ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ
ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻՆ
ծննդյան 60-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Ճշմարիտ է, որ հանճարներն իրենց ժամանակի, տվյալ միջավայրի ու ժողովրդի ծնունդն են: Եվ ամեն ժամանակաշրջան իր մեծերին օժտում է թե՛ իմաստությամբ, թե՛ արարելու շնորհով և թե՛ անցյալից ժառանգած ու բյուրեղացած բացառիկ արժեքներով: Եթե ասվածին ավելացնենք նաև ժողովրդի հավատի առանցքն ու էությունը` սերը, ապա գրեթե վերծանած կլինենք հանճարների հավերժականության գաղտնիքը: Սա բնորոշ կարելի է համարել բոլոր քաղաքակիրթ ժողովուրդների համար: Բացառություն չէ նաև Հայաստանը: Միակ «բայցը» այն առեղծվածն է, որն այդպես էլ անվերծանելի է մնում ոչ միայն փյունիկյան գոյատևման, այլ, որ ավելի կարևոր է, կործանման սպառնալիքից ավելի ազնվացած, բյուրեղացած, նաև` հոգևոր ու մտավոր նոր որակների ձեռքբերումների իմաստով:
Եվ եթե միանգամայն բնական ու օրինաչափ է թվում հանճարի` ժամանակի ծնունդն ու միջավայրի լավագույն ազդեցությունների կրողը լինելու հանգամանքը, ապա նույնքան անըմբռնելի է ու անբացատրելի, թե հոգեմտավոր աստիճանական ամայացման պայմաններում ինչ հրաշքով են մեկ անհատի ներաշխարհում այսքան բնականորեն ներդաշնակվում ազգային արժեքներն ու համամարդկայինը, կանացի նրբագույն աշխարհընկալումն ու հայրենասիրական ըմբոստ կեցվածքը: Հայրենասիրություն, որ բնորոշ է շատ ազգերի: Հայրենասիրություն, որ այնքան հայկական է: Միաժամանակ` զուտ կապուտիկյանական ու այնքան հոգեցունց…
Հայաստան աշխարհ,
Դու այսպես եղար,
Եվ դրա համար մենք քեզ սիրեցինք
Ոչ ազգականի հանդարտիկ սիրով,
Այլ սիրածի պես, սիրահարի պես.
Ցավոտ, ցավախառն
Երազով, լույսով, երգող տխրությամբ,
Մերթ խռովելով,
Մերթ հաշտվելով,
Քո գրկում անգամ` քեզ կարոտելով,
Քեզ կորցնելու ահից` տագնապած,
Քեզ ունենալու խինդից` երջանիկ,
Եվ բախտիդ համար անվերջ, ամեն պահ
մեռնել-ապրելով…
Հայաստան աշխարհ…
Ասես աղոթք ու երդում են այս տողերը. մեկ անգամ կարդալով` դրոշմվում են հոգում ու աննկատ անցնում, այս անգամ` գեներով փոխանցվող արժեքներին:
Նրանց, ովքեր ապրելու են Սիլվա Կապուտիկյանի երկրային կյանքին հաջորդող երկրորդ, երրորդ և մյուս հարյուրամյակներում, կարևոր է ականատեսի վկայությամբ ասել, թե ինչպես ապրեց, ինչ արարեց և ինչ թողեց որպես ժառանգություն:
Ծնվեց Հայոց վերածնունդը խորհրդանշող 1919-ին` 1915-ից հետո Աստծո կամոք հաղթանակած 1918-ի Սարդարապատից հետո, երբ վերակերտվում էր հայոց պետականությունը, ու կայացման դժվարին փորձության մեջ էր Հայաստանի առաջին հանրապետությունը: Ապրեց, իր նախնիների դարավոր ժառանգությունն անզուգական արարումներով զարգացրեց, շինարարներից ու տերերից մեկը եղավ Հայոց նոր ոսկեդարի` Հայաստանի երկրորդ հանրապետության: Հանգրվանեց բոլորիս երազած Հայոց ազատ ու անկախ երրորդ հանրապետությունում, ուր ամբարեց իր իմաստությունը, ի վերուստ տրված շնորհը և մարդկային մեծ հմայքը: Ահա այսպես նա կամրջեց հայության համար բախտորոշ պատմական այս երեք շրջաններն ու վաստակեց Ամենայն Հայոց Բանաստեղծուհի բարձր անունը: Ոչ միայն անունը, այլև անչափելի սերն ու ակնածանքը, որը մինչև վերջ սնուցեց նրան ու ներշնչեց դեպի քերթողական բազում բարձունքներ:
Իսկ թե Կապուտիկյանից ինչ կվերցնեն հաջորդ սերունդները, կախված է նաև նրանից, թե ինչպես կներկայացնեն բանաստեղծուհուն նրա երկրպագուներն ու ժամանակակիցները:
Բանաստեղծություններն ու արձակն ունեն իրենց ոգին և յուրահատուկ էներգետիկան, որոնք մեկնաբանության կարիք չունեն: Ընդսմին, կարևոր է հիշատակել այն զարմանահրաշ ներդաշնակությունը, որ կար նրա ստեղծագործություններում և ապրած ամեն օրվա մեջ, որը բանաստեղծուհուն հեռու պահեց այն հակասությունից, որ շատերին չի հաջողվում` խոսքի և գործի մեջ:
Այո՛, զարմանալիորեն ներդաշնակվում էր վանեցու` իրականում շատ առատաձեռն հյուրասիրությունը, իսկ զրույցներում` չափված, ձևված, կշռադատված խոսքը, իսկ անընդունելի վարք ու բարքի դեմ` վրդովմունքն ու հումորը` նրա այդ համով-հոտով հումորը:
Չափազանցություն չի լինի հիշել Սիլվա Կապուտիկյանին նաև որպես Ամենայն հայոց մայր: Ոչ մի երեխայի հոգս ու ցավ նա չշրջանցեց, քանզի իր պատկերացմամբ` չկար ուրիշի երեխա կամ ուրիշի երեխայի խնդիր: Եվ իր համոզմամբ` չկար տարեմուտի կամ Նոր տարվա տոներն անցկացնելու վայրի ավելի ճիշտ ընտրություն, քան… մանկատունն էր: Նա գնում էր մանուկների մոտ` անգամ իր հարազատներին չտեղեկացնելով, թաքուն ու անաղմուկ, ու վերադառնում այն ապրումներով, որոնք նոր ստեղծագործությունների սնունդ էին տալիս:
Նա հաճելի զրուցակից էր և ցանկալի հյուր, անգամ` սեղանապետ: Սիրով ու սրտով երգում էր «Դլե յաման» ու այնքան հայերեն պարում: Բայց կյանքի օրոք լիուլի վայելած փառքի, սիրո դիմաց իր համար անընդունելին երբեք և ոչ մեկին չհանդուրժեց: Երբեք և ոչ մեկին չհաճոյացավ, անգամ ընդվզեց` իր պարգևը վերադարձնելով: Խրոխտ կեցվածքով ու ճշմարտախոսությամբ, լավատեսությամբ ու մարգարեական խոսքով նա կրթեց տարբեր սերունդների:
Ի՛նչ գերմարդկային զորությամբ կարող է անհատը դիմակայել հոգեմտավոր ամայացմանը և ԻՐԵՆՈՎ կասեցնել գահավիժման կործանարար ընթացքը: Կասեցնել իր ըմբոստ կեցվածքով և հոգու իրական ճակատամարտ տալով ազգի արժեքային ժառանգության կեղեքման դեմ:
Ու միայն պատրանք է, թե անհատը միայնակ է այս ահեղ մարտում. իրականում` հայրենիքը, իր իսկ խոսքերով, քարտեզի վրա չէ. այն ներծծված է երակներում: Այն արյան կանչ է ու ոգեղեն սնունդ: