Հայաստանի գրողների միությունը բոլոր անդամների անունից սրտանց շնորհավորում է Ձեզ՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ:
Զգալի է Ձեր ավանդը վերջին մի քանի տասնամյակի հայ թատերական-երաժշտական արվեստի զարգացման բնագավառում: Ինչպես Սփյուռքում (Ավստրիա, Ֆրանսիա և այլն), այնպես էլ՝ անկախացումից հետո, Հայրենիքում ծավալած Ձեր ակտիվ ու բեղմնավոր գործունեության մեջ Դուք հանդես եք եկել թատերական աշխարհի բազմաթիվ նշանավոր բեմերում, լիարժեքորեն դրսևորելով Ձեզ որպես տաղանդավոր երաժիշտ, դերասան և ռեժիսոր, ի վերջո՝ որ պակաս կարևոր չէ, որպես մեծահամբավ Օհան Դուրյանի արժանավոր ժառանգորդ:
Հատկապես ուզում եմ նշել նաև այն իրողությունը, որ արդեն մի քանի տարի Ձեր հիմնած և ղեկավարած «Բոհեմ» թատրոնը՝ հաստատվելով Հայաստանի գրողների միության հարկի տակ, հաջողությամբ իրականացնում է գրականությունն ու թատրոնը կամրջելու նվիրական առաքելությունը և կարճ ժամանակամիջոցում հասցրել է վայելել խստապահանջ հանդիսատեսի սերն ու համակրանքը:
Հարգելի Նարեկ Դուրյան
Մեկ անգամ ևս շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկար, ստեղծագործ ու բեղուն կյանք՝ ի շահ հայրենի արվեստի ու մշակույթի հետագա բարգավաճման:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ