Նորություն է մեր գրականության մեջ նրանց (քննադատների. – Ա. Ա.) հարգալից վերաբերմունքն ու կիրառած քննադատական մեթոդը: Հարկավ, նրանք կարող են սխալվել իրենց գնահատությունների մեջ, բայց նոր ու շիտակ է նրանց ճանապարհը: Դուք էլ ուշադիր ու հարգանքով լսեցեք նրանց, օգտվեցեք նրանց դիտողություններից և մի շփոթվեք բնավ, որովհետև ամենից շատ և ամենից լավ բանաստեղծն ինքն է իրեն հասկանում, և իր ներքին բնազդն ու ինտուիցիան է իր ամենաուղիղ առաջնորդը: Համոզված եղեք, որ քննադատը ոչ բանաստեղծ կարող է ստեղծել և ոչ բանաստեղծ կարող է սպանել: Նա միայն մեկնաբանում, պարզում ու բացատրում է: Եվ վերջիվերջո մի քննադատ կա, որ վերջնականապես որոշում է ապրող և մեռնող գործերը՝ դա ժամանակն է:
Հովհ. ԹՈՒՄԱՆՅԱՆ
…Երևի թե Հովհաննես Թումանյանի պարագային է, որ ժամանակ հասկացությունը ընդլայնում է իր տարածքների տեսիլքները՝ առանց որևէ վերապահության և այնպիսի մի համակարգում է գործուն ու համաժամանակային, որ Նրան վերստին ընթերցելը դառնում է ոգեսնող, եթե կուզեք՝ ազգային ինքնապահովության խորհուրդն ըմբռնելու համար: Քանի որ Նրա ցուցանած ժամանակը մեր հոգևոր ժամանակի և տարածության այն հատվածում է,- խորապես կենսական և ուղենշային,- որ շարունակաբար ապրելու ենք: Եվ ընդհանրապես, գրաքննադատությունը թումանյանական մեկնակերպի այն հուսալի կեռմաններից է, որտեղ հնարավորինս առանց վերապահության ցուցանված են անցյալի, ներկայի, ապագայի իրականությունը՝ հայոց,- գրեթե,- նույնընթաց-գաղափարազերծ իրականությունը: «Մենք կորցրել ենք հասունանալու ժամանակը» ձևակերպման անողոքությամբ ամենևին չպետք է ինքնարդարացում փնտրել ու… գտնելու դեպքում բոլորովին այլ ընդհանրացմամբ սփոփվել՝ տեղի տալով արտաքին աշխարհի զգացողությունից ներաշխարհով խույս տալու մեր սովորությանը: Այս խորապատկերի վրա գրականության առաքինությամբ նշանավորված ամենայն ինչ անառարկելիորեն պետք է գիտակցվի՝ դիմակայելու համար խառնաշփոթը և ոգու բովանդակ կամազրկումը: Այն, ինչ,- բոլոր ժամանակներում,- չափազանց որոշարկված հասարակական կարծիքի անվան տակ է մատուցվում. «Մեր լրագիրները փեշակ են շինել հալածել ու հայհոյել գրականությունն ու գրողներին, իհարկե միշտ քննադատության անունով, գրականության վրա սրտացավ հսկողի հավակնությամբ, միշտ անաչառություն աղաղակելով: Շատ հետաքրքրական բան դուրս կգար, եթե մի ձեռնհաս մարդ քններ այս տխուր երևույթը, ցույց տար, թե ինչ շարժառիթներից է առաջ եկել, ինչպես է արտահայտվել կամ ինչ միտք է ունեցել այս թշնամական վերաբերմունքը, որ միշտ անցել է հասարակ մարդավարության և տանելի դատողության սահմաններից» («Մեր գրական վարք ու բարքից», այս և մնացյալ մեջբերումները տրվում են ըստ Հովհ. Թումանյան, «Երկերի լիակատար ժողովածու», ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 1994, 6-րդ և 7-րդ հատորների, կնշենք միայն հոդվածների վերնագրերը):
Անշուշտ, «շարժառիթները» ունեն հասարակական բովանդակություն, բայց գրեթե բոլոր ժամանակներում՝ պահանջարկ, և ծառայում են որոշակի,- եթե ոչ գործնական,- նպատակի: Ժամանակին, եթե «Մշակ» և «Նոր Դար» լրագրերը նպատակայնորեն են «վնասել ժողովրդի զարգացման գործին», ապա, բնականաբար, ուղղորդված: Լայն առումով անբարենպաստ կարծիք ստեղծել Րաֆֆու, Ծերենցի, Սունդուկյանցի, Շիրվանզադեի, Մուրացանի, Պռոշյանի, Փափազյանի և այլոց նկատմամբ, ովքեր իրենց ստեղծագործություններով նպաստել են հայ հասարակության ոգեղեն զարթոնքին՝ ցուցանելով «ազգի պակասավոր կողմերը» ամենաազնիվ մղումներով, որպեսզի ազգը իր վրայից թոթափի կեղծ բարեպաշտության ամեն հնոտի: Ի վերջո, գրողները արդյոք չե՞ն ծառայում ազգային կրթության նվիրագործմանը, մի խնդիր, որ գոնե 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին հրամայապահանջ էր բոլոր առումներով, «ժողովրդի հետ խոսելու» ամենաառաջնային նախապայման: Եվ «հայի մեջ միայն պակասություններ տեսնելը»,- ինչպես համոզված էին ժամանակի լրագրերը,- վտանգավոր դիտավորություն ու գրողական չպատճառաբանված քմայք չէր, այլ ամեն երևույթի և իրողության քննադատաբար մոտենալու իմաստավորված կեցվածք, որն ուղղված էր հոգևոր սնանկության դեմ, հասարակական առաջընթաց արգելակող:
Թումանյանական անխառն պարզությունը, որ հոգևոր նշանակալիությամբ է զուտ այդպիսին և կարոտ է խորքային բացահայտումների, քննարժանման (խնդրո առարկան վերաբերում է Հովհ. Թումանյանի ստեղծագործությանն ընդհանրապես), նրա տեսական դատողություններում, մտածումներում անխուսափելիորեն ավելի է բյուրեղանում՝ գրական իրողությունների ընդհանրացումներով: Գրական այս կամ այն երևույթի ստեղծագործական համընդհանրական որևէ խնդիր՝ անցյալի և իր ժամանակակից գրողի վերաբերող, «նոր հայացքներով և հասկացություններով» նրա ուշադրությանը պետք է արժանանար ոչ այն պատճառով, որ ինքը տիրական դեմք էր և իր խոսքը էական նշանակությամբ անհրաժեշտ ու զատորոշվող, այլ գրողի և գրականության առաքելության խնդրի նորովի մեկնաբանմանն էր նա հետամուտ: Ասել է թե՝ պարզունակ և հնամենի հասկացությունների,- գրականությանը վերաբերող,- դիմազերծումը հասարակական նշանակություն ունեցող խնդիր էր և տևական պայքար էր պահանջում: Իսկ եթե ոչ Հովհ. Թումանյանը, ապա ո՞վ պետք է գիտակցեր ազգային ինքնահարգանքի կարևորությունը: Քանի որ ազգային էության, հոգեբանության ներկայանալիության «մենաշնորհը» տրված լինելով գրողին, նա իր ստեղծագործություններում ազգաճանաչողական հատկանիշներ է ի հայտ բերում, ուրվագծելով իր ապրած ժամանակաշրջանի ազգային ժամանակը. «Ասպետական զգացմունքը պակասում է մեր մեջ: Մեր մարդը սիրում է խեղճությունն ու լացը և զարդարվում է նրանցով: Եթե ուզում է մեկին էլ հարգանք ցույց տալ, նրան էլ ճգնում է ցույց տալ խեղճ ու ողորմելի… Ապա լալկանությունն ու հառաչանքի ողորմուկ ձայնը, սովամահի ու մերկության ողբը տարածեցին ամբողջ գրականության վրա. էլ ապրողների թշվառ վիճակը, էլ մեռածների «դողդողացող ուրվականները»… այնտեղից էլ մամուլի մեջ. «երկու կոպեկը» ձեռքին Րաֆֆին, անկոպեկ Արծրունին… Ո՛չ, սոված ու մերկ չեն հայ գրողները: Եթե այդպես եք կարծում, կարող եք հանգիստ լինել: Դժբախտությունն այդ չի, այլ այն, որ գրականությունը ապրուստ չի տալիս գրողին… և գրողը իր եռանդն ու ժամանակը կորցնում է ապրուստի վրա, ճիշտ այնպես, ինչպես հասարակ մարդիկ, ու չի կարողանում պարապել գրականությամբ, եթե պարապում էլ է – ի միջի այլոց:
Այս արդեն ուրիշ խնդիր է: Եվ, այո՛, մեծ դժբախտություն է մի գրականության համար: Եթե սրանից եք խոսում – խոսեցեք: Գրողի և նրա ընտանիքի համար էլ այստեղ վիրավորական բան չկա: Ընդհակառակը, մենք գնահատում ենք գրողի տաղանդը և չենք ուզում, որ տանի ծախի այդ տաղանդը ապրուստի վրա, այլ կարողանա տալ մեզ այն, ինչ որ բարձր է ու գեղեցիկ, և ինչ որ չունենք մենք… Չեք կարողանում գրականություն ու գրող պահել, այդ հերիք չի, այժմ էլ պետք է խնդրել, որ ճառեր չասեք նրանց վրա, երբ որ մեռնում են» («Վիրավորական հարգանք»):
Գրողին (և ընդհանրապես գրականությունը) չգնահատել, ասել է թե՝ ազգային-հոգևոր առաջընթացին արգելք հանդիսանալ հատկապես մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ քաղաքական և սոցիալական, ինչպես նաև բարոյահոգեբանական վատթար վիճակում հայտնված հայությունը,- թե՛ Արևմտյան և թե՛ Արևելյան Հայաստաններում,- ոգեպահպանման ճիգեր էր գործադրում: Հայտնի պատմաքաղաքական իրողությունները, ներքին՝ ընկերային-հոգեբանական հակասությունները և հակամարտությունները այնպիսի իրավիճակ էին ստեղծել, որ նախ և առաջ վտանգված էր հայ ինքնության գոյությունն ընդհանրապես: Եվ միայն գրականությունն էր ի զորու ազգային-հոգևոր ոլորտում որոշ տեղաշարժերով կյանքի կոչել անխուսափելիորեն կործանման դատապարտված, անզգոնացած հայ հանրությանը: Այս հույժ ճակատագրային համարվող ժամանակներում Հովհ. Թումանյանն իր սթափեցնող ներկայությամբ ժամանակ էր վատնում նաև անդրադառնալու գրական, իրավ, գեղարվեստական և գեղագիտական չափանիշներ ունեցող ստեղծագործություններին՝ խորապես գիտակցելով հավաքական ոչնչությունների ազգավնաս դերը, հատկապես սերունդների հոգեկերտվածքի ձևավորման անշրջանցելի վնասաբերությունը: Անողոք ու ճշմարտացի էր Հովհ. Թումանյանը, քանի որ ընդհանրապես (ոչ միայն գրական) տգիտության դեմ պայքարում գիտակցում էր իր անպաշտպան պաշտպանվածությունը, որը նաև ժամանակի գավառամտական մտահայեցողությամբ էր պայմանավորված. «…կանգնեցեք, գրական մեծություններ սանձահարող անսանձ փոքրություն: Էստեղ տվեք ձեր ականջներն ու կանգնեցեք մեր առջև: Էսպես: Ես ճանաչում եմ ձեզ: Դուք մի որևէ Ռ. Դրամբյան չեք: Դուք մինը չեք: Դուք շատ եք: Դուք տիպ եք: Դուք էն պստիկ, մաղձոտ ու մութ հոգին եք: Էն հավիտենական անկոչ պրոկուրորը, որ ամեն տեղ, ուր կերևա, միայն «դիպվածով» լսած լինելով մի բան, դատում ու դատապարտում է ամեն գործ ու գործիչ, առանց ճանաչելու, առանց ամաչելու: Դուք էն անհոգի, տափակ ընթերցողն եք, որ կարդում է պարապությունից ու «դիպվածով»՝ ձեռքն ընկած մի քանի տողով առանց խոր ու լուրջ նայելու, առանց հասկանալու, տգետ ու թեթև սկսում է քննադատել ու «հարվածել», և առանց հասկանալու էլ շպրտում է բառերը՝ շանտաժ, ժանտախտ, բանագող… թեկուզ և դեմը կանգնած լինի մի գրական մեծություն… Բայց ոչ, ձեզ չի տրված՝ ո՛չ եղածը վերցնելու շնորհքը, ո՛չ ստացածը գնահատելու առաքինությունը, այլ՝ համբակի թեթևամտությունը և տափակ, փոքրիկ հոգու մաղձն ու թույնը… Եվ անշուշտ, ձեզ հետ վեճի բռնվելը շատ ավելի տգեղ է ու անպատվաբեր, բայց պատասխանեցի՝ որովհետև ինչպես արդեն ասել եմ, դուք մեր կյանքում, դժբախտաբար, «սովորական երևույթ եք», թեև միաժամանակ միանգամայն ոչնչություն» («Ոչ-գրական ոչնչությունները քննադատ»):
Ընդհանրապես, Հովհ. Թումանյանը գրականության,- իբրև հասարակության զարգացման նախապայման՝ ազդեցության տարածման դրսևորումներով,- այս կամ այն խնդրին անդրադառնալիս հարկ է համարում գրական անցյալ արժեքները վկայաբերելով՝ մասնահատկել, թե ինչ ներգործություն են ունեցել հետագա շրջանի գրողների ստեղծագործությունների վրա, դրանով իսկ ճշտել հասարակական կյանքում նրանց ունեցած բարերար ազդեցությունը. «Այս դարի կեսերից մեր կյանքում ամենուրեք, ուր հայ է ապրում, սկսվում է մի եռանդուն մտավոր շարժում… հին ուսումն ու ուսուցման խալիֆայական եղանակը դատապարտելով, մանկավարժական նոր ձևերով, կյանքի պահանջներին ավելի հարմար գիտելիքներ են ավանդվում…» («Մեր նախորդ շրջանի բանաստեղծները»):
Վկայաբերելով և արժևորելով Խ. Աբովյանի, Մ. Պեշիկթաշլյանի, Ռ. Պատկանյանի, Ս. Շահազիզի ստեղծագործությունները, Հովհ. Թումանյանը «ժողովրդի խավերի մեջ» ճակատագրային, նկատելի տեղաշարժերի առկայությամբ, «լույսի և ճշմարտության» համընդհանուր արթնացում է նշմարում: Ասել է թե՝ ոգեղեն արթնացում, որը բնականաբար պետք է ունենար շարունակական ընթացք: Ավելորդ է նշել, որ սա զուտ պատմական անհրաժեշտություն է, իսպառ անկասելի, օրինաչափ, պայմանավորված հասարակության միանգամայն բնականոն զարգացմամբ: Եվ պատահական չէ, որ Հովհ. Թումանյանի պես տեսանողը, երևույթների դիտարկման և գնահատման իր արժեչափումներով, ընդհանրացյալ հատկանշում է այն հոգևոր առնչությունը, որը գոյություն ունի նախորդ և ներկա,- ինչո՞ւ չէ, նաև ապագա,- սերունդների միջև, մանավանդ, որ այդ կապը գրական-մտածողական է՝ հասարակական հոգևոր ներկայանալիություն ընդգրկող. «Անցյալ իննսնական թվականներին հայոց գրական ասպարեզում հայտնվեցին տարբեր ուղղության ու տարբեր շնորհքի մի շարք բանաստեղծներ: Մեր հասարակությունը, որ առհասարակ ծանր է լսում և ուշ է գնահատում, մանավանդ գեղարվեստական գործերը, իհարկե, սրանց չնկատեց: Այսպիսի դեպքերում գնահատողը լինում է գրականությունը սիրող ու հասկացող մի որոշ բազմություն, որը կազմում է այս կամ այն երկրի գրական մթնոլորտը: Դժբախտաբար, դա էլ գոյություն չուներ մեր աշխարհում… Արդյոք այնքան փոխվե՞լ են ժամանակն ու հասարակությունը, որ գոնե սրանք (նոր գրողները.- Ա. Ա.) մենակ չմնան ու լքված, այլ տեսնեն, որ ապրում են հարազատ ժողովրդի մեջ, զգան նրա սիրող սրտի ջերմությունը, նրա վերաբերմունքի քնքշությունը, ոգևորվեն, զարգանան ու մեծանան… Թող սրանք էլ լինեին ուրիշ շատ որդեգիրների թվում, որ սրանց գեղեցիկ ճանապարհն ու թանկ հաջողությունը ապահովեին ջահել օրերից: Այս տեսակի լավությունը արված կլինի ոչ թե մի անհատի, այլ մի ամբողջ ժողովրդի. ո՞վ գիտի, գուցե և ավելին, որով և հասարակական տեսակետից բարերարությունն էլ կդառնա ավելի մեծ ու իմաստալի» («Նորերի համար»):
Ժամանակ և հասարակություն. թումանյանական խստապահանջությամբ այս երկու կարևոր գործոնների փոխադարձված կապը գերազանցապես հոգևոր-գաղափարական բնույթի է: Հատկապես, երբ խնդրահարույց է ժամանակի բարոյականության ոգու կորստի չգիտակցումը այն նույն հասարակության կողմից, որը կոչված է, եթե ոչ ոգեկիրը լինել, ապա գոնե ճանաչողաբար յուրացնել (կամ ինքնաքննադատաբար ճանաչել) ժամանակի առաջադրածը, որ ուզենք թե չուզենք՝ պատմականորեն հրամցված է իր բոլոր հակասություններով: Եվ Հովհ. Թումանյանի չափազանց ճշգրիտ դիտարկմամբ, քննադատությունն ընդհանրապես,- գրական քննադատությունը մասնավորապես,- ժամանակի ոգու իրական և երևակայական ընկալումներում առավելս է բացահայտվում, քանի որ նրա գոյության իրավունքի հավաստիությունը ժամանակի պահանջն է. «Քննադատությունը կատարում է ժամանակի գործոնը: Ժամանակը ջոկում է վատն ու լավը ու վատը մի կողմ թողնելով, դեն ձգելով, իր հետ տանում,- հետզհետե ավելի ու ավելի փայլեցնում,- սիրում ու պահում է լավը, էսպես էլ լավ քննադատը: Ճիշտ է, նա մոտենում է մի գրական գեղարվեստական գործի ոչ թե նրա համար, որ ցույց տա, թե ինչ չկա նրա մեջը, այլ նրա համար, որ ցույց տա, թե ինչ կա» («Զայրույթի պատճառը»):
Ընդհանրապես, գեղարվեստական «գործը»՝ իբրև այդպիսին և իբրև ժամանակի ընկալման միջոց, Հովհ. Թումանյանի քննական դիտարկումներում չի սահմանափակվում սոսկական վերլուծումներով և գնահատման ընդունված մեկնաբանումներով: Գրական արվեստի խնդիրը՝ հնարավոր բացահայտումներով էական ու դիտարկելի է այն պարզ պատճառով, որ գրային և քննադատական շերտերում, թերևս, Հովհ. Թումանյանն առաջիններից էր, որ կենսական համարեց ներմուծել լեզվազգացողական այնքան անհրաժեշտ խնդիրը՝ պատմական գիտելիքների հնարավորինս զուգադրումներով: Ժողովրդական լեզու, գրական լեզու, գրաբարյան ոճավորումներ և ընդհանրապես նոր ոճավորումներ ու գրական լեզվի փոխառություններ: Եթե մի պահ հիշենք չափազանց դիպուկ այն արտահայտությունը, որ «Պոեզիան լեզվի արվեստ է» (Պոլ Վալերի), ապա թումանյանական, ընդհանրացյալ առումով՝ «Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը»:
Տպագրվել է «ԳԹ»-ի #24 , 2008թ.