Բանաստեղծ, ասել է թե լավ մարդ:
Հ. Սահյան
Մենք մեր մեջ ու մեր կողքին տեսանք մի մարդ, որին կարող էինք հարցնել՝ ինչպե՞ս եք, ասել նաև՝ գնանք մի խաղաղ տեղ, քաղաքից դուրս: Գալու էր, որովհետև խաղաղասեր մարդ էր, աղմուկ-աղաղակից հեռու: Աշխարհ եկավ և աշխարհով անցավ կարծես աննկատ, կարծես անշուք, անցավ իր կոչման գիտակցությամբ, աչքը՝ կուշտ, ականջը՝ պահած ձայնի: Գանձեր չդիզեց երկրի վրա, իր իսկ բառերով ասած, մի կարգին տուն և մի կարգին քուն էլ չունեցավ: Բան չուզեց ու բան չտարավ, սակայն, տվեց՝ այն էլ ձրի, աստվածային իր էությունը՝ Համո Սահյան անվամբ: Լուռ մնաց, Թումանյանի ասած, վատը լավ տեսավ, շատ դառը բաներ կուլ տվեց, տառապանքի սրբությամբ զորացավ և այդ կերպ ու այդպիսով ջանաց սերունդներին հանձնել մտքի ու մտածողության, բանի ու բանականության, հոգու և սրտի մաքրամաքուրը՝ որպես հավիտենական ժառանգություն: Այս ժառանգությունն էլ որ կա, նրան սերնդեսերունդ փոխանցել-հանձնել էին իր նախնիք, հավատի հսկաներ Մաշտոցը, Խորենացին, Նարեկացին, Սայաթ-Նովան, Աբովյանը, Կոմիտասը, Ջիվանին, Թումանյանը, Տերյանը: Ձորերի մեջ էլ նա մեր քերթության գագաթների հետ էր: Գրեց էլ. «Լեռան գագաթին օրն ուշ է մթնումե: Չէր հորինում, լուրերով չէր առաջնորդվում. մինչև չիջներ ձորի հատակը, ձորից չէր խոսի և մինչև չբարձրանար լեռան գագաթը, լեռան գագաթից չէր խոսի: Տեսնելով, լսելով, շոշափելով էր նրա հաճույքի վսեմը: Երկրի վրա պինդ կանգնած էր, որովհետև ազգին ու մարդկությանը ծառայելիս աչքն ու ականջը դեպի մեծերն էին, դեպի երկնավորները:
Ինչպես ամեն մարդու կյանք, այնպես էլ Համո Սահյանինը, ճանապարհ էր, որ անցավ անխաթար բնությամբ, առանց շեղումների, առանց աջ ու ձախ նայելու, անցավ ուղիղ՝ սրբությամբ կատարելով այն գործ-առաքելությունը, որի համար հայտնվել էր այստեղ՝ Հայաստան աշխարհում: Թեև շարունակ մնում էր իր երկրում, իր ժողովրդի մեջ, իր տանը, բայց շարունակ կարոտում էր. «Մեր տան պատից մի քար լիներ՝ նստեի վրանե: Ինչպես, ասենք, վիրավոր եղնիկը վազում է դեպի ջուրը, այդպես նա կապված էր իր ակունք-արմատին: Տեսնող աչք ու լսող ականջ ունեցողի համար դժվար չէ նկատելը, որ Համո Սահյան զավակի շուրթերով խոսողը և նրան խոսեցնողը հայ ժողովուրդն է, ժողովուրդ աշխարհասփյուռը:
Լքված տունն, անշուշտ, միշտ էլ բաց վերք է եղել հայ ժողովրդի համար: Այդ վերքը բաց է այսօր էլ: Այնպես որ, սոսկ կարոտի արտահայտություն չէ, բանաստեղծը զգում է ազգի սրտի բաբախը, ձայնը լսում է և արձագանքում:
Մեր տան պատից մի քար
լիներ նստեի վրան
Ու պատմեի անտուն կյանքիս
հեքիաթը նրան:
Այս տողերի հեղինակը կարծես թե կանգնած լինի կյանքի ու մահվան, լույսի ու խավարի, օրհնության ու անեծքի, փրկության ու կորստյան խաչմերուկներում: Մի կողմում աշխարհականն է՝ մահաբեր գայթակղություններով, մյուսում կյանք-աստվածայինն է՝ կենդանությամբ լի: Բանաստեղծը պարզ տեսնում է ժամանակավորն ու հավիտենականը: Այս նույն տեղում, միևնույն զգացմամբ, իրենից առաջ, կանգնել են ազգի ընտրյալները: Ի դեպ, հայ գրականությունը եթե մեկ բառով բնութագրենք, այդ բառը տունդարձն է լինելու: Վկայակոչեմ. «Ես լսեցի մի անուշ ձայն, իմ ծերացած մոր մոտ էրե: Ազգը, խնդրեմ, խոսում է զավակի շուրթերով: Սմբատ Շահազիզի երազը ազգինն է, ազգի սրտից է բխում: «Սիրտըս նման է էն փըլած տներե: Այս սիրտը Կոմիտասի՞նն է, թե՞ ազգինը: Իհարկե, երկուսինն էլ: Մի են: Ջիվանին հառաչում է. «Ա՛խ, իմ հայրենիքիս ջուրըե: Տիեզերքում աստվածային ճամփորդ դարձած Թումանյան հոգին հայտնում է. «Կանչում է կրկին, կանչում անդադար /Էն չքնաղ երկրի կարոտը անքուն/ Ու թևերն ահա փռած տիրաբար/ Թռչում է հոգիս, թռչում դեպի տունե: «Անուշե-ի մեջ էլ է ժողովրդական նույն կանչը. «Անուշ, հե՛յ Անուշ, Անուշ, տուն արիե: Տերյանի հառաչանքը նույնը չէ՞. «Կարծես թե դարձել եմ ես տունե, «Ինձ մեր սարերը տարեք, ինձ տարեք տունե, «Մեր տունը որբ ու ավեր էե: Երեկ չէ՞ր, որ ժողովրդի շուրթին երգ դարձավ Երևանի փողոցներով հանդարտ անցնող Գեղամ Սարյանի բաղձանքը. «Թռչեի մտքով տունե: Այսպես կարելի է շարունակել անվերջ: Տունը, որ խորհրդանիշն է հայրենիքի, ընդմիշտ կանչելու է: Համո Սահյանն ինքն էլ էր ասում. «Տուն և այդ տանը ապրող երեխա,- ահա թե ինչ է հայրենիքըե: Ինչպե՞ս չգիտակցել, որ այսօրվա լքված ու լքվող տները որբացող հայրենիք են պատկերում: Ահա այս և նման իրողությունները տեսնելիս, բանաստեղծը տագնապելու էր. «Հայաստան ասելիս ծնկներս ծալվում ենե: Այնուհետև, իր սիրած սարերին նայելով, վեհանալով, հանգամանքներից վեր կանգնելով, քաջալերելու էր ինքն իրեն ու մեզ. «Հայաստան ասելիս թևերս բացվում ենե: Բացվող թևերն, անշուշտ, թռիչքի պատրաստվելու, դեպի վեր բարձրանալու նշան է:
Վերը հիշատակածս մեծերը՝ լինելով աստվածատուր մարդիկ, Աստծո մարդիկ, իրենց շնորհը ծառայեցնում էին սուրբ նպատակի: Համո Սահյանը, գտնվելով այդ երամի մեջ, տեսնում է մարդու անկատարությունը, մարդու մեջ ի սկզբանե դրված աստվածայինի կորուստը նրան հանգիստ չի տալիս: Մեր թափառումների օրերից մեկում, Հանրապետական վերանվանված հրապարակում, նայելով շուրջը, տեսնելով մրջնի նման շարժվող մարդկանց, խոր ափսոսանք ապրեց. «Տե՜ս, Հարություն, այսքան մարդ և ոչ մի մարդե: Հետո, ժամանակ անց, հասկացա, որ Սահյանի փնտրածը Աստծո մարդն էր: Եվ հիմա ճշմարտության առաջ մեղանչած չեմ լինի, եթե ասեմ, որ Համո Սահյանի մտածողությունը, հոգևոր դասին պատկանող մեր բոլոր մեծերի նման, աստվածաշնչյան է: Աստվածաշնչյան լինելու առաջին վկայությունը հայոց լեզուն և հայոց բառը զգալ և ճանաչելն է: Բնությունը զգալը նույնպես Աստծուն և աստվածայինը ճանաչելու խորհուրդն ունի: Հենց այնպես չէր ասում. «Մասրենին ես եմե: Գիտեր և ասում էր. «Քարը հայի բնավորությունն էե: Ոչ թե մտածում, այլ այդպես զգում էր:
Համո Սահյան բանաստեղծն ու հայոց բնությունը, անկասկած, միասնական են, մի են: Բնությունն իր մեջ է, ինքը՝ բնության: Աստծո խոսք բնությունը նրա համար սրբություն է: Այդ ամենը նա տեսնում է հոգևոր (ինչու չէ, նաև՝ մարմնական) կապի մեջ, ամենայնը ներդաշն է տեսնում: Ներդաշն է տեսնում երկինքն ու երկիրը, իր տեսածը նյութականացնում էլ է. «Հիմի էս ծառը շատ ավելի երկի՞նք է, թե՞ երկիրե: Ինքն էլ ծառի նման էր. Թումանյանին բնորոշող Չարենցի բառերով ասած, արմատներ ուներ նա հողում:
Դրսի Համո Սահյանը, մարմնավորը, տեսանելին, փակ էր, լռակյաց, մինչդեռ ներսի մարդ բանաստեղծը, աներևույթը, շարունակ կռվի մեջ էր, կռիվ, որ աշխարհի հետ էր: Խոսքը տամ իրեն, որպեսզի ավելի պարզ դառնա ասելիքը. «Մարդ պիտի դադարի անել այն, ինչ արել է մինչև այժմ և պիտի անի այն, ինչի համար նրան կոչել է տիեզերքըե: Այս խոսքը, որ նա բանավոր ասել է, և ես գրել եմ, մի՞թե չունի մարդու վերստին ծնունդ ստանալու խորհուրդը: Իհարկե, ունի: Ինչ ասել կուզե, Սահյանի ուզածը հոգևոր մարդն է, հոգուց ծնված մարդը, հավիտենական կյանքի կոչվածը: Իր կյանքն էլ հոգևոր էր, հոգու կյանք, աշխատանքն էլ հոգու աշխատանք էր: Կարծես մարմին էլ չուներ:
Խուսափում էր խոսելուց, խուսափում էր նաև նրանցից, ովքեր հարցեր տալու և խոսեցնելու էին: Միայն ինքը գիտեր իր լռության խորհուրդը, միայն ինքը գիտեր, որ մինչև խոսքը չգա, չհասունանա, չի խոսելու: Ծառի բողբոջն էլ այդպես է. պահը պիտի գա, որպեսզի բացվի և պտղավորվի: Այնպես որ, Համո Սահյանին խոսեցնողը խոսքն էր, տիեզերքից հնչող խոսքը, պիտի գար, լցվեր, որպեսզի բացվեր ինքը: Հարկավ, նրա լռությունն էլ խորհրդավոր խոսք էր, որ ստեղծում էր հոգևոր մթնոլորտ:
Ահա այս պահին էլ, աշխարհ գալու հարյուր տարին լրանալու պահին, մարմնավոր Համո Սահյան մարդը լուռ է, լռությամբ մեզ լսում, լռությամբ խոսում ու խոսեցնում է: Ինչ էլ լինի, ինչպես էլ լինի, մենք տեսնում ենք փակ մարդու բացվելը: Այդպես եղել է, այդպես լինելու է, քանի որ բերել է ու բերելու է հավիտենական կյանքի խոսքը. «Աստվածս ցորենին ասեմե: Ցորենն ի՞նչ է, եթե ոչ հաց, հաց, որ Քրիստոսը վերցրեց, կտրեց և աշակերտներին ասաց. «Այս է մարմինս, առեք, կերեքե: Գալով Համո Սահյանի պարագային, նրա բանաստեղծությունը մեզ համար հաց է, հոգին սնող հաց: Պիտի հավատալ աստվածաշունչ խոսքին. « Եվ բանը մարմին եղավ և ապրեց մեր մեջե: Ահավասիկ, բանաստեղծի բանաստեղծական, նույնն է թե ասեի՝ աստվածային, խոսքն էլ մեր մեջ մարմին դառած է: Մենք, ուրեմն, շարունակում ենք հաղորդակցվել թե՛ մարմնավոր, թե՛ հոգևոր Համո Սահյանին: Հաստատ, հիշողության դաշտում չէ նա, մեր սրտի մեջ է, մեր սրտի բաբախին ձուլված: Նրան տեսնելու համար ոչ թե հետ, այլ առաջ պիտի նայել, առաջ պիտի գնալ: Քանի որ մեծ է, առջևում է: Վեր կենանք, ուրեմն, գնանք հանդիպելու և հետը զրուցելու:
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆԸ / Հարություն ՀՈՎՆԱԹԱՆ
