Մեր ընտանիքում խոսք ու զրույցը հիմնականում այն հարցի շուրջն է, որ ես, քսանհինգս լրացած, դեռ ոչ մի աղջկա հետ չեմ հանդիպել:
– Այդպես դու երբեք չես ամուսնանա,- ա՜խ է քաշում տատիկս:
– Դու առողջ, սիրուն տղա ես, քո մասին ի՞նչ կմտածեն,- հոգոց է հանում մայրս,- հայրդ խիզախ էր, հազար ափսոս, որ զոհվեց Արցախյան պատերազմում: Դու էդ ո՞ւմ ես քաշել:
Սովորաբար նման խոսակցությունների ընթացքում ես լռում եմ, քանի որ եթե ասեմ, որ ինձ համար ամենակարևորը ներդաշնակությունն է, բոլորը վրաս կծիծաղեն: Բայց չէ՞ որ, իրոք, ներդաշնակության վրա է հիմնված ամեն ինչ` բնությունը, տիեզերքը և, իհարկե, նաև մարդը: Հատկապես աղջիկները: Իսկ նրանք միայն մի բան գիտեն` կտրել իրենց քիթը, փչել շրթունքները, դեմքին ինչ-որ բոտակս ներարկել, հազար ու մի ձեռնածություն կատարել, ի վերջո նմանվելով դելֆինների կամ դեբիլների:
– Մեզ մոտ, սուպերմարկետում, նման աղջիկները լիքն են, իսկ նրանցից մեկին` Լանային, նույնիսկ նայել չեմ կարող: Նա աշխատում է կաթնամթերքի բաժնում, որպես վաճառող և նրան սիրահարվել է իմ ընկեր Ստեփանը, որը նաև ինձ է տեղավորել այդ խանութում: Մոռացա ասել, որ ես բարձրագույն կրթություն ունեմ, ավարտել եմ պոլիտեխնիկականը, բայց քանի որ մասնագիտությանս գծով աշխատանք չկա, ստիպված առաքիչ եմ ձևակերպվել: Վերցնում եմ պատվիրված մթերքներով փաթեթները, տանում-բաժանում եմ ըստ հասցեների և ստացած գումարները հանձնում գանձապահին: Իսկ Ստեփանի կարգավիճակն ուրիշ է: Նա սուպերմարկետի գլխավոր մենեջերն է: Գործն այնպես է հասկանում` կնախանձես: Թեև բարձրագույն կրթություն չունի: Միայն ափսոս. այնպիսի աղջկա է սիրում, որ թող ու փախիր: Կոսմետիկական միջամտություններից աչքերը հայկականից դարձել են չինական, քիթը այնքան է կարճացել, որ մնացել են միայն ռունգերը, իսկ շրթունքներն ասես փչած ավտոդողեր լինեն: Նրա կողքին ես կամաչեի նույնիսկ մի րոպե կանգնել: Մինչդեռ Ստեփանը խոստացել է նրա հետ ամուսնանալ, թեև շշուկներ կան, որ ինչ-որ շատ է ձգձգում: Իմ բոլոր ջանքերը` նրան կտրելու այդ աղջկանից, ապարդյուն են անցել: Ես նույնիսկ նորվեգացի գրող Կնուտ Համսունից մի քանի տող մեջբերեցի: Նա իր «Նոր կյանք» վեպում նկարագրելով մի գեղեցկուհու` Ագնես անունով, որը ահռելի մեծ քիթ ուներ, կարծիք է հայտնում, որ հունական ու հռոմեական քթերը միշտ չէ, որ գեղեցիկ են: Ամեն ինչ կախված է դեմքից, արտոնյալ քթեր չկան: Բայց Ստեփանը նույնիսկ լսել չուզեց: Նա հասկացավ իմ ակնարկը և ասաց.
– Թքած ունեմ քո Համսունի վրա:
Ինչ ասես դրան: Ես բոլորովին էլ չնեղացա: Հիմա ոմանք նույնիսկ Հովհաննես Թումանյանին չգիտեն: Շատ-շատ` «Շունն ու կատուն»:
Իսկ ես բավականին կարդացած եմ: Թեև Ստեփանը համոզված է, որ այս աշխարհում գրքասիրությունը ոչ ոքի պետք չէ: Հարկավոր է ունենալ պատշաճ հոտառություն ու լինել գործնական:
Ես չեմ առարկում նրան, բայց մտովի քմծիծաղ եմ տալիս. «Էդ որտե՞ղ կորավ քո հոտառությունը, եթե քո սիրած աղջիկը բացարձակապես աններդաշնակ է»:
Մի անգամ, կարծեմ շաբաթ օր էր, պատվերները շատ էին, և ես մեքենայում տեղավորելով մթերքներով լի տոպրակները, արդեն պատրաստվում էի շարժվել ըստ հասցեների, մեկ էլ վազքով ինձ մոտեցավ Ստեփանն ու ասաց.
– Արայի՛կ, ճանապարհին կարո՞ղ ես Լանայի մոտ մտնել. Չարենցի վրա է ապրում, գիտես չէ՞: Աշխատանքի չի եկել, հիվանդ է, ինձնից էլ ինչ որ նեղացել է ու զանգերիս չի պատասխանում: Գուցե դեղ-մեղ պիտի առնվի կամ էլի ինչ-որ մի բան:
– Խնդիր չկա,- ասացի ու ճամփա ընկա: Պատվերներն արագ բաժանեցի, գնացի Լանայի մոտ: Դուռը ինքը բացեց: Գունատ էր, չշպարված, թափված խարտյաշ մազերով ու վարդագույն գիշերանոցով: Անկեղծ ասած, այդ տեսքով նա ինձ մի քիչ դուր եկավ:
– Ինչո՞վ կարող եմ քեզ օգնել,- հարցրի,- Ստեփանը շատ զբաղված է:
– Ստեփանի մասին մի՛ խոսիր,- տխուր ասաց Լանան, և աչքերին արցունքներ երևացին:
Ես ևս մի երկու քայլ արեցի դեպի նա: Եվ Լանան սկսեց լացել:
– Արդեն երկու տարի է, ինչ ինձ խոստումներով է կերակրում,- ասաց Լանան և ուսով հենվեց ինձ: Նույնիսկ չհասկացա, թե ինչպես գրկեցի նրան: Լանայից շատ նուրբ ու հաճելի բույր էի առնում:
– Մի՛ լացիր, ամեն ինչ իր տեղը կընկնի,- սփոփում էի նրան ու մատներովս մաքրում այտերի արցունքները,- հանգստացի՛ր:
Լանան հպվեց ինձ:
– Նա ինձ ձեռ է առնում,- հեկեկաց, և ես սկսեցի շոյել նրա փափուկ մազերը` ասելով փաղաքուշ խոսքեր:
Հենց այդ պահին հանկարծ զգացի թաքնված կարոտ` հարազատ մի էակի նկատմամբ, որին կարող ես գրկել, մխիթարել, սիրել:
– Ես չեմ թողնի, որ քեզ նեղացնեն,- բացականչեցի ու շուրթերով հպվեցի արցունքներից աղոտված նրա այտին:
Այնուհետև վազեցի դեղատուն, գնեցի ինչ անհրաժեշտ էր Լանային, տարա ու վերադարձա սուպերմարկետ, որտեղ ինձ սպասում էին նոր պատվերներ:
Հաջորդ երկու օրերին ո՛չ Ստեփանին տեսա, ո՛չ էլ հեռախոսով խոսեցի Լանայի հետ: Անկեղծ ասած, նրա համարն էլ չգիտեի: Իսկ երրորդ օրը սուպերմարկետի մուտքի դռան մեջ ուղղակի բախվեցի Ստեփանի հետ:
– Ստորություն է, երբ մտերիմ ընկերդ ուզում է խլել սիրածդ աղջկան,- ըմբոստացած ասաց նա:
Ես ոչինչ չհասկացա, իսկ Ստեփանը դուռը շրխկացրեց, դուրս վազեց փողոց՝ նստելով մեքենան, հեռացավ: Միայն, երբ օպերատոր Հռիփսիմեն ինձ պատմեց, որ Ստեփանը շուտափույթ նշանդրեք է անելու և մեկ-երկու օր հետո` հարսանիք, ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ: Ա՛յ քեզ խորամանկ աղջիկ: Լավ էլ մշակել է Ստեփանին ու երևի թե խաբել, որ ես իրեն առաջարկություն եմ արել: Մինչդեռ պարզապես խղճացի Լանային և ուզում էի մխիթարել նրան:
Թե չէ այդ աղջիկը բոլորովին ինձ դուր չի գալիս: Ներդաշնակություն չկա նրա մեջ, ա՛յ թե ինչ: Իսկ ինձ համար, ինչպես արդեն ասել եմ, ամենակարևորը ներդաշնակությունն է:
Միայն դեբիլ գրողը ունակություն ունի «դեբիլ» բառը իր գրականության մեջ այսպիսի օգտագործել: Բացասական շինծու կերպարը ոչ մի կապ չունի ողբերկական բնական կերպարին: Այսպիսի գրողները վիրավորում են այն մարդկանց, որ մտովին կամ ֆիզիկական դժվարություն ունեն: