ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ  ԳՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ

grakan-logoՀԳՄ շաբաթաթերթ
Առաջին համարը լույս է տեսել 1932 թ.

ՀԳՄ-ի 82-ամյա «Գրական թերթը» շնորհավորում է ՀԳՄ-ի 80-ամյակը: Ու սա այն դեպքն է, երբ «Հա՞վն է առաջացել ձվից, թե՞…» չարչրկված հարցն ունի հաստատ պատասխան ու նաև բացատրություն, քանզի սկզբում բառն էր: Ուրեմն, նախ` գրողների թերթը, հետո` գրողների միությունը, և սա միայն փաստի արձանագրում է, ոչ ավելին…
Այս տողերը գրելիս մեկ անգամ ևս գիտակցեցի «ԳԹ»-ի անցած ճանապարհը` իր խմբագիրներով ու խմբագրակազմերով, նաև երևակայությանը դժվար տրվող` գրական հավերժության կնիքն ստացած հրապարակումների (պոեզիա և արձակ, քննադատական թե մշակութաբանական հոդված, ֆելիետոն և անգամ հրաժեշտի խոսքեր…) անթիվ թվով: Թերթեք «Գրական թերթի» անցած տարիների և տասնամյակների հավաքածուները և նրա էջերում կտեսնեք Ժամանակը` ամրագրված Գրողի «թուղթուգրով»: Սա է, երևի թե, «ԳԹ»-ի անուրանալի ձեռքբերումը` լինել Ժամանակի հետ, երբեմն էլ` նրանից մի քայլ առաջ… երբ նրա էջերը դարձել են խեցի` իրենց մեջ պահած գրական գործ-մարգարիտը, որն ստացել է ոչ միայն Ժամանակի գնահատականը, այլև ինքն է դարձել Ժամանակը գնահատողը:
Մնացածը… 2002 թ. «ԳԹ»-ի թիվ 22-ում (նվիրված թերթի 70-ամյակին) խոսք է ասել Հրանտ Մաթևոսյանը: Կարծում եմ` 12 տարի անց մեկ անգամ ևս կարդալ մաթևոսյանական խոսքը պատիվ կբերի բոլորիս:

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Եթե «Գրական թերթը» չլիներ` գրական-հասարակական-քաղաքական մի հանդեսի խիստ կարիք մենք, իհարկե, ունենալու էինք. փնտրեինք-գտնեինք, բացեինք-ընկղմվեինք ու վայելեինք մեր բաժին և՛ ճիպոտը, եթե դրան էինք արժանի, և՛ շոյանքը` եթե մեզ այդ էր հասնում: Բայց «Գրական թերթը» կա. և նման մի հանդեսի խիստ անհրաժեշտությունը մենք դարձյալ զգում ենք-ինչի՞ց է, թե՞րթն է աղոտ, մե՞նք ենք խստապահանջ, իրավ մեծերի բացակայությո՞ւնն է այս պարապի պատճառը, ժամանա՞կն է ապագրական. և՛ մեկը, և՛ մյուսը, բայց այսպիսի խոսքաշատության հետ այսպիսի՞ լռություն, տպագիր խոսքի սահմաններում այսքան իրական իրողություն և գրական այսպիսի՞ աղքատություն:
Բոլորս վերին մի միջամտության կարիքը զգում ենք. լիներ, հրահանգեր կամ եղբայրաբար` ուսով ուսիդ խփելու նման` հրեր հաներ մեզ այս անվերջ տեղապտույտից, այս արատավոր շրջանից դեպի մի աշխարհ, ուր խոսքդ խոսք կլիներ և խոսքդ գործ կդառնար: Վերևն այնինչ պարապ է:
Այդ վերինը, գրական-հասարակական-քաղաքական կյանքի այդ ուղղափառ ճիզվիտը մենք ինքներս ենք դառնալու` «Գրական թերթով». այս թերթով, որովհետև այստեղ մենք միմյանց առջև ենք, ինքներս մեր և միմյանց առջև մի քիչ ավելի սթափ ու պատասխանատու, մի քիչ ավելի զուսպ, ավելի ներհայաց, քան ի լուր կողմնակիցների ու «ժողովրդի» խոսելիս. այստեղ մենք, ինչպես անտառի ծառերը, միմյանց հասակ ենք շտկելու, շատերիս չորացնելու կամ թուփ ենք թողնելու, միմյանց վերընթաց ենք ուղղորդելու:
Ավելորդին ավելորդ, վատին վատ, լավին լավ ասելով այստեղ է կռանվելու մեր այն խոսքը, որ իրեն կպարգևատրի անգամ անտարբեր, անգամ անբարյացակամ հասարակություններին: Իսկ անտարբեր հասարակություն առհասարակ չի լինում: Հասարակությունը միշտ իր գրականության պատվախնդիրն է և միշտ է սպասում, թե երբ է իր առջև այլազգի հեղինակը փոխարինվելու իր հեղինակով և այլ իրականությունները` իր իրականությամբ:
Կորսված չափանիշները կգտնի «Գրական թերթը»` իր և մեզ համար գտած կլինի դարձյալ յոթանասուն տարվա կյանք: Այդպես էր Սևակի-Սահյանի-Աղաբաբյանի-Թամրազյանի ժամանակ, այդպես է Վազգենի-Զավենի-Ֆելիքսի-Դավթի ժամանակ:

norq«ՆՈՐՔ»
ՀԳՄ գրական-գեղարվեստական,
հասարակական-քաղաքական հանդես
Առաջին համարը լույս է տեսել 1933 թ.

Հանդեսը հրատարակվում է 1933 թվից: 81 տարի անց, թե ինչու եմ սակայն-ը դարձնում բայց` չգիտեմ: Ոչ էլ գիտեմ, թե ինչու եմ բացակա ստորակետը դնում ու ավելորդը հանում: Մի ժամանակ կարծում էի, թե մարդիկ հացի փող չունեն` ի՜նչ գրականություն: Հիմա էլ մտածում եմ, թե ինչո՞ւ ենք գոյատևում, ինչո՞ւ է Ռուբենը ուրիշների առաջ վիզ ծռում ու փող ճարում, որ գոնե 4 համար լույս տեսնենք: Որ ի՞նչ:
Գուցե մեր կանայք են մեղավոր` չենք ուզում տուն գնալ, այստեղ վեր ընկած ծխում ենք…

Ֆելիքս ՄԵԼՈՅԱՆ

logo«ԼԻՏԵՐԱՏՈՒՐՆԱՅԱ ԱՐՄԵՆԻԱ»
ՀԳՄ գրական-գեղարվեստական,
հասարակական-քաղաքական հանդես
Առաջին համարը լույս է տեսել 1958 թ.

«Լիտերատուրնայա Արմենիա»-ի առաջին համարը լույս տեսավ 1958 թ. դեկտեմբերին: Դա փորձնական համար էր: Ամսագիրը պարբերաբար սկսեց լույս տեսնել 1959-ից` երկու ամիսը մեկ: Իսկ 1961-ից դարձավ ամենամսյա: «ԼԱ»-ն աշխարհ եկավ, երբ արդեն հրապարակում էին ու նույնիսկ որոշակի հանրաճանաչություն էին ձեռք բերել հանրապետական «Ռադուգա» (Կիև), «Զվեզդա Վոստոկա» (Տաշքենդ), «Լիտերատուրնայա Գրուզիա» (Թբիլիսի) ռուսալեզու ամսագրերը: Բայց վերը թվարկված ամսագրերի համեմատությամբ` «ԼԱ»-ն ուներ մի անուրանալի առավելություն` Սփյուռքը: Խորհրդային Միության բոլոր տարածաշրջաններում հայերը, առանց բացառության, հրճվանքով ընդունեցին ամսագիրը, քանի որ դա Հայրենիքին կապող ևս մեկ թել էր:
80-ականների վերջերին էր, մի օր խմբագրու­թյուն եկավ Լևոն Հախվերդյանը (նրա «Զրույցներ լեզվի մասին» հրաշալի գիրքը ժամանակ առ ժամանակ հաճույքով վերընթերցում եմ): Նոր էր վերադարձել Միջին Ասիայից, այցի էր գնացել հարազատներին: «Պատկերացնո՞ւմ ես,- ասաց նա,- նրանք ինձ ցույց տվեցին մի մեծ գրապահարան, որտեղ խնամքով ու խիստ հերթականու­թյամբ` ըստ տարիների, շարված էին «Լիտերատուրնայա Արմենիա»-ի բոլոր համարները` առաջինից մինչև վերջին` թարմ համարը, և ասացին. «Ահա թե ինչն է մեզ ամուր կապում Հայրենիքի հետ, առանց այս ամսագրերի մեր կյանքն իմաստազուրկ կլիներ»: Եվ եզրափակեց. «Հիմա այս ամսագրին ես ուրիշ աչքերով եմ նայում»:
Մեր աշխատանքի երկար տարիների փորձը հաստատում է մի անվիճարկելի ճշմարտություն` «ԼԱ»-ն մեր` ներսի լսարանի համար չէ: Ամսագիրն ունի երկու հիմնական գործառույթ: Առաջին` արժանապատվորեն ներկայացնել հայ գրականության լավագույն գործերը և մեր մշակույթը, պատմությունը, հրատապ խնդիրներն ու տագնապները ռուսերենով: Երկրորդ` աջակցել, որ հայերը, որտեղ էլ ապրեն, հայ մնան:
60-ականներին ձևավորվեց խմբագրակազմը` ամենաառաջինը նրանք դրեցին ապագա ամսա­գրի հիմքը, ստեղծեցին այն բարի ժողովրդավարական ավանդույթները, որոնք, հուսով եմ, մնայուն են մինչև մեր օրերը: Եվ, օգտվելով առիթից, չեմ կարող չասել, որ այդ փառապանծ կոլեկտիվի վերջին ներկայացուցիչը, փայլուն թարգմանիչ (մասնավորապես` Վ. Սարոյանի), քննադատ, գրականագետ ու մեր խմբագրական կոլեգիայի անդամ Նատալյա Գոնչարը օրերս արժանացավ կառավարական բարձր պարգևի` «Մովսես Խորենացի» մեդալի:
60-ական և հաջորդ տարիներին, դաժան գրաքննության պայմաններում, «ԼԱ»-ի էջերում հայտնվեցին այնպիսի ստեղծագործություններ, որոնց դեմ երբեմն փակ էին անգամ կենտրոնական ամսագրերը: Մեզ մոտ էր, որ երկար դադարից հետո տպագրվեցին Օ. Մանդելշտամի «Հայաստան» բանաստեղծությունների շարքը և արձակը, առաջին անգամ հրապարակվեցին Գրոսսմանի «Բարին ընդ ձեզ» (մինչ այդ վիպակը մի քանի տարի մնացել էր «Նովիյ միրի»-ի դարակներում), Ս. Գորոդեցկու «Շամիրամի այգիները» վեպը, Յու. Կարաբչիևսկու «Հայաստանի կարոտը», Ա. Բելիի, Մ. Ցվետաևայի, Վ. Բրյուսովի, Մ. Վոլոշինի և էլի շատերի արձակն ու պոեզիան:
Թե ինչպես էին ընկալվում և ընդունվում նման հրապարակումները` վկայում է այս փաստը. 1990թ. «Ինոստրաննայա լիտերատուրա» ամսագիրը Մոսկվայում Կլոր սեղան էր կազմակերպել, որին հրավիրվել էին արտասահմանյան (հիմնականում` Եվրոպայից) ռուսալեզու ամսագրերի խմբագիրները, ինչպես նաև մոսկովյան երևելի գրողներ ու գրականագետներ: Եվ, խոսելով արտասահմանյան լավագույն ամսագրերի մասին (որոնցում ժամանակին տպվել են Ի. Բունինի, Մ. Ցվետաևայի և այլ մեծանուն գրողների գործերը), Կլոր սեղանի մասնակիցները նշեցին` դրանք բոլորը կարող են դասվել մեր առաջատար հանրապետական «Դաուգավա», «Լիտերատուրնայա Արմենիա», «Լիտերատուրնայա Գրուզիա» ամսագրերի կողքին…
Այսօր մեր տպագիր մամուլը դժվար ժամանակներ է ապրում: Այսօր արվում է ամեն ինչ, որպեսզի մարդուն օտարացնեն բառից, երաժշտությունից, գույներից, որ մարդուն ստիպեն մտածել միայն հանապազօրյա հացի մասին:
Մենք ստիպված ենք գնալ հոսանքին հակառակ: Դժվար է, բայց` անհրաժեշտ:
««Լիտերատուրնայա Արմենիա»-ն այսօր ունի խելացի, հասկացող հովանավոր` «Դար» հիմնա­դրամը: Ամսագիրն արդեն տարածվում է Հայաստանի սահմաններից դուրս` բաժանորդագրությամբ ու վաճառքով: Պետք է մարդկանց մեջ արթնացնել հետաքրքրություն սեփական մշակույթի հանդեպ, առանց որի քաղաքացիական հասարակության ձևավորումն անհնար է:

Ալբերտ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

ցոլքեր«ՑՈԼՔԵՐ»
ՀԳՄ պատանեկան-երիտասարդական հանդես
Առաջին համարը լույս է տեսել 2005 թ.

Ինձ համար Գրողների միությունը տաճար է, որտեղ մշտապես կանչող զանգեր են հնչում: Անունների և հիշողությունների այդ բացդուռ թանգարանը կմնա մշտապես խնկելի: Ափսոս, որ չկան պայծառահիշատակ, ոգեղենիկ այն անունները, որոնք լուսատուներին հարիր հուշում են իրենց տեղն ու դերը: Հաճախ ինձ թվում է, թե պատերին խաչվել են անգամ նրանց ձայները, ինչ-որ տեղ գինով, ինչ-որ տեղ սթափ, մշտախոս ու աղոթքաշշուկ, ուր չկա քարացում: Նրանք ժամանակի ուխտավորներն էին և գնում էին դեպի իրենց խաչն ու խաչելիությունը…
Հիմա արդեն նոր սերունդ է եկել՝ նոր գույնով ու նոր շնչառությամբ, իր տեսակով ու հրամայականով: Նրանց ցոլարձակումներն ու կանաչությունը ժամանակի սլաքն ուղղորդում են դեպի վաղվա օրը: Գրողների միության մշտաթրթիռ ու հոգնած երակի մեջ երիտասարդական արյուն է ներարկվել՝ նոր, ոգեղենիկ արարումներով, և շարունակում է մարմինը տաք մնալ ու կենսաբեր: «Ցոլքեր» հանդեսը դարձել է նրանց համար այն դաշտը, որտեղ կողք կողքի են դրվում դասականն ու նորօրյա գիրը: Անցյալի արժեքները և իրենց բողբոջները դեռ նոր լքած խոստումներ կրող այն պտուղները, որոնց խակության մեջ կա սպասում, թեպետ շատերի կորիզի ջուրը սկսում է պնդանալ: Այս սերունդը շտապում է տեղ հասնել, և այդ վազքը հին է, ծանոթ մեզ ու անվերջանալի: Տա՛ Աստված, որ նրանց ցոլարձակումները դառնան հարիր գրականու­թյան երկինքը վառ պահող լուսատուներին:
Ուրախ եմ, որ դեռ կարողանում եմ այդ տաք հացերը իրենց թարմության բուրմունքով հասցնել ընթերցողին, իսկ թթխմորը նվիրումն է, աղի ճիշտ չափաբաժինը, որպեսզի «Ցոլքերը» միշտ մեկնարկ վերցնի՝ չնայած եղանակի անբարենպաստ պայմաններին:
Ինձ մնում է հավելել` շնորհավոր տոնդ, իմ վարդագույն քարակերտ, իմ գրողական տուն…

ՀՌԻՓՍԻՄԷ

download«ԳՐԵԹԵՐԹ»
ՀԳՄ գրական երիտասարդական թերթ
Առաջին համարը լույս է տեսել 2006 թ.

Մենք գրում ենք «Գրեթերթ», սակայն «Գրեթերթն» էլ գրում է մեզ: Այսպես է, որքան էլ պարադոքսալ հնչի: Օրինակ, երբ մենք մեզ պատեպատ էինք տալիս, որպեսզի թերթը լույս տեսնի ամեն ամիս, թերթն ասաց` միավորեք երեք համարները և լույս տեսցրեք եռամսյակը մեկ: Պարզվեց` ճշմարտացի էր, արդարացված, ամեն ամիս ցրիվ, նաև ստիպված պատահական նյութերով էջեր լրացնելու փոխարեն ունենք ամփոփ, ծրա­գրային եռամսյա հրատարակություն, ո՞վ ասաց, որ թերթն անպայման պիտի ամեն օր, շաբաթը մեկ կամ ամիսը մեկ լույս տեսնի, հատկապես` երիտասարդական գրական թերթը: Երբ ճգնում էինք թերթը վաճառել, նա մեզ հուշեց` եթե ամբողջ տիրաժն էլ վաճառեք` եռամսյա թերթի բերածը չնչին է լինելու, բաժանեք, թող կարդան, դրա բերածը շատ ավելին է լինելու. այդպես թերթն իր շուրջը հավաքեց ջահել գրականասերների հոծ զանգված, հիմա բոլորն են ուզում տպագրվել թերթում, նույնիսկ նրանք, ովքեր սկզբում սուտ լիբերալ կեցվածք էին բանեցնում: Ամենաանշահախնդիր թերթն է, աշխատողներն աշխատավարձ չեն ստանում, հեղինակները` հոնորար: Եթե աշխատավարձ վերցնենք` թերթը պարզապես չի հրատարակվի, նրա ունեցած փողը միայն հարկերին էլ չի հերիքում, երբեմն ինքս էլ եմ զարմանում մեր «ֆոկուսին», ո՞նց է ստաց­վում…  Բայց պիտի ստացվի, ջահելների երկրորդ սերունդն է կայանում թերթի էջերում, նոր էր կարծես եկան` Մհերը Բեյլերյան, Արփին Ոսկանյան, Հովիկը Թեքգյոզյան, Համբարձումը, Արքոն, Վահրամը, Աննան, Հայկը, Հրաչը Սարիբեկյան, Արամը Պաչյան, Սաքոն, Հասմիկը, Նառան, Սիմոնյան Հասմիկը, էլի մի տասնյակ հեղինակներ, եկան, ասացին իրենցը, կայացան, հիմա նորագույն գրականու­թյան առաջատարներն են, թվում էր` վերջ, էլ եկող չի լինի, գրականու­թյունն էլ ոչ ոքի պետք չի էս պրագմատիկ ժամանակներում, բայց մեկ էլ` նոր տղերք-աղջկերք, տասնութ-քսան տարեկան, ոչ պակաս տաղանդավոր` Գրիգը, Մերրին, Նորիկ Սարգսյանը, Արթուրը, Լուսինե Եղյանը, Գոհար Աքելյանը, Անի Հովնանը… Նոր թափով, նոր թեմատիկայով, նոր ձևով… Չէ՛, թերթը դեռևս պիտի ապրի, տպագրելու ենք, թող որ առանց աշխատավարձի, առանց հոնորարի, մերկ էնտուզիազմով, տպագրելու ենք…

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։