«ԱՐԱՐԱՏԻ ՀՈՂՄԵՐԸ» ԲԵԼԳՐԱԴՈՒՄ / Մարկո ՅԵԼԻՉ

Դեկտեմբերի 12-ին Բելգրադի կենտրոնական գրադարանի լեփ-լեցուն դահլիճում, Սերբիայի հայ համայնքի ղեկավարության նախաձեռնությամբ և հովանավորությամբ, կայացավ սերբ անվանի բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչի «ВЕТРОВИ АРАРАТА» (ԱՐԱՐԱՏԻ ՀՈՂՄԵՐԸ) բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը: Նրանում տեղ գտած գործերի զգալի մասը նախապես հրատարակվել է Արցախում և Հայաստանում՝ բանաստեղծ Գագիկ Դավթյանի թարգմանությամբ:
– Պատահական չէ ընտրված այս օրը,- բացելով շնորհանդեսը, ասաց Սերբիայի հայ համայնքի նախագահ Սամվել Այվազյանը: – Սերբերն առաջիններից էին աշխարհում, որ շտապեցին մարդասիրական օգնություն հասցնել 1988-ի ավերիչ երկրաշարժի երախում հայտնված հայ ժողովրդին: Ցավոք, դեկտեմբերյան այս օրը, վայրէջքից հաշված րոպեներ առաջ, կործանվեց ինքնաթիռը, զոհվեցին անձնակազմի բոլոր 7 անդամները: Երախտապարտ հայ ժողովուրդը հուշարձան կանգնեցրեց նրանց հիշատակին և այսօր էլ, արհավիրքից 26 տարի անց, տասնյակ հազարավոր զոհերի հետ մեկտեղ խնկարկում և ոգեկոչում է սերբ նահատակների հիշատակը: Մեր այս երեկույթն էլ երախտիքի յուրօրինակ տուրք է սերբ ժողովրդին և անմեղ զոհերի ընտանիքներին: Այնուհետև Ս. Այվազյանը, շնորհավորանքի ջերմ խոսքեր ուղղեց բանաստեղծուհուն, ով թարգմանչի հետ միասին արժանացել է Պոեզիայի արցախյան միջազգային 2-րդ փառատոնի դափնեկրի կոչման:
Հրապարակվեց գրքի խմբագրի՝ Սերբիայի գրողների միության հրատարակչության գլխավոր խմբագիր Դրագան Լակիչևիչի սրտառուչ ուղերձը Լյուբիցա Միլետիչին:
Գրքի հանգամանալի վերլուծությամբ հանդես եկավ արևելագետ, բան. գիտ. թեկն. Ժաննա Հակոբջանյանը:
Բանաստեղծության սերբերեն ընթերցումով սկսեց իր ելույթը Լյուբիցա Միլետիչը: Նա անդրադարձավ գրքի ստեղծման շարժառիթներին, պատասխանեց ունկնդիրների բազմաթիվ հարցերին, պատմեց իր ծրագրերի մասին, տեղեկացնելով նաև, որ շուտով ավարտին կհասցնի հայ արդի պոեզիայի անթոլոգիայի ստեղծման ուղղությամբ կատարվող աշխատանքը:
Սերբիայի և Հայաստանի պետական դրոշների ներքո, ջերմ ու սրտառուչ երեկոյի ընթացքում բանաստեղծուհու գործերի ասմունքով, հայկական և սերբական ժողովրդական երգերի կատարումներով հանդես եկան Թամարա Լուկովիչը, Հրահատ Պողոսյանը և Անժելա Նեդեյլկովիչը: Շնորհանդեսը վարում էր Ռոլանդ Այվազյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։