«Լույս» հրատարակչության Հայոց լեզվի և գրականության ու մեթոդական ձեռնարկների խմբագրության վարիչն էի: Պարույրին առաջարկեցի Սփյուռքի համար (միջին դասարան) դասագիրք ստեղծել: Տվեցի Լուսավորության նախարարության և ՀԿԿ Կենտկոմի կողմից հաստատված ծրագիրը:
Նայեց, նայեց ու հետո մերժեց.
– Ով էս ծրագիրը կազմել է, նա էլ էդ գրքի հեղինակն է:
Ասացի՝ այստեղ կարևորը գեղարվեստական գործերի տակ տրվող հարցերն են, որոնք երեխային «խելք» են սովորեցնում ու կողմնորոշում:
Հրաժարվեց. ծանրաբեռնված էր: Բայց հետագայում զղջաց՝ «պիտի արած լինեի»:
Եվ ահա 1970 թվականին ստացա Արտաշես Պապոյանի «Պարույրր Սևակի չափածոյի լեզվական արվեստը» աշխատությունը: «Եղիցի լույսը» բանտարկված էր տպարանում… Մամուլի պետական կոմիտեն և Կենտկոմը իրարանցման մեջ էին…
Պարույրը եռում էր, պայթում: Գնացի տուն՝ Կասյանի վրա:
– Կուզենա՞ս տպագրվի Պապոյանի գիրքը:
– Գյա, հիմա դա շատ է պետք: Բայց զգույշ եղիր, քեզ բան չպատահի…
Անցա գործի: Բանաստեղծական մեջբերումները լի էին մեքենագրական սխալներով: Ասաց՝ ճշտիր, ես ժամանակ չունեմ…
Գիրքը Կ. Տիրատուրյանի ձևավորմամբ իջեցրի տպարան՝ նոյեմբերի 12-ին: Ստորագրվեց տպագրության՝ 71 թ. հունվարի 14-ին:
Հունվարի վերջին գիրքը տպագրված էր՝ 5000 տպաքանակով: Փետրվարի 5-ին ստացա Ա. Պապոյանի կողմից մակագրված օրինակը. «Սիրելի Համլետին՝ իմ լավագույն բարեկամին ջերմ ու սրտաբուխ բարեմաղթանքներով: Արտ. Պապոյան 5.02.71 թ.»:
…Մամուլի պետական կոմիտեն խառնվեց իրար… Կայացավ դավադիր որոշում. «Կանդրաբանտ ձևով գիրք հրատարակելու համար Համլետ Կարճիկյանին հեռացնել հրատարակչական սիստեմից»:
…Ելք չունեի: Ներկայացա Մյասնիկյանի շրջկոմ՝ իմ ունեցած փաստաթղթերով…
Ընկ. Ժորա Մուրադյանը ծանոթացավ նյութերին. կար նաև հրատարակչության տնօրենի՝ Միշա Մկրտչյանի ստորագրությունը կազմի նկարչական ձևավորման վրա (դուրս էր գրվել նաև հոնորարը): Կանչեց տնօրենին և իմ ներկայությամբ նախատեց, որ մեղքը գցում է ինձ վրա… Զանգահարեց Կոմիտեի մեծարգո նախագահին. «Դու ի՞նչ իրավունք ունես «իմ կոմունիստին» հեռացնել աշխատանքից»:
(Ես ոչ միայն խմբագրության վարիչն էի, այլև կուսքարտուղարը):
Վերականգնվեցի… որպես խմբագիր:
Տպագրված գիրքը հասցրեցի Սևակին հետևյալ մակագրությամբ.
Ձոն
Սիրելի Պարույր Սևակին
Որպես ուխտավոր քո մեծ Արվեստի
Ու երկրպագու քո ընտրած ուղուն,
Մտած դերի մեջ ես անհամեստի,
Ձոնում եմ խոսքն այս Մեծիդ շողշողուն:
Ու գոհ եմ անչափ ինձանից, որ ես
Այս գրքի համար ճամփա բացեցի…
…Հիմա թող ոռնան սև ոհմակի պես
բութ ու սին մարդիկ՝ բարքով կանացի…
Թող շաչեցնեն մտրակներն իրենց,
Թող դավեր նյութեն, ձաղկեն տմարդի…
Դու ամենահայ ու ամենամեծ՝
Առաջին շարքում՝ Հայրենյաց Մարտի…
Նոր չէ, ես գիտեմ, ոռնոցը գայլի
Եվ ծուռթաթ Արջի մրթմրթոցը նենգ,
Բայց Արարատը միշտ էլ կփայլի,
Ու մենք, թեև քիչ, բայց կմնանք մե՛նք…
Ընդունիր այսօր նվերն այս փոքրիկ՝
Որպես հատուցում Գործիդ հուրհրան,-
Խոր հարգանքներով շարքային մարտիկ,
Քո լա՜վ բարեկամ Համլետ Կարճիկյան:
05.02.71 թ.
…Դեռ նոր էր վրա հասնելու Ազգային մեծ ողբերգությունը՝ հունիսի 17-ին…
Անհրաժեշտ հետգրություն
Չգիտեմ ինչու Մամուլի պետական կոմիտեն որոշեց Հայգրքի աշխատակից Զավեն Սարգսյանի հետ ինձ ևս ուղարկել Լենինական՝ դասագրքերի անփառունակ վաճառքի վիճակը ստուգելու համար:
…Եվ ՀԳՄ հերթական համագումարի օրը՝ հունիսի 1-ին մենք մեկնեցինք:
Ու ես զրկվեցի համագումարին մասնակցելու և մի վերջին անգամ Պարույր Սևակին հանդիպելու հնարավորությունից…
Համագումարից խիստ վրդովված` նա մեկնել էր գյուղ՝ լքելով Երևանը:
Թեռլիկ Մակուչյանը պատմեց.
– Թեժ էր համագումարը` ընդդեմ Սևակի… ընդմիջումներից մեկի ժամանակ հանդիպելով ինձ` զայրացած հարցրեց. «Էս ո՞ւր է մեր Համլետը՝ չի երևում,- և ժպտալով ավելացրեց,- երևի մեզնից խելոք է, խմել՝ մի ծառի տակ քնել է… Չի եկել էս հիմար համագումարին…»:
…Երկիրը ողբերգական խաղերի մեջ էր: Բայց տանջալից լուսաբացը արդեն նկատելի էր: Փառք Պարույր Սևակի հիշատակին… Հավերժությունը նրա հետ է: