ՊԱՏԵՐԱԶՄԸ / Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆԵրեխան գիտեր, որ պատերազմ էր: Փոքրիկ գյուղաքաղաքում չէր տեսել զինվորներ, տանկեր, հրացաններ կամ թնդանոթներ: Բայց տները հետզհետե սև ու սպիտակով էին ներկվել, մարդիկ մեկեն տխրել էին, թռչունները հեռացել էին իրենց բներից, հացը կտրոնով էր դարձել, հեռուստացույցով հայրենասիրական երգեր էին հնչում, իսկ մեծերը խոսում էին հիվանդանոց գնալու ու վիրավոր զինվորներին քաջալերելու մասին: Նա կարդացել էր, որ հին ժամանակներում մարդը մարդու դեմ էր դուրս եկել զենք ու զրահը հագին, կռվել էր թրով, խոցել, խոցվել, արյուն հեղել. այսպես էր պատկերացնում երեխան պատերազմը: Իսկ էկրանից տեսնում էր, որ մարդը մարդուն չի հանդիպում, որ մետաղյա թնդանոթների երախներից կրակ էր թափվում ու լափում գյուղեր ու քաղաքներ, մարդիկ էին մեռնում: Երեխան մտածում էր՝ մարդու պատերազմ չէր այդ պատերազմը, գերբնական մի հրեշ էր, որ անսպասելի հայտնվելով՝ ամենուր դժբախտություն էր բերում:
Երեխան գնում էր դպրոց, գալիս էր տուն, բակ իջնում, նույնիսկ նկարչական դպրոց էր հաճախում: Ամեն տեղ ամեն բան սովորականի պես էր. զինվոր չկար, զենք չկար, բայց ասում էին, որ պատերազմ է: Ու երեխան գիտեր, որ պատերազմ է, հաստատ գիտեր, քանի որ քաղցած էր, քանի որ քաղցած էին նրա քույրերը, նրա զարմիկներն ու զարմուհիները, մեծերը մտահոգ էին, գորշ էին հագնված ու մի տեսակ կռացած էին քայլում: Մայրը վաղուց որևէ զարդ չէր կրել, մազերը չէր հարդարել, ինչպես երեխան էր սիրում, ու դրանց մեջ հաճախ էին երևում սպիտակ թելեր: Հայրը վաղուց չէր նայել իրենց աչքերին, միշտ հայացքը խոնարհ էր: Արդեն որքան ժամանակ էր՝ երեխան կիսաքաղց էր քնում, շաբաթնե՞ր, ամիսնե՞ր, գուցե տարի՞. նա չգիտեր: Հայրն ամեն առավոտ այնքան վաղ էր դուրս գալիս, որ երեխան չէր հասցնում նրան բարի լույս ասել: Դրսի դռան փակվելուց հետո լսվում էր մոր գործունյա ձայնը՝ նախաճաշելո՜ւ, ու այդ բառերի հետ կարծես արևը ծագում էր, նոր հույս ու նոր ուրախություն էր ծնվում երեխաների սրտերում. նրանք վստահ էին, որ մայրը անպայման իրենց կկերակրի, որտեղի՞ց, ինչպե՞ս, չգիտեին, բայց կկերակրի: Սրտատրոփ խոհանոց էին վազում, սեղանին նույն աղքատիկ նախաճաշն էր, բայց մոր լայն ժպիտում այնքան ջերմություն կար, որ մոխրագույն հացի պատառն ու մի գավաթ թեյը դրախտ էին թվում: Հետո սթափվում էին մոր մի քիչ զայրացկոտ, հանդիմանող տոնից՝ ժամանակը ձգձգելու համար. դպրոց էր պետք շտապել: Մայրը արհեստականորեն մոգոնված իրարանցման ընթացքում երբեք չէր կենտրոնանում որևէ խնդրի վրա, մայրը բազմազբաղ էր կամ այդպես էր ձևացնում՝ չնկատելու համար, որ երեխաները դպրոց էին գնում կիսաքաղց ու մի քիչ դժգոհ: Մայրը հավատում էր, որ երբ նրանք տուն գան, ինքը մի տաք բան պատրաստած կլինի, որտեղից, ինչպես՝ չգիտի, բայց ճաշի ժամին հաստատ կհագեցնի նրանց քաղցը: Երեխաներն էլ հավատում էին ու դպրոց էին շտապում: Ցուրտ էր, նրանց հագուստներն ասես չէին տաքացնում, երեխաները չգիտեին՝ ինչու, բայց գիտեին, որ հավանաբար պատերազմի պատճառով, չէ՞ որ պատերազմ էր:
Երեխան որոշել էր ամեն գնով գտնել այդ ծպտյալ հրեշին, խնդրել, հրամայել, որ վերջ դնի այս տխրությանը: Նա մի տեսակ զգուշավոր էր դարձել ու կասկածամիտ, բնազդաբար զգում էր, որ պատերազմը թաքնված պետք է լինի մութ տեղերում: Դպրոց տանող անվերջանալի ու միապաղաղ ճանապարհի կողքերով ամայի շինություններ էին՝ քանդված պահեստներ, որոնք այնքան դատարկ էին, որ երբ երեխաները դրանց մոտով անցնելիս խոսում էին, ձայնն արձագանքում էր: Երեխան այդ օրը ոտքը կախ գցեց ու հետ ընկավ քույրերից, որ լսի: Ամայի շինությունը հառաչեց, ու երեխան սարսուռ զգաց. սիրտը վկայեց, որ պատերազմը անդունդի պես անհայտությամբ լի այդ շինության ներսում է, դրա՝ սև խոռոչ հիշեցնող անապակի պատուհաններից ներս, ու վախից քայլերն արագացրեց: Տունդարձին միշտ մենակ էր լինում, քույրերը բարձր դասարանցիներ էին, ու նրանց դասերն է՛լ ավելի երկար էին տևում: Որոշել էր սիրտ հավաքել ու մտնել ամայի անձավը, բայց երբ արդեն մոտենում էր շինությունների շղթային, վախից այնպես գլուխը պտտվեց, որ անգամ ճանապարհը փոխեց, թեև այդպես ավելի կարճ էր: Երեխան ուշ տուն հասավ՝ մտքում արդարացումներ հորինելով, բայց մայրը տանը չէր. արդեն մարող վառարանի կողքին կուչ եկած քույրն ասաց, որ հացի է գնացել, ու շարունակեց ասեղնագործը: Երեխան մի քիչ քրոջ կողքը նստեց, մի քանի բառ փոխանակեցին. մայրը չէր գալիս: Մարող ածուխի վերջին կայծերի հետ քաղցն ավելի սրվեց, ու երեխան գնաց մոր հետևից, քույրը հետևից վազեց ու իր ձեռնոցները տվեց, որ երեխան չմրսի: Տանից բավական հեռու միակ հացի խանութի մոտ երկար հերթ էր գոյացել, որի ծայրը երեխան դեռ հեռվից տեսավ: Նա հերթի կողքով դանդաղ քայլելով՝ հոսքի մեջ մոր մոխրագույն ջոնջոլից վերարկուն էր փնտրում, այնինչ հերթը ամբողջովին մոխրագույն էր ու գորշ, մոխրագույնն էլ հետզհետե ձուլվեց, լողաց, ու երեխայի աչքերի առջև չվերջացող հերթը գալարվող վիշապօձի վերածվեց, որը մի քանի գլուխ ու անթիվ շոշափուկներ ուներ, ու որի մաշկից քուլա-քուլա գոլորշիներ էին բարձրանում: Հերթի մեջ կանգնած տղամարդկանց ծխախոտների փոքրիկ կրակները երեխայի աչքին իրենց տան վառարանի մարմրող ածուխների կայծերը հիշեցրին, որոնք գնալով հրեշի մարմնի գալարներից թռչող հրավառություն դարձան: Երեխան քարացավ տեղում, «ահա պատերազմը», մտածեց նա, փորձեց ներսում ուժ գտնել, արտաբերել այն խոսքերը, որոնք այսքան ամիս պատրաստել էր պատերազմին դիմելու համար, բերանը բացուխուփ արեց, բայց, ինչպես սարսափ երազներում, ոչ մի բառ արտաբերել չկարողացավ: Վիշապի շոշափուկներից մեկը երկարեց ու ձգվեց դեպի երեխան, փաթաթվեց նրա իրանին, երեխային թվաց, որ հիմա պատերազմն իրեն կուլ կտա, որ ինքը թուլամորթ է, վախկոտ, որ չկարողացավ ասել, ինչ պարտավոր էր, բայց անսպասելիորեն հպումը նրան հաճելի թվաց, նրա մարմինը մի պահ ջերմացավ վիշապի գրկում, ու երեխան զգաց մոր բույրը: Գորշ հացի փաթեթը թևի տակ, մյուս ձեռքով երեխային ամուր իրեն սեղմած, մայրը մտամոլոր քայլում էր դեպի տուն, նա անգամ փորձեց կատակել՝ մոլորված երեխային մի քիչ հանգստացնելու համար: Հանկարծ հասկացավ՝ ինչ պետք է անի, բուրավետ հացից մի կտոր պոկեց, երեխայի ձեռքը տվեց, երեխան վերջապես ժպտաց, հանդարտվեց, տուն էին հասնում:
Ճաշին սպասող ընտանիքի անդամները խոհանոցում քիչ-քիչ իրար գլխի էին հավաքվել: Մայրը դարձյալ իրարանցման մեջ էր, կերակուրն էր տաքացնում, դնում-վերցնում էր, կարծես ուզում էր ասել, թե ճաշելն ամենակարևորը չէ, շատ գործեր կան կիսատ: Մայրը այդպես էր անում, որ ժամանակ չունենա տեսնելու, որ անսնունդ ճաշը չէր կշտացրել, մայրը շտապեցնում էր՝ պետք է դասերը սովորել, ասես չէր լսում երեխաների զսպված դժգոհությունները: Երեխան լավ էր սովորում, բայց դասագրքում եղածը կարդում ու ոչինչ չէր մտապահում:
Արդեն որերորդ օրն էր՝ ձյունը չէր դադարում, փայտի պաշարները սպառվում էին: Երեխան փողոց դուրս եկավ, ձյան ճերմակը տրորելիս զրուցում էր ճռճռոցի հետ ու մոռանում ցուրտը: Չէ՛, նա ձյանը պատերազմի մասին չէ, որ հարցնում էր, մտքում երգ էր հորինում գարնան մասին: Երեխան որովայնում տանջող ցավ էր զգում, քայլում էր աչքերը սպիտակից շաղված, մի քիչ ճոճվելով. գնում էր մորաքրոջ տուն, որտեղ ավագ զարմուհու համար ուզում էր իր հորինած երգը երգել: Մորաքրոջ չորս երեխաներից միայն նա էր տանը լինում սովորաբար, մյուսները գրեթե միշտ բակում էին՝ երևի քաղցը հեշտ հաղթահարելու համար: Մարգարիտը մեծն էր ու պետք է տնային գործերով զբաղվեր, նա նաև կարդալ էր սիրում: Երեխան զարմուհուն գտավ խիստ զբաղված, նա մաքրում էր վաղուց անջատված սառնարանն ու պահարաններն էր դասավորում՝ կերակուր հայթայթելու հույսով: Երեխան մտածեց, որ աղջիկը հյուծված էր, իսկ աչքերի տակ սև պարկեր էին հայտնվել, նրանք սիրում էին իրար, սիրում էին իրար հետ զրուցել, ու ինչ լավ է, որ մյուսները տանը չէին: Զարմուհին ուրախ էր, որ իր մենությունը հենց երեխայի հետ է փարատելու, նա այդ հրաշալի առիթով թեյ էր տաքացնում: Նա մեծ էր երեխայից հինգ տարով ու վերջինիս հովանավորելու բնազդ ուներ: Երեխան երգեց զարմուհու համար, զարմուհին հիացավ, զարմացավ, խրախուսեց ու անգամ միանգամից ձայնակցեց երեխային, նա նաև տեսավ, որ երեխան քաղցած է: Պահարաններում մի բուռ բրինձ, մի բուռ ոսպ, մի քիչ շաքարավազ էր գտել Մարգարիտը, պնակի մեջ մի քիչ շաքարակալած բալի մուրաբա, մի քիչ չորահաց, մի քիչ շլորի չիր կար: Աղջիկը շաքարի մի քանի կտոր գտավ, ու շքեղ թեյախմությունը կայացավ: Արագորեն սառչող թեյի վերջին գոլորշիների հետ երեխայի խնդությունն էլ չքացավ. նա թեյելուց հետո միշտ ուտելու ուժգին ցանկություն էր ունենում: Զարմուհին դեպի երեխան հրեց շլորաչրով ամանը, երեխան բերանը դրեց մի քանիսը, շլորի թթուն անգթորեն քամեց նրա գալարվող որովայնը, աչքերում հուսահատությունից անգամ արցունքներ երևացին: Զարմուհին արագ նստեց դաշնամուրի առջև, քանի մատները թեյի գավաթից տաք էին՝ իր սովորած վերջին էտյուդները նվագեց փոքրիկի համար: Խոստացավ հաջորդ այցելությանն արդեն երեխայի հորինած երգը նվագել, միասին մի քիչ ծնգծնգացրին, ուրախացան: Իսկ երբ եկավ գնալու ժամանակը, զարմուհին մի չթե տոպրակ վերցրեց ու պահարանում գտածից երեխայի համար բաժին հանեց, որ քույրերի մոտ դատարկ ձեռքով չգնա: Երեխան դուրս եկավ մորաքրոջ տանից սիրտը ջերմացած, մտքում՝ մի նոր երգ, ձեռքին՝ մի փոքրիկ պարկ՝ բազմատեսակ կերակուրներով լեցուն: Երեխան սիրում էր Մարգարիտին, քանի որ աղջիկը տարբեր բաներ գիտեր տիեզերքի մասին ու նաև երգում ու ասմունքում էր:
Մինչև ամայի ու սառած ճանապարհով տուն կհասներ՝ նա մոռացավ սովի ու ցրտի մասին, քանի որ զարմուհու ձայնն էր ականջներում, որ երգում էր, ու պարող փաթիլները հեռավոր երջանկության սպասված զգացում արթնացրին նրա հոգում: Բայց արագորեն իջնող մթնշաղի ստվերի մեջ երեխան հանկարծ հայտնաբերեց, որ դեպի ամայի կառույցը տանող փողոցի աջ ու ձախ կողմերում գտնվող լուսարձակների բոլոր լամպերը կոտրված էին, ու մտածեց, որ գուցե դրանց մութ բնիկներում էլ ծվարած է արնախում հրեշը: Զգալով ուժգնացող տագնապի ալիքը՝ այս անգամ ենթագիտակցորեն ցրեց ծանր մտքերը: Նա շտապում էր տուն սրտխփոցով, քանի որ գիտեր, որ բոլորը կուրախանային զարմուհու ծանրոցից, ու իրեն մի տեսակ հերոս էր զգում: Զարմուհին էլ գիտեր, որ հիմա փոքր քույրերն ու եղբայրը դրսից քաղցած տուն կգան ու իր ձեռքին կնայեն, իսկ ծնողները շատ ուշ կվերադառնան, քանի որ հրապարակում են՝ ինչպես միշտ, քանի որ եթե նրանք հրապարակ չգնան ու բռունցքները վեր բարձրացրած անկախություն չկանչեն, պատերազմը չի ավարտվի: Մարգարիտը հպարտ էր իր ծնողներով ու չորս երեխայի կերակրելու պարտականությունն ինքնըստինքյան իր փխրուն ուսերին էր վերցրել: Մարգարիտն արտասվում էր:
Երեխան տուն էր հասել, քույրերին ուրախացրել էր: Մայրը առույգ ձայնով ասել էր, որ քրոջ դստեր կողմից շատ գովելի քայլ է փոքրիկներին ուրախացնելու այս ջանքը, հետո անցել էր տնային գործերին: Երեխաների հիացական ճիչերով ուղեկցվող փոքրիկ խնջույքը դեռ չսկսված՝ ավարտվել էր, ու մայրը վերջիններիս հիշեցրել էր, որ պետք է դասերը կրկնեն քնելուց առաջ: Ինքը շատ զբաղված էր. արդուկ, լվացք, տուն ու բակ, այնքան բան կար անելու, ամուսինն էլ շուտով կգար աշխատանքից: Մայրը միտումնավոր նման իրարանցում էր ստեղծում, որ ժամանակ չունենար պատասխանելու երեխայի հարցերին՝ հայրն ինչպես է, ինչու երբեք չեն հանդիպում, նա մտքում որոշել էր անպայման կիսվել հոր հետ իր կասկածների մասին պատերազմի մոտակայքում թաքնված լինելու կապակցությամբ, բայց մինչև հոր գալը մայրը նրանց պարտադրում էր քնել: Թեև մի օր նա հասցրել էր մինչև սենյակ մտնելը լսել հոր գալը ու ծնողների սակավախոս զրույցը. մայրը սեղանին էր շարել եղածն ու պատմել էր, որ երեխաներին տաք հագուստ է պետք, գրենական պիտույքներ: Երեխան խոհանոցի դռան հետևում թաքնված առաջին անգամ մորը անուրախ տեսավ, հորը՝ հուսահատ: Ուտելուց հետո հայրը յոդով մշակում էր ձեռքերի՝ պատշարության հետևանքով առաջացած խոցերը, մայրը հատակն էր ավլում: Երեխան զգաց, որ հորը շատ է խղճում, շատ է կարոտում, բայց մոտենալու սիրտ չունեցավ: Կեսգիշերից անց քնից վեր թռավ լացի ձայնից, հայրը փակվել էր արտաքնոցում ու բարձրաձայն հեկեկում էր: Երեխան ցնցվեց, նա չգիտեր, որ տղամարդիկ արտասվում են: Անիծյալ պատերազմ, մտածում էր երեխան, որտե՞ղ ես ծվարել, նենգ, անգութ հրեշ:
Այդ օրը երեխան վճռել էր ամեն գնով վերջ դնել այս պատմությանը ու դպրոցից հետո գնաց փնտրելու… Դպրոցից դեպի այգի տանող կածանով գնացել, գնացել էր, դուրս էր եկել քաղաքից, անգամ մայրուղի էր հասել, որի աջակողմյան մասում քաղաքային հիվանդանոցն էր: Հատուկենտ սլացող մեքենաների արանքում փողոցը հատել, հասել էր հիվանդանոցի բակ, ամայի բակում միայն մի քանի սոված շներ էին ծուլորեն թրև գալիս, որ չէին հեռանում աղբարկղերից: Երեխան ահով մտածել էր, որ շուրջբոլորը թափթփված աղբի կույտերի ու աղբատարների կողմից վաղուց մոռացված աղբարկղերի մեջ կարող էր թաքնված լինել պատերազմը: Փորձել էր մոտենալ, բայց սոված շները ատամներն էին կրճտացրել, գռմռացել, ու նա հազիվ փախել էր այդ կողմերից: Հիվանդանոցից քիչ հեռու ազատ դաշտերում լսողությունը լարել էր, որ պայթյունների հեռավոր ձայները որսալով ուղղությունը հասկանար. դարձյալ լռություն, ոչ մի տեղ ոչ մի հետք չէր հանդիպել: Մութը վաղուց ընկել էր, երեխան որոշել էր առանց հրեշի հետ պայմանավորվելու տուն չգնալ: Ոտքերն արդեն փայտացել էին, բայց նա գիտեր, որ եթե սրա վերջը չդներ, ձմեռը չէր ավարտվելու, մայրը այդպես էլ չէր բարձրացնելու մեջքն առօրյա հոգսերից ու իրենց հետ չէր զվարճանալու, նա համոզված էր, որ հորն այլևս լացելիս չէր կարող տեսնել, ու որ կյանքն այդպես էլ սև ու սպիտակ ֆիլմ կմնար, եթե… Պատահական անցորդը սառած երեխային ճամփեզրին ընկած գտել, հարցուփորձ անելով ծնողներին էր հասցրել. երեխայի տանը բոլորը գլխիկոր էին:
Փայտի վերջին կտորներով հայրը վառարանը վառել ու շարունակ անհանգստացած երեխայի կողմն էր նայում: Երեխան արթնացել էր բազմոցին՝ փաթաթված ծածկոցների մեջ, ձեռքերը մոր ձեռքերում: Նրա հարցական հայացքին ի պատասխան՝ մայրը ժպտաց, ոչ մի հանդիմանանք, ասես ոչինչ չէր եղել: Ուրեմն ոչինչ չի եղել, մտածեց երեխան, ու սիրտը հանգստացավ: Ուզեց հորը մի բան հարցնել, ձգվեց դեպի նա, բայց ոչինչ չհիշեց: Վառարանի անկայուն խողովակներով չարագույժ քամին վեր ու վար էր անում, ճոճվող խողովակների շարժումը երեխային պար, իսկ քամու ձայնը մեղեդու սուլոց էին թվում: Քամին ուժգնանում էր, փայտն ասես հալչում էր վայրկենապես, ու հուսահատված հայրը նայեց գրապահարանի կողմը: Հատակին դրված գրքի կապոցներ կային, որոնք դեռ փաթաթված էին ստվարաթղթի մեջ, ինչպես տպարանից նոր դուրս բերած ժամանակ: Առանց երկար մտածելու վերցրեց կապոցներից մեկն ու մոտեցավ վառարանին… Բայց մինչ կհասցներ պատռել ստվարաթղթե շերտը, քամու մի վերջին ճիգից ծխատար խողովակները փուլ եկան, ու վառարանի բացված դռնակից այրվող գերանի կտորներն ընկան ներս: Արագորեն տարածվող կրակը լափեց վարագույրը, ապակիներին փակցված պոլիէթիլենի թաղանթը, հետո փլվեց հատակին, ու ճարճատյունով բռնկվեց չորացած մանրահատակը: Հրդեհը ծածկոցներով հանգցնել փորձող հայրը հասկացավ, որ անզոր է ու բոլորին կոչ արեց փախչել՝ ով ինչ կհասցնի հետը վերցնելով: Քիչ անց բոլորը բակում էին՝ տունը տարերքի ձեռքը հանձնած:
Մայրը թևատարած վազում էր փողոցով ներքև, օգնություն էր կանչում: Հայրը գլուխը կորցրած՝ դույլերով ձյուն էր շփում կրակի երախը, որն անմիջապես էլ գոլորշիանում էր: Բայց տղամարդը գործողությունը կրկնում էր անընդմեջ ու մեխանիկորեն. ասես ցնորվել էր: Բոցերի լեզվակները խանդավառվում էին, քույրերը զգում էին դրանց ջերմությունը: Քույրերն ատում էին հրդեհը. նրանք իրար սեղմված աղիողորմ լալիս, բայց ամբողջ սրտով ձգտում էին մոտենալ տանը, քանի որ մրսում էին: Քույրերը տաք հագուստի փոխարեն կապոցներն էին դուրս հանել. դրանք գրող հոր չվաճառված գրքերն էին: Փողոցի ներքևից քամին նրանց էր հասցնում վազող հարևանների հարայ-հրոցը, վախի ճիչեր, աղմուկ-աղաղակ: Իսկ երեխան տանից քիչ հեռու ընկած մետաղյա ջարդոններին կանգնած՝ ինչ-որ բան էր բղավում անընդմեջ, նրա ձայնը խլանում էր օդում, ու երեխան ինքն իրեն չէր լսում, բայց չէր դադարում բղավել: Նա դիմում էր սավառնող բոցերին, ու ասում այն ամենը, ինչ հարյուրավոր անգամներ մտքում կրկնել, բայց չէր կարողացել արտաբերել: Երեխան վերջապես գտել էր հրեշին, որն այսքան ժամանակ նենգաբար թաքնված էր եղել իրենց իսկ տան վառարանում: Նա ուրախ էր, որ վերջապես այն հայտնաբերված է, բայց և տխուր էր, քանի որ հրեշը նրան չէր լսում: Ներքևի փողոցներից հասած հարևանները դույլերով ջուր էին շփում չմարող կրակի հսկա լեզվակների ուղղությամբ և աստիճանաբար աներևույթ էին դառնում երեխայի աչքին: Կրակն անկառավարելի էր, նա շարունակում էր լափել… Երեխան նայում ու ճանաչում էր Պատերազմը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։