Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

Շնորհավոր տոնդ, Հայաստան…
2015-ը, ինչպես մեր բոլոր տարիները, դժվար տարի է լինելու և՛ տնտեսական առումով, և՛ արտաքին ու ներքին քաղաքական առումներով. սա ճիշտ այն պահն է, երբ ներքևինները այլևս չեն դիմանում, իսկ վերևինները այլևս անելիք չունեն… 2015-ին որ կողմից էլ մոտենանք, այնուամենայնիվ, 1915 թ. ենք հիշելու. կուզենայի 100-ամյա տարելիցի շեմին մի պատուհան բացվեր Վուդրո Վիլսոնի «Իրավարար վճռի», Սևրի ու Ղարսի պայմանագրերից գոնե մեկի համար…
Հիսուսն ասել է. «Քո տնից սկսիր…»: Հայաստանի գրողների միությանը՝ թիմային շահից բացի, գրականության մեծագույն շահ, իսկ հնաբնակներին` գաղափարական նոր բնակարանամուտ եմ ցանկանում: Գրողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացու պահանջատիրություն, գրական մեր տաճարի դուռը ոչ թե իներցիայով բացելու, այլ՝ սեփական տաղանդի ամենօրյա շիկնանքով…
Ինձ, ի՞նչ ասեմ. ես միշտ եղել և մնալու եմ հայրենատիրության առաջին գծի հոգևոր զինվորներից մեկը և մարելու եմ շարք կանգնած հրապարակագրությունների անհայտ պարտքերը: Տա Աստված, ավարտեմ 5-րդ հատորը:
Բոլորիդ էլ սիրում եմ, մաղթում եմ լույս ու ջերմություն Ձեր ավանդական օջախներին, մեր անկեղծ մաղթանքները՝ Հայոց բանակին, իսկ Հայոց լքված օջախներին` պանդխտության սով ցանկանանք…
Շնորհավոր տոնդ, Հայաստա՛ն, հզո՜ր մնա:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։