցումը նվիրված էր գերմանական զինվորական թարգմանչի՝ որպես ականատեսի վկայություն գրված և Գերմանիայում 1930 թ. տպագրված «Հայաստան 1915» գրքին: Բ. գ. թ. Ս. Աբրահամյանի «Պիտեր Բալաքյանի «Ճակատագրի սև շունը» զեկուցումը նվիրված էր ամերիկահայության արդի սերնդի անգլիագիր ներկայացուցչի ստեղծագործությանը: Բ. գ. թ. Լ. Սեյրանյանի «Հայրենակարոտը որպես ներշնչանքի աղբյուր Վահագն Դավթյանի պոեզիայում» զեկուցման մեջ ցույց տրվեց, թե Արաբկիրը բանաստեղծական ինչ ընդհանրացման է ենթարկվել:
Զեկույցով հանդես եկան բ. գ. թ. Հ. Սարիբեկյանը («Ռաֆայել Նոգալեսի «Չորս տարի կիսալուսնի ներքո» հուշագրությունը»), բ. գ. թ. Ս. Ավետիսյանը («Եղեռնապատումը ըստ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի»), բ. գ. թ. Ք. Բեջանյանը («Պատմական հավաստիությունը Է. Հեմինգուեյի վաղ շրջանի պատմվածքներում»), Ք. Հովհաննիսյանը («Վավերագրականի ու գեղարվեստականի միահյուսումը Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպում»):
Գիտաժողովի նյութերը կտպագրվեն առանձին գրքով: