ՍԻՐՈ ԳԻՆԸ ՍԵՐՆ Է / ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

Զորի ԲալայանԱնցյալի հիշողությունը դիտակետ է, որից ապագան լավ է երևում:
ԵՂԻՇԵ
5-րդ դարի հայ պատմիչ

Շատ լուրջ և շատ սկզբունքային հանգամանքների զուգակցումը միայն ինձ ստիպեցին գրիչ վերցնել: Սա հենց այն դեպքն է, երբ ասում են, թե «չեմ կարող լռել»: Խոսքը Վսեվոլոդ Մարյանի «Միֆերի և հավակնությունների մշուշի ետևում» հոդվածի մասին է, տպագրված ինձ համար թանկ «Լիտերատուրնայա գազետայում» (թիվ 10, 2008), որի հետ ավելի քան քառորդ դար սերտորեն կապված է եղել իմ ճակատագիրը:
Ահա այդ հանգամանքները. հոդվածի հեղինակը հայ է, հոդվածի թեման՝ Վրաստանը, որն այսօր Հայաստանի և Ռուսաստանի պես լավ ժամանակներ չի ապրում: Բացի այդ, վերջերս Երևանում երեք լեզուներով՝ հայերեն, վրացերեն, ռուսերեն, լույս տեսավ «Հայոս և Քարթլոս. ավելին է, քան լեգենդը» խորագրով իմ փոքրիկ գըրքույկը: Ուզում եմ նշել, պատահական չէ, որ հենց այժմ ձեռնարկեցի այդ աշխատանքը: Բանն այն է, հնարավոր չէ չտեսնել, որ ոչ միայն Վրաստանի և Ռուսաստանի, այլև Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները գնալով ավելի ու ավելի են վատանում:
Հիշո՞ւմ եք, վերակառուցման նախաշեմին իմ բարեկամ և գործընկեր, Վրաստանում «Լիտերատուրնայա գազետայի» սեփական թղթակից Էդվարդ Ելիգուլաշվիլին մի անգամ ոչ առանց տխրության ասաց. «Վերջին շրջանում մեզ մոտ ինչ-որ բան այնպես չէ (նկատի ուներ մեր ժողովուրդներին)»: Եվ ահա, գրքույկը սկըսում եմ ուրախ և հումորով լի իմ ընկերոջ՝ Էդիկ Ելիգուլաշվիլու մասին հիշողությամբ, որն, ավաղ, արդեն այն աշխարհում է:
Երկու խոսք՝ հիշատակածս գրքույկի էության և իմաստի մասին: Բազմաթիվ ասացվածքներից, երգերից, լեգենդներից, առածներից և պրիտչաներից մեր նախնիները իրականում մեր ժողովուրդների միջև կրքոտ ու սկզբունքային վեճի եզակի դեպքի մասին գիտեին միայն: Խոսքը Հայոսի և Քարթլոսի՝ երկվորյակ եղբայրների միջև վեճի մասին է, ովքեր, համաձայն լեգենդի, հայ և վրաց ժողովուրդների նախահայրն են եղել: Վեճի առիթն էլ, որպեսզի ճշգըրտեն, թե երկվորյակ եղբայրներից ո՞վ է առաջինը լույս աշխարհ եկել: Խնդիրը պարապ հետաքրքրասիրությունը չէր: Հարցն առավել քան լուրջ էր և չափազանց սկըզբունքային: Առաջնությունը պետք է որոշվեր սոսկ նրա համար, որպեսզի ավագի իրավունքով առաջին ծնվողը մերկացներ սուրը և առաջինը մարտի նետվեր ընդհանուր թշնամու դեմ: Այսօր, ավաղ, հատկապես երիտասարդությունը արդեն չգիտի այդ լեգենդը: Իմիջիայլոց, դրա մասին վերջին անգամ 1978 թ. հասարակայնորեն հնչեցրեց Վրաստանի Կենտկոմի քարտուղար Էդուարդ Շևարդնաձեն, երբ Երևանում էր:
Վերջիվերջո մենք չէ, որ հորինել ենք այդ լեգենդը: Նույնիսկ մեր հայրերն ու պապերը չեն հորինել: Լեգենդներն ընդհանրապես չեն հորինվում: Իմաստունը վաղուց է նկատել, որ լեգենդը ստեղծում է ողջ գյուղը, իսկ գիրք գրում է միայնակ խելագարը: Եթե լեգենդը պահպանվել է ժողովրդի մոտ, ապա նշանակում է, որ հենց ժողովրդին է պետք, որը հագեցնում է այն իր էությամբ: Եվ դրա արժեքն այն է, որ շարունակություն ունի՝ լեգենդի շարունակությունը: Մեր պատմությունը հարուստ է բազմաթիվ իրական փաստերով, որով մարմնավորվել է Հայոսի և Քարթլոսի լեգենդի կենսունակությունը, որի մասին էլ հաղորդել եմ իմ գրքույկում: Եվ չնայած պատմությունը ստորադասական խոնարհում չի հանդուրժում, այնուամենայնիվ ասենք. ո՞վ իմանա, ինչպիսին կլինեին մեր ճակատագրերը, եթե ամեն անգամ անհրաժեշտ պահին միմյանց կողքին չհայտնվեինք: Որպես այս միտքը հաստատող փայլուն փաստարկ մեջբերել եմ ակնառու գրող, Վրաստանի ազգային ազատագրական պայքարի առաջնորդներից մեկի՝ Իլյա Ճավճավաձեի խորաթափանց միտքը, որն ընդգծում է Հայոսի և Քարթլոսի սերունդների փոխհամագործակցության և փոխհամաձայնության պատմական ու ռազմավարական անհրաժեշտությունը:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ Վրաստանի առաջնորդ Զվիադ Գամսախուրդիան առաջ քաշեց՝ ամենից առաջ իր ժողովրդի համար վտանգավոր «Վրաստանը միայն վրացիների համար» կարգախոսը, ապա հայ ճանաչված գրող-ռազմաճակատային, բազմաթիվ պատմական վեպերի հեղինակ Սերո Խանզադյանը որոշեց այդ առիթով նամակ գրել Վրաստանի առաջին նախագահին, զգուշացնելու համար նրան ազգայնամոլական գաղափարի իրագործման վտանգավորությունը: Նամակում Սերո Խանզադյանը Զվիադին հիշեցնում էր նրա հոր՝ վրացական գրականության նահապետ Կոստանտինե Գամսախուրդիայի հետ իր բարեկամության մասին և այն մասին, թե ինչպես 1975 թ. իր սուրբ պարտքն է համարել մասնակցել վրաց մեծ գրողի հուղարկավորությանը: Ամեն ինչից երևում էր, որ նամակի հեղինակը ինքն էլ տարակուսանքների մեջ էր: Եվ երբ խորհուրդ տվեցի չուղարկել նամակը, նույն պահին նա իմ աչքերի առջև պատռեց բնագիրը: Սերո Նիկոլաևիչը համաձայնեց, որ ճիշտ կլինի, որ դրա մասին իրենց նախագահին ասեն իրենք՝ վրաց գրողներն ու բանաստեղծները: Եվ ասեն բացահայտ: Այդպես էլ եղավ: Անտիկ ժամանակներից է հայտնի, որ յուրաքանչուր ժողովրդի կողմից նույնիսկ ամենադառը քննադատությունը նորմալ է ընդունվում միայն այն ժամանակ, երբ դա անում են յուրայինները և ոչ թե օտարները:

ԵՎ ահա «Լիտերատուրնայա գազետայում» կարդում եմ, որ Վրաստանում բանվորական դասակարգ չի ձևավորվել, որից հետևում է, թե. «Վրացական արդյունաբերության մեջ հիմնականում աշխատել են ռուսներն ու հայերը», որ «վրաց մտավորականության և վրաց իշխանությունների հյուրասիրությունը իրականում եղել է «թատերական-բեմադրական» և որ «ռուս և այլ ժողովուրդների գիտակցության մեջ այն համոզմունքն է ներդրվել, որ անշահախնդիր առատաձեռնության և ասպետականության գագաթնակետը եղել են Վրաստանն ու վրացիները»:
Կարդում և ակամայից մտածում եմ իմ եղբայրների՝ Նոդար Դումբաձեի և Էդիկ Ելիգուլաշվիլու մասին, իմ եղբայրներ Վախթանգ Կիկաբիձեի և Անզոր Ախալայայի մասին, որոնցից վերջինիս հետ երկար տարիներ մտերմություն ենք արել Կամչատկայում: Ինչպե՞ս կարող եմ մոռանալ նրանց անկեղծ և բնական հյուրասիրությունը: Մտածում եմ՝ հիմա ինչ դժվար է նայել նրանց աչքերի մեջ: Իսկ որքան շատ բարեկամներ ունեմ այսօր Վրաստանում, որոնց եղբայր եմ համարում, և նրանք են ինձ եղբայր անվանում: Վերջերս մեր հյուրն էր վրաց գրողների պատվիրակությունը՝ Վրաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ Մաղվալա Գոնաշվիլու և Վրաստանի «Գրական թերթի» խմբագիր, ակնառու նովելիստ և գրականագետ Ռևազ Միշվելաձեի ղեկավարությամբ: Հայաստանում երեք օր տևած հանդիպումների և ուղևորությունների ընթացքում մեր միջև ոչ մի կեղծություն չնկատվեց: Ավելի շատ առկա էր այն բանի սթափ գիտակցությունը, թե երկու ժողովուրդների համար որքան վտանգավոր է անվերջ օտարացումը: Եվ ինչքան կարևոր ու անհրաժեշտ է դարերի ընթացքում ավանդույթի ուժ ստացած եղբայրական հանդիպումների վերականգնումը, երբ սեղանի շուրջ իշխում է ոչ թե քծնանքի նեռը, այլ մեր վաղվա օրվա, մեր ապագայի անհանգստությամբ համակցված անկեղծությունը: Մենք բացախոսում էինք այն մասին, թե որքան վտանգավոր է, երբ հասարակությունը, հատկապես երիտասարդությունը, տառապում է մանկուրտությամբ, պատմական հիշողության կորուստով: Եվ որքան կարևոր է, որպեսզի չմոռանանք անցյալը, որպեսզի ուրիշի հաշվին արհեստականորեն առավել հինավուրց չներկայացնենք սեփական պատմությունը, որպեսզի, ինչպես մեր նախնիներն էին անում, երբ պահպանելով քրիստոնեական սկզբունքները, վիճելիս մեղքն իրենց վրա էին վերցնում՝ պոռթկումի պահին աղ չլցնելու համար եղբոր կամ ընկերոջ վերքին, երբ յուրաքանչյուր աղետալի փաստից ընդհանրություններ չէին անում:
Հիմա ինչպե՞ս վարվել, երբ կարդում եմ ցավալիորեն հեշտությամբ գրված արտահայտությունը. «Մեր վրացուհիները քայլում են Թբիլիսիի փողոցներով, մասնակիորեն պարտադրված լինելով զբաղվել պոռնկությամբ, որպեսզի կերակրեն իրենց ընտանիքներին ու երեխաներին»: Նման դեպքում ցավակցում են, ոչ թե հանդիմանում: Այն տպավորությունն է, թե մեր օրերի այդ սարսափելի փորձանքը միայն Վրաստանին է բաժին հասել: Կարծես դա էլ դեռ քիչ է, որպես եզրափակում, կարդում եմ. «… որ վրացական գյուղերի բնակչուհիները սկսել են ՁԻԱՀ-ով հիվանդանալ և մահանալ»: Բայց չէ՞ որ այդ համամարդկային աղետը չի շրջանցել անգամ ամենազարգացած երկրները: Եվ այդ երևույթը, որն արդեն վարակ չէ, այլ համաճարակի պատճառագիտություն, ոչ ոք չի կապում տեղական շովինիզմի դրսևորումների հետ:
Անհրաժեշտություն չեմ գտնում շարունակել օրինակների մեջբերումը, օրինակներ, որոնք, մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում: Այս առիթով կուզենայի ճիշտ հասկացվել, կրկնում եմ, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ խոսքը «Լիտերատուրնայա գազետայի» հրապարակման մասին է: Աստված չանի այն տպավորությունն ստեղծվի, թե իմ ելույթը դեմ է երևույթները քննադատորեն վերաիմաստավորելու, ազգամիջյան հարաբերությունները բացահայտելու փորձերին, առավել ևս այնպիսի վտանգավոր թեմայի քննադատությանը, որն է՝ քսենոֆոբիան:

Բայց և այնպես, ինչպես հայտնի է, ճշմարտությունը կոնկրետ է լինում: Կոնկրետ են ոչ միայն իմ կողմից մեջբերված, այլև գիտակցորեն անտեսած (կարիք չկա ավելորդ անգամ տիրաժավորել դրանք) օրինակները: Կոնկրետ է տագնապալի իրավիճակը, որին բոլորս ենք ներքաշված: Խոստովանում եմ, հիշատակածս հանդիպումների ժամանակ վրացի մեր գործընկերների և բարեկամների հետ բնավ չէինք թաքցնում, որ, ավաղ, մեր օրերում արդեն դարերի պատմություն ունեցող բարոյական արժեքների վերարժևորում է կատարվել: Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա մեր դարավոր սկզբունքներն են փոխվել: Մեր նախնիները իրենց և սերունդների համար փրկարար բանաձև են արտածել. «Սիրո գինը սերն է», «Բարեկամության գինը հավատարիմ բարեկամությունն է»: Մինչդեռ այսօր կարծես խաբում ենք մեզ, տեսնելով՝ ինչպես դրսից (առաջին հերթին՝ ԱՄՆ-ը) մեր վզին են փաթաթում իրենց կործանարար, ես կասեի՝ հասցեագրված բանաձևը. «Սիրո և բարեկամության գինը ատելությունն է դեպի Ռուսաստանը»: Ահա, թե որտեղ է շունը թաղված: Ահա, թե որտեղ է շատ խնդիրների լուծման բանալին, նախազգուշացումը շատ փորձանքների: Դրա մասին գործնականորեն պետք է հիշեն ոչ միայն Հայաստանն ու Վրաստանը, այլև ամենից առաջ՝ Ռուսաստանը: Հայերն էլ, վրացիներն էլ իրենց կուտակված խնդիրներն ունեն, որոնք, համոզված եմ, կլուծենք, քանի որ պարզապես դատապարտված ենք լուծել դրանք հասկացողությամբ և համաձայնությամբ: Երբ իմ հայրենակիցը գրում է, որ վրացիներն իրենց հարստությունը, ասել է թե՝ իրենց փրկությունը տեսնում են միայն առողջարանային ծառայությունների, Կինձմարաուլի, Խվանչկարի, մանդարինի և թեյի վաճառքի, մի խոսքով՝ առևտրականության մեջ, ապա ես այլ գնահատական եմ հիշում, որ վրացիներին է հասցեագրել մեր մեծն Հովհաննես Թումանյանը. «Յուրաքանչյուր վրացի բանաստեղծ է: Վրացի բանաստեղծը կրկնակի բանաստեղծ է»: Ու ես հավատում եմ մեր պատմության ամենաիմաստուն հայերից մեկին, ինչպես և հավատում եմ վրացի գյուղացիների իմաստնությանը, որոնց մասին պատմել եմ իմ «Հայոս և Քարթլոս. ավելին է, քան լեգենդը» գրքույկում: Նրանք ասում էին, որ հնարավոր չէ դարավոր ընկերոջն ու եղբորը փոխել դարավոր թշնամու հետ: Միաժամանակ նկատեցի, թե ինչպես բուռն քննադատելով իրենց թերությունները, այնքան էլ չէին խնայում ուրիշներին, որոնք արհամարհելով բարեկրթության տակտը, նույնքան կատաղի բաժանում էին նրանց տեսակետը: Նման առողջ բնավորությամբ մարդկանց հնարավոր չէ հաշվի չառնել: Այդ տակտի զգացողությունն է նկատի ունեցել Պուշկինը, երբ դեպի Ռուսաստան իր անսահման սիրուց և նրա անհամար թերությունները ցավագին ընկալելով է բորբոքված գրել. «Ոտքից-գլուխ ատում է իր հայրենիքը», որից հետո, չզլանալով, անպայմանորեն ավելացրել. «բայց, եթե արտասահմանցիները համաձայնեն այդ մտքի հետ, ապա դա ինձ համար շատ վիրավորական կլինի»:
Ես բնավ չեմ կասկածում, որ անպայմանորեն կգա այն օրը, երբ Մոսկվան ու Թբիլիսին կտոնեն Ռուսաստանի և Վրաստանի բարեկամության իրական վերածնունդը: Եվ այնժամ կհիշենք «Լիտերատուրնայա գազետայի» այլ հրապարակման մասին: 1978 թ.՝ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալու 150-ամյակի տոնակատարության օրերին, Մարիետա Շահինյանը մեր թերթում զետեղել էր ռուսական ազգային ոգու մեծ կրող Վլադիմիր Վասիլևիչ Ստասովի խոսքերը: Նա հայերի և վրացիների Ռուսաստանին շահավետ գործարարության մասին չէր գրել, ոչ էլ զինվորական և պետական բնագավառներում նրանց բացառիկ նվիրված ծառայության մասին: Ռուսական քննադատության դասականը գրել էր ուրիշ, առավել կարևոր՝ արվեստի և մշակույթի մասին. «Հայկական և վրացական արվեստը որոշակի շրջանում որոշակի ազդեցություն է ունեցել ռուսական արվեստի ձևավորման վրա: Եվ ներկա պահին ուսումնասիրելով ռուսական արվեստի այդ շրջանը, ճարտարապետությունը կամ գեղարվեստական դըրվագավորումը, մասնակիորեն և գեղանկարչությունը, հնարավոր չէ հայկական և վրացական արվեստը մի կողմ թողնել: Միաժամանակ հիշել միայն բյուզանդական մշակույթը, միայն նրա մեջ մեր մշակույթի ազգային նախաստեղծ ակունքները փնտրելու, միայն այդ բանում մեր գեղարվեստական ձևերի նախատիպերը որոնելու մտայնությունը մեծ մոլորություն է: Շատ դեպքերում թերևս ամենաշատ ազդեցությունը ռուսական ճարտարապետության վրա ոչ թե միայն բյուզանդականն է եղել, այլև հայ-բյուզանդականը և վրաց-բյուզանդականը»:
Դա եղել է մեր ընդհանուր պատմության մեջ»: Եղել է:

«Լիտերատուրնայա գազետա»,
թիվ 14, 2008 թ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։