Արցախի գրողների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի Պոեզիայի և գիտական նիստերի դահլիճում տեղի է ունեցել բանաստեղծ-ազատամարտիկ, Արցախյան պատերազմի նահատակ Կոմիտաս Հակոբյանի «Գոյության պատրանք» և լեզվաբան Սիլվա Մինասյանի «Կոմիտաս Հակոբյանի ստեղծագործությունների լեզուն և ոճը» գրքերի շնորհանդեսը:
Բացման խոսքում Արցախի ԳՄ նախագահ, գրքի խմբագիր Վարդան Հակոբյանը, արժևորելով Կոմիտաս Հակոբյանի ստեղծագործությունը, նշեց, որ Կոմիտաս Հակոբյանն Արցախի ամենաարցախցի երգիչն ու բանաստեղծն է դարձել, հայ ժողովրդի ամենավճռական գոյամարտի սխրանքը մարմնավորող դպիրը. նրա խոսք ու տաղից մշտապես լույս է ելնում: «Նոր էինք տպարանից ստացել Կոմիտասի առաջին գրքի ազդօրինակը,- ասաց նա,- բայց Կոմիտասն արդեն ռազմի առաջին գծում էր: Եվ զինվորական շորերով էլ նա եկավ ու ստացավ ԳՄ անդամության իր տոմսը, որով շատ էր ոգևորվել: Խիզախ բանաստեղծ ու խիզախ մարտիկ էր նա»: Ապա Վարդան Հակոբյանը կարդաց իր նոր գրած բանաստեղծությունը՝ նվիրված զոհված գրչընկերոջը:
Բան. գիտ. թեկնածու Ամալյա Գրիգորյանը, անդրադառնալով «Գոյության պատրանք» ժողովածուին, ասաց, որ գիրքն ամփոփում է հեղինակի բանաստեղծությունները, մարտական անտիպ գրառումները, գրչակից ու մարտական ընկերների, ժամանակակիցների հուշերն ու գնահատանքի խոսքերը: Գրքում տեղ են գտել ավագ գրչակիցների բանաստեղծությունները՝ նվիրված Կոմիտաս Հակոբյանին:
Շնորհակալ գործ է կատարել լեզվաբան, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Սիլվա Մինասյանը՝ «Կոմիտաս Հակոբյանի ստեղծագործությունների լեզուն և ոճը» աշխատության հեղինակը: Նա հանգամանորեն քննության է առել Կ. Հակոբյանի ստեղծագործությունների թեմատիկ ու լեզվական առանձնահատկությունները: Գրքի խմբագիրն է բան. գիտ. թեկնածու, դոցենտ Նունե Խաչատրյանը:
Բանաստեղծ Սոկրատ Խանյանը նշեց. «Իր երգերում և կյանքում Կոմիտասը նույնն է. նրա երգն արձագանքն էր այն երազի ու ցավի, ինչ ստացել էր նա գերված Արցախ լեռնաշխարհից: Ահա թե ինչու պատերազմի հենց առաջին օրվանից Կոմիտասն առանց վարանելու զինվորագրվեց Արցախի անկախության և ազատության պայքարին՝ կամովին իր կյանքը դնելով հայրենիքի փրկության զոհասեղանինե:
Խոսելով բանաստեղծի բազում արժանիքների մասին՝ բանաստեղծուհի Ժաննա Բեգլարյանը առանձնացրեց նրա օրագրային գրառումները՝ ընդգծելով, որ այդ մտորումներում բանաստեղծն առավել տեսանելի է դառնում իր ինքնատիպ ու փիլիսոփայական խառնվածքով:
Ներկաները հետաքրքրությամբ լսեցին բանաստեղծ-ազատամարտիկ Ռոբերտ Եսայանի և Արիս Գրիգորյանի ելույթները: Այնուհետև ելույթ ունեցավ Սիլվա Մինասյանը: Նա խոսեց բանաստեղծի ստեղծագործությունների լեզվաոճական առանձնահատկությունների մասին, հատկապես կարևորեց հեղինակի ստեղծագործություններում առկա նորակազմությունները:
Սրտառուչ էին բանաստեղծներ Արկադի Թովմասյանի, Դավիթ Միքայելյանի, Զինաիդա Բալայանի ելույթներն ու հուշերը:
Առանց հուզմունքի անհնար էր լսել Կոմիտասի մոր՝ Սեդա Հակոբյանի երախտագիտությամբ լեցուն խոսքը, որ ուղղված էր գրչի մարդկանց ու ընթերցողներին, ովքեր մշտապես անմար են պահում իր բանաստեղծ որդու հիշատակը: Ջերմ էր բանաստեղծի քրոջ՝ Էվելինա Հակոբյանի խոսքը. «Եղբորս՝ Կոմիտասի բառերի մեջ խոսքեր եմ փնտրում, որ գուցե նա մեզ պիտի ասեր, բայց չհասցրեց, կիսատ մնացին: Ականջս դեռ ձայնի է… Կոմիտասի գրքում խոսում է հայրենիքի համար զոհված զինվորը: Եվ այստեղից է սկիզբ առնում նրա բառի դինամիկան, գրքի չընդհատվող շնչառությունը…»:
Երիտասարդ բանաստեղծ-մարտիկի տաղանդը ժամանակին նկատել է բանաստեղծուհի Մետաքսեն, ում կարծիքը հրապարակվեց շնորհանդեսում. «Բանաստեղծ – զինվոր Կոմիտաս Հակոբյանը իր ստեղծագործական աշխարհի խարույկն ունի, որ հրավառել է իր սեփական արյան կարմիր գնդիկներով, որոնք մեկիկ – մեկիկ բոցավառվելով, պիտի լուսավորեն աստղերի միջով ձգվող նրա հավիտենական ճանապարհը»: Իսկ արձակագիր Սերո Խանզադյանն այսպես է բնորոշել բանաստեղծի ստեղծագործությունները. «Ծավալով սրտի պես փոքր, բայց սրտի պես կյանք ու ոգի կենդանի պահող բանաստեղծական այս պատառիկները համազգային արժեքներ են: Կարդացի և Ղարաբաղի նկատմամբ ունեցածս հպարտությունը դարձավ անեզերք, հավատս՝ աներեր»:
Ելույթներն ընդմիջվեցին Գրիգոր Նարեկացի համալսարանի ուսանողներ Անուշ Եսայանի, Սուսաննա Ավագյանի, Մարի Հարությունյանի, Աննա Ավանեսյանի ասմունքով: Նրանք ներկայացրին զոհված մարտիկ-բանաստեղծի ստեղծագործություններից:
Գրքերի շնորհանդեսների կազմակերպումը, հիրավի, գեղեցիկ ավանդույթ է դարձել մեզանում, սակայն խոստովանենք, որ զոհված բանաստեղծի ու ազատամարտիկի գրքի շնորհանդեսը սովորական չէր իր բովանդակությամբ: Այն կյանքի, նվիրումի, սիրո, խիզախման մեծ խորհուրդ էր ամփոփում:
Աննա ՎԱՀԱՆՅԱՆ
Ստեփանակերտ