Ո՞վ կհակառակվեր սար գնալու առաջարկին՝ էն էլ ամառվա տապ օրով: «Վիլիսիե վարորդ Ալբերտը հանձն էր առել տանել, գլուխ էր գովում, որ իր «արծիվովե կարող է թռցնել-տանել նույնիսկ Արագածի գագաթը, ուր վառվում է Լուսավորչի կանթեղը: Ոչ ոք չէր հարցնում, թե սար տանող ճանապարհը ինչ վիճակում է…
Անկեղծ ասած, մինչև օրս սարի ճանապարհին տեսած չարչարանքները մտաբերելիս խղճի խայթ եմ զգում, թե ինչպես կարելի էր Համո Սահյանի և Սերո Խանզադյանի նման մեծություններին, ինչպես նաև երիտասարդ գրականագետ Ֆելիքս Մելոյանին ու բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին գցել տանջանքների գիրկը՝ ճանապարհի դժվարությունները հաղթահարելու փորձությանը ենթարկելով: Նրանցից ոչ մեկը ժամանակին, հետագայում էլ չի ակնարկել այդ մասին, կարծում եմ՝ բարեկրթությունից ելնելով: Նույնիսկ վարորդ Ալբերտը մինչև կյանքի վերջը այդ օրը համարում էր ամենահիշարժանը իր կյանքում և առիթ եղած դեպքում պատմում էր ամենայն մանրամասնությամբ: Նրա համար կարևորը այդպիսի մարդկանց հանդիպելը, նրանց հետ ճանապարհ գնալը և սեղան նստելն էր:
Ծայրահեղ վիճակների սիրահար Ալբերտը թևեր էր առել Սերո Խանզադյանի ոգևորիչ խոսքերից, թե՝ ոչինչ, ոչինչ… Ճիշտ է դառնում այն միտքը, որ բնությունն էլ դժվար է տրվում մարդուն, հեշտորեն չի բացում իր գաղտնաշխարհի դարպասները:
Չնայած ճանապարհի այսպիսի վիճակին, խոսելու անսպառ թեմա էր տվել Արագածի փեշին ծվարած Կոշը, որը ժամանակին եղել էր Արշակունիների ամառանոցը՝ իր բոլոր հարմարություններով: Գնել-Փառանձեմ-Արշակ-Տիրիթ արքունական դավադրությունը ևս առնչություններ ունի Կոշ բնակավայրի հետ:
Տիրան թագավորը Պարսկաստանում կայանալուց հետո հասնում է Կոշ և վեց օր անց վախճանվում: Այս թեմաներով հսկայական գրականություն է ստեղծվել, իսկ Համո Սահյանն ու Սերո Խանզադյանը հարազատ են իրենց ստեղծագործություններով հազարամյա գրական ավանդներին:
Հետագա դարերի ուրիշ խոշոր իրադարձություններ ևս չեն շրջանցել Արագածի արևկող այս ստորոտները, հատկապես, երբ խոսքը վերաբերում է Բագրատունիներին, Զաքարյաններին և Վաչուտյաններին…
Արագածի այս փեշը աչքի է ընկել իր սակավաջրությամբ: Հայ մատենագիտության մեջ հիշատակություններ կան, թե ինչպես մարդիկ Ամբերդի անդնդախոր ձորից, որոշակի թեքությամբ յոթ առուներ են հանել յոթ գյուղերի համար, որ կենդանություն պարգևեն, և ջրի համար յոթ գյուղերի միջև հաճախակի կռիվներ են բռնկվել:
«Վիլիսըե շարժվում էր հոսանքն ի վեր… Արզնի-Շամիրամը եկավ փոխարինելու միջնադարյան ջրանցքաշինության այդ համակարգին և լիություն բերեց, շենություն բերեց…
Արագած աշխարհ և Սյունիք: Սյունիքի երկու զավակները Արագածի ստորոտին տիրոջ պես են իրենց զգում, մեկը՝ պատմության իմացությամբ, մյուսը՝ բնության զգացողությամբ: Համո Սահյանը, որպես բանաստեղծ, առավել տեսանելի դարձավ, երբ առվի ափին ընտրվեց սուփրա բացելու տեղը: Ամեն մեկը անցավ իր գործին, իսկ բանաստեղծը մտավ բնության մեջ, աստիճանաբար ձուլվելով, ի մի դառնալով: Ահա ալպյան գորգը, Ամբերդի խոխոջուն առուն, քար ու քարափը, ծաղկունքը, խոտերը: Որքան ուզում ես զուգահեռներ տար Արագած աշխարհի և Սյունիքի միջև, գտիր ընդհանրություններ ու առանձնահատկություններ, միևնույն է, բոլորն էլ, որպես ներդաշնակություն, կոչվում են Հայաստան: Թե բանաստեղծը ինչ տվեց բնությանը, ինչ վերցրեց բնությունից, դժվար է ասել, բայց ուշ երեկոյան Երևան մտնելիս Համո Սահյանը նմանվեց դաշտից տուն դարձած պապին… Ծաղիկների ու խոտերի բազմաթիվ փնջեր էր կապել. ամեն մեկը իր բաժինը վերցրեց, մեքենայից իջավ իր կանգառում, որ տնեցիներին տանի Արագածի լանջերի գեղեցկությունը: Մի բան պարզ էր ինձ համար. Համո Սահյանը իր տունը՝ Երևանը, լցրեց Արագածի բույր ու շշուկով, գույն ու երանգով, խոսք ու զրույցով, ինչպես սարից տուն դարձած իր պապը: