Եթե մեկը քեզ նախօրո՜ք, վաղո՜ւց, մի քանի՜ անգամ, վկաների՜ ներկայությամբ ասել է, որ դու պոեզիայից բան չես հասկանում, կարո՞ղ է լինել այնպես, որ, ինչպես դու ես գրել, «իր անունն է ուզում տեսնել մեր գրության մեջ»: Ենթադրելով հո չի՞: Իբր նրանք, ում անունը տվել ես, շա՞տ էին ուզում իրենց անունը տեսնել քո «գրության» մեջ:
Քեզ «մեզի ու մազի» էպիգրամ «կձոնեմ» վերջում: Փաստերն ավելի կարևոր են.
ա) Մեր զրույցներում քեզ մեղադրել եմ ոչ թե իմ գրածին չանդրադառնալու, անունս չտալու պատճառով, այլ՝ կարդալ չկարողանալու: Սրանք տարբեր բաներ են: Իսկ ասվածս ապացուցվում է «գենետիկայիդ» մեջ ինձանից կատարած մեջբերումներովդ: Իմ «Երկնքից առաջ» ժողովածուում խոսքին նվիրված մի ողջ շարք ունեմ, որ կոչվում է «Խոսքի բանաձև», իսկ դու, քանի որ իսկի չես հասկացել, որ գործ ունես բանաստեղծական շարքի հետ, ողջ շարքից կտրել-թռցրել ես մի տող («Իմ խոսքը ոչինչ, ոչինչ չի ասում») և ուրախացել, թե՝ ըհը՛, բռնացրի՜: Որպեսզի անտեղյակ ընթերցողը օբյեկտիվ պատկերացում կազմի ամբողջական շարքի մասին և չդառնա նենգամտությանդ զոհը, նույն շարքից նրան առաջարկում եմ հետևյալ տողերը նույնպես.
Բայց ինձ Երկնքից խոսում են հոր պես
Անլուռներն անդուլ մեր հուշ ու հողի,
Որպեսզի Խոսքն իմ ես հյուսեմ որպես
Ճանապարհ, կամուրջ ու … թռիչքուղի…
Եթե կարդալ իմանայիր, նաև կտեսնեիր, որ քո մեջբերած տողում իմ «խոսքը» փոքրատառով է, իսկ իմ այս մեջբերման մեջ՝ «Խոսքը» մեծատառով է:
Երկու էջ հետո էլ խոսքի մասին գրում եմ.
Նա է երկնքում ինձ միակ խարիսխ՝
Որպես Նյութի ու Անվան հաշտարար:
բ) Ժողովուրդն իմ բանաստեղծությունը արդեն 10 տարի ապրիլի 24-ին է երգում, ու ճակատագրիդ հեգնանքով երգում է իմ արևմտահայերեն ժողովածուի բանաստեղծությունը, ժողովածու, որ Աստված է մի գիշեր բռնել ձեռքս ու շարադրել: Դու, իհարկե, դրան չես հավատում, որովհետև քեզ հետ, բնականաբար, նման բան չի պատահել: Չէր կարող պատահել: Չի պատահի: Որովհետև դու էդ ասածդ մետաֆիզիկային էլ չես հավատում: Եթե արևմտահայերենը քեզ համար օտար լեզու չլիներ, գուցե ճաշակդ այլ լիներ, մեզ ու մազի մեջ էլ չթաթախվեիր: Բայց արևմտահայերենը մեր բանաստեղծության հալալ կեսն է ստեղծել ու մի բան էլ ավելի:
գ) Բեր մի փաստ, որ «գրածներիդ» մեջ հայտնվելու կարիք եմ զգացել, տառապե՜լ այն բանի համար, որ անունս չես տվել: Որտեղի՞ց: Բայց երբ Զավեն Ավետիսյանը մի քանի տարի առաջ հայ բանաստեղծության անթոլոգիա հրատարակեց, դու «Գրական թերթում» հեղինակին քննադատեցիր, թե ինչու, օրինակ, այդ անթոլոգիայի մեջ Թադևոս Տոնոյանից ոչինչ չի ընդգրկել: Դու այն ժամանակ երևի միջակության պաշտպանն էիր, հա՞: Փաստը դա է՝ օրով, ժամով, թվով:
դ) Ինչո՞ւ ես խոսքդ փոխել. չէ՞ որ զեկուցմանդ մեջ «Գարունը» «անթաղ մեռել է», ոչ թե հասարակ «մեռյալ», ինչպես վերաձևակերպել ես «գենետիկայիդ» մեջ: Եթե տարբերությունը հասկացել ես ու խոսքդ թեկուզ մի քիչ ուշացումով փոխել, էլի վատ չէ: Թե չէ «Գարունը» ինչքան էլ մեռած լինի, կաշին… Մի խոսքով:
ե) Իսկ հիմա խոսեմ ինձնից կատարածդ մյուս մեջբերումներից («Ստի կաթսայում եփվելու է դեռ իմ անձը անաղ», «Դանդաղ կավերվի որդառատ հողում իմ նյութը նորից», «Ճամփան չես կարող անցնել»), որպեսզի ընթերցողի համար պարզ լինի, որ երբևէ խոսքիդ չպիտի հավատա:
Թող ընթերցողը նորից նայի «գենետիկայիդ» մեջ իմ այդ տողերի վերաբերյալ կամայական «մեկնաբանություններդ» և հետո դրանք կարդա Երկնային Հորն ուղղված իմ բանաստեղծության մեջ.
ՈՒ ԴԵՌ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԱՆՑՆԵԼ
ՔՈ ՃԱՄՓԱՆ
Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո
երկնքում,
Կնքում
եմ արդեն ծրարը կյանքիս, խոսքս
զմռսում,
Մրսում
է արդեն մարմինն իմ՝ որպես հոգի
մեղսական,
Սակայն
հույս ունեմ, որ չի դառնալու էլ երբեք
ավար:
Ավարտի
համար երևի չարժե արդեն
աղոթել,
Աղոտ է
բախտը ուշացած Ցանի, ով էլ որ
Հերկի,
Երկիրը
քանի՜, քանի՜ խնդիր է մեզ վրա
բարդել,
Արդեն
ծռվել է ողնացողունս, որ տրվեց
Մարդուն:
Արթուն
չեմ ու դեռ չե՜մ կարող անցնել
Քո Ճամփան,
ուստի`
Ստի
կաթսայում եփվելու է դեռ իմ անձը
անաղ,
Դանդա՜ղ
կավերվի որդառատ հողում իմ նյութը
նորից,
Որից
իմ հոգին փրկել փորձեցի
այս էլ քանի՜ կյանք:
Մեկնաբանությունները թողնում եմ ընթերցողին…
Հա, խոստացածս էպիգրամը…
Ոչինչ անել չես կարող. այն արդեն գրվել է: Բայց… Ճիշտն ասած՝ գենիս բարեկրթությունն այդպես էլ թույլ չի տալիս այստեղ հրապարակել:
(Տպագրվում է կրճատումներով)
Խմբագրության կողմից.
Հունվար ամսին «Գ.Թ.»-ն հրավիրելու է Կլոր սեղան՝ գրականագետների և գրողների մասնակցությամբ: