Ողբերգության հարյուրամյակին հայ ժողովրդի շատ բարեկամներ եկան Հայաստան, և մինչև տարեվերջ դեռ շատերը կգան: Ֆրասիացի բանաստեղծ Սերժ Վենտուրինին նույնպես չէր կարող բացակա ստանալ: Մեկ շաբաթից ավելի մնաց Հայաստանում, եղավ շատ սրբավայրերում, հանդիպումներ ունեցավ կրթօջախներում, բարեկամների ու պարզապես պոեզիա սիրող ընթերցողների հետ:
Փարիզ մեկնելուց առաջ պոեզիայի երկրպագուները նրան հյուրընկալեցին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում: Ինչպես և սպասվում էր՝ դահլիճը լեփ-լեցուն էր:
Սերժ Վենտուրինին առաջին անգամ Հայաստան էր եկել մեզ համար դժվարին ժամանակներում, երբ երկրի մի զգալի մասը փլատակների էր վերածվել (1987-90 թթ.): Լինելով զգայուն ու պոետիկ հոգու տեր անձնավորություն՝ նա չէր կարող անտարբեր մնալ իր համար դեռևս օտարի ողբերգությանը: Այդ օրերից էլ նրա հետագա ճակատագիրը կապվեց հայ ժողովրդի հետ, սիրահարվեց և պսակվեց մի հայուհու հետ ու դարձավ կիսով չափ հայ: Դա բանաստեղծն ինքն է խոստովանում. «Կարելի է ասել, որ ես հայ գրող եմ»: Նա բազմաթիվ բանաստեղծություններ ունի՝ գրված Հայաստանի ու հայի մասին: 2008 թ. հայերեն թարգմանությամբ լույս տեսած «Եվ լեռն ի վեր» բանաստեղծությունների ժողովածուն ամբողջովին Հայաստանի մասին է:
Այս օրերին էլ կարճ ժամանակով լինելով Հայաստանում՝ անդրադարձավ իր հարազատ ժողովրդի պատմական ողբերգության թեմային. «Եղել է Հայաստանը… նախկին:- Եղել է Հայաստանը… հետագա» («Ծիծեռնակաբերդից»):
Սերժ Վենտուրինին Փարիզում նույնպես չի կարողանում հեռու մնալ Հայաստանից: Կնոջ՝ թարգմանչուհի Եղիսաբեթ Մուրադյանի հետ նպաստում են հայ դասական ու ժամանակակից գրականության տարածմանը Ֆրանսիայում: Նրանց ջանքերով ֆրանսալեզու ընթերցողի սեփականությունն են դարձել Սայաթ-Նովայի ու Չարենցի ստեղծագործությունները: Ամուսիններին հաջողվեց ստեղծել ժամանակակից հայ արձակի մատենաշար, թարգմանվեցին և հրատարակվեցին պատմվածքների ժողովածուներ, որոնք շատ լավ ընդունվեցին ֆրանսիացի ընթերցողի կողմից:
Հայ ժողովուրդը միշտ էլ երախտապարտ է եղել նվիրյալ օտարազգիների նկատմամբ: Պատահական չէր, որ դահլիճը հաճախակի էր թնդում ծափահարություններից: Շնորհակալությամբ ու սիրով էին շաղախված կինոգետ, արձակագիր Դավիթ Մուրադյանի և բանաստեղծուհի Արմենուհի Սիսյանի ելույթները:
Դավիթ Մուրադյանը, բարձր գնահատելով «համարյա ֆրանսահայ» պոետ Սերժ Վենտուրինիի ծառայությունները հայ ժողովրդին ու նրա մշակույթին, ասաց, որ իր համար պատիվ է նրան հանձնել Մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» մեդալը: Ապա հիշեցրեց օրեր առաջ Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետի կոչում շնորհելու մասին, և որ այդպիսի իրադարձությունից հետո առաջինը Նարեկացու մեդալ շնորհվում է Սերժ Վենտուրինիին:
Ելույթներից հետո մոտ մեկ ու կես ժամ դահլիճն ունկնդրեց բանաստեղծի ստեղծագործությունների ֆրանսերեն և հայերեն տարբերակները: Մասնակիցները մեծ բավականություն ստացան՝ ապրելով տաղանդավոր պոեզիայի ջերմացնող մթնոլորտում:
Սերժ Վենտուրինին հավաստիացրեց, որ իր և տիկնոջ նախաձեռնած գործը ոչ միայն չի ընդհատվի, այլև գնալով կընդարձակի իր ընդգրկումը, և հայ արձակի ու պոեզիայի նորանոր գոհարներ կմատուցվեն ֆրանսալեզու ընթերցողին: