Համաստեղի բազմաժանր ու հարուստ գրականությունը հայ ժողովըրդի «ապրելու հզոր տենչանքի» հաստատումն է առաջին մանրապատումներից ու բանաստեղծություններից, պատմվածքներից, աղոթագրքից՝ «Աղօթարան»-ից, ազգային դյուցազնավեպի մերօրյա տարբերակ «Այծետոմար» երգիծական պոեմից, երկհատոր «Սպիտակ Ձիաւորը» հերոսավեպից, «Հայաստանի Լեռներու Սրնգահարը» քնարական դրամայից մինչև «Առաջին Սէրը» վիպակը: Նրա գրական վաստակը մեր հոգևոր մշակույթի ձեռքբերումներից է՝ որպես հայի գոյատևելու իրավունքի հաստատում: Հայության գոյության ու ազատամարտի նպատակը համամարդկային է, ձեռք է բերվել տառապանքով, շաղախված է քրտինքով ու աշխատանքով: «Հայ ժողովուրդը դարձած էր ինքն իր մէջ տաճար, ինքն իր մէջ երկինք. տանջանքէն դուրս ելած լաւագոյն ստեղծագործութիւնը»,- մտորում է «Սպիտակ Ձիաւորը» դյուցազնավեպի հերոս Չերչի Կիրոսը:
«Ո՞վ ենք մենք» ավանդական հարցին Համաստեղը պատասխանում է. «Յաւերժական ճամբորդ»՝ Մարդու արարող տեսակի համառ այն ներկայացուցիչը, որին միշտ հակադրված է ավարառու արարածը՝ մարդու կերպարանքով, բայց անմարդկային նկարագրով: Համաստեղը հային բնութագրում է որպես կես-հեթանոս, կես-քրիստոնյա՝ մեր ազգային նկարագրի մեջ շեշտելով պապերից ժառանգած ուժն ու Արարման հրաշքից սնվող համատիեզերական մարդասիրությունը: Հայի հոգևոր ուժի ակունքը հողն է, որից ծնվում են բարության երկնային օրենքները: Հայ մարդը նախնիներից ժառանգում է ոչ միայն քրիստոնեության բարոյական սկզբունքները (գրողը շեշտում է՝ մկանների ու աչքի գույնի հետ), այլև դիմակայելու ու հարատևելու իր օրինակով հաստատում դրանց հավերժությունը՝ մարդու արարող ու ավարառու տեսակների կըռվում ապահովելով Արարման հաղթանակը:
Գ. Նժդեհը գրում է, որ «Ոյժը միայն նիւթական ազդակները չեն, այլև ժողովրդի առաքինութիւնները»: Հայ ժողովրդի բարոյական արժեքներն սկսվում են դպրոցից ու այբուբենից, որ երկնային օրհնության նման է հնչում հայ մանկան շուրթերից: «Սիրի՛ր թշնամուդ»՝ աշխարհի համար անիրագործելի քրիստոնեական պատվիրանի վրա է հենվում հայի բնավորությունը՝ հախուռն, սիրուց մինչև ատելություն հասնող բռնկումներով, երբեմն անհավասարակշիռ, բայց միշտ մարդկային ու մարդասեր:
Հայ մարդը հարկադրաբար է զենք վերցնում ու զինվոր դառնալուց հետո էլ մտովի հանդ ու արոտի հետ է: Կռվի դաշտում հայ ազատամարտիկի համար անխախտ են ասպետական օրենքները, ու երբ հայ ֆիդայիները Հեթումի գլխավորությամբ «թուրքավարի ոճիր» են գործում՝ գլխատելով թուրքական գյուղի բնակիչներին, ընկերները նրանց զինաթափում են: Ինքնանպատակ, ինքնապաշտպանության անհրաժեշտությամբ չթելադրված կռիվը ոճիր է, իսկ զինվոր դարձած հայ մարդը՝ ֆիդային, չի անցնում այդ սահմանը: Հայ ազատամարտիկը չի կարող զենքն ուղղել անզեն ու թույլ մարդու դեմ: Սա ծանոթ պատկեր է մեր պատմությունից, Համաստեղի «Սպիտակ Ձիաւորը» դյուցազնավեպից, նաև 20-րդ դարի սկզբի ու վերջի հայոց ազատամարտի վավերագրերից: «Պատերազմիր այնպէս, որ չամաչես տարածդ յաղթանակից: Արդար է յաղթանակդ, երբ այն արդար է համարում պարտուած թշնամիդ անգամ»,- Համաստեղի՝ զենք վերցրած հերոսների դավանանքը Գ. Նժդեհի ձևակերպած այս սկզբունքն է, որին անհաղորդ է աշխարհը:
Համաստեղի հերոսների մարդկային նկարագիրն ամբողջանում է հայի ազգային խառնվածքով: Գրողը խոսում է մեր ազգային բնավորության ու գոյության թերություններից (հիշենք «Այծետոմար» երգիծական պոեմը), համոզված է, որ նաև ազգային գոյության ձևն է որոշում մարդու, ժողովրդի կյանքի նպատակն ու իդեալները: Համաստեղ հայի ու գեղագետի իդեալը «Սպիտակ Ձիաւորը» դյուցազնավեպի հերոս ջրաղացպան Նավոն է. երբ մարդկությունը մոռանա զենքն ու կռիվը, կապրի մարդասիրության երկնային օրենքներով, բայց դժբախտաբար այսօր Նավոն եզակի է, իսկ նրա անօրինակ արարքը (հիշենք՝ Նավոն խնամեց կռվի դաշտում իր սպանած զինվորի որբերին) պարզապես անհասկանալի է շատերի համար, պատերազմական իրավիճակում՝ նույնիսկ դատապարտելի, բայց հարգանք է ներշնչում ու խորհելու առիթ տալիս:
«Որտեղի՞ց ենք գալիս» հարցին Համաստեղը պատասխանում է. հայրենի բնաշխարհից, որի կարոտը, ուրիշ լեզուներով չթարգմանվող կարոտն ապրում է ամեն հայի սրտում: Բայց հայոց բնաշխարհով թուրքն է անցել: Ճիշտ է, Համաստեղը խուսափում է արյունոտ տեսարաններ նկարագրելուց, բայց մի քանի վրձնահարվածներով ամբողջացնում է բնաշխարհի պատկերը:
Բնօրրանն աննման հերոսներով ու թրթըռուն բնապատկերներով ապրում ու շնչում է Համաստեղի գրականության էջերում. գյուղաշխարհը հացի, Արարման, արդար աշխատանքի ու երազային խաղաղության հեքիաթային աշխարհ է, որի գենետիկ հիշողությունը կա, ապրում է նաև քաղաքակիրթ կոչվող աշխարհի մեծ ու փոքր քաղաքներում հայտնված հայի սերունդների երակներում: Հայ մարդու ու գրողի համար չկան տարածություն ու ժամանակ, իսկ օվկիանոսի մյուս ափին ծվարած լեռնաշխարհն ավելի կենդանի ու շոշափելի է, քան ամերիկյան իրականությունը:
Համաստեղը հայ գյուղաշխարհի ինքնատիպ երգիչներից է. «Գիւղը», «Անձրեւ» ժողովածուներում նա Գյուղը հավերժացրեց աննման պատկերներով: Համաստեղի Գյուղն անուն չունի, բայց ընթերցողի աչքի առաջ են լեռան լանջերն ի վեր մագլցող կանաչ ու ոսկի արտերը, տանիքներին ժըպտացող դեղին դդումներն ու արևածաղիկների դեղին գաթաները, թոնրից ելնող ծխի քուլաները, աշխարհ լցնող, աշխարհ ապրեցնող թարմ լավաշի անկրկնելի բուրմունքը, ու այս ամենի վրա երկնային օրհնության պես տարածվում են եկեղեցու զանգերի ղողանջները: Սա արարող Մարդու գոյության դաշտն է, սրանից դուրս ամեն ինչ Մարդուն կտրում է հողից ու վերադարձնում քարանձավաբնակ վայրենու գոյությանը:
Համաստեղի ամերիկաբնակ հերոսները (նրա հերոսն ամերիկահայ չէ) չեն հարմարվում «երկաթներու երկրի» օրենքներին, ապրում են երազային իրականության ու իրական երազանքի աշխարհում, հոգու աչքերով տեսնում են հայրենի լեռնաշխարհը, լսում թոնրատան ծղրիդի ձայնը, մտովի շոյում եզան ճակատը, հիվանդանալու դեպքում կարոտով հիշում իրենց գյուղի հեքիմին…
Հայն աշխարհի բոլոր անկյուններում լսում է Արարատի՝ միավորվելու կանչը: 20-րդ դարասկզբի (հավելենք՝ նաև դարավերջի) հայոց հերոսամարտը հաստատում է՝ հարատևման գաղտնիքը մեր համահավաք հիշողությունն է: Գրողն իր հերոսներին ցույց է տալիս Հայաստան տանող ճանապարհը. ամեն հայ անելիք ունի սրտի չափ փոքր երկրում՝ անկախ քաղաքական իրավիճակից ու կուսակցական պատկանելությունից: Համաստեղը կոչ է անում մոռանալ հային հայից բաժանող տարբերակումները, միավորվել ու կառուցել հայության երազած երկիրը: Նա անվարան խոսում է նաև մեր ազգային բնավորության թերություններից, որոնցից ամենակործանիչն անմիաբանությունն է: Գրողը համոզված է, որ Մարդու արարող տեսակը չի կարող պարտվել, եթե իրեն լավ ճանաչի ու թշնամուն հաղթելուց առաջ չսկսի տառապել խղճի խայթից, մարդասիրության կոչեր չանի, այլ համառորեն դիմադրի աշխարհի՝ իրեն պարտադրված ուժի ու իրավունքի հարկադրանքին՝ պահպանելով ազգային նկարագիրը:
Աշխարհը շարունակ խոսում է մարդասիրական սկզբունքներից, բայց ապրում է «Զա՛րկ, եւ իրաւունքը քուկդ է» սկզբունքով, իսկ հայ ժողովուրդն «իր մարդկային ու բարոյական ըմբռնումով վաղուանն է»,- պընդում է «Սպիտակ Ձիաւորը» դյուցազնավեպի հերոսը՝ Նայիրյանը: Նա հստակ ձևակերպում է. «Մտքի զօր է, աղբե՛րս, մանաւանդ մեզ համար պահանջել մարդկային եւ կամ քրիստոնէական բարոյականութիւն: Մարդկային մեծագոյն բարոյականութիւնը ուժ է ինքնին եւ ուժը ուժով կարելի է լիակատար ընել»:
Համաստեղի գրականությունը բացահայտում է մի գաղտնիք. հայ ժողովրդի գոյությունը պայմանավ … է այն հանգամանքով, որ մարդկության կորցրած Մարդու իդեալը պապերի բնաշխարհ վերադարձած, հայրենի հողն արդար քրտինքով ողողող հայ մարդն է: Ուրեմն՝ մարդկությունը պարտավոր է սատար կանգնել հայ ժողովրդի պահանջատիրությանը, այլապես անվերադարձ կկորցնի Մարդու իդեալը:
«Ո՞ւր ենք գնում» հարցին Համաստեղի պատասխանն է. աշխարհասփյուռ հայության միասնության խորհրդանիշ Արարատի շուրջ սփռված երկիրը, որ միշտ էլ հայինն է՝ անկախ նրանից, թե քաղաքական քարտեզի վրա որ գույնով է ներկված: Դա հայի ու հայության երկիրն է՝ արարող Մարդու բնօրրանը, որ ուրիշի համար հայրենիք չի դառնա, ինչքան էլ համառ լինի սեփական պատմության արյունոտ էջերը չճանաչելու թշնամու կեցվածքը:
Նամակներից մեկում Համաստեղը դժգոհում է, թե ինքն ինչ հայ է, եթե իր վրա չի ընկել Արարատի շուքը… Լավ հասկանալով հայ մարդու ու գեղագետի ցավը՝ նշենք, որ Արարատի խորհուրդը կա Համաստեղի գրականության մեջ, ավելին՝ նրա գրական ժառանգությունն իմաստավորվում է հայրենի հողի շնչով ու Արարատի հպարտ ոգով:
Հայոց պետությունը պիտի կառուցվի «լաւ, գեղեցիկ հիմքերու վրայ», երկրում պիտի իշխի «կարծիքի ազատութիւն»: Այդ պետության քաղաքացին «բարիին եւ չարին պէս» կիմանա «թուրքին եւ հային տարբերութիւնը», ուրիշ խոսքով՝ հստակ կտարբերակի մարդու ավարառու (Հ. Թումանյանը կասեր՝ մարդակեր) ու արարող տեսակները:
Ամփոփենք: Համաստեղը հայ մարդու առաջ ազգային հստակ ծրագիր է դնում. որտեղ էլ լինես, ապրիր Արարման՝ պապերից ժառանգած օրենքներով: Հայության գերխնդիրը երազին, Արարելու և մարդասիրության օրենքներին հավատարիմ մնալն է, որպեսզի մարդ արարածի կյանքը չդառնա սոսկ գոյություն՝ հեռու Երկնքից ու Արարումից: Առաջադիմությունը Երկնքի օրենքն է, որին հայն իր երկար պատմության բոլոր կեռմաններում միշտ հավատարիմ է եղել. այդ օրենքն իմաստավորում է ոչ միայն անհատի, այլև ժողովուրդների գոյությունը, այլ խոսքով՝ մարդու Մարդ տեսակի գոյությունը:
Ազգային զարթոնքի, անկախ պետություն կառուցելու մեր օրերում Համաստեղի գրականությունն առավել արժեքավոր է. խորհըրդային տարիներին պարտադրված եղբայրության, անթեղված պահանջատիրության, աշխարհի համառ լռության, եղեռնագործ հարևան ցեղի անզիղջ համառության, նաև մեր՝ պատմության դասերից գրեթե ոչինչ չսովորելու անհեռատեսության պայմաններում անգամ չեն խաթարվել հայ ժողովրդի ազգային դիմագիծն ու գոյության նպատակները, որոնք հարազատ գույներով ներկայացնում է Համաստեղի գրականությունը:
Համաստեղը հայ մարդուն ոչ միայն վերադարձնում է բնաշխարհ, որից ամեն հայ անբաժան է գենետիկ հիշողությամբ, այլև օգնում է կենդանի պահել այդ հիշողությունը հանուն Մարդու և մարդկության: Այդ հիշողության առաջ անզոր են անգամ գերտերությունների քաղաքական մեծ ու փոքր շահերը, ժամանակն ու տարածությունը:
Իմաստուններից մեկը պնդում է, թե մարդու երջանկության պարտադիր մաս է փառահեղ հայրենիք ունենալու գիտակցությունը: Կարևոր է, որ հայ մարդը փառահեղ հայրենիքի տեր լինելու գիտակցությունն ունենա նաև մեր օրերում ու փոխանցի սերունդներին: Այլապես կխզվի սերունդների գենետիկ հիշողության կապը, իսկ մեր ազգային մեծ երազանքը կդառնա հեքիաթ, միֆ: Աստված մի՛ արասցե: Եկե՛ք լավ հասկանանք Համաստեղի գրական դասերը՝ հանուն այսօրվա ու վաղվա սերունդների հայ ապրելու իրավունքի:
ՀԱՄԱՍՏԵՂԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ / ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
