ԳԻՇԵՐ ԵՐԶՆԿԱՅԻ ՎՐԱ / Յաշա ՉԱԽՈՅԱՆ

Հայոց մեծ եղեռնի թեմային է անդրադարձել ամերիկաբնակ դրամատուրգ Անդրիանա Սևան Նիկոլսին «Գիշեր Երզնկայի վրա» դրամայում` Մեծ Եղեռնի հետևանքները կրող, ԱՄՆ-ում ապրող, ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ընտանիքի տխուր պատմություն, որը սերունդներին կոչ է անում չմոռանալ ցեղասպանությունը, մեր պապերի հողն ու ջուրը, լինել պահանջատեր: Ադրիանա Սևան Նիկոլսը (նա կիսով չափ հայ է) գրում է. «Ինձ համար մեծ պատիվ է, որ «Գիշեր Երզնկայի վրա» պիեսը բեմադրվում է Հայաստանում: Դա այն ճանապարհորդությունն էր` 2009-ին, որը հնարավորություն տվեց գրել այս պիեսը, ավելի խորը հասկանալ, թե ինչ է նշանակում լինել հայ: Լաց լինելով Արարատ լեռան տեսարանով, փարվելով Քարահունջի պատմական քարերին, աղոթելով Տաթևի վանքում և ամենակարևորը` սերված հայ ժողովրդից»:
Բեմադրիչ Վարդան Հովհաննիսյանն ավարտել է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Տևական ժամանակ ստեղծագործել է Հայաստանում` նախ Պատանի հանդիսատեսի, այնուհետև` դերասան և բեմադրիչ` Կապանի, Գյումրիի և Էջմիածնի թատրոններում: Մոտ 50 բեմադրությունների հեղինակ է, այժմ ապրում է ԱՄՆ-ում: «Ամերիկայի Նյու Ջերսի նահանգի Համազգային մշակույթի կենտրոնը հրավիրեց` Հայոց Մեծ եղեռնի 100-անյակին նվիրված որևէ գործ բեմադրել: Երկար փնտրտուքից հետո ընտրեցի այս պիեսը: Յուրաքանչյուրիս պարտքն է անել հնարավորը և օտարներին մեկ անգամ ևս ցույց տալ Հայոց ցեղասպանության և նրա հետևանքների մասին»,- ասում է Վ. Հովհաննիսյանը:
Դրաման առաջին անգամ է բեմադրվում Հայաստանում` Պատանի հանդիսատեսի թատրոնում: Բեմադրության մեջ զբաղված են թատրոնի շնորհալի դերասաններ, նրանցից ամեն մեկը, կերպարանափոխվելով, մարմնավորում են մի քանի կերպարներ: Արտավազդի դերում Իշխան Ղարիբյանն է, ով խաղում է բարձր վարպետությամբ և կերպարին տալիս է համոզիչ ու հավաստի լուծումներ:
Բեմադրության մեջ նորովի դրսևորվեց Սիրանուշ Լազյանի դերասանական ունակությունները` Ալիս Օղիդանյանի և Ավայի («Աղավնի») կերպարները մարմնավորելիս: Ներկայացման գլխավոր դերակատարուհին հիանալի և համոզիչ խաղով շահեց հանդիսատեսի համակրանքը:
Թատրոնի երկարամյա, առաջատար և վաստակաշատ դերասան Տրդատ Մակարյանը Արամի և տարեց Արտավազդի դերերը սահուն և անճիգ խաղաց` հավելելով տարիների փորձն ու վարպետությունը:
Շնորհալի դերասանուհի Լարիսա Ղևոնդյանը մարմնավորեց Վերոնիկայի և տարեց Ալիսայի կերպարները` մեկը մյուսից տարբեր, հավաստի ու համոզիչ:
Հետաքրքիր կերպարներ են ստեղծել Վիգեն Թադևոսյանը (Բիենվենիտո, Հիվանդապահ և Վանական), Ապավեն Ալեքսանյանը (Թուրք զինվոր և Խալիլ), Սամվել Դանիելյանը (Բժիշկ և Մեծ Հայր), Գոհար Կարապետյանը (Սարինե և Սահիպա), Շուշանիկ Ղազարյանը (Տարեց Էսթրեա), Անի Բայաթյանը (Հիվանդապահուհի), Անի Վարդանյանը (Գեղեցիկ կին Բեմբի և Սոպրանո), Կոնստանտին Կոզմանովը (Ոստիկան Ալբերտո և Ջոնի Ջիուլզ), երեխաների դերերը կատարում են` Նելլի Խաչատրյանը (Փոքր աղավնի և Կարինե) և Մարի Կարապետյանը (Անուշիկ և Փոքր Էսթրեա):
Հետաքրքիր և ուշագրավ նկարչական ձևավորման հեղինակը Վարդիվար Քեշիշյանն է: Տիգրան Նանյանի երաժշտական ձևավորումը և պարաբեմադրությունների հեղինակ Նաիրա Հովհաննիսյանի աշխատանքները համահունչ էին բեմադրությանը:
Պիեսի հեղինակը դեպքերը ներկայացնում է տարբեր ժամանակահատվածներում, ինչը խաթարում է սյուժեի համաչափ զարգացումը: Շ. Ղազարյանը (նա ներկայացնում է դեպքերի ընթացքը) եթե չի միջամտում կամ չի դառնում իրադարձությունների մասնակից, իբրև կերպար չի արդարացվում: Այդուհանդերձ, պիեսն արդիական է, բեմադրությունը` ժամանակի պահանջ և հրամայական: Ներկայացումն աչքի է ընկնում բեմական հետաքրքիր լուծումներով, նկարչական, երաժշտական և պարերի բեմադրական համադրությամբ, պիեսին հարազատ մնալու, ստեղծագործական ճիշտ դերաբաշխումով, որի արդյունքում ստեղծվել է ներկայանալի բեմադրություն:
Ներկայացման ավարտին ՊՀ թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանն ընթերցեց դրամայի հեղինակի հեռագիրը` առաջնախաղի առթիվ. «Սիրելի Հակոբ, Վարդան և թատերախմբի բոլոր անդամներ, շնորհավորում եմ ձեզ: Ես և իմ ընտանիքը ձեզ հետ միասին տոնում է այս յուրահատուկ երեկոն: Բերելով «Գիշեր Երզնկայի վրա»-ն հայրենի տուն` Հայաստան, դուք իրականացրիք իմ երազանքը: Այս պիեսը կյանքի գովերգումն է, ներելու ուժը և վկայությունն այն բանի, որ մեր նախնիները միշտ մեզ հետ են և առաջնորդում են մեզ մեր բոլոր գործերում: Մեկ անգամ ևս իմ շնորհակալությունն եմ հայտնում: Կտեսնվենք գարնանը: Գրկում և համբուրում եմ: Ադրիանա»:
Հ. Ղազանչյանը ՀՀ մշակույթի նախարարության դիպլոմ և «Գրիգոր Նարեկացի», Սփյուռքի նախարարության «Ոսկե» և ՀԹԳ միության «Ոսկե» մեդալներ հանձնեց Վարդան Հովհաննիսյանին` ԱՄՆ-ում հայալեզու բեմադրության, Մայր հայրենիքում համագործակցելու և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Վ. Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց կուրսի ղեկավար Երվանդ Ղազանչյանին, դերասաններին և հանդիսատեսներին` սիրալիր ընդունելության համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։